ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
Սփիւռքի երկրորդ ալիքի ներկայացուցիչներից է անհանգրուան աշխարհներից Ամերիկա հանգրուանած Պօղոս Գուբելեանը, որի արձակը ե՛ւ աւանդական գծեր ունի, ե՛ւ նորարար յատկանիշներ, որոնք դիւրութեամբ կարելի է կոչել «մոդեռն»։ Նրա ժողովածուները յաւակնոտ են, նախ՝ ոճի արտայայտչականութեամբ, երկրորդ՝ հերոսների ազգային անհանգիստ կեանքի որոնումներով։ Հեղինակը հայերին որոնում է ամենուրեք՝ իր համար ծննդոց մասունք դարձած Ալեքսադրեթից Պէյրութ ընկած փոշոտ ճանապարհներին, «ասպետական ֆրանսիաներուն» գերի մնացած եւ յիշողութիւններում դեռ մարմրող ու փայլատակող Կիլիկիայում: Իսկ այս բաժին տառապանքի համար քի՜չ է շնորհակալութիւն յայտնելը։ Նրանց առանց անձնագրի ստուգութեան կարելի է ճանաչել «Ափրիկէ»ներում, ամերիկեան ֆրիվէյներում, ուր աչքը կտրի։

Պօղոս Գուբելեանը կեանքի համալսարանները կարծես միշտ «չէր հասցնում» աւարտել. դրա փոխարէն իր հերոսները՝ հայ թէ օտար, լցուած են կեանքի փորձը իրենց ճակատագրի միջով, ինչպէս ինքն է վկայում, «արցունքի տարածութեամբ» տրոհելու՝ «Ես հերոսներս չեմ ընտրեր, յաճախ հակառակը ճշմարիտ է»։
Ծնուել է քաղաքական թոհուբոհի շրջանում, 1936ին։ Երկու տարեկան էր ընդամէնը, երբ ստիպուած եղաւ հայ զանգուածի հետ պարպել երբեմնի դաշտային Կիլիկիայի մաս կազմած Իսկենտէրունի սանջակը եւ երկուորեակ եղբօր հետ իջնել «յաւերժական Լիբանան» (իր՝ 1973ին գրած ժողովածուի խորագրի խորքերը թափանցենք), ասել է թէ՝ հայաշունչ Պէյրութ, ուր քրիստոնեայ արաբների շրջապատում, Էշրէֆիէում ուսանել փորձեց Յիսուսեան Քոյրերի Սենթ Գրեգուար վարժարանում, ապա լքեց այն ու անցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ ճեմարան, որը եւս կիսատ թողեց՝ հօրը նիւթապէս օգտակար լինելու սին յոյսով հետեւելով մեքենագիտութեան։ «Համալսարանների» պատրանքը փորձեց լրացնել՝ Սիմոն Սիմոնեանի եւ Գէորգ Աճեմեանի «Սփիւռք» շաբաթաթերթում տպագրելով իր առաջին գրչափորձերը 1955ից։
1960ի առաջին իսկ ամիսներից Պօղոսը ակամայ դարձաւ «Ռայմոնդ»՝ Հայկ Նագգաշեանի ու Արամ Սեփեթճեանի պէս վերցնելով «ճամբորդի» իր ցուպը, «աշխարհանուաճումը» սկսելով անտառների ու «մարդու նախնականութեան մէջ» խրուած Աֆրիկայից։ Գրեթէ քսան տարի նա ապրեց Լիբերիայում եւ Սիէրա Լիոնէում, լցուեց օտար աշխարհների կենսափորձով, հետը բերած հայերէն գրքերով ու սառնաշունչ գրադարանների ֆրանսերէն հրատարակութիւններով, այսինքն՝ մարդաճանաչումով։ Տեսաւ բարքերը ու ապշահար մնաց… Իր մարաշցի ու հաճընցի ծնողների՝ հայկական աշխարհացունց ճակատագիրը «կաթի՜լ մըն էր միայն խափշիկ մարդոց ապրած ծով տառապանքին քով», ուր յղի կնոջ որովայ-նից հանած պտղի սիրտը կարող էր հում-հում «ճաշակել» աֆրիկեան երկրի «բարձրաճաշակ» կրթութեան նախարարը, իսկ տարաբախտ այդ կնոջը ամուսինը վաճառել է աժան գնով՝ գլխացաւանքներից պարզապէս հեռու մնալու փափաքով։ Հայաստանից ու Թուրքիայից հազարաւոր կիլօմետրեր հեռու ողբերգութեան նոյն մոդէլն է գեղարուեստօրէն վկայաբերում, միայն թէ դերակատարներն են ուրիշ։
Որքան էլ տարօրինակ է, հենց աֆրիկեան յայտնութիւնն իր մէջ ամրագրեց գրողական արթնութեան առաջին ծիլերը. մէկուկէս տասնամեակում Պէյրութի մէջ լոյս տեսան «Ափրիկեան Ափերու Վրայ» (1967), «Ափրիկեան Համանուագ» (1973), «Անտառը Մարդու Մէջ», (1978), խորհրդանշական խորագրով արձակ ժողովածուները։ Թերեւս Աֆրիկան օգնեց Գուբելեանին մարդու մէջ մարդուն գտնելու փոխարէն, որոնելու մարդուն զօրացնող բնականութիւնը եւ հակառակը՝ անբնականը, ծփացող նախնական «անտառը», որին ինքը պիտի անդրադառնար արդէն Ամերիկայում դարասկզբին շարադրուած «Փտախտ» վէպում։ Յաւակնութիւնը մեծ է, մարդկայինը գտնելու սահմանը՝ խիստ փոքրացած, մտմտում է Լիբերիայի եւ Սիէրա Լիոնէի նախնականութեան, վայրի նախապաշարումների մութ ստուերների տակ ճկուած, Վազգէնի անուան տակ ծուարած հեղինակը։ Գրքի բնաբանը հենց խտացնում է օտար երկինքների տակ հայ արձակագրի փորձառութիւնը. «Փտախտը հասցէ ու հայրենիք չունի։ Տիեզերքն է անոր թատերաբեմը եւ մարդու ախտաւոր հոգին՝ զայն սնա-նողն ու յաւերժացնողը»։ Նոյնն է հետեւութիւնը Թուրքիայի եւ հարեւան երկրի աւանդոյթնե-րից բխող ընդհանրացումների տակ, ինչը շարունակական է նաեւ այսօր։ Ներսից կրծում է հոգին, քրիստոնէական ըմբռնումը։
Պ. Գուբելեանի աֆրիկեան պատմուածքները ժամանակին թարգմանուել են նաեւ անգլերէն Նորա Արմանիի, Իշխան Ճինպաշեանի, Երուանդ Գոչունեանի շնորհիւ եւ նաեւ՝ ռուսերէն։
Թւում է, ամերիկեան մայրցամաքը, ուր ոտք է դնում հայ գրողը 1979ից, եւ թւում է, այլեւս վերջնականապէս, «նոր աշխարհն» է, աւելի ստոյգ՝ աշխարհի «Այն Միւս Փողոցը» (2009), ինչպէս կոչում է իր նոր գիրքը, որը, ի դէպ, լոյս տեսաւ, սակայն, «այս փողոցում»՝ Երեւա-նում։ Գրողական տրամաբանական շարունակական ճանապարհ է սա թերեւս՝ Երեւանում էր տպագրուել նաեւ «Merci Beaucoup, Ասպետական Ֆրանսա» վէպը։
Միացեալ Նահանգներում գրուած գրքերը երեւան էին հանում տառապակոծ կամ «յաջո-ղակ» հայութեան ճանապարհները ամերիկեան պողոտաներում՝ ֆրիվէյներում, տարրալու-ծումի, օտարացումի այն ներքին կռուազանութիւնը, որը դեռ չի հասցրել ամբողջովին պոկել հային մայր աւազանի բարդոյթներից, թէեւ զառածումը ներսից «ուտում էր» նրան։
Լոս Անճելըսում լոյս տեսաւ «Ֆրիվէյ» (1988) կարճ պատմուածքների ժողովածուն, ուր համաշխարհայնացումի վայրագ արագութիւնը դառնում էր ազգային ինքնութիւնը կորցնելու գեղարուեստական վկայութիւն։ Վիպական միասնութիւնը ապահովող գրական աշխատանքներից յիշատակենք ծաւալուն «Փասփորթը» եւ «Փտախտը»։ Վերջինս նոյնպէս լոյս տեսաւ Երեւանում 1999ին եւ փորձում էր պարզել հայ ինքնութեան վերադարձի կտրուկ ճանապարհները, ուր հեղինակը ջանում էր արձագանգել հայոց ճակատագրի համար նոր թուրքերի դէմ պայքարի ելած նորագոյն վրէժխնդիր ազատամարտիկների արկածային, բայց ողբերգական առօրեան։
Ինչպէս տեսնում ենք, հայ գրական սփիւռքեան ճանապարհին նոյն պատրանքներն են, երազի ու նրա փլուզման շարունակական հոլովոյթը։ Դիպուկ է նկատել գրականագէտ Ստեփան Թոփչեանը՝ «Արձակագրի ընդգրկումները չափազանց լայն են՝ նախնական բնական մարդուց մինչեւ աշխարհի տարբեր հորիզոններում օրն ի բուն արդի պատմութեան անիւը կամայ ակամայ գլորող կերպարներ, իւրաքանչիւրն իր կրքերին իւրովի գերի հազարադէմ չարիքը»։ Մնում է աւելացնել, որը նեղացնում է հաւատքի գործօնների ծաւալումները։
Այս ամէնը ութսունհինգի սահմանները այսօր բոլորող արձակագրի մէջ յարատեւող մարդու փրկութեան ապաւէնն են։ Այսօր էլ նա պատնէշի վրայ է. դա են վկայում «Առաքելութիւն Ի Մարաշ. Ազգատոհմիս Գողգոթան» (2015) եւ «Զաւեշտախառն Ոստայն» (2016) գրքերը:
Ուրեմն՝ շնորհաւորանքներ սիրելի Պօղոս Գուբելեանին եւ գրչի ծայրին պահ տուած հաւատի զօրացում։
«Գրական Թերթ»