Ներկայումս Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է բախտորոշ ճամբաբաժանի առաջ: Մեր հետագայ քայլերից է կախուած, թէ մեզ համար ինչպիսի՞ն կը լինեն առաջիկայ տարիները՝ կորուստների՞, թէ ձեռքբերումների: Մեր առջեւ ծառացել է առկայ մարտահրաւէրները չէզոքացնելու եւ դրանք դրականօրէն յեղաշրջելու հրամայականը:
Քանի որ Հայաստանի Հանրապետութեան, ինչպէս նաեւ հայ ժողովրդի հաւաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է եւ մշտապէս էլ զիջելու է Թուրքիայի ու Ատրպէյճանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայութեան ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանի Հանրապետութիւնը ոչ միայն չի զիջում նրանց, այլեւ ունի շօշափելի առաւելութիւն:
Այսինքն, անհրաժեշտ է հայ-թուրքական յարաբերութիւնները տեղափոխել իրաւական դաշտ եւ այդ յարաբերութիւններում առկայ բոլոր խնդիրներին տալ իրաւական լուծումներ եւ ձեւակերպումներ:
Միեւնոյն ժամանակ, հայաստանաբնակ ժողովրդի մէջ հետեւողական աշխատանքով պէտք է հաստատել այն ըմբռնումը, որ Հայ Դատի նպատակները սերտօրէն եւ անմիջականօրէն վերաբերում են Հայաստանի Հանրապետութեան ոչ միայն ներկային, այլեւ ապագային: Անհրաժեշտ է համոզիչ փաստարկներով ցոյց տալ, որ մեր առջեւ ծառացած արտաքին մարտահրաւէրների մի զգալի մասը հնարաւոր կը լինի չէզոքացնել միմիայն մեր հարեւանների վրայ նոր եւ ազդեցիկ լծակների ձեռք բերումով: Ընդ որում, պէտք է հիմնաւորել, որ նման հնարաւորութիւն մեզ կարող է ընձեռել Հայ Դատի յաջող ելքը՝ այսինքն՝ de jure՛ Հայաստանի Հանրապետութեան մաս կազմող, սակայն այժմ թուրքական ռազմակալութեան տակ գտնուող տարածքների վրայ մեր իրաւունքների վերահաստատումով: Իսկ սա անելու համար կայ միանգամայն իրատեսական եւ իրագործելի ուղի: Ասածներս յստակ պատկերացնելու համար հարկ է միջազգային իրաւունքի տեսանկիւնից վերլուծել բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են հայ-թուրքական սահմանին, յստակեցնել նրանց ներկայ կարգավիճակը, նախանշել մեր անելիքները: Նախ սկսենք միջպետական պայմանագրերից:
Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտին նախորդող ժամանակահատուածում եւ յաջորդող տարիներին կնքուել է վեց պայմանագիր, որոնք այս կամ այն չափով վերաբերել են հայ-թուրքական սահմանին:
Նախ ի՞նչ բան է միջազգային պայմանագիրը: Ըստ ՄԱԿի պաշտօնական ուղեցոյց ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնութիւններ են միջազգային իրաւունքի սուբիեկտների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխութեան են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրաւունքներն ու պարտաւորութիւնները» (1): Այսինքն, պայմանագրի օրինականութեան համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից իւրաքանչիւրը լինի միջազգային իրաւունքի սուբիեկտ, այսինքն լինի միջազգայնօրէն ճանաչուած պետութեան օրինական կառավարութեան լիազօր ներկայացուցիչ: Այս տեսանկիւնից էլ, ժամանակագրական կարգով, անդրադառնանք հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերից իւրաքանչիւրին եւ որոշենք նրանց կարգավիճակն ըստ միջազգային իրաւունքի:
1.- Ժամանակագրական առումով առաջինը Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրն է եւ նրա յաւելուածը՝ կնքուած 1918թ. Մարտի 3ին:
1917թ.ի Հոկտեմբերին զինուած յեղաշրջման ճանապարհով գալով իշխանութեան, ռուսաստանցի պոլշեւիկները արդէն մի քանի ամիս յետոյ յայտնուել էին ծայրայեղ ծանր վիճակում: Նրանք 1918թ.ի Մարտի 3ին Պրեսթ-Լիթովսքում խայտառակ պարտուողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եւրոպայում: Միջին Արեւելքում պոլշեւիկները էական զիջումների գնացին պարտուող եւ կործանման եզրին կանգնած Օսմանեան կայսրութեանը: Մասնաւորապէս, Պրեսթ-Լիթովսքի պայմանագրի 4րդ յօդուածի 2րդ եւ 3րդ պարբերութիւններով, պոլշեւիկները պարտաւորուեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաւուած Արեւմտեան Հայաստանի տարածքները (կամ «Արեւելեան Անատոլիայի նահանգները», ինչպէս գրուած է պայմանագրում), այլեւ 1878թ.ից Ռուսական կայսրութեան մաս հանդիսացող «Արտահանի, Կարսի եւ Պաթումի մարզերը»:
Համառօտակի քննութեան առնենք Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրը միջազգային իրաւունքի տեսանկիւնից: Սոյն պայմանագիրն անօրինական է ու անվաւեր, ըստ այդմ որեւէ իրաւական հետեւանք չունի հայ-թուրքական սահմանի համար, երկու պատճառով:
1.- Պոլշեւիկները 1918թ.ին չէին հանդիսանում Ռուսաստանի օրինաւոր եւ ճանաչուած իշխանութիւնները, հետեւաբար իրաւասու չէին միջազգային յարաբերութիւնների մէջ մտնել, առաւել եւս պայմանագիր կնքել, Ռուսաստանի անունից (այս հիմնադրոյթին աւելի հանգամանալից կ’անդրադառնանք Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը քննելիս):
2.- Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրը չեղեալ է յայտարարուել իրենց իսկ կնքողների կողմից (1918թ. Սեպտեմբերի 20ին Ռուսաստանի կողմից, 1918թ.ի Հոկտեմբերի 30ին Թուրքիայի կողմից (Մուտրոսի զինանդադարի 11րդ յօդուածով):
2.- Ժամանակագրական առումով յաջորդ պայմանագիրը Սեւրի պայմանագիրն է՝ կնքուած 1920թ.ի Օգոստոսի 10ին:
Սեւրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերը իրենց երկրների օրինական եւ ճանաչուած իշխանութիւններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ կարգի, ընթացել են երկարատեւ բանակցութիւններ եւ Օսմանեան կայսրութեան անունից պայմանագիրը ստորագրել է լիազօր պատուիրակութիւնը: Սեւրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վաւերացման (հետեւաբար մնում է ոչ կատարեալ /unperfected/), սակայն այն նաեւ երբեւէ չեղեալ չի յայտարարուել (հետեւաբար մնում է օրինական, բայց ուժի մէջ չմտած /valid but not in force/):
Սխալ է այն տարածուած պատկերացումը, որ Սեւրի պայմանագիրն է որոշել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը: Այդպէս չէ: Սեւրի պայմանագրի 89րդ յօդուածով կողմերը համաձայնուել են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը իրաւարար վճռով որոշելու խնդրանքով դիմել ԱՄՆի նախագահին եւ այդ վճիռն ընդունել անմիջապէս: Նոյն պայմանագրի 90րդ յօդուածով Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը, ամրագրելով. «Սկսած իրաւարար որոշման օրից Թուրքիան հրաժարւում է (Հայաստանին) փոխանցուելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրաւունքներից եւ տիտղոսից»:
ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբերեալ իրաւարար վճիռը ստորագրել եւ հաստատել է ԱՄՆի պետական կնիքով 1920թ.ի Նոյեմբերի 22ին: Այսինքն, 1920թ.ի Նոյեմբերի 22ին իրաւարար վճիռը մտել է ուժի մէջ: Այդ օրուանից նախկինում Օսմանեան կայսրութեան մաս կազմող Վանի, Պիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների նկատմամբ (ընդհանուր առմամբ 103.599 քառ. քմ.) չեղեալ է յայտարարուել թուրքական իրաւունքներն ու տիտղոսը եւ de jure՛ ճանաչուել է Հայաստանի Հանրապետութեան իրաւունքներն ու տիտղոսը:
ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռին, որպէս հայոց իրաւունքների ամենազօրեղ կռուանի, աւելի հանգամանալից մենք կ’անդրադառնանք ստորեւ:
3.- Ժամանակագրական առումով յաջորդ պայմանագիրը Ալեքսանդրապոլի պայմանագիրն է, կնքուած՝ 1920թ.ի Դեկտեմբերի 3ին:
Սա սովետահայ պատմագրութեան ամենասիրելի թեմաներից մէկն էր, քանի որ այն հնարաւորութիւն էր տալիս Դաշնակցութեանը մեղադրել դաւաճանութեան մէջ, իսկ պոլշեւիկներին ներկայացնել որպէս ազգի փրկիչներ: Մեր խնդիրը չէ պատմական քննարկումներ կատարել: Մեր նպատակն է քննել Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային իրաւունքի տեսանկիւնից:
Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվաւեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից եւ ոչ մէկը չի ունեցել դրա իրաւասութիւնը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդէն իշխանութիւն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռեւս իշխանութիւն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires (2), այսինքն ակնյայտօրէն գերազանցել են իրենց իրաւասութիւնները:
Հանրայայտ փաստ է, որ Հայաստանի Հանրապետութեան վերջին օրինական կառավարութեան կողմից իշխանութեան յանձնումը տեղի է ունեցել 1920թ.ի Դեկտեմբերի 2ին՝ «Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. լիազօր ներկայացուցչութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան միջեւ» կնքուած համաձայանագրով (3): Այս մասին տեղեակ էր նաեւ Քեազիմ Քարապեքիրը, երբ Դեկտեմբերի 3ին (2ի լոյս 3ի գիշերը 4) ստորագրում էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինակ է նաեւ այն պատճառով, որ ստորագրուել է միջազգային իրաւունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացայայտ սպառնալիքով (5):
4.- Ժամանակագրական առումով յաջորդ պայմանագիրը Մոսկուայի պայմանագիրն է, կնքուած՝ 1921թ.ի Մարտի 16ին:
Ինչպէս գրուած է Մոսկուայի պայմանագրի նախաբանում, այն կնքուել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆետերաթիվ Սովետական Հանրապետութեան կառավարութեան եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեան» միջեւ: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցւում է այն ստորագրողների իրաւական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է յստակեցնել նրանցից իւրաքանչիւրի կարգավիճակը 1921թ.ի Մարտի 16ի դրութեամբ:
Ա.- Ռուսաստանի Սոցիալիստական Ֆետերաթիվ Սովետական Հանրապետութեան կարգավիճակը 1921թ.ին
Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆետերաթիվ Սովետական Հանրապետութիւն» ճանաչուած պետութիւն, հետեւաբար միջազգային իրաւունքի սուբիեկտ: Բնականաբար նրա կառավարութիւնը չունէր որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրաւասութիւն: ՌՍՖՍՀի միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ.ի Փետրուարի 1ից՝ Մեծն Բրիտանիայի ճանաչումով (6): Մինչեւ 1924թ.ը տեղի ունեցած, այսպէս կոչուած ճանաչումները, չեն առաջացրել որեւէ իրաւական հետեւանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչուած երկրներից կամ վարչախմբերից: Որպէսզի ճանաչումն օրինապէս համարուի այդպիսին, այն պէտք է կատարուի իր հերթին օրինականօրէն ճանաչուած միջազգային իրաւունքի սուբիեկտի կողմից (7): Օրինակ, 1920թ.ին սովետական կառավարութիւնը ճանաչեց Պալթեան երկրները, սակայն այդ ճանաչումը չընդունուեց Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնաւորմամբ, որ սովետական կառավարութիւնը իր հերթին օրինապէս (8) ճանաչուած չէ (9): Նման մօտեցումը երկրորդուել է դատական վճիռներով: Այսպէս, ՌՍՖՍՀն ընդդէմ Սիբրարոյի (RSFSR v. Cibrario) դատական գործում (1923թ.), ԱՄՆի դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարութեան յայտը այն հիմնաւորմամբ, որ վերջինս ճանաչուած չէ (10): Նմանատիպ վճիռ, նոյն հիմնաւորմամբ կայացրել է Շուէտական Գերագոյն դատարանը սովետական կառավարութիւնն ընդդէմ Էրիքսընի (Soviet Government v. Ericsson) դատական գործում (1921թ.) (11):
Վերոյիշեալ եւ տասնեակ այլ դատական վճիռներ եւ կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրաւունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարութիւններն իրաւական տեսանկիւնից գոյութիւն չունեն, հետեւաբար որեւէ իրաւական գործունէութիւն (պայմանագրերի կնքում, քաղաքացիութեան շնորհում կամ զրկում, մասնակցութիւն դատական գործընթացին եւ այլն) չեն կարող ծաւալել (12):
Բ.- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.ին
Ըստ էութեան, սովետական իշխանութեան եւ կառավարութեան վերաբերեալ վերը ասուածը, ամբողջովին վերաբերում է, այսպէս կոչուած, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարութեանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկուայի պայմանագիրը: Յիշարժան է, որ անգամ քեմալականները իրենք որեւէ յաւակնութիւն չունէին օրինական իշխանութիւնների առկայութեան դէպքում իրենց համարելու Թուրքիայի լիազօր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թէ Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարութեան անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչուող կառոյցի «կառավարութեան» անունից: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը իր կարգավիճակով հասարակական կազմակերպութիւն էր եւ նրա մէջ միաւորուած էին նախկին պատգամաւորներ, պաշտօնանկ զինուորականներ ու պաշտօնեաներ: Նախկին պաշտօնեաներ միաւորող կազմակերպութիւններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թւում նաեւ Հայաստանում, սակայն նրանցից եւ ոչ մէկը իրաւունք չունի միջպետական պայմանագիր կնքելու երկրի անունից: Մուսթաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրաւական հիմք չունէր միջազգային յարաբերութիւններում ներկայացնելու թուրքական պետութիւնը: Աներկբայօրէն, առնուազն մինչեւ 1922թ.ի Նոյեմբերը, այսինքն սուլթան Մուհամմէտ Զ.ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարութեանն էր վերապահուած միջազգային յարաբերութիւնների մէջ մտնելու լիազօրութիւնները, միայն սուլթանը կարող էր լիազօրել որեւէ անձի՝ գործելու երկրի անունից (13):
Ընդհանրապէս քեմալականների շարժումը սկզբնաւորուել ու ընթացել է Օսմանեան սահմանադրութեան ոտնահարումով եւ միջազգային իրաւունքի խախտումով, որ է երկրի օրինական իշխանութեան՝ սուլթան-խալիֆի, դէմ ապստամբութիւնը եւ Մուտրոսի զինադադարի (30 Հոկտեմբերի 1918թ.) ոտնահարումը: Մուսթաֆա Քեմալը 1921թ.ին պարզապէս փախուստի մեջ գտնուող քրէական յանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռեւս 1920թ.ի Ապրիլի 11ին կայսրութեան բարձրագոյն կրօնաւորի՝ շէյխ-ուլ-իսլամի, ֆեթուայով (կոնդակով) Մուսթաֆա Քեմալը մահուան էր դատապարտուել: Նրա նկատմամբ նոյն տարուայ Մայիսի 11ին մահապատժի վճիռ էր կայացրել նաեւ թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. Մայիս 24ին հաստատուել էր սուլթանի կողմից:
Ի լրումն սրա, Մոսկուայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրաւունքի եւս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտաւորութիւն կամ իրաւունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար (14):
5.- Հայ-թուրքական սահմանին վերաբերող յաջորդ պայմանագիրը Կարսի պայմանագիրն է՝ կնքուած 1921թ.ի Հոկտեմբերի 13ին:
Միանշանակ է, որ Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվաւեր, քանի որ պայմանագիրը կնքած կողմերից եւ ոչ մէկը չի եղել միջազգային իրաւունքի սուբիեկտ: Ալեքսանդրապոլի եւ Մոսկուայի պայմանագրերին վերաբերող հատուածում քեմալականների մասին արդէն խօսուեց: Անդրադառնանք Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան կարգավիճակին, որն էլ հանդիսացել է քեմալականների հետ պայմանագիրը կնքած կողմերից մէկը:
Անվիճելի է, որ Սովետական Հայաստանը երբեք չի եղել միջազգային իրաւունքի սուբիեկտ: Այն երբեք ճանաչուած չի եղել միջազգային իրաւունքի որեւէ այլ սուբիեկտի կողմից, երբեք չի ունեցել այլ երկրների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու կարողութիւն: Պարզ ասած, այն երբեք չի ունեցել դեսպանութիւններ եւ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութեան անունից երբեւէ ոչ մի դեսպան չի հաւատարմագրուել: Իսկ «այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու կարողութիւնը» (capacity to enter into relations with the other states) հանդիսանում է պետականութեան չորս չափորոշիչներից մէկը, որն ամրագրուած է Մոնթէվիտէոյի պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին 1933թ.ի (Convention on Rights and Duties of States, 1933) համաձայնագրի առաջին յօդուածի չորրորդ կէտում: Սովետական Միութեան կազմում պարզապէս եղել է «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւն» վարչատարածքային միաւոր:
6.- Ժամանակագրական առումով վերջին պայմանագիրը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, Լօզանի պայմանագիրն է, կնքուած 1923թ.ի Յուլիսի 24ին:
Նախ մի շատ տարածուած մոլորութեան մասին: Լօզանի պայմանագրի կնքումով Սեւրի պայմանագիրը չեղեալ չի յայտարարուել: Որեւէ պայմանագիր կամ միջազգային պարտաւորութիւն նոր պայմանագիր կնքելու պարագային ինքնըստինքեան չեղեալ չի լինում: Պայմանագիրը չեղեալ է դառնում ոչ այլ կերպ, քան չեղեալ յայտարարումով: Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղեալ յայտարարուել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող բոլոր, կրկնում եմ բոլոր, կողմերի համաձայնութեամբ, դրա մասին յստակ յայտարարումով եւ այդ իրողութեան ամրագրումով յաջորդ պայմանագրի մէջ: Լօզանի պայմանագիրը չեղեալ չի յայտարարել Սեւրի պայմանագիրը: Լօզանի պայմանագրի մէջ ընդհանրապէս որեւէ յիշատակում չկայ Սեւրի պայմանագրի մասին: Այո, ըստ միջազգային իրաւունքի, պայմանագիրը կնքած երկրները իրաւասու են յաջորդ պայմանագրով վերատեսութեան ենթարկել նախորդ պայմանագրի դրոյթները: Սակայն փոփոխուած կամ նորամուտ դրոյթները իրաւական ուժ ունեն միայն նոր պայմանագիրը ստորագրած երկրների համար, իսկ մնացածների համար շարունակում են ուժի մէջ մնալ նախորդ պայմանագրի դրոյթները: Սա յստակօրէն ամրագրուած է Վիեննայի Պայմանագրերի իրաւունքի մասին համաձայնագիրի 39, 40 եւ 41րդ յօդուածներում: Սեւրի պայմանագիրը ստորագրել է 18 երկիր, իսկ Լօզանի պայմանագիրը ընդամէնը՝ 7ը: Այսինքն, Լօզանին չմասնակցած երկրների համար իրաւական է Սեւրի պայմանագիրը, իսկ Լօզանի պայմանագիրը ստորագրած երկրների համար իրաւական են Սեւրի պայմանագրի այն դրոյթները, որոնք չեն փոփոխուել Լօզանի պայմանագրում:
Աւելին, Լօզանը ոչ միայն չեղեալ չի յայտարարել հայոց իրաւունքները, այլեւ 16րդ յօդուածով վերահաստատել է դրանք: Այսպէս, Լօզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-պուլկարական, թուրք-յունական եւ թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ յստակեցնում Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատուածներում: Իսկ քանի որ Լօզանի պայմանագրի 16րդ յօդուածը յայտարարում է, որ Թուրքիան հրաժարւում է բոլոր այն տարածքներից, որոնց վրայ Լօզանի պայմանագրով չի ճանաչուել Թուրքիայի ինքնիշխանութիւնը, իսկ Ուիլսընի իրաւարար վճռով Հայաստանին յատկացուած տարածքների վրայ Լօզանի պայմանագիրը չի ճանաչել թուրքական ինքնիշխանութիւնը, հետեւաբար Թուրքիան մէկ անգամ եւս հաստատել է ուիլսընեան Հայաստանից իր հրաժարումը:
Հիմա ամփոփենք մեր քննութեան արդիւնքները եւ անդրադառնանք, բազմիցս յիշատակած եւ իմ համոզմամբ Հայ Դատի հիմնասիւնն ու նրա յաջողութեան գրաւականը հանդիսացող ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռին:
Սակայն մինչ այդ յստակեցում: Ճիշդ է, որ Պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի համաձայնագիրն ընդունուել է 1969թ.ին եւ յետադարձ ուժ չունի, ինչպէս յայտարարուած է համաձայնագրի 4րդ յօդուածում, այնուամենայնիւ յստակ է, որ բոլոր այն չափորոշիչային հիմնադրոյթները, որոնցով քննութեան առանք վերոնշեալ պայմանագրերը, միջազգային իրաւունքում առկայ են եղել եւ գործել են դարեր ի վեր, այսինքն լատիներէն ասած՝ եղել են jus cogens, այսինքն բոլորի համար պարտադիր ու անբեկանելի: Դրանք պարզապէս ամրագրուել են Վիեննայի միջազգային համաձայնագրի մէջ: Եւ ինչպէս հաստատում է նոյն Վիեննայի համաձայնագրի 53րդ յօդուածը, պայմանագիրն անվաւեր է, եթէ կնքելու պահին ոտնահարուել է միջազգային իրաւունքում ճանաչում գտած որեւէ անբեկանելի հիմնադրոյթ, այսինքն որեւէ jus cogens:
Հետեւաբար, վերը քննութեան առած վեցը պայմանագրից չորսը անվաւեր են, քանի որ նրանցից իւրաքանչիւրը կնքուել է միանգամից մի քանի jus cogens-ների ոտնահարմամբ: Անվաւեր պայմանագրերն են՝ Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Մոսկուայի պայմանագիրը եւ Կարսի պայմանագիրը: Սեւրի պայմանագիրը օրինական է եւ վաւեր, սակայն այն ուժի մէջ չի մտել, քանի որ լիովին չի վաւերացուել: Իսկ Լօզանի պայմանագիրը, ինչպէս ասուեց, Հայաստանին վերաբերում է անուղղակիօրէն:
Հիմա, ինչպես ասացի, Հայ Դատի հիմնասիւնը եւ յաջողութեան գրաւական հանդիսացող ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի (Arbitral Award) մասին: Նախ մի փոքր պատմական ակնարկ:
1920թ.ի Ապրիլի 25-26ին Դաշնակից եւ ենթակայ ուժերի Գերագոյն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծն Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճափոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆի նախագահին երկու խնդրանքով.
Ա.- Ստանձնել Հայաստանի մանդատը,
Բ.- Իրաւարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը (15): Նոյն խնդրանքը, 89րդ յօդուածի տեսքով, ներառուեց Սեւրի դաշնագրի մէջ եւ արդէն Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպէս նաեւ դաշնագիրը ստորագրած գրեթէ քսան երկրի անունից յղուեց ԱՄՆի նախագահին: ԱՄՆի նախագահը, իրաւասու մարմինները (պետքարտուղարութիւնը, պաշտպանութեան նախարարութիւնը եւ նախագահի վարչակազմը) եւ համապատասխան աշխատանքային խումբը (փրոֆ. Վեստերմանի գլխաւորութեամբ), մանրակրկիտ ուսումնասիրեցին հայցը եւ կայացրին իրաւարար վճիռը: Վուտրօ Ուիլսընը իրաւարար վճիռը ստորագրեց 1920թ. Նոյեմբերի 22ին: Այն Դեկտեմբերի 6ին պաշտօնապէս փոխանցուեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագոյն խորհրդին: Սոյն վճռի պաշտօնական եւ ամբողջական անուանումն է. «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ» 22 Նոյեմբերի 1920թ.:
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1.- Manual of Terminology of Public International Law, (by Isaac Paenson), United Nations, New York, 1983, p. 38.
2.- Luzius Wildhaber , Treaty Making Power and Constitution, Basel and Stuttgart, 1971, p. 150.
3.- Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Թեհրան, 1982, էջ 501-502:
4.- Այն, որ պայմանագիրը ստորագրուել է Դեկտեմբերի 3ին, վկայուած է նաեւ Քեմալ Աթաթուրքի կողմից (Musrafa Kemal Ataturk, A Speech delivered by Musrafa Kemal Ataturk 1927, Istanbul, 1963, p. 418).
5.- Vienna Convention on the Law of Treaties, 1969, United Nations, New York, Article 52.
6.- Survey of International Affairs 1924, (Comp. by Arnold J. Toynbee), London, 1926, p. 491.
7.- Moore J.B., Digest of International Law, Washington, 1906, vol. I, p. 73.
8.- Մինչեւ 1924թ.ի Փետրուարի 1ը տեղի ունեցած, այսպէս կոչուած, ճանաչումները չեն ստեղծում որեւէ իրաւական հետեւանք, քանի որ դրանք չճանաչուած երկրների կամ իշխանութիւնների կողմից էին. Էսթոնիա 02.02.1920, Լիթուանիա 30.06.1920; Լաթվիա 11.08.1920; Լեհաստան 12.10.1920; Ֆինլանտա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանիստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնկոլիա 05.11.1921 (Frederick Lewis Schuman, American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law & Public Opinion., London, 1928, p. 351).
9.- Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920, v. III, p. 462. (The Secretary of States /Colby/ to the Ambassador in Great Britain /Davis/, August 2, 1920, pp. 461-463).
10.- Hudson M.O., Annual Digest of Public International Law, Cambridge, 1931-1932, Case No. 28, p. 114. Ti-Chiang Chen, The International Law of Recognition, London, 1951, p. 137.
11.- Ti-Chiang Chen, The International Law of Recognition, London, 1951, p. 137. Annual Didest, 1919-1922, case No. 30.
12.- Ti-Chiang Chen, The International Law of Recognition, London, 1951, p. 138.
13.- O’Connell D. P., State Succession in Municipal Law and International Law, v. I, Cambridge, 1967, p. 211.
14.- Branimir M. Jankovic, Public International law, New York, 1984, p. 302.
15.- The Treaties of Peace, 1919-1923, vol. I, New York, 1924, p. xxxii.
(Վերջը յաջորդով)