«Կանանց Աջակցման Կենտրոն»ն Հայաստանում Օգնում Է Ընտանեկան Բռնութեան Ենթարկուածներին
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանում ընտանեկան բռնութիւնն օրակարգային է: «Ընտանեկան բռնութեան դէմ պայքարելու համար անհրաժեշտ է համակարգային մօտեցում, որն անուանում են բազմաոլորտային, համակարգուած արձագանգ: Այն ներառում է համակարգային աշխատանք պետական մարմինների եւ համայնքային ծառայութիւնների ջանքերի համադրմամբ», նշում է Հայաստանում գործող «Կանանց աջակցման կենտրոն»ի հիմնադիր, տնօրէն Մարօ Մաթոսեանը: Սփիւռքի կազմակերպութիւնների աջակցութեամբ հիմնադրուած այս հասարակական կազմակերպութիւնն աւելի քան տասը տարի է զբաղւում է ընտանեկան բռնութեան կանխարգելման եւ բռնութեան ենթարկուած անձանց օգնութիւն ցուցաբերելու հարցերով: Յաջողութիւնների, ծրագրերի եւ մարտահրաւէրների մասին Մարօ Մաթոսեանը կիսուել է «Ասպարէզ»ի հետ զրոյցում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս եւ ե՞րբ սկսուեց «Կանանց աջակցման կենտրոն»ի գործունէութիւնը:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Կազմակերպութեան մեկնարկը տրուել է Լոս Անջելեսում 2010 թուականին, այստեղ հանգանակութիւն տեղի ունեցաւ եւ ընտանեկան բռնութեան խնդիրը մեծ արձագանգ ստացաւ: Նաեւ բախտ ունեցանք, որ այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Մարի Եովանովիչն էր, ով շատ հետաքրքուած էր կանանց հարցերով եւ նա էլ աջակցեց, ու որպէս փորձնական ծրագիր, USAID կազմակերպութեան, «Հայ կանանց միջազգային ասոցիացիա (միութեան)»ի (AIWA) եւ «Թուֆէնքեան» հիմնադրամի համագործակցութեամբ սկսեցինք մեր գործունէութիւնը Հայաստանում: Մեզ այնուհետեւ միացաւ նաեւ ԱՄՆից JHM հիմնադրամն ու 2012 թ.ին բացեցինք առաջին ապաստարանը՝ անվտանգ միջավայր ստեղծելով բռնութեան ենթարկուած կանանց ու երեխաների համար, ինչպէս նաեւ նրանց տրամադրելով տարատեսակ աջակցութիւն եւ խորհրդատուութիւն:
Երբ սկսեցինք, միայն քառասուն շահառու ունէինք, սակայն մեր մասին տեղեկանալով սկսեցին դիմել «թէժ գծին», եւ շահառուների թիւն հասաւ տարեկան շուրջ 400ի: 2019 թ.ին բացեցինք երկրորդ ապաստարանը շնորհիւ Սան Ֆրանցիսկոյի AIWA կազմակերպութեան նուիրատուութեան՝ ի դէմս Սրբուկ Սարգսեանի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ն էր ձեր առաջին փորձառութիւնը Հայաստանում:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Գործունէութեան սկզբում մեր հիմնական խնդիրն այն էր, որ ընտանեկան բռնութեան թեման, այդ թւում՝ կանանց նկատմամբ սեռական ոտնձգութիւնները, երեխաների ու տարեցների նկատմամբ բռնութիւնը, Հայաստանում տաբու (արգիլեալ նիւթ) էր, որովհետեւ Խորհրդային տարիներին այս թեմաներով չէր խօսուել: Հասարակութիւնը պատրաստ չէր՝ ո՛չ տեղեակ էին իրական խնդիրներից, ո՛չ էլ պատրաստ լուծելու դրանք, որովհետեւ չկային համապատասխան մասնագէտներ, օրինակ՝ սոցաշխատողներ (ընկերային ծառայողներ), հոգեբաններ: Նոյնիսկ օրէնսդրութիւն չկար, որ դատապարտէր, համարժէք պաշտպանութիւն ցուցաբերեր բռնութեան զոհերին, եւ ոչ էլ կանխարգելիչ միջոցներ էին ձեռնարկւում: Հասարակութիւնը մերժում էր ընդունել խնդիրները, եւ նոյնիսկ կառավարութիւնն էր ասում, որ չափազանցնում ենք:
2012-2013 թուականներին կարողացանք ճեղքում առաջացնել, երբ երկու ծանր դէպքի շուրջ աղմուկ բարձրացրեցինք՝ իրազեկելով. առաջին անգամ հրաւիրեցինք ԶԼՄների եւ հասարակական մի շարք կազմակերպութիւնների՝ միասնական ուժերով կոտրելով լռութեան մթնոլորտը: Լրատուամիջոցներն այնուհետեւ սկսեցին պարբերաբար լուսաբանել ընտանեկան բռնութիւնների տարբեր դէպքեր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հիմնականում ի՞նչ դէպքերի մասին է խօսքը:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Հիմնականում ֆիզիկական բռնութեան դէպքեր էին՝ ամուսինը, սկսեսուրը հարսի նկատմամբ: Դէպքեր կային նաեւ մեծահասակների նկատմամբ, երբ խնամող անձը, օրինակ զաւակը հօրը ենթարկում էր բռնութեան՝ վերցնելով նրա թոշակը, կամ տանը տիրանալու պատճառով դուրս էր հանում: Մեզ ժամանակին քարկոծում էին, որ ընտանիքներ ենք քանդում, աւանդական արժէքների դէմ ենք հանդէս գալիս, բայց չեմ կարծում, որ հայկական աւանդոյթի մէջ է, որ պէտք է ծնողիդ, երեխայիդ կամ կնոջդ բռնութեան ենթարկես:
Սա է, որ պէտք է հասարակութիւնը հասկանար եւ քայլեր ձեռնարկեր, որովհետեւ կանխարգելումը միայն օրէնքով չէ, ոստիկանութեան միջոցով չէ, նաեւ՝ հասարակութեան մօտեցումով է հնարաւոր: Եթէ հասարակութիւնը հանդուրժում է նման վերաբերմունք, արդէն դժուար է պայքարել դրա դէմ: Երբ մենք ասում ենք, որ մեղաւորը բռնարարն է, եւ ոչ զոհը, ինչո՞ւ ենք շեշտում դա, որովհետեւ շատ յաճախ, երբ դատարանին ենք դիմում, դատաւորը դիմում է զոհին՝ հարցնելով, թէ օրինակ աղջիկ ջան ի՞նչ ես արել, որ քեզ բռնութեան են ենթարկել: Այսինքն, այդ հարցն ինքնին մեղադրանք է զոհին, որ ինչ որ առիթ է տուել: Նոյնիսկ ունեցանք դէպք, երբ կինը դանակահարուել ու սպաննուել էր երկու մանկահասակ աղջիկների աչքի առաջ, եւ դատարանում մարդասպան ամուսինը արդարանում էր՝ ասելով, որ կինն իրեն դաւաճանում էր թուրքի հետ, առանց փաստեր ներկայացնելու: Այդ դէպքում էլ դատաւորը սպաննուածի աղջիկներին հարցրեց, թէ արդեօք չեն ամաչո՞ւմ իրենց մօր արարքի համար, եւ մարդասպանի մասին որեւէ խօսք չկար: Այսինքն, հասարակութիւնը տղամարդուն արտօնեալ է դարձնում: Այս դրսեւորումների դէմ ենք մենք պայքարում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ծառայութիւններ է առաջարկում «Կանանց աջակցման կենտրոն»ը:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Ընտանեկան բռնութիւնները կանխարգելելու եւ դրանց արձագանգելու նպատակով գործող «Կանանց աջակցման կենտրոն»ն աշխատանքներ է իրականացնում երեք ուղղութիւններով: Առաջինը, աջակցում ենք շահառուներին՝ սոցիալական (ընկերային) աշխատողների կողմից համապարփակ օգնութիւն ցոյց տալով, երեխաներին եւ մեծահասակներին հոգեբաններ ու իրաւաբաններ տրամադրելով, ինչպէս նաեւ՝ նրանց ապաստարան յատկացնելով: Երկրորդ ուղղութիւնը վերապատրաստումն է, սոցաշխատողներին, ոստիկաններին, լրագրողներին, ուսուցիչներին եւ հասարակութեան միւս խմբերին իրազեկումը, թէ ինչ է իրենից ներկայացնում ընտանեկան բռնութիւնը: Ոստիկաններն ու սոցաշխատողները, բռնութեան ենթարկուածներին օգնութիւն տրամադրող առաջին օղակն են, եւ մասնագիտական վերապատրաստումն օգնում է նրանց խորապէս հասկանալու բռնութեան ազդեցութիւնը զոհի վրայ: Օրինակ, բռնութեան ենթարկուած անձն առաջին պահերին երբեմն խնդիրներ է ունենում կատարուածը ճշգրտօրէն ներկայացնելու, եւ առաջին օգնութիւն տրամադրողը պէտք է կարողանայ տարբերակել, համապատասխան հարցումներ անել, ստեղծել միջավայր շահառուի համար հանգիստ արտայայտուելու եւ ըստ այդմ աջակցութիւն ստանալու: Այս նպատակով անցկացնում ենք նաեւ տարաբնոյթ համաժողովներ, սեմինարներ, հարցազրոյցներ ենք տալիս լրատուամիջոցներին: Մեր գործունէութեան երրորդ ոլորտը՝ ջատագովութիւնն է (advocacy), որը միջազգայնօրէն ընդունուած մոդել է: Մենք կարծում ենք, որ եթէ ինստիտուցիոնալ (կառուցային) կերպով փոփոխութիւներ չեն իրականացւում, օրէնքները չեն բարելաւում, մեթոդաբանութիւն չի կիրառւում, եւ ամբողջ աշխատանքը մնում է միայն հասարակական կազմակերպութիւնների ուսերին՝ առաջ շարժուելը գրեթէ անհնար է դառնում: Պետութիւնը պէտք է ունենայ կարգաւորիչ մեխանիզմներ (գործիքակազմեր), սակայն ցաւօք Հայաստանում այսօր համապատասխան պատրաստուած մասնագէտներ շատ չկան այս ոլորտում:
Միաժամանակ, համագործակցում ենք տարբեր մարզերում հասարակական կազմակերպութիւնների հետ, ովքեր ցանկանում են զբաղուել ընտանեկան բռնութեան հարցերով, վերապատրաստում ենք նրանց, եւ այսօր իւրաքանչիւր մարզում մէկ աջակցման կենտրոն կայ: Մեր շահառուների թիւը մեծացաւ աջակցման կենտրոնների մասին տեղեկատուութեան տարածումից յետոյ: Հայաստանում շրջաններ կային, օրինակ Եղէգնաձորը, որտեղ մենք տարիներ շարունակ շահառու չենք ունեցել, եւ երբ դիմեցինք ոստիկաններին, ասացին, որ բնակչութիւնը քիչ է, եւ գուցէ բռնութեան դէպքեր չկան: Սակայն, երբ աջակցման կենտրոնը հիմնուեց այնտեղ, սկսեցին դիմել: Այսինքն, եթէ կինը ելք չունի, չգիտի ինչ անել, մտածում են, որ բռնութիւն չկայ: Ստեղծել ենք նաեւ ընտանեկան բռնութեան հարցերով զբաղուող հասարակական կազմակերպութիւնների կոալիցիա (միասնութիւն):
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր հոգածութեան ներքոյ յայտնուած շահառուներին ապագան կազմակերպելու հարցում ինչպէ՞ս էք աջակցում:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Մեր գնահատման մեխանիզմների միջոցով հասկանում ենք, թէ շահառուների որ խումբն է առաւել վտանգուած, եւ նրանց առաջարկում ենք ապաստարան: Ովքեր համաձայնւում են, մնում են մեր մօտ երկուսից երեք ամիս, որի ընթացքում օգնում ենք նրանց՝ իրաւական հարցերում, հոգեբանական խորհրդատուութեամբ: Բացի այն, որ շահառուները մեզ մօտ վերականգնւում եւ օգտւում են կենտրոնի կողմից մատուցուող ծառայութիւններից, կանայք ձեռք են բերում տարատեսակ մասնագիտացումներ, օգնում ենք, որ աշխատանք գտնեն, ինչն էլ ապահովում է նրանց ֆինանսական անկախութիւնն ու երեխաների սոցիալական ապահովութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 2017 թուականին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնութեան կանխարգելման, ընտանիքում բռնութեան ենթարկուած անձանց պաշտպանութեան եւ ընտանիքում համերաշխութեան վերականգնման մասին» օրէնք: Ինչպէ՞ս էք գնահատում այն:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Նշուած օրէնքի մշակման աշխատանքներին, մասնակցել ենք նաեւ մենք՝ մի շարք այլ կազմակերպութիւնների հետ միասին: Տարիներ ի վեր պայքարում էինք օրէնք ունենալու համար, նախագիծ էինք ներկայացրել, եւ վերջապէս Հայաստանն ընդունեց՝ Եւրամիութեան հետ համաձայնագրի շրջանակում: Թէեւ այն կատարեալ չէր, բայց համարեցինք, որ մի տեղից պէտք է սկսել, եւ դա լաւ սկիզբ էր: Օրէնքի ամենամեծ խնդիրը մենք համարում էինք այն, որ բռնութիւնը քրէականացուած չէ, եւ այսինքն պատիժը միայն վարչական տոյժ է: Օրինակ, ունեցել ենք ծանր բռնութեան մի դէպք՝ հինգ երեխայ ունեցող մի կին, տասնհինգ տարի շարունակ ենթարկուել է բռնութեան, եւ ամուսնու համար սահմանուած պատժաչափն ընդամէնը 150 հազար դրամ էր: Բռնարարն էլ դատարանում յայտարարեց, որ այդ գումարն իր համար խնդիր չէ, եւ նա նորից կը դիմի բռնութեան, եթէ հարկ համարի: Այսինքն, այդ անպատժելիութիւնը, եւ բռնարարին պատասխանատուութեան չենթարկելը ուղերձ է հասարակութեանը, որ նրա արարքը թոյլատրելի է: Ինձ ասում են, որ ամէնուր էլ ընտանեկան բռնութիւն կայ, եւ ես հակադարձում եմ, որ այն երկրներում, որտեղ օրէնքը խիստ է, որտեղ բռնարարը պատասխանատուութեան է ենթարկւում, այնտեղ բռնութիւնների թիւը նուազում է: Եւս մի դրոյթ, որն անընդունելի ենք համարում, խրախուսում է զոհին վերադառնալ բռնարարի մօտ, վերաբերում է հաշտեցմանը, ինչը նաեւ ըստ միջազգային օրէնքների, հնարաւոր չէ, որովհետեւ չես կարող հաշտեցնել զոյգի, որ անհաւասար պայմաններում է գտնւում, այսինքն՝ տղամարդն արտօնեալ է, ուժ է կիրառում, միւս կողմը՝ տկար վիճակում է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ներկայում աշխատանքներ են ընթանում գործող օրէնքում փոփոխութիւնների ուղղութեամբ: Մասնակցու՞մ էք այդ գործընթացին:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Մենք աշխատում ենք օրէնքի բարեփոխումների ուղղութեամբ, եւ առաջինը, որ պնդում ենք, որ ընտանեկան բռնութիւնը քրէականացուի: Աւելացրել ենք նաեւ հոգեբանական բռնութեան մասին կէտը, որը միշտ զուգահեռ է ընթանում ֆիզիկականի հետ: Ընտանեկան բռնութեան զոհ սահմանման մէջ առաջարկել ենք ներառել «զուգընկեր» կարգը, այսինքն, երբ մարդիկ ամուսնացած չեն, սակայն յարաբերութիւնների մէջ են, եւ նոյնպէս ենթարկւում են բռնութեան: Օրէնքում հետապնդումը նոյնպէս պէտք է նշուի որպէս վերահսկող վարքագիծ: Սրանք այն դրոյթներն են, որոնց անդրադարձ չի կատարւում օրէնքում, այնինչ, աջակցման կենտրոնները պարբերաբար հանդիպում են նման դէպքերի:
Նաեւ, կարեւոր ենք համարում անյետաձգելի միջամտութեան հարցը՝ նուազագոյնը քսան օր բռնարարը պէտք է դուրս արուի տանից, եւ իրաւունք չունենայ մօտենալու զոհին: Ընտանիքում բռնութեան ենթարկուած քաղաքացին առաջիկայում նախատեսւում է, որ իր մօտ ազդարարման սարք կ՛ունենայ, իսկ բռնարարը կը կրի էլեկտրոնային թեւնոց կամ ոտքի շղթայ: Այս սարքերի միջոցով ոստիկանութիւնն յստակ կ՛արձանագրի՝ արդեօք բռնարարը խախտում է արգելքն ու մօտենում իր կողմից բռնութեան ենթարկուածին:
Մեր առաջարկների մասով սերտօրէն աշխատում ենք սոցապ (ընկերային ապահովութեան) նախարարութեան, պատգամաւորների, եւ փաստաբանների հետ: Մեր դէմ մեծ դիմադրութիւն կայ, քանի որ առաջադրում ենք գաղափարներ, որոնք հասարակական մշակոյթի մէջ չկան, եւ շատ դժուար է փոխել այդ կարծրատիպերը, տեղ հասցնել մեր միտքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կառավարութեան կողմից որեւէ աջակցութիւն ստանո՞ւմ էք:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- 2018 թուականից յետոյ, պետական մարմինների հետ երկխօսութեան առումով իրավիճակ է փոխուել, առաւել դիւրին է դարձել: Կառավարութիւնն ընդունեց արեւմտեան մոդելը, որ հասարակական կազմակերպութիւններն աւելի ճկուն են, առօրեայ գործնական շփում ունեն շահառուների հետ, եւ պետութիւնն այս առումով կարող է վստահել եւ յենուել կազմակերպութիւնների վրայ, միաժամանակ՝ ֆինանսապէս էլ ձեռնտու է: Փոխարէնը ստեղծելու խնդրով զբաղուող յատուկ մարմիններ, պետութիւնը որպէս գործընկեր ունենում է հասարակական կազմակերպութիւններին, ինչ-որ չափով սուբսիդաւորում (նպաստ կը յատկացնէ) է նրանց, ինչը վկայում է, որ պետութիւնն այս հարցում պարտաւորութիւն է ստանձնում: 2018 թուականից սկսած մեզ ընդգրկեցին նաեւ Համահայկական հիմնադրամի ծրագրում, ինչի շրջանակներում կառավարութիւնը մեզ դիմեց, որ վերապատրաստենք աջակցման կենտրոններին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուղերձը:
ՄԱՐՕ ՄԱԹՈՍԵԱՆ.- Բռնութիւնն արդարացում չունի, եւ մենք որպէս հասարակութիւն պէտք է ձգտենք առաւել հանդուրժող դառնալ միմեանց նկատմամբ: Ընտանեկան բռնութեան հիմնական պատճառն, ըստ իս, անհաւասարութիւնն է, տղամարդկանց արտօնեալ կարգավիճակը: Մեզ դիմող կանանց մեծ մասի ինքնագնահատականը շատ ցածր է լինում, իրենք համարում են, որ ոչ մի բանի պիտանի չեն, արժէք չեն ներկայացնում իրենցից, մեղաւորութեան զգացում են ունենում, ինչը հետեւանք է տարիներ շարունակ ֆիզիկական ու հոգեբանական բռնութեան: Նրանց շուրջ քառասուն տոկոսն ունի ինքնասպանութեան միտք, որից տասներեք տոկոսը մէկ կամ երկու անգամ ինքնասպանութեան փորձ արել է:
«Կանանց աջակցման կենտրոն»ը ստեղծում է հնարաւոր բոլոր պայմանները, որ մեզ դիմած բռնութեան զոհերը վերականգնուեն, վերագտնեն իրենց դերը կեանքում եւ նորովի սկսեն ապրել: Գործունէութեան սկզբից մինչ օրս, մենք շուրջ երկու հազար կանանց ենք օգնել, եւ իրենք էլ յետագայում դարձել են մեր դեսպաններն ու օգնել այլ կանանց ու ընտանիքների: Այսօր, կազմակերպութիւնը համարւում է տեղական լաւագոյն փորձագիտական խմբերից Հայաստանում, եւ Եւրախորհրդի կողմից ենք համարւում միակը, որ նման ծառայութիւններ է մատուցում: Այս ամէնի համար պէտք է շնորհակալութիւն յայտնենք մեր սփիւռքահայերին, ովքեր օգնեցին հիմնելու եւ կայացնելու «Կանանց աջակցման կենտրոն»ը: Յորդորում եմ Սփիւռքի մեր հայրենակիցներին շարունակել մեզ աջակցութիւնը, քանի որ ապաստարանները գործում են նուիրատուութիւնների միջոցով, որ կարելի է կատարել մեր կայքի միջոցով: