Արցախի Հանրապետութեան պետական նախարար Ռուբէն Վարդանեան 29 Դեկտեմբերին «France 24» պատկերասփիւռի կայանէն ուղիղ սփռումով ներկայացուց Ատրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման պատճառով ստեղծուած իրավիճակը եւ խօսեցաւ շրջափակման պատճառներուն մասին:
Պատասխանելով Արցախի մէջ տիրող իրավիճակին վերաբերող հարցումին՝ ան ըսաւ. «Նախ՝ ուզում եմ ողջունել բոլորին եւ շնորհակալութիւն յայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպէս նաեւ Ֆրանսիայի կառավարութեանը: Մենք իսկապէս բարձր ենք գնահատում ձեր աջակցութիւնը: Իրականութիւնն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունի վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանուած ընտանիքներ, ունենք մի քանի հարիւր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների: Մենք ունենք բազմաթիւ ոչ-արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, եւ հիմա նրանք նոյնպէս արգելափակուած են այստեղ: Իրավիճակը բաւականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հաւատում են, որ դա մեծ պայքար է յանուն անկախութեան, եւ դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու, չնայած բոլոր մարտահրաւէրներին եւ բոլոր դժուարութիւններին, մենք համախմբուած ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում: Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրայ գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք եւ դառնում ենք աւելի ուժեղ այս շրջափակման պայմաններում»:
Ֆրանսացի լրագրողը հարցուց Լաչինի միջանցքին մէջ բողոքի ցոյց կատարողներուն, իբրեւ բնապահպան ներկայացող ատրպէյճանցիներուն մասին՝ ուզելով գիտնալ, թէ ի՛նչ է Վարդանեանին կարծիքը անոնց մասին:
«Մենք այսօր կառավարութեան եւ հանքարդիւնաբերող ընկերութեան ղեկավարութեան հետ համատեղ յայտարարութիւն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական (բնապահպանական) փորձագէտների, որպէսզի գան եւ ստուգեն մեր հանքարդիւնաբերութիւնը: Կարծում ենք, որ այն աշխատում է լաւագոյն չափանիշներով, եւ մենք նաեւ ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլեւ ամբողջ տարածաշրջանում հանքարդիւնաբերութիւնը, եւ ստուգեն մասնագէտները, ոչ թէ ինչ-որ այսպէս կոչուած «էկօակտիւիստներ» (բնապահպանները), որոնք, մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն: Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում յատուկ ծառայութիւններում: Ի դէպ, եթէ Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրուեն եւ ստուգեն, թէ վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ (ցոյցեր) տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կը զարմանանք, քանի որ այդ թիւը զրօ է: Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպուած շոու (ցուցադրութիւն) է, եւ իրականում բնապահպանական շարժում չէ»:
Պատասխանելով այն հարցումին, թէ Ռուսիոյ քաղաքացիութիւն ունենալով, հոն գործարարութեամբ զբաղելով հանդերձ, ան եկաւ Արցախ եւ Նոյեմբեր 2022ին դարձաւ Արցախի պետական նախարար, ի՞նչը ստիպեց զայն այս քայլին դիմելու՝ Վարդանեան ըսաւ. «Հայերն ապրում են աշխարհով մէկ: Մենք ունենք մեծ Սփիւռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, եւ մենք բոլորս կապուած ենք Արցախի հետ: Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը, հայերէն տառերի ուսուցանումն սկսել է Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգութեան, հայկական մշակոյթի, հայկական ԴՆԹի: Դրա համար էլ բազմաթիւ նախագծեր ենք արել վերջին 20 տարուայ ընթացքում: Իսկ 44օրեայ պատերազմից յետոյ ես զգացի, որ սա Արցախում բնակուողների համար ամենադժուար ժամանակներից է, եւ հասկացայ, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապէս մեծ ճնշման են ենթարկւում Ադրբեջանի կողմից: Նրանք պէտք է զգան, որ իրենք մենակ չեն: Մենք նոյնպէս Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, եւ ես հասկացայ, որ սա է հէնց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար եւ փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապէս տառապում են ստեղծուած իրավիճակում»:
Լրագրողին այլ հարցում մը կը վերաբերէր ռուս խաղաղապահներու հասցէին Հայաստանի կողմէ ուղղուած մեղադրանքներուն, թէ՝ Ռուսիա իր խաղաղապահի դերը բաւարար չափով չի կատարեր Լաչինի մէջ. արդեօք Արցախի պետական նախարարը համաձա՞յն է այս տեսակէտին:
«Ես շատ երկրներում հետեւել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիների, որոնք շատ անգամներ ուղարկուել են Աֆրիկա, եւ մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թուով զինուորներ, սահմանափակ մանդատ (յանձնառութիւն) եւ զէնք գործածելու սահմանափակ իրաւունքներ: Ուստի, մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափութիւնը, բայց, միեւնոյն ժամանակ, մենք պէտք է գիտակցենք, որ առանց աւելի լայն մանդատի, առանց աւելի մեծ թուով զինուորների, առանց իրենց տանն ապրող եւ 35 տարի իրենց անկախութեան համար պայքարող հայերին պաշտպանելու աւելի յստակ իրաւունքների ապագայ չի լինի: Ուստի, կարծում եմ, որ շրջափակումը ցոյց տուեց, որ թէ որտեղից պէտք է աւելի մեծ եւ ուժեղ մանդատ ստանալ՝ նաեւ ՄԱԿից», ըսաւ Վարդանեան: