
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Ա. Քալանթարեանի «Քննութիւն» հատորի ԽԸ. Բաժինի վերջաւորութեան կարդացինք Արգամին եւ Վռամ Մաշուրեանի կնոջ՝ Մարիամին հանդիպումին մասին: Մարիամ Արգամէն խնդրեց զինք տանիլ Մհեր Սամսոնեանի արուեստանոցը: Այսօր պիտի հասկնանք, թէ՝ ինչո՛ւ:
***
«Հրազդանի կամուրջն անցնելուց անմիջապէս յետոյ, Արգամը խնդրեց մեքենան կանգնեցնել առաջին իսկ շէնքի մօտ, վճարեց վարորդին եւ Մարիամին օգնեց դուրս գալու աւտոմեքենայից (ինքնաշարժ): Մինչեւ վերելակն ընկած ճանապարհին նա աղօթում էր Աստծուն, որ վերելակն աշխատի, որովհետեւ չէր պատկերացնում, թէ ինչպէս պիտի բարձրանան իններորդ յարկ, որտեղ Մհերի արուեստանոցն էր: Վերելակի դուռը բացուեց: Արգամը ուրախացած առաջ թողեց Մարիամին, ինքն էլ ներս մտաւ ու սեղմեց իններորդ յարկի կոճակը: Գլուխը պտտուեց: Երբեք Մարիամին այդքան մօտ չէր եղել: Նոյնիսկ թրջուած անձրեւանոցի մէջ, նոյնիսկ Արգամի պիջակն (բաճկոնը) ուսերին, նա սքանչելի էր: Հետաքրքիր է, եթէ համբուրեմ, ինչ կ՛անի, յանկարծ մտածեց Արգամը, բայց փոխարէնը հարցրեց յուզուած, առաջացած ցանկութիւնից ցաւող կոկորդով.
– Ի՞նչ է պատահել, Մարիամ:
Մարիամը նրան էր նայում ներքեւից վերեւ, լայն բացած խաժ աչքերով, որոնց մէջ արցունքներ կային: Շրթունքները կիսաբաց էին ու դողում էին, եւ Արգամը, մոռանալով աշխարհում ամէն ինչ, խելագարուած համբուրեց նրա այրուող շրթունքները: Ետ քաշուեց անմիջապէս, սպասելով կնոջ զարմանքին ու բողոքի արտայայտութեանը, յետոյ վախեցաւ, թէ նա իսկապէս կը զայրանայ եւ կը ցնդի, կ՛անէանայ երազը, նորից կարօտով, չհաւատալով իր յանկարծահաս երջանկութեանը, խելայեղօրէն գրկեց նրան ու համբուրեց վարդագոյն, խոնաւ շրթունքները: Համբուրում էր ու երդւում, համոզում իրեն թէ ամբողջ կեանքում, միշտ սիրել է նրան, ցանկացել է խելագարի պէս, բայց չի մօտեցել, որովհետեւ վախեցել է, ինչպէս կրակից էր վախենում:
Վերելակը վաղուց իններորդ յարկ էր հասել, վաղուց բացուել էր դուռը, բայց Արգամն այլեւս չէր հասկանում ոչինչ, չէր տեսնում ոչինչ, շնչում էր Մարիամի խենթացնող հոտը ու համբուրում էր ագահօրէն շրթունքները, աչքերը, այտերը, կիսաբաց կուրծքը…
– Համբերի, խելագար, – շշնջում էր Մարիամը: – Գնա, բաց արա դուռը:
Արգամը չզգաց, թէ ինչպէս բացեց արուեստանոցի դուռը, ինչպէս ետ եկաւ, ձեռքերի վրայ առաւ իր ընկերոջ կնոջը, ներս տարաւ արագօրէն, քնքշօրէն իջեցրեց բազմոցին ու գոռաց խենթացած.
– Միթէ՞ քեզ Աստուած ուղարկեց, Մարիամ, այսքան ցաւի, այսքան դժբախտութեան փոխարէն:
– Հա՛, – ժպտաց Մարիամը:
(…)
***
Թերթօնի այս բաժինը չի՞ յիշեցներ շարժապատկերներու այն տեսարանները, ուր ամուսինը կը խաբէ կինը ուրիշ կնոջ մը հետ, որ իր կարգին՝ կը խաբէ ամուսինը ուրիշի մը կողակիցին հետ. եւ մինչ տղամարդը կը կարծէ, որ դիմացինը զինք սիրելուն համար անհաւատարիմ եղած է ամուսինին, շուտով կ՛անդրադառնայ, որ այլ ծալքեր կան խաբէութեան արարքին մէջ:
***
– Կենացդ, Մարիամ, – ասաց Արգամ Մանասեանը: – Կենացդ, իմ ուշացած հրաշք:
Ու խմեց միանգամից: Մարիամը նրան էր նայում սիրով, տխրութեամբ ու կարեկցանքով:
– Իմ եւ քո վրէժի կենացը, – ասաց նա:
– Ի՞նչ վրէժ, – հարցրեց Արգամը զարմացած:
– Այն վրէժի, որն այսօր ինձ քեզ մօտ բերեց, – ասաց Մարիամը, բարձրացրեց իր բաժակը ու քնքշօրէն, ասես համբուրելով խմեց քոնեաքը: – Իսկ ինձ քեզ մօտ բերել է մի մարդու, մեր ընդհանուր ընկերոջ դաւաճանութիւնը… իմ եւ քո նկատմամբ:
– Ով էլ լինի, ինչ էլ արած լինի, ներում եմ նրան, – ժպտաց Արգամը. (…) եթէ նա է քեզ ինձ մօտ բերել, նրա բոլոր մեղքերին թողութիւն եմ տալիս:
– Մի շտապիր, – ասաց Մարիամը: – Եկ մի բաժակ էլ խմենք, – հա՞:
– Խմենք, – համաձայնուեց Արգամը:
– Իսկ դու գիտե՞ս, որ հենց այստեղ, Մհեր Սամսոնեանի այս արուեստանոցում, այս նոյն բազմոցի վրայ իմ ամուսին Վռամը արդէն շուրջ մէկ ամիս է, ինչ դաւաճանում է ինձ:
Ահա՜ թէ ինչ: Ինչպէս էր մոռացել: Արգամին մեծ դժուարութեամբ յաջողուեց ձեւացնել, թէ զարմացած է:
– Վռա՞մը: Աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հաւատայ: Նա այնքան նուիրուած է քեզ…
– Իսկ ես իմ աչքով տեսայ, երէկ, – ասաց Մարիամը եւ նրա աչքերը ցաւից ու վիրաւորանքից մգացան: – Եւ գիտե՞ս ում հետ է դաւաճանում ինձ: Մտքովդ չի անցնի, քո նախկին քարտուղարուհի Սուսաննայի, այդ խրտուիլակի հետ:
(…)
– Ես զգում էի, որ ուրիշ տեսակ է դարձել, կասկածում էի նոյնիսկ, – շարունակեց Մարիամը: – Մի անգամ էլ իբր կատակով, Մհեր Սամսոնեանն ասաց. այդպէս է, այդպէս, տիկին Մարիամ, մկներն էլ են աղանձ ուտում: Երբեմն էլ անծանօթ մարդիկ էին զանգահարում, բայց որովհետեւ Սուսաննայից բացի ուրիշ անուն չէին տալիս, ես ծիծաղում էի միայն: Այդ էր պակաս, մտածում էի, որ Վռամն ինձ փոխի անճաշակ, անշնորհք ու անճոռնի մէկի հետ, որը նոյնիսկ եղունգները ներկել չգիտէ: Որը ոչ հայերէն գիտի, ոչ էլ ռուսերէն… իսկ երէկ ինձ զանգ տուեց մի տղամարդ, հաստատ կեղծելով ձայնը, ասաց. «Եթէ ուզում էք տեսնել ձեր ամուսնուն՝ Սուսաննայի հետ, շտապէք, հիմա նրանք նկարիչ Մհեր Սամսոնեանի կտաւներն են ուսումնասիրում»: Ես չդիմացայ այլեւս, անմիջապէս եկայ այստեղ ու տեսայ, տեսայ… որ նրանք գրկախառնուած, միասին դուրս են գալիս շէնքից:
– Այդ պատճառո՞վ ցանկացար, որ մեր հանդիպումը հենց այս արուեստանոցում կայանայ, – միանգամից կոտրուած հարցրեց Արգամը:
– Այո, – ժպտաց Մարիամը: – Լաւ չէի՞ մտածել: Եթէ վրէժ է, թող բոլոր կանոններով լինի:
– Այդ ձեւով վրէժ լուծելով իրարից՝ ամուսիններով շատ հեռու չէ՞ք գնայ:
– Ես նրա հետ այլեւս չեմ ապրի, վե՛րջ, – գլուխը թափահարեց Մարիամը: – Կասկած չունենաս, սիրելիս: Ես կարող էի քեզ մօտ գալ նրանից բաժանուելուց յետոյ: Բայց դա արդէն դաւաճանութիւն չէր լինի: Դրա համար էլ վճռեցի հիմա գալ, նախքան բաժանուելը: Որ հենց նայես նրան, անմիջապէս երեւան եղջիւրները: Ստո՜ր մարդ, ինձ փոխել ճիւաղի հետ…
Իրաւ են ասել՝ կանացի տրամաբանութիւն: Որքան էլ հիացած է իր հնարամտութեամբ: Արգամ Մանասեանն ամէն ինչ կարող էր սպասել, բացի նման ծամծմուած, պարզունակ հանգոյցից: Եւ յանկարծ մտածեց, որ ինքը բաւականին երկիմաստ դրութեան մէջ է:
– Մի՞թէ իմ նկատմամբ ոչ մի զգացում չունէիր, Մարիամ, – հարցրեց նա, անմիջապէս էլ զգալով, որ աւելի ծիծաղելի է դարձնում իր վիճակը: – Միթէ՞ եկար միայն այդ տարօրինակ վրէժը լուծելու համար:
Մարիամը ժպտաց: Երբ նա ժպտում էր՝ անդիմադրելի էր դառնում»: