

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Գէյթուէյ Ինդըսթրի» (Gateway Industry) կազմակերպութիւնը 2013 թուականին հիմնադրուել էր հայկական ոգին, ինքնութիւնը վառ պահելու, հայրենիքի զօրացմանը մասնակցելու առաքելութեամբ: Դպրոցական, այնուհետեւ համալսարանական մի խումբ ընկերներ, որ 90ականների վերջից ներգրաւուած էին Լոս Անջելեսում հայկական հարցերի բարձրաձայնման հարցերում, համախմբուեցին՝ այս անգամ գործունէութիւն ծաւալելու նաեւ հայրենիքում, որ սկսուեց Արցախի տարբեր շրջաններում կրթօջախների վերակառուցմամբ: Նրանք առաջնորդւում էին համոզումով, որ դժուար կը լինի հողը պահել, եթէ այն բնակեցուած չլինի նաեւ պատասխատու նոր սերունդներով, ովքեր պէտք է ստանան համապատասխան կրթութիւն բարեկեցիկ պայմաններում: 2020 թուականի պատերազմը սակայն ընդհատեց կազմակերպութեան ընթացքն Արցախում՝ Քաշաթաղում եւ Բերձորում վերանորոգուած վեց դպրոցներն անցան ադրբեջանական կողմի վերահսկողութեանը:

«Պատերազմից յետոյ մեր գործունէութեան ուղղութիւնը փոխուեց, եւ ուշադրութեան կենտրոնում յայտնուեցին հիմնականում մեր վիրաւորուած զինուորները, եւ նրանց առողջութեան ու կրթութեան հարցերը դարձան առաջնային», նշում է «Գէյթուէյ Ինդըսթրի» կազմակերպութեան համահիմնադիր, ճանաչուած սրտաբան, դոկտոր Սարգիս Քիրամիջեանը: Հիմնադրումից ինը տարի անց, ամփոփելով գործունէութիւնը, նա ներկայացնում է Հայաստանում իրականացուող բազմաթիւ ծրագրերն առողջապահութեան, կրթութեան, կիբեր անվտանգութեան եւ տեխնոլոգիաների (արհեստագիտութեան) ոլորտներում՝ հայրենիքի պաշտպանների վերականգնումը նշելով որպէս գերակայութիւն: Այս նպատակով, «Գէյթուէյ Ինդըսթրի»ի հիմնադիրներն ու անդամները, 2020 թուականի Դեկտեմբերին այցելում են Հայաստան, որտեղ ուսումնասիրում եւ իրականացնում են կարիքների համապարփակ գնահատում: «Արդիւնքում բացայայտեցինք առաջնային լուծման երկու կարեւոր խնդիր, որ վերաբերում էին մեր վիրաւորուած զինուորների առողջութեան վերականգնմանը, դա գործող ֆիզիոթերապեւտների (բնաբուժներու) ու կինեզիոլոգների (բժշկական շարժախօսութեան մասնագէտներու) վերապատրաստման անհրաժեշտութիւնն էր, եւ Հայաստանի մարզերում ֆիզիոթերապիայի (բնաբուժութեան) մեծ պահանջը: Այս հարցերը լուծելու համար էր, որ 2021 թուականին, ««Գէյթուէյ Ինդըսթրի»ն գործարկեց «Վետերանների ֆիզիոթերապիա եւ վերականգնում նախագիծը» Օրբելի ինստիտուտ հիւանդանոցի հետ համատեղ: Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի վետերանները, ովքեր ֆիզիկական եւ հոգեբանական թերապիայի կարիք ունեն, սակայն այլեւս պետական ֆինանսաւորում չեն ստանում, անհրաժեշտ վերականգնողական բուժօգնութիւնը ստանում են Օրբելի հիւանդանոցում», նշում է Քիրամիջեանը: «Գէյթուէյ Ինդըսթրի»ն ամբողջութեամբ ֆինանսաւորում է փոխադրամիջոցների, ամէնօրեայ սննդի եւ բուժման ծախսերը: Ծրագրում ներգրաւուած են եղել հիմնականում վիրաւորուած զինուորներ այն մարզերից, որտեղ չկան ֆիզիոթերապիայի կենտրոններ: «Գէյթուէյ Իինդըսթրի»ի հովանաւորութեամբ, նաեւ մասնագէտներն այցելել են տարբեր շրջանների հիւանդանոցներ, եւ այնտեղ էլ բուժօգնութիւն ցուցաբերել: 2022 թուականի Օգոստոսից ծրագիրն ընդլայնուել է, եւ շահառուներն այժմ ստանում են ամէն տեսակի բուժօգնութիւն Հայաստանի հեղինակաւոր բժշկական հաստատութիւններում: Այս ծրագրի շրջանակներում, ցայսօր, ֆիզիկական վնասուածքներով 230 վետերան է բուժoգնութիւն ստացել, 216 վետերան ստացել է հոգեբանական մասնագիտական աջակցութիւն, հոգեբանների ծառայութիւնից օգտուել է նաեւ պատերազմին մասնակիցների ընտանիքների 515 անդամ», տեղեկացնում է Քիրամիջեանը:
«Աշխատանքի ընթացքում հանդիպումներ ունեցանք Հայաստանի առողջապահութեան նախարարի, մարզպետների հետ, եւ պարզեցինք, որ մարզերում բնակուող մեր վետերանները խնդիրներ ունեն կապուած տեղում որակեալ բուժօգնութիւն ստանալու հետ, ինչպէս նաեւ՝ ամէն անգամ Երեւան հասնելու: Ամենամեծ կարիքը Արարատի մարզում է, որտեղ կայ շուրջ 400 վետերան: Հաշուի առնելով իրավիճակը, որոշեցինք հիւանդանոց հիմնել այս մարզում, որից կարող են օգտուել նաեւ Վանաձորի ու Սիւնիքի շահառուներն ու նրանց ընտանիքները: Բուժհաստատութիւնը, նախատեսում ենք, որ լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան, յագեցած նորագոյն տեխնոլոգիաներով, որտեղ կը գործեն վիրահատարաններ, ֆիզիոթերապիայի, ախտորոշման բաժանմունքներ, հոգեբանական կենտրոն: Մեր նպատակն է նաեւ, տարուայ ընթացքում կազմակերպել սփիւռքահայ բժիշկների այց այդ հիւանդանոց, որտեղ նրանք կ՛իրականացնեն վիրահատութիւններ, եւ իրենց գիտելիքներն ու փորձը կը փոխանցեն տեղացի մասնագէտներին: Մտադիր ենք նաեւ ժամանակակից սարքաւորումներ տեղադրել կենտրոնում: Այն սկզբում ծառայութիւններ կը մատուցի տուեալ եւ յարակից շրջանի վետերաններին, յետագայում նաեւ ողջ մարզի բնակչութեանը», նոր ծրագրի մասին տեղեկացրեց Սարգիս Քիրամիջեանը:

«Գէյթուէյ Ինդըսթրի»ի, Լոս Անջելեսում անցկացուած այս տարուայ ձեռնարկը նուիրուած էր նոր հիւանդանոցի ծրագրին, եւ դրամահաւաքի ողջ հասոյթը՝ 200 հազար դոլար, փոխանցուելու է այդ նպատակով: Գումարը նախատեսւում է ծախսել շէնքի վերանորոգման, սարքերի ձեռքբերման, բուժաշխատողների աշխատավարձերի համար: Կազմակերպութեան ամէնամեայ ձեռնարկի գլխաւոր բանախօս, Հայաստանի առողջապահութեան նախարարի խորհրդական Շանթ Շխըրտմեանը ողջունեց հիւանդանոցի գաղափարը՝ նշելով, որ այն կարեւոր ներդրում կը լինի հայրենիքի առողջապահական համակարգի զարգացման գործում՝ յատկապէս մարզերում:

«Գէյթուէյ Ինդըսթրի»ի առաջնահերթութիւններից է նաեւ Հայաստանում գիտութեան եւ տեխնոլոգիաների զարգացումը՝ պայմանաւորուած նաեւ պատերազմի արդիւնքում սրուած անվտանգային խնդիրներով: Այդ նպատակով «Գէյթուէյ Ինդըսթրի»ն, ոլորտում առաջատար «FAST» հիմնադրամի հետ, Հայաստանում ստեղծել է «Մասիս Գէյթուէյ» եւ «Սիս Գէյթուէյ» արհեստական բանականութեան ոլորտում գործող («AI») լաբորատորիաներ (տարրալուծարաններ), որոնցից մէկը գործում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնում: Այս կառոյցները նպաստում են Հայաստանում արհեստական բանականութեան ոլորտում կրթութեան զարգացմանը, ինչը կարեւոր ռազմավարական քայլ է բնագաւառում կարողութիւնների զարգացման ուղղութեամբ: 2021 թուականի սկզբին լաբորատորիաների հիմնադրումից ի վեր, «FAST Creative Campus»ում արհեստական բանականութեան վեցամսեայ դասընթացին մասնակցել է 397 ուսանող, որտեղ դասաւանդել են աշխարհի տարբեր երկրներից հայ լաւագոյն մասնագէտներ:
Միջոցառման բանախօսներից, տեխնոլոգիական ոլորտի ճանաչուած ներկայացուցիչ Ալ Եսայեանը, ով նշանակալի ներդրում ունի Հայաստանի գիտութեան ու տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, կարեւորեց «Գէյթուէյ Ինդըսթրի»ի ծրագրերն ու յորդորեց մասնագէտերին գնալ Հայաստան ու միանալ գործող կազմակերպութիւններին:
«Գէյթուէյ Ինդըսթրի»ի կրթական ծրագրերը ներառում են նաեւ Գիւմրիի ԹՈՒՄՕ կենտրոնին աջակցութիւնը. 86 երեխայ 11 համայնքներից հնարաւորութիւն են ստացել յաճախել ԹՈՒՄՕ՝ կազմակերպութեան տրամադրած փոխադրամիջոցներով:
«Գէյթուէյ ինդըսթրի»ն նաեւ հովանաւորել է Արցախի եւ Հայաստանի շուրջ 100 ուսուցիչների մասնակցութեամբ վերապատրաստման դասընթաց, որի նպատակն էր մանկավարժներին տրամադրել համապատասխան հմտութիւններ, որ անհրաժեշտ էին պատերազմից ազդուած ընտանիքների երեխաների հետ հոգեբանական աշխատանք իրականացնելու:
Սարգիս Քիրամիջեանը ներկայացրեց նաեւ իրականացուած այլ ծրագրեր, այդ թւում՝ «Նոր Ուղի» ծրագիրը, որ մասամբ հովանաւորել է «Գէյթուէյ Ինդըսթրի» կազմակերպութիւնը: 2021 Դեկտեմբերից մինչ օրս, արցախեան պատերազմում զոհուածների ընտանիքների շուրջ 100 անդամներ մասնագիտական հմտութիւններ է ստացել՝ սովորելով վարսայարդարում, ներքին ձեւաւորում, լեզուներ, խոհարարութիւն, եւ այլ, աւարտելուց յետոյ էլ, 26 հոգի աշխատանք է գտել տուեալ մասնագիտութիւններով:
Քիրամիջեանը նշեց, որ կազմակերպութիւնը նաեւ հանդիսացել է է 2021 եւ 2022 թուականներին Հայաստանում անցկացուած սրտանօթային հիւանդութիւններին նուիրուած գիտաժողովների կազմակերպիչներից: Ձեռնարկի շրջանակներում կրթաթոշակներ են տրամադրուել ուսանողների:
«Գէյթուէյ Ինդըսթրի» կազմակերպութեանը, Միացեալ Նահանգներում յաջողուել է համախմբել առողջապահական, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտի ճանաչուած մասնագէտների, եւ ներգրաւուել նրանց հայրենիքի զարգացման գործում: Սարգիս Քիրամիջեանը վստահեցնում է, որ կազմակերպութեան առաջնային ծրագիրն իրողութիւն կը դառնայ արդէն յաջորդ տարուայ ամրանը:
Տեղեկանք. «Գէյթուէյ Ինդըսթրի» կազմակերպութիւնը հիմնադրել են Սարգիս Քիրամիջեանը, Արմեն Քիրամիջեանը եւ Ռոբերտ Թինգիլեանը: Մանրամասները՝ www.gatewayindustry.org կայքում:
