Մենք կեցուածքի մասին մտածում ենք, երբ բաւական ուշ է լինում եւ այն ազդեցութիւն է թողնում մեր առողջութեան վրայ:
Կեցուածքը կոչւում է մարմնի այն դիրքը, երբ մարդը կանգնած է ուղիղ, առանց լարուելու: Եթէ կեցուածքը ճիշդ է, ապա գլուխը մարմնի հետ ուղղահայեաց է, կուրծքը մի փոքր առաջ, ուսերը մի փոքր իջեցուած: Եթէ կեցուածքը ճիշդ է, ապա մարմնի ցանկացած դիրքում բեռը հաւասարաչափ բաշխւում է մկանների եւ յօդերի վրայ:
Կեցուածքի խախտման հիմքը յաճախ դրւում է տարրական դպրոցում, երբ երեխայի ողնաշարը դեռ ամուր չէ: Երեխան նստում է գրասեղանի մօտ կռացած, ծանր ուսապարկ է հագնում դասագրքերով, քիչ է շարժւում: Կեցուածքի խանգարման այլ պատճառներ են բնածին արատները, ողնաշարի հիւանդութիւններն ու վնասուածքները, ուռուցքները եւ վարակները:
Ժամանակի ընթացքում կեցուածքի զգալի խախտումները յանգեցնում են ողնաշարի հիւանդութիւնների: Ցաւ՝ մէջքի ստորին հատուածում, պարանոցի, կրծքավանդակի շրջանում, ամէնից յաճախ վատ կեցուածքի հետեւանք է: Երբ մկանների հաւասարակշռութիւնը խախտւում է, յօդերն աւելի են մաշւում, ինչը յանգեցնում է անդառնալի փոփոխութիւնների` «արթրոզ»ի: Բացի այդ, ֆիզիկական աշխատանքի ժամանակ մկանների վրայ բեռի անհաւասար բաշխումը վնասուածքների պատճառ է դառնում:
Սխալ կեցուածքը, մասնաւորապէս կլոր, կռացած մէջքը, թոյլ չի տալիս, որ թոքերը ամբողջութեամբ ընդլայնուեն: Գլխի դիրքից է կախուած նաեւ թոքերի, այսպէս կոչուած, կենսական հզօրութիւնը: Իսկ դա նշանակում է, որ թթուածինը բաւարար չափով չի մատակարարւում: Եթէ կեցուածքը ճիշդ է, ապա որովայնի խոռոչում գտնուող օրգանները բնական գործում են: Մարմնի սխալ դիրքով նրանք տեղահանւում են, սեղմւում: Կռացած ողնաշարի դէպքում թուլացած մկանները չեն աջակցում աղիքներին եւ ստամոքսին: Խանգարւում է լեղու արտահոսքը, վատանում է աղիքային պարբերականութիւնը եւ արդիւնքում` մարսողական խանգարումներ` փորկապութիւն, այրոց եւ նոյնիսկ ճողուածք:
Ներքին օրգանները ողնուղեղի հետ կապուած են նեարդաթելերով, որոնց շնորհիւ գործում են: Կեցուածքի խախտումների, ողնաշարային ճողուածքների առաջացման դէպքում խախտւում են նաեւ այդ կապերը: Այստեղից ցաւեր ու խանգարումներ են յայտնւում տարբեր օրգաններում` սկսած գլխացաւից, վերջացրած թութքով ու անպտղութեամբ:
Կեցուածքի խանգարումները` կռացած մէջքը, դուրս ցցուած ստամոքսը, իջեցուած գլուխը առաջացնում են խնդիրներ ամբողջ մարմնում` յանգեցնելով հիւանդութիւնների, խանգարումների եւ ցաւի: Այդ իսկ պատճառով ճիշդ կեցուածքը մարդու առողջութեան համար անհրաժեշտ պայման է: