ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

Մատնանշում անելով դոկտ. Ռազմիկ Շիրինեանի յօդուածին («Քրիստափոր Եւ Չարենց», Ասպարէզ 6/23/2022) տեղին է այստեղ ներկայացնել ոչ պակաս տաղանդաւոր եւ մեր ազգի մի այլ տիտաններից մէկի՝ Խրիմեան Հայրիկի պատգամներից:
1878 նա վերադարձաւ Բերլինի վեհաժողովից խիստ ընկճուած ու տխուր:
Խրիմեան Հայրիկին եւ իր հետ մեկնած պատգամաւորներին ժողովասրահից ներս մտնել անգամ չէին թոյլատրած ու հետեւաբար նրանք չէին յաջողած օսմանեան լուծի տակ տառապող հայ ժողովուրդի արդար պահանջները ներկայացնելու, մինչդեռ սերբերը եւ բուլղարները փառահեղ ելոյթ ու ընդունելութիւն վայելեցին, որովհետեւ նրանք քաջաբար պայքարած ու դիմադրած էին թուրքի ճնշումների դէմ:
Այսպէս մերժուած ու արհամարհուած, Խրիմեան Հայրիկը Կոստանդուպոլսի Կում Կապու հայկական թաղի տաճարում կարդաց իր շատ յայտնի «Երկաթ Շերեփ»ի զեկոյցը: Նա պատմեց, թէ Բերլինում մի հարիսայի կաթսայ էին դրել որն անուանեց «Անկախութեան ուտեստ» որից բաժին ունեցան երկաթեայ շերեփ ունեցողները, այսինքն՝ զէնքի ուժով պայքարողները, սակայն հայերը ունէին թղթէ շերեփ այսինքն՝ մի թղթէ աղերսագիր, որ անզօր էր ու անպէտք հարիսայից բաժին վերցնելու…
Եւրոպական ուժերը հայերի տառապանքին սպեղանի չառաջարկեցին, որովհետեւ ներկայացած էին Բերլին որպէս խոնարհ, թուղթի վրայ գրած աղերսող հպատակներ, այլ ոչ թէ մի ժողովուրդ, որ պայքարում ու զոհաբերում է իր փրկութեան համար:
Նա յորդորեց ժողովրդին ասելով․ «Սիրելի եւ օրհնուած հայեր ու գիւղացիներ, երբ վերադառնաք հայրենիք, որպէս նուէր ձեր ընկերներին ու բարեկամներին մէկական հատ հրացան տարէք եւ էլի աւելի հրացաններ: Ժողովուրդ, ամէն բանից առաջ ձեր ազատութեան յոյսը ձեր վրայ դրէք, ձեր մտքի եւ ձեր բազկի ուժի վրայ: Մարդը պիտի ճգնի իրեն փրկելու համար»:
Այս քարոզը դարձաւ ախտորոշում հայերի իրավիճակի եւ հետագայում թափ տուեց ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ: Քրիստափորը պատգամեց ազատագրական պայքարով յեղափոխութիւն, իսկ Չարենցը՝ հաւաքական ուժով ընկերվարութիւն: Շատ դժուար չէ զուգահեռներ տեսնել անցած 30 տարուայ ընթացքում մեր թշնամուն թերագնահատելով եւ ճղճիմ անձնական շահարկումներով ու շահագործումներով, ազգովին այսօրուայ վիճակին հասնելու մէջ:
Որեւէ ազգի անկախ գոյութեան երաշխիքը ուղղակի կապւում է ՈՒԺԵՂ ԶԷՆՔԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԱԾ լինելով: Որքան շատ զէնք ու զրահ, այնքան լաւ:
Սա էր Հայրիկի պատգամը:
Հետաքրքիր լուսամիտ կղերական էր նա, որ անգամ խօսած ու գրած է իր հրատարակած «Վասպուրականի Արծիւ» թերթում՝ կանանց իրաւունքների եւ ազատագրութեան մասին: Նա յորդորել է կանանց եւ գիւղացիութեան կրթութեան կարեւորութիւնը: Իր «Պապիկ Եւ Թոռնիկ» գրքի մէջ նա հարց է տալիս ժողովուդին․ «Ի՞նչ է պատճառը, որ քո բոլոր լաւ ու բարի առաքինութիւններով հանդերձ, այսպէս աղքատ ու ընչազուրկ ես»: Այսպիսի պատասխան է տալիս․ «Որովհետեւ անուս ես ու անտեղեակ… կարդալ, գրել, հաշուել ու տնտեսել չես իմանում»:
Մի այլ տեղ նա առաջնահերթ է համարում ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ ԱՆՁՆԱԿԱՆԻՑ, նշելով․ «Մենք հաւեր չենք, մենք մարդ արարած ենք, մէկի զաւակն ենք, պիտի գործենք ոչ թէ միայն մեր համար, ոչ թէ մեր ծնողքի համար, այլ մեր ԱԶԳԻ համար»:
Ա՜հ, որքան դասեր ունենք քաղելիք այս Մեծ Հայի, այս առաջադէմ տարբեր մտածող հանճարից…:
Խորհուրդ կու տամ ծանօթանալու Խրիմեան Հայրիկի ծաւալուն մտքերի հետ, որոնց ամբողջական շարքը նշելը այստեղ անհնար է: