
ՇՈՒՇԱՆ ՇԻՐԻՆԵԱՆ
Ասպինձայի մունիցիպալիտետի (քաղաքապետարանի) Դամալա գիւղից Մարիամ Սահակեանը նպատակասլաց աղջիկ է, ով երազում է հոգեբան դառնալ, վերադառնալ հայրենի գիւղ, դառնալ յայտնի ու կարեւոր մարդ: Նա գիրք է գրում, որի մասին առայժմ շատ բան գաղտնի է պահում:
Մարիամ Սահակեանը 16 տարեկան է, սովորում է 12րդ դասարանում, մասնակցում է Վրաստանի եւ Հայաստանի իրեն հասանելի բոլոր երիտասարդական ծրագրերին:
Աւարտական դասարանի աշակերտուհին ինքնավստահ է եւ հպարտ: Մի քանի տարուայ մտորումներից յետոյ նա որոշել է հոգեբան դառնալ:
«Ես շատ եմ կարեւորում հոգեբանի դերը մեր կեանքում եւ կարծում եմ, որ եթէ լաւ մասնագէտ լինեմ, կարող եմ ինձ բացայայտել տարբեր ոլորտներում եւ օգնել մարդկանց, բայց իմ գլխաւոր երազանքը յայտնի եւ կարեւոր մարդ դառնալն է», ասում է Մարիամը:
Մարիամը ցանկանում է քանդել այն կարծրատիպը, որ եթէ հոգեբանն աշխատում է մարդու հետ, ապա վերջինս անպայման հոգեկանի հետ խնդիրներ ունի:
«Ես ուզում եմ քանդել կարծրատիպերը, քանի որ բոլորս էլ ինչ-որ մէկի հետ խօսելու կարիք ունենք, իսկ հոգեբանները կարող են լինել հէնց այդ մարդիկ: Ես իսկապէս սիրում եմ մարդկանց հետ շփուել, խորհուրդներ տալ»:
Մարիամն այս տարի աւարտում է դպրոցը եւ ցանկանում է ուսումը շարունակել Թբիլիսիում:
«Ես ապրում եմ Վրաստանում, քանի որ սովորելուց յետոյ ուզում եմ վերադառնալ Դամալա, նպատակայարմար է սովորել Վրաստանում, բայց ընդհանուր առմամբ երազում եմ ուսում ստանալ Եւրոպայում»:
Մարիամը գիրք է գրում, արդէն 80 էջ գրել է, նոյնիսկ վերնագիրն է մտածել, բայց գաղտնի է պահում, սակայն խոստացաւ մեզ հրաւիրել գրքի շնորհանդէսին:
Մարիամը նախատեսում է գիրքը հրատարակել 2024 թուականին: Գրքի թեման մոտիվացնող (խթանող) իրականութիւնն է:
«Իմ տարիքի մարդկանց մասին է, ովքեր երազանքներ ունեն, բայց վախենում են հետեւել իրենց երազանքներին, իմ գրքում ես փորձում եմ երազել եւ չհրաժարուել երազանքից: Եւ ինչ-որ չափով երազել ոչ միայն անձնական նպատակի համար, այլեւ ի օգուտ հայրենիքին, համայնքին»:
Մարիամ Սահակեանը` «Awesome Foundation Javakhk» հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ, նախորդ 2022 թուականի Օգոստոսին Դամալայում հակասրճարան է բացել:
Նրա խօսքով, ինքը ցանկացել է երիտասարդներին հաւաքել հակասրճարանում մէկ գաղափարի շուրջ, որպէսզի նրանք դպրոցից դուրս ոչ-ֆորմալ (ոչ-պաշտօնական) կրթութիւն ստանան: Նրա խօսքով, այնտեղ անցկացւում են հանդիպումներ, սեմինարներ: Նա սեմինարներ է անցկացրել ժամանակի կառավարման եւ մեդիագրագիտութեան թեմաներով:
«Անտի-կաֆէ (հակասրճարան), այսինքն` սրճարանում վճարում ես ոչ թէ սննդի, այլ տեղի համար: Այստեղ կարող են ընկերներով հաւաքուել, զրուցել, ֆիլմ դիտել, խաղալ»:
Այս տարիքում բոլոր երիտասարդները պատրաստ են «աշխարհը շուռ տալ», բայց ոմանք, հանդիպելով խոչընդոտների, յուսահատւում են եւ կանգ առնում: Մարիամ Սահակեանն այն երիտասարդներից է, ում խոչընդոտներն էլ աւելի ուժեղ են դարձնում:
Աղբիւր` jnews.ge