

Սահմանազատման պատճառով Կիրանցի մէջ իրենց տուները կորսնցուցած բնակիչները յանձնելէ առաջ կը քանդեն զանոնք։
Կիրանցի մէջ սահմանազատման իբրեւ արդիւնք ատրպէյճանցիներուն անցած երկու տուներէն մէկուն սեփականատէրը` Մհերը, 3 Յուլիսին սկսաւ իր տան քանդման աշխատանքներուն: Կիրանցի վարչական ղեկավար Կամոն բացատրեց, որ մարդիկ չեն ուզեր տարիներով իրենց ստեղծածը եւ կառուցածը ձգել թշնամիին։
«Մի տունն էլ Խանումինն է, բայց ինքը դեռ չի քանդում, չգիտեմ` ինչի չի քանդում… երեւի ինքն էլ կը սկսի առաջիկայ օրերին», նշեց Շահինեան:
Ատրպէյճանին անցնող երկու տուներու սեփականատէրերուն վերջնաժամկէտ տրուած է մինչեւ 24 Յունիս, որպէսզի պարպեն տուները: Այսինքն` Յունիսի աւարտին արդէն ատրպէյճանցիները պիտի յայտնուին Կիրանցի մատոյցներուն մէջ, թէեւ սահմանապահները արդէն կանգնած են տարածքին մէջ:
«Ինչ վերաբերում է փոխհատուցման գործընթացին, Շահինեանը վստահեցրեց, որ ինքը կապ չունի դրա հետ` մարզպետարանի աշխատակազմն է զբաղւում, անգամ չգիտի, թէ քանի կիրանցեցի է համաձայնել փոխհատուցման առաջարկին: Հարցրինք` այլընտրանքային ճանապարհն իշխանութիւնը կը հասցնի՞ կառուցել, խոստման համաձայն` 2 ամսում: Չեմ կարող ասել` գիշեր-ցերեկ աշխատում են, բայց թէ ինչ կը լինի, չեմ կարող ասել», կը գրէ լրագրող մը։
Մհերը տունը կը քանդէ, որովհետեւ չ՛ուզեր իր տարիներու քրտնաջան աշխատանքով ստեղծած տունը ձգել ատրպէյճանցիներուն։
«Եթէ մի շաբաթ յետոյ փշալարը քաշելու են, ես ոնց պէտք է էդտեղ մնամ: Ես հիմա շինանիւթը հաւաքում եմ, որ տանեմ գիւղի վերջում մի տուն սարքեմ, տեղը որոշուած է, բայց փաստաթղթերը պէտք է հաստատուեն, որ ես կարողանամ շինարարութիւն անել: Իմ տան գրեթէ 70-80 տոկոսը քանդել եմ արդէն: Տանս մօտ փոքր ֆերմա (ագարակ) ունեմ, դա էլ պէտք է քանդեմ: Մինչեւ Յունիսի 24ը պէտք է տարածքը ազատեմ: Իրաւունք չունեն ինձ ասեն` մի քանդի: Իմ սարքած տունն Է, որը պէտք է թուրքին անցնի», ըսաւ Մհերը: