ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի Արագածոտն մարզում գտնուող Թալինի շրջանի Կաթնաղբիւր գիւղը շուտով կ՛ունենայ խաղահրապարակ մանուկների ու պատանիների, եւ ժամանցի վայր՝ աւագ սերնդի ներկայացուցիչների համար: Հայրենակիցների համար այս նախաձեռնութիւնը կեանքի է կոչում Հիւսիսային Սան Ֆերնանդօ Հովտի ՀՅԴ «Արշաւիր Շիրակեան» կոմիտէութիւնը:
««Արշաւիր Շիրակեան»ի մեր անդամներն այցելել էին գիւղ, եւ տեղեկացել, որ երեխաները չունեն խաղավայր, տարեց բնակիչներն էլ՝ բարեկարգ մի այգի, հանգստի վայր, որտեղ կարող են հանդիպել, շախմատ, նարդի խաղալ, ժամանց անցկացնել: Միշտ ցանկացել ենք օգտակար լինել Հայաստանի մեր եղբայրներին ու քոյրերին, եւ որոշեցինք այս ծրագիրն իրականացնել: Քաղաքապետարանի հետ համաձայնութեամբ, շուրջ երկու ամիս առաջ սկսուեց կառուցապատումը, որ նախատեսւում է աւարտին հասցնել յաջորդ տարուայ Մարտ ամսին: Նախապէս հաւաքուած եւ ուղարկուած գումարով մեկնարկած շինարարական աշխատանքների մասին մեր տեղի ընկերներն ամէն օր տեղեկացնում են. գնուել են նստարաններ, սեղաններ, եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Անհամբերութեամբ ենք սպասում բացմանը, որ ժպիտ կը բերի յատկապէս մեր փոքրիկներին», նշում է «Արշաւիր Շիրակեան» կոմիտէի ներկայացուցիչ Թորոս Քեչեճեանը:
Աշխատանքներն աւարտին հասցնելու համար, կոմիտէութիւնն առաջիկայում կ՛անցկացնի դրամահաւաքի ձեռնարկ, որի հասոյթը կ՛ուղղուի շուրջ քսան հազար դոլար արժողութեամբ ծրագրի ամբողջականացմանը: Ձեռնարկը կ՛անցկացուի ՀՅԴ «Արշաւիր Շիրակեան» կոմիտէութեան Գրանադա Հիլզում գտնուող մասնաշէնքում:
Այս կոմիտէութիւնն իր կենտրոնով, աւելի քան տասը տարի անխոջ ծառայում է Հիւսիսային Սան Ֆերնանդօ Հովտի հայ համայնքին՝ նաեւ տարաբնոյթ ձեռնարկներով նպաստ բերելով շրջանի հայ բնակչութեանն ու հայրենիքին: «Մեր անդամները մշտապէս արձագանգել են ու ձեռք մեկնել բոլոր նախաձեռնութիւններին: Արցախեան պատերազմի ժամանակ տարբեր նպատակներով դրամահաւաքներ եւ աջակցութեան ծրագրեր ենք իրականացրել հայրենիքի համար: Այժմ էլ, աշխատում ենք սոցիալական (ընկերային) ծրագրերի ուղղութեամբ, որի արտայայտումներից է այս խաղահրապարակի կառուցումը: «Արշաւիր Շիրակեան» կենտրոնը անշահախնդիր կերպով ծառայում է նաեւ տեղի մեր հայրենակիցներին», տեղեկացնում է Քեչեճեանը:
Իւրաքանչիւր Չորեքշաթի կենտրոնն հիւրասիրութիւն է կազմակերպում, որին մշտապէս մասնակցում են համայնքի հարիւրաւոր անդամներ, միասին ճաշում ու ժամանց անցկացնում: Կենտրոնը զբաղուած է նաեւ շաբաթուայ միւս օրերին: Այստեղ անցկացւում են Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ Հայ Օգնութեան Միութեան տեղի մասնաճիւղերի ժողովներն ու ձեռնարկները, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան երգչախմբի փորձեր, ինչպէս նաեւ՝ մարտարուեստի, պարի դասընթացներ: Շաբաթ օրը, կենտրոնում գործում է ՀՕՄի շաբաթօրեայ դպրոցը: Գրանադա Հիլզում գտնուող «Արշաւիր Շիրակեան» կենտրոնը սիրուած հաւաքավայր է շրջանի երիտասարդ եւ աւագ սերնդի ներկայացուցիչների համար: