Ինձ համար, որպէս լրագրող, շատ տարօրինակ, զարմանալի եւ անընդունելի է հնչում «Գնում ենք արձակուրդի» արտայայտութիւնը, որին այս տարի եւս ականատես եղայ թէ՛ հայաստանեան եւ թէ սեփիւռքահայ մի քանի թերթերի առաջին էջում։ Մինչ այժմ գոնէ տեսել եմ չորս թերթերի նմանատիպ յայտարարութիւններ, որոնցից մէկում աւելացուած էր, թէ «բայց մենք էլ մարդ ենք, գնում ենք մէկշաբաթեայ արձակուրդի»։
Անշուշտ, բոլոս էլ մարդ ենք։ Բոլորս էլ երկար աշխատելուց յոգնում ենք եւ անհրաժեշտ զգում՝ հանգստանալու, առնուազն չաշխատելու եւ մնալու տանը։ Դա բնական երեւոյթ է։ Սակայն աշխարհում հասարակութեան կողմից ստեղծուել են աշխատանքներ ու ծառայութիւններ, որոնք անհնարին է դադարեցել տարուայ որեւէ ժամանակահատուածում։ Պատկերացրեցէք, թէ ի՞նչ կը լինի, եթէ հիւանդանոցները, ոստիկանութիւնը, կենցաղային սպասարկութեան հաստատութիւնները որոշեն տարուայ ցանկացած ժամանակհատուածում փակել իրենց ծառայութեան դռները եւ արձակուրդի գնալ, պարզ այն բացատրութեամբ, որ «մենք էլ մարդ ենք, գնում ենք արձակուրդի»։ Խնդրեմ ինձ սխալ չհասկանալ։ Բժիշկները, հիւանդապահները, բուժքոյրերը, կարո՛ղ են տարուայ ընթացքում հերթափոխային կարգով արձակուրդի գնալ եւ դա իրենց անսակարկելի իրաւունքն է, բայց ոչ թէ հիւանդանոցը։ Ոստիկանները, բայց ոչ թէ՝ ոստիկանութիւնը։ Քաղաքի ջրամատակարարման, ելեքտրամատակարարման աշխատողները, բայց ոչ թէ՝ կենցաղային սպասարկութեան հաստատութիւնները։
Արդարեւ, այդ կարգի ծառայութիւններից են մամուլն ու ընդհանրապէս զանգուածային լրատուամիջոցները, որոնց աշխատանքը տարին շուրջբոլոր է։ Հետեւաբար, խմբագիրն էլ, լրագրողն էլ, թղթակիցն էլ կարող են ցանկացած ժամանակ արձակուրդի գնալ, բայց ոչ թերթը։ Իսկ մեր հայկական իրականութեան մէջ, դժբախտաբար, երկուսը միասնաբար են արձակուրդի գնում։ Ինչո՞ւ։ Ի՞նչ են պատճառները։
Արդեօք պատճառները տնտեսակա՞ն են։ Հաստատելով հանդերձ, որ հայաստանեան ու սփիւռքահայ թերթերը հրատարակւում են տնտեսական անձուկ պայմաններում, այնուամենայնիւ, հարց է առաջանում, թէ երկու կամ երեք շաբաթ չհրատարակուելը ի՞նչ հսկայակա՜ն խնայողութիւն կարող է ապահովել թերթի համար, մանաւանդ՝ այն թերթերի, որոնք հրատարակւում են շաբաթական յաճախականութեամբ։ Տնտեսական պայմանները միշտ էլ անբարենպաստ են եղել եւ շարունակում են այդպէս էլ մնալ հայկական գրեթէ բոլոր թերթերի համար։ Մենք թերթեր շատ ունենք (մասնաւորաբար Քալիֆորնիայի հայահոծ նահանգում), բայց թերթ կարդացողներ ու թերթին նիւթապէս սատարողներ, հովանաւորողներ՝ շատ քիչ։ Սա տխուր իրողութիւն է, որի յաղթահարման ուղղութեամբ չենք ցանկանում վճռորոշ քայլեր ձեռնարկել։ Այս մասին՝ այլ առիթով։ Այդուամենայնիւ, մամուլն եւ զանգուածային լրատուամիջոցները կորցնում են իրենց ծառայութեան առաքելութիւնը, երբ մեկնում են արձակուրդի։ Թերթը արձակուրդի չի կարող գնալ։
Միւս պատճառը, հաւանաբար թերթը մէկ կամ երկու անձով, այլ խօսքով նուազագոյն աշխատակազմով, հրատարկուելն է, ինչը սովորական երեւոյթ է Սփիւռքում։ Ակներեւաբար, երբ արձակուրդի են գնում այդ անձինք, թերթը դադարում է լոյս ընծայուելուց։ Չի՞ կարելի, արդեօք, տարուայ ընթացքում նախապատրաստել մի քանի համարներ, արձակուրդային օրերին օգտագործելու եւ թերթի հրատարակման դադրեցումը կանխելու համար։
Կրկնելով հանդերձ, որ գոնէ այստեղ՝ Լոս Անճելըսում, մեծ չէ հայկական թերթ ընթերցողների թիւը (թէեւ զարմանալիօրէն հրատարակւում են տասնեակից աւելի հայկական թերթեր), այնուամենայնիւ, այդ սակաւաթիւ ընթերցողներից շատերը, տարուայ միւս եղանակների համեմատութեամբ, ամրան արձակուրդներին աւելի լայն ժամանակ են ունենում թերթելու եւ հետեւելու լոյս տեսնող յօդուածներին ու զանազան հրապարակումներին։ Հետեւաբար, բարի վայելում մաղթելով արձակուրդի գնացող թերթերի մեր խմբագիրներին ու աշխատակիցներին, թախանձաբար խնդրում եմ իրենց հետ արձակուրդի չտանել թերթը։ Արձակուրդի բարին ու վայելումը ձեզ, իսկ թերթը թողէք մեզ…։