Սրտային անբաւարարութիւնը ախտաբանական վիճակ է, երբ սրտամկանը չի արտամղում արիւնն այնքան լաւ, որքան պէտք է: Արդիւնքում օրգանները եւ հիւսուածքները չեն ստանում բաւարար քանակի արիւն: Երբ սա տեղի է ունենում, արիւնը յաճախ կանգ է առնում եւ թոքերում կարող է կուտակուել հեղուկ՝ բերելով հեւոցի:
Սրտային անբաւարարութեան զարգացման ամենատարածուած պատճառներն են «աթերոսկլերոզ»ը, զարկերակային գերճնշումը: Դրա զարգացմանը կարող են նպաստել ինչպէս սրտամկանի աշխատանքի խանգարումները, այնպէս էլ սուր վարակումները, թունաւորումները, «աուտոիմունային» եւ թոքերի ու երիկամների հիւանդութիւնները, որոնց դէպքում մեծանում է սրտամկանի վրայ գործադրուող ծանրաբեռնուածութիւնը: Բացի այդ, յաճախ սրտային անբաւարարութիւնը զարգանում է սրտամկանի կաթուածից յետոյ:
Զարգացման սկզբնական փուլերում սրտային անբաւարարութեան ախտանշաններն ի յայտ են գալիս միայն ֆիզիկական ծանրաբեռնուածութեան ժամանակ: Հիւանդի մօտ նկատւում է արտասովոր հեւոց, իսկ շնչառութիւնը դառնում է չափազանց խորը եւ յաճախակի: Եթէ բարձրանում է արեան ճնշումը թոքերի անօթներում, ապա հիւանդին անհանգստացնում է նաեւ հազը: Ֆիզիկական ծանրաբեռնուածութիւնից ու մեծ քանակութեամբ սննդի ընդունումից յետոյ, ինչպէս նաեւ պառկած ժամանակ յաճախ նկատւում է սրտխփոց եւ հիւանդը գանգատւում է յոգնածութեան ու թուլութեան զգացումից:
Ժամանակի ընթացքում այս ախտանշաններն աւելի ու աւելի ակնյայտ են դառնում եւ սկսում են անհանգստացնել ոչ միայն ֆիզիկական աշխատանքից յետոյ, այլեւ հանգստի ժամանակ:
Ճիշդ ընտրուած բուժման եւ բժշկական հսկողութեան շնորհիւ հնարաւոր է լինում պահպանել կեանքի որակը։
Չափազանց կարեւոր է ուշադրութիւն դարձնել առաջին նշաններին, որոնք վկայում են սրտի աշխատանքի հետ կապուած խնդիրների առկայութեան մասին։ Դրանք յաճախ են աննկատ մնում, քանի որ մարդիկ հակուած են դրանք վերագրել յոգնածութեանն ու ճնշուածութեան։ Սրտի անբաւարարութեան ախտանշաններից են`
– Միզարձակման ցանկութիւն երեկոյեան ժամերին. ուշադիր եղէ՛ք երբ միզարձակման յաճախանում է գիշերուայ ժամերին:
– Ախորժակի կորուստ. երբ սիրտը դադարում է արիւն մատակարարել բնական յաճախականութեամբ, նիւթափոխանակութիւնը նոյնպէս խանգարւում է:
– Քրոնիկական (մնայուն) յոգնածութիւն. երբ սրտային անբաւարարութիւն է զարգանում, մարդու համար դժուար է բարձրանալ աստիճաններով, ծանր իրեր բարձրացնել։ Նոյնիսկ երկար խօսակցութիւնը նրան կարող է ուժասպառ անել։
– Քաշի աւելացում՝ առանց պատճառի. այս դէպքում քաշի աւելացում տեղի է ունենում ոչ թէ ճարպի, այլ հեղուկի կուտակման հետեւանքով։
– Այտուցուածութիւն եւ շնչահեղձութիւն` մարմնում աւելորդ հեղուկի կուտակման պատճառով:
Անբաւարարութեան բուժման հիմնական սկզբունքներն են՝ կազմակերպել ճիշդ խնամք, սննդային եւ դեղորայքային բուժում։ Անհրաժեշտ է նաեւ պարզել եւ բուժել առաջացնող պատճառները։ Սրտի գրեթէ բոլոր հիւանդութիւններն ի վերջոյ յանգեցնում են սրտային քրոնիկական անբաւարարութեան, ուստի հարկաւոր է շատ ուշադիր լինել, դիմել մասնագէտի եւ ժամանակին ազատուել առողջական խնդիրներից: