«Կարելի Է Հետեւութիւն Անել, Որ Խախտումները Ոչ Թէ Էպիզոդներ Են, Այլ՝ Համակարգուած Գործունէութեան Արդիւնք»
Վարեց ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Յունիսի 20ին անցկացուած ընտրութիւններն ու նախընտրական շրջանը:
ՌՈՒԲԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների նշանակումն ինքնին ի սկզբանէ, մեծ քննարկումների առիթ էր դարձել: Քննարկւում էր այն հարցը, թէ արդեօք Նիկոլ Փաշինեանը, որ տարիներ շարունակ, տարբեր առթիներով բողոքել է ընտրախախտումներից, այս անգամ, երբ իր իշխանութեան հարցը բաւական խնդրահարոյց է՝ կը դիմի՞, թէ չի դիմի ընտրախախտումների: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում, բացի ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերից, միւս ուժերը, որոնք տարիներ շարունակ դիտորդ են եղել ընտրութիւններում՝ հիմնականում անթաքոյց ձեւով պաշտպանում էին իշխող քաղաքական ուժին՝ ես եւ իմ մի քանի գործընկերներ որոշեցինք հիմնադրել «Ընտրութիւնների վերահսկման կոմիտէ»: Նպատակն էր, մեր ուժերի ներածին չափով փորձել թէ՛ նախընտրական շրջանում, թէ՛ բուն քուէարկութեան օրը ապահովել, որ ընտրախախտումները կանխուեն, իսկ կատարուած ընտրախախտումների մասին բարձրաձայնուի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ- Ին՞չ արձանագրեցիք:
ՌՈՒԲԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Պէտք է նշել, որ այս ընտրութիւնների նախընտրական շրջանը լրջօրէն տարբերւում էր նախորդից՝ յատկապէս ատելութեան խօսքի, սպառնալիքների մասով, որ թոյլ էին տալիս առաջին հերթին իշխանութեան ներկայացուցիչները, եւ յատկապէս՝ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը: Այլ խախտումների մի քանի յստակ դէպքեր էին, երբ վարչական ռեսուրս (միջոց) էր օգտագործւում, իսկ առանձին դէպքերում՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ նիւթական հատուցումներ էին տրւում, օրինակ՝ տարուայ կէսին անհասկանալի աղբիւրներից բարձրացւում էին աշխատավարձերը:
Ամենակարեւորը, սակայն քուէարկութիւնն է, եւ այդ օրը մենք ստացանք բազմաթիւ ահանզանգեր՝ բաց քուէարկութեան, վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերեալ: Այժմ արդէն ի յայտ են գալիս որոշակի ապացոյցներ՝ յատկապէս զինծառայողների բաց քուէարկութեան մասին, որոնք տեղի են ունեցել հիմնականում Սիւնիքում: Ակնյայտ է, որ դա սկզբունքային էր Նիկոլ Փաշինեանի համար, որովհետեւ Սիւնիքում նա ունի խնդիր: Եւ փաստօրէն, յայտարարուած արդիւնքներով, նա հանրութեանը ցոյց տուեց, որ Սիւնիքում նա այլեւս խնդիր չունի՝ այդ թւում Շուռնուխ գիւղում: Այս գիւղում բաւական մեծ թուով զինծառայողներ են գնացել քուէարկելու: Զինծառայողների քուէարկութեան վայրը սովորաբար գաղտնի է պահւում, սակայն պարզուեց, որ նրանք նշանակուած են քուէարկելու Շուռնուխի ընտրատեղամասում, որտեղ բնակչութեան թիւը շուրջ վաթսուն է, եւ գրեթէ նոյն չափով զինծառայողներ էին տեղափոխուել այնտեղ քուէարկութեան օրը: Կան հիմնաւոր կասկածներ, որ նրանք բաց քուէարկութիւն են իրականացրել:
Մէկ այլ երեւոյթ է երկրի մի շարք քաղաքներում քուէների հաշուարկի ժամանակ հոսանքազրկումը, որ լուրջ կասկածներ է առաջացնում:
Ներկայում վերահաշուարկ է իրականացւում, եւ մենք տարբեր տեղեկութիւններ ենք ստանում տարբեր տեղամասերից, օրինակ՝ իշխող քաղաքական ուժի համար քուէների աւելացման եւ յատկապէս «Հայաստան» դաշինքից ձայների պակասեցման վերաբերեալ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս ամէնից ի՞նչ հետեւութիւն կարելի է անել:
ՌՈՒԲԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Հետեւութիւն առ այն, որ խախտումները ոչ թէ էպիզօդներ (դրուագներ) են եղել, այլ՝ համակարգուած գործունէութեան արդիւնք: Եթէ հնարաւոր լինի ապացուցել, որ այդպէս է, այսինքն՝ համակարգուած կեղծարարութիւն է տեղի ունեցել, ապա հնարաւոր է, որ Սահմանադրական դատարանը կայացնի մինչ այս նախադէպը չունեցող որոշում՝ կա՛մ ամբողջական վերահաշուարկի, կա՛մ նոյնիսկ ընտրութիւնների արդիւնքներն անվաւեր ճանաչելու վերաբերեալ: Տեսականօրէն դա հնարաւոր է. Յունիսի 20ի խախտումներն այնպիսին են եղել, որ լրջօրէն ազդել են քուէարկութեան արդիւնքների վրայ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ներկայում վերահաշուարկ է ընթանում: Ի՞նչ զարգացումներ են հնարաւոր:
ՌՈՒԲԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ.- Ընտրութիւնները դեռ աւարտուած գործընթաց չեն, արդիւնքները դեռ նախնական են ամփոփուել եւ այս շաբաթ տարբեր վերահաշուարկներ են կատարւում: Սահմանադրական դատարան դիմելու ժամկէտը սկսւում է այն պահից, երբ ամփոփւում են ընտրութիւնների վերջնական արդիւնքները:
ՍԴն սեղմ ժամկէտում պէտք է որոշում կայացնի, արդեօք բացայայտուած սահմանախախտումներն այնպիսի՞ն են, որ էական ազդեցութիւն կարող են ունենալ քուէարկութեան արդիւնքների վրայ: Նման գործերի համար շատ յստակ եւ սահմանափակ ժամկէտներ են նախատեսուած, որպէսզի նոր ԱԺն սկսի գործել:
Ռուբեն, եթե դուք այսպիսի անհավատալի սուտ եք ասելու, համենայն դեպս մի արեք դա եռագույնի կողքին: