Բարերարութիւնները արժեւորւում եւ իմաստաւորւում են, երբ դրանք ծառայում են ճիշդ նպատակին: Բարերարը, տեսնելով իր ներդրման արդիւնքը, փառաւորւում է հոգով, ունենում է շիտակ գործ կատարած մարդու հանգստութիւն:
Այդ զգացումն ունէին Կիրակի, 22 Հոկտեմբեր 2006ին «Լարք» երաժշտական հաստատութեան բարեկամները, որոնք եկել էին մասնակցելու շէնքի բացման հանդիսաւոր արարողութեանը:
Ներկայ էր հասարակութեան մի ընտրանի, որին չէիր կարող տալ պիտակներ կամ՝ խմբաւորել գոյների: Հայ եկեղեցու զոյգ թեմերի առաջնորդներն իրենց ներկայութեամբ դարձել էին օրուայ նժարի հաւասարազօր կողմերը, ծանրութեան կենտրոն ունենալով ամերիկեան պետական ղեկավար մարմիններ: Հային խառնուել էր օտարը: Նրանք ականատես պիտի լինէին հաստատութեան արագընթաց վերադասաւորմանը նոր կենտրոնի մէջ: Արժէր տեսնել կատարուած գործը:
Կարծես դեռ երէկ էր, երբ խմբավար Վաչէ Պարսումեանը «Լարք»ի նուիրեալների, ուսուցչական կազմի եւ աշակերտների հետ կիսախարխուլ շէնքում սկսեց իր պարապմունքները: Լինում էին օրեր, երբ խմբային դասերն անցկացւում էին բակում: Խոշոր արկղերի ետեւում յանկարծ տեսնում էիր ծուարած ուսուցչուհուն եւ աշակերտին: Տանիքի կիսամութ երդիկի տակ նուագում էին զոյգ դաշնամուրները արհեստաւորի մեքենայի հզօր աղմուկի ձայնակցութեամբ: Քարտուղարուհին իր աշխատանքները կատարում էր տարբեր գործիքների նուագակցութեամբ: Աստիճանաբար կառուցւում էր շէնքը: Եւ արդէն անցեալ ուսումնական տարուայ վերջում «Լարք» երաժշտանոցը իր հաշուետու համերգները, նոյնիսկ շրջանաւարտ աշակերտների համերգը սիմֆոնիկ նուագախմբի ընկերակցութեամբ անցկացրեց սեփական յարկի տակ:
Սկսուեց նոր, 2006-2007 ուսումնական տարին վերակառուցուած շէնքի մէջ. 543 Arden Avenue, Glendale, Ca 91203: Ժամանակն էր հանրութեան ներկայացնելու այն, ինչին նրանք հաւատացել, քաջալերել եւ օգնել էին: Պատրաստուել էր կէսօրեայ մի ամբողջ ծրագիր:
Ժամանում էին հրաւիրեալները: Ի՞նչն էր արդեօք մղում նրանց գալ «Լարք» երաժշտանոց, յետմիջօրէի այրող արեւի տակ կանգնել բակում, հետեւել բացման հանդիսաւոր խօսքերին, պաշտօնական արարողութիւններին, մօտիկից ծանօթանալ շէնքին, դպրոցին, ուսուցիչներին, աշակերտներին: Հայ լինելու պատի՞ւը, արուեստի սէ՞րը, թէ՞ համամարդկային վեհ զգացմունքների ուժն է, որ երաժշտութեան միջոցով մեզ է փոխանցում այս հաստատութիւնը: Հայ ժողովուրդն ունի կարօտը մի ճշմարիտ հաւատքի, տարբեր Աստծուց: Չխաթարուած մի հաւատք, որ օգնի նրան ապրելու: Եւ երբ կարդում ենք այս հանդիսութեան օրուայ մասին գրուած յօդուածները մամուլում, տարբեր գրողների կողմից, որոնք վերլուծութիւնից աւելի երեւոյթի հաճոյքն ու հոգեկան բաւարարուածութիւնն են, աւելի ենք համոզւում, որ «Լարք» երաժշտական հաստատութիւնը իրաւամբ կարողանում է հաւատք ներշնչել:
Բացման արարողութեանը յաջորդում էր համերգ սիմֆոնիկ նուագախմբի, երգչախմբի եւ մենակատարների մասնակցութեամբ, ղեկավար՝ Վաչէ Պարսումեան: Այն նուիրուած էր վաղամեռիկ Մկրտիչ Ֆիդանեանի յիշատակին: Համերգն ունէր նաեւ ներքին սիւժէ: Մոցարթի «Ռէքուիէմ»ով նշւում էր նրա ծննդեան 250ամեակը: Կատարւում էր պատանի երաժշտահան Վարդան Սիմոնեանի «Conifera» գործը սիմֆոնիկ նուագախմբի համար: Կեանքի էր կոչուել Ա. Բաբաջանեանի «Aria-Vocalize»ը: Ուրիշ անակնկալ էր Տ. Մանսուրեանի որպէս հայրենիքի հիմներգ գրած երաժշտութիւնը Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»ի խօսքերով:
Օրուայ յայտագիրը հասնում է իր լրումին: Մարդիկ դուրս էին գալիս Glendale Presbyterian Church եկեղեցուց՝ անջատուած իրենց առօրեայից, բաւականացած եւ վերացած: Ակամայ մտաբերում էի բացման հանդիսութիւնից յետոյ բակում նստած 92ամեայ հայրիկին: Մենք տեսնում էինք նոր շէնքի ծնունդ, նրա աչքի առջեւ պատկերւում էր մօտաւորապէս քսան տարուայ պատմութիւն: «Լարք»ի մեծ հայրիկը դիտում էր չորս բոլորը եւ ասում. «Սա պարզապէս անհաւատալի է: Եթէ գիտնաս ինչ դժուար պայմաններով, գրեթէ ոչինչէն ծնաւ այս հաստատութիւնը եւ հասաւ այս օրուան, կը զարմանաս եւ կը հաւատաս հրաշքներու»:
Հաւատում ենք, յարգելի հայրի՛կ, քանի որ ուզում ենք ապրել եւ գոյատեւել: