Գաղտնիք չէ, որ «Ղարաբաղ» բառը ատրպէյճանցի ազգայնամոլների վրայ ներգործում է՝ ինչպէս կարմիր լաթը ցուլի վրայ։ Այդ գրգռիչի ուժը առանձնապէս վառ արտայայտւում է ԼՂՀում այս կամ ընտրութիւնների անցկացման ժամանակ։ Ներկայ նախագահական ընտրութիւնները ԼՂՀում բացառութիւն չեն։ Պաշտօնական Պաքուի բորբոքուած երեւակայութեան միակ դարմանը մի շարք երկրների (Թուրքիայի, Վրաստանի, Ուքրաինայի եւ Մոլտովայի տիպի) ու միջազգային կազմակերպութիւնների (Եւրոխորհրդի ու Եւրոմիութեան տիպի) վերաբերմունքն է իրենց անբովանդակ յայտարարութիւններով՝ ընտրութիւնները ԼՂՀում չճանաչելու մասին եւ, միաժամանակ, ԵԱՀԿ Մինսքի խմբի կողմից ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորելու ջանքերը պաշտպանելու կոչերով։
Պաքւում ուրախանում են՝ միամտաբար կարծելով (կամ ձեւացնելով), թէ իբր ԼՂՀ ընտրութիւնների չճանաչումը նշանակում է ատրպեճանական իրաւասութեան ճանաչում Ղարաբաղի նկատմամբ, եւ աշխատում են չնկատել, որ միջազգային քաղաքականութեան եւ համատեղութեան կարգով՝ ՄԽ համանախագահների գլխաւոր դերակատարները, խօսելով Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչման մասին, յստակ բաներ չեն նշում։
Անգամ վերջերս Ուաշինկթընում անվտանգութեան հիմնախնդիրների շուրջ տեղի ունեցած ամերիկա-ատրպեճանական խորհրդակցութիւններից յետոյ, ուր Պաքուն ակնկալում էր ձեռք բերել ԱՄՆի հաւատարմութիւնը Ղարաբաղեան հարցում ամերիկեան ուժանիւթային նախագծերի (միտուած Ռուսաստանի շրջանցմանը) պաշտպանութեան դիմաց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մէթիու Պրայզան հրաժարուեց մեկնաբանել Ուաշինկթընի կողմից Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչման հարցը։
«Տեղի են ունենում քննարկումներ այն հարցի շուրջ, թէ սկզբունքներից (Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւն, կամ ժողովրդի ինքնորոշման իրաւունք) որն է առաջնայինը։ Այդ առիթով չկայ ո՛չ տիեզերական բանաձեւ, ո՛չ որեւէ մօտեցում, որն ընդունուած լինի միջազգային մակարդակով», ասաց Պրայզան։
Է՛լ աւելի ծիծաղելի են պաշտօնական Պաքուի կողմից Լեռնային Ղարաբաղը որպէս «գորշ», չվերահսկուող գօտի ներկայացնելու ջանքերը, որի օրինականացումն ու ժողովրդավարական զարգացումը իբր թէ հնարաւոր են միայն միջազգային հանրութեան կողմից Ատրպէյճանի իրաւասութիւնը այդ տարածաշրջանի նկատմամբ ամրագրելու պարագայում։
Այդ ժամանակ, «բնականաբար, ժողովրդավարութիւնը Լեռնային Ղարաբաղում կը դառնայ ամբողջ Ատրպէյճանի ժողովրդավարութեան բաղկացուցիչ մասը՝ բնականոն ժողովրդավարական գործընթացները կը սկսեն զարգանալ Ատրպէյճանի այդ տարածքում եւս», բարձրագոչ յայտարարեց Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ կենտրոնի ղեկավար Խազար Իպրահիմը։
Թէ ինչ է իրենից ներկայացնում ժողովրդավարութիւնը Ատրպէյճանում՝ մենք բազմիցս գրել ենք։ Բայց այսօր մի շարք առիթներ կան այդ թեմային կրկին անդրադառնալու։
Այսպէս, Յուլիսի 13ին ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտասահմանեան գործերի յանձնախմբում տեղի ունեցան լսումներ Ատրպէյճանում, Քուպայում եւ Եգիպտոսում ամերիկեան քաղաքականութեան մասին։ Լսումների ժամանակ Freedom House-ի գործադիր տնօրէն Ճենիֆըր Ուինտսըրն իր ելոյթում Ատրպէյճանը, Քուպան եւ Եգիպտոսը անուանեց «անազատ երկրներ». այդ երկրներում ձերբակալում են լրագրողների, կոպտօրէն խախտում են միջազգային նորմերը մարդու իրաւունքների ոլորտում եւ «մարդկանց մեկուսացնում համընդհանուր երկխօսութիւնից»։
Նա ընդգծեց, որ «կառավարութեան ճնշումից» առանձնայատուկ պաշտպանութեան կարիք ունի քաղաքացիական հասարակութիւնը Ատրպէյճանում,- տեղեկացնում է «Թուրան» գործակալութիւնը։ Ի դէպ, ատրպեճանական իշխանութիւնների կողմից հետապնդուող մի խումբ (մինչեւ 20 հոգի) լրագրողներ քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել են արտասահմանեան դիւանագիտական ներկայացուցչութիւններին։
Մէկ ուրիշ օրինակ. Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան պահակային զօրախմբի նախկին տեղակալ, դեր-գնդապետ Ռասիմ Մուրատովը, որը հետապնդումների է ենթարկուել զինծառայողների իրաւունքների խախտման եւ բանակում փտախտի փաստերի հրապարակման համար, երկրի նախագահին ուղարկել է դիմում ատրպեճանական քաղաքացիութիւնից հրաժարուելու մասին, ինչպէս նաեւ քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել է Ատրպէյճանում արտասահմանեան դեսպանատներին։
Մուրատովի վկայութեամբ՝ ատրպեճանական սպաները, որոնք խաղաղապահական գումարտակում ծառայում են Իրաքում, իւրացրել են զինուորների դրամական բաւարարումը, զինուորներն էլ, իրենց հերթին, Իրաքում զբաղուել են դիակապտութեամբ. «Դիակների վրայից հանել են ոսկէ զարդերն ու վաճառել, գողացել են ամերիկեան կին սպաների զգեստները ու յետոյ վաճառել»։
Ենթասպայ Ռաշիտ Պախիշեւը, որը ԱՀ պաշտպանութեան նախարարութեան պահակային զօրախմբի խաղաղապահ ուժերի կազմում գտնւում է Իրաքում, բանակից ազատուել է այն պատճառով, որ այնտեղ ընդունել է քրիստոնէութիւն, ինչով, ինչպէս պազւում է, «արատաւորել է ատրպեճանական բանակը»։
Այսպիսին է միջազգային հանրութեան կողմից ճանաչուած Ատրպէյճանը, որը դեռեւս փորձում է (նոյն այդ համաշխարհային հանրութեան միջոցով) իր կամքը պարտադրել Լեռնային Ղարաբաղին։ Սակայն, ինչպէս նշում է ռուսաստանցի քաղաքագէտ Սերկէյ Մարկեդոնովը. «Մեղմ սուլթանութեան» իրավիճակը համաշխարհային հանրութեան աչքում թուլացնում է Պաքուի դիրքերը Ղարաբաղն իր իրաւասութեան ներքոյ վերադարձնելու տեսանկիւնից։ Չճանաչուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ժողովրդավարական չափանիշներն աւելի բարձր են, քան ճանաչուած Ատրպէյճանում»։