«Հայաստանի վիճակն այսօր զբաղեցնում է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին: Հայկական հարցը նորից վիճաբանութիւնների առարկայ է դարձել, նորից ամբողջովին կլանել է հայ հասարակութեան բոլոր խաւերի լարուած ուշադրութիւնը, միեւնոյն ժամանակ քննութեան առարկայ է դարձել օտար մամուլի մէջ»:
Այս տողերն ասես դեռ թաց լինեն, գրուած՝ այսօր, բայց գրուել ու տպագրուել են 92 տարի առաջ՝ 1914ին: Այսպէս՝ այս տողերով է սկսւում Վահան Տէրեանի «Հոգեւոր Հայաստան» յօդուածը՝ «ամբողջ հայութեան կուլտուրական ապագայի» գերխնդրով տոգորուած ռազմավարական մի ծրագիր-պատգամ, որն իր հիմնական հարցադրումներով այսօր էլ արդիական է:
ԱՅՍՊԷՍ ՈՒՐԵՄՆ՝ ՀԵՌԱԿԱՅ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ Վ. ՏԷՐԵԱՆԻ ՀԵՏ
ՀԱՐՑՈՒՄ.- Պատուելի, կը խնդրէինք նախ մեկնաբանել՝ ինչ ասել է« հոգեւոր Հայաստան»:
ՊԱՏԱՍԽԱՆ.- «Հայութեան հաւաքում» կամ «հայութեան կազմակերպում գաղափարական իմաստով- ահա ինչ եմ հասկանում ես «հոգեւոր Հայաստան» ասելով: Դա այն կուլտուրան է, այն կուլտուրապէս կազմակերպուած ժողովուրդն է, որի գալուն մենք կ’ուզէինք հաւատալ:
Հ.- Մենք էլ ենք ուզում հաւատալ, պատուելի: Սակայն մեր պատմութիւնը մեզ յիշեցնում է, որ մենք դատապարտուած ենք եղել օրն ի բուն յաղթահարելու արտաքին արգելքները, որոնք այսօր էլ նուազ չեն, որոնք ինքն ըստ ինքեան խոչընդոտ են «հոգեւոր Հայաստանի» համար:
Պ.- Չպէտք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան: Քանի որ կան, բնականաբար մեր ուշքը միշտ դարձած պիտի լինի նրանց վրայ, իբր քաղաքացիներ մենք պէտք է մաքառենք նրանց դէմ:
Սակայն, բացի այդ, կայ եւ ներքին կամքի խնդիր: Ազգը միայն արտաքին ուժերի զօրութեամբ, իրերի արհեստական դասաւորութեամբ չի ստեղծւում, այլեւ իր անդամների ներքին մտահոգեկան կապով: Պէտք է, բացի արտաքին հնարաւորութիւնից, լինի եւ ներքին զօրութիւն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախմբումն ազգ է դարձնում:
Որքան ուզում է անկախ ու ազատ լինի մի Ալպանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթէ ալպանական ժողովուրդը մի ներքին մղում չունենայ դէպի այդ եւ տեւական ու ծանր աշխատութեան գնով ձեռք չբերի այդ արտօնութիւնը: Ներքին հաւատ, անխախտ գիտակցութիւն՝ առանց այդ աւելորդ է եւ արտաքին արգելքների դէմ կռուելը, աւելորդ է այդ պատնէշների ջնջելը, քանի որ երբ ընկնեն այդ պատնէշները, յանկարծ պիտի տեսնէք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձետ կռիւը՝ այդ բոլորը դուք արել էք մի անկենդան դիակի համար:
Ահա այսպիսի մի ներքին հաւատ, մի խոր գիտակցութիւն է հարկաւոր հայ հասարակութեանը:
Ես ոչ մի արժէք չեմ տալիս այն ազգութեան, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնութիւնը, եւ, որ գլխաւորն է, մի ինքնութիւն, որ կարիք էլ չկայ պահպանելու:
Ահա թէ ինչու ես կարծում եմ, որ, բացի արտաքին արգելքները յաղթահարելուց, ամէն մի ազգ կազմելու ցանկութիւն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծէ այն արժէքները, որոնք նրա ինքնութեան առահաւատչեան են: Ֆրանսացոց նման կուլտուրապէս կազմակերպուած ու զօրեղ եւ քաղաքականապէս ապահով մի ժողովուրդ ամէն կերպ աշխատում է պահպանել իր ինքնութեան գլխաւոր նշանը- իր լեզուն, եւ դրա համար ամէնուրեք հիմնում է ալիանսներ…
Հ.- Ֆրանսացիները մեծ ազգ են, պատուելի, մենք ածու ենք փոքր…
Պ.- Դատարկ խօսքեր են մեր փոքր ածու լինելու մասին հնչող ճառերը՝ ոչ պելկիացիք են մեծ ազգ, ոչ նորվեկացիք. մինչդեռ որպիսի դիւթական անուններ են դրանք:
Հ.- Իրաւացի էք, պատուելի: Դառնանք բուն թեմային. «հոգեւոր Հայաստանը» մեր ազգային գաղափարախօսութեան (եթէ այդպիսին պետականօրէն մշակուած եւ առկայ է մեզանում) վերնաշէնքը կարելի է անուանել: Մի՞թէ «հոգեւոր Հայաստանը» չպիտի հիմնուի «նիւթական Հայաստանի վրայ»:
Պ.- Չպէտք է կամենանք մեր յոյսը եւ ապագան «նիւթական Հայաստան» գաղափարի վրայ հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգեւոր Հայաստանի» համար:
Հակառակ դէպքում մենք կը նմանուենք մեր տգէտ հայ բուրժուային, որ առատ ձեռքով նուիրում է իր ոսկին դպրոցական շէնքեր կառուցելու համար, առանց երբեւիցէ մտածելու, թէ ինչպիսի՞, ի՞նչ դպրոց է լինելու այդ շէնքի մէջ՝ թէ վերջապէս դպրո՞ց է լինելու դա… Ես մի անգամ զրոյց ունեցայ մի հայ ինտելիգենտի հետ: Մի՞թէ, հարցրի ես, ձեր բաղձանքն այն է, որ տեսնէք հայ ոստիկան հայկական համազգեստով: Նա անհամբեր ձեւով եւ կտրուկ ասաց.
– Այո, հայ ոստիկան, հայկական համազգեստով…
Որի համար բոլորովին միեւնոյն է, թէ որ ազգից եւ ինչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրանից կաշառք է պահանջում կամ որն իրան ծեծում է:
Հ.- Թոյլ տուէք մասամբ առարկել, պատուելի: Նախ դպրոցի շէնքը պէտք է ունենալ, ապա խորհել դրա ինչպիսիի եւ ինչի շուրջ:
Պ.- Նայեցէք, մեր հայրենիքում դուք կը գտնէք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շէնքեր. սակայն կը գտնէ՞ք արդեօք մի դպրոց, որ օրինակելի լինէր, կանգնած լինէր իր բարձրութեան վրայ:
Չկամենանք շքեղ շէնքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, հոգու եւ մտքի հպարտութեամբ ճոխացնենք նրան: Դա «հայ համազգեստը հագին հայ ոստիկանի» մի հայրենիք է:
Չկամենանք այդպիսի մի հայրենիք:
Այդպիսի հարենիք ես չեմ ուզում:
Որովհետեւ՝ մի՞թէ դիակ է իմ կամեցածը:
Հ.-Շատ օրինակներ՝ մահացած ու կենդանի ազգերի պատմութիւնից յօգուտ ձեր տեսակէտին են: Բաբելոնի կամ Ասորիքի՝ Ձեր իսկ պոէտական բառերով ասած՝ անհետ կորելը չար մշուշի պէս, պատմական հին փաստ է: Վկայակոչենք նորը, թարմը. հրեաներն, օրինակ, պետութիւն, «նիւթական հայրենիք» չունէին, բայց աշխարհի չորս ծագերում սփռուած էլ կերտում էին եւ ե՛ն իրենց «հոգեւոր Հրեաստանը»: Ուրեմն՝ եթէ չկայ «հոգեւոր Հայաստանը»…
Պ.- Ապա զուր են ձեր ջանքերը «նիւթական Հայաստանի» համար:
Այդ հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատանք է պահանջում, անթիւ կեանքերի տոկուն հաւատ եւ գիտակցութիւն. անարիւն, բայց ազնիւ, գուցէ աւելի դժուար, աւելի ահաւոր զոհաբերում, քան արիւնալի զոհաբերումը:
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդեան, մի Դուրեան նոյնպէս ասպետներ են, գուցէ աւելի մեծ հերոսներ, քան նրանք, որ կռուի դաշտում են զոհաբերում իրենց կեանքը:
Եւ եթէ այսօր մէկը ոչնչի տեղ է դնում նրանց՝ այդ ոգու ասպետներին, ու միեւնոյն ժամանակ ծունկի է չոքում այսօրուայ արիւնալի կռուի հերոսների առջեւ, ես չեմ հաւատում նրան, ես զզւում եմ նրա՝ այդ հրաբորբոք հայրենասիրութիւնից:
Եթէ յիրաւի այսօր պարզուած է հայութեան սիրտը դէպի ապագան, եթէ յիրաւի հաւատում է նա իր ապագային, ապա իր հայեացքը ոչ միայն Վան կամ Էրզրում պիտի ուղղէ, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թէ կա՞յ արդեօք իր մէջ այն ամէնը, որ կենդանութիւն է ներշնչում մեր նիւթական հայրենիքին, մեր Վան, Մուշ եւ Էրզրումին:
Քննեցէք ձեր սիրտը եւ նայեցէք, թէ կա՞յ արդեօք այնտեղ հաւատ, որով պիտի կենդանանայ մեր այդ հոգեւոր Հայաստանը… Եթէ կայ, ապա նա չի նստի ծոյլ ու անհաւատ, այլ կամքի մի գերագոյն թափով կը ձեռնարկէ այդ հոգեւոր հայրենիքի վերակառուցման:
Հ.- Պատուելի, ի՞նչ խորհուրդ-պատգամ ունէք «մի առաւօտ արթնացած» եւ հայրենասէր, ազգասէր դարձած մեր երեւելիներին:
Պ.- Ինչպէ՞ս հաւատամ ես ձեր այդ յանկարծակի, դիւթական մի գաւազանի շարժումով ծնուած ազգասիրութեանը: Դուք մի՞թէ չէք զգում ձեր դրութեան տարօրինակութիւնը, անյարմարութիւնը:
Դուք, որ հարսանեաց հիւր էք միշտ եւ երբեք ազնիւ աշխատանքի եւ սրտակեղեք ցաւի հետ լինել չկամեցաք մեզանում: Մինչեւ ագամ այսօրուայ ձեր արածների համար դուք պատասխանատուութիւնը կը նետէք նոյն ձեր այսօր այդքան սիրեցեալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու յուսախաբ զաւակների վրայ…
Եւ դարձեալ հայրենիքի, հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիւ աշխատանքը կը վերցնեն իրենց վրայ նրանք, ում դուք չէք ճանաչել երբեք, չէք ուզում ճանաչել այսօր եւ չէք կամենայ ճանաչել առաւել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկայ, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները:
Իսկ ձեր անուննե՞րը:
Դա էլ կարեւոր չէ, մանաւանդ որ nomina odiosa (լատ. անունները ատելի են):
Ծանօթ խմբ.- Չաւախք աշխարհի մէջ մարդիկ յարգարժան անձնաւորութեան մը կը դիմեն պատուելի բառով: