
27 Յունիսին, Սուրբ Աննա եկեղեցւոյ բակին մէջ տեղի ունեցող հաւաքին ընթացքին, Բագրատ սրբազանը յայտարարեց հետեւեալը. «Մեր շարժման տրամաբանութիւնը լինելու է այն, ինչով մենք սկսել ենք»:
Խրբազանը աւելցնելով՝ ըսաւ. »Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էութիւնը, բովանդակութիւնը բարձր իմաստով հոգեւոր է: Եթէ նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրուանի լուծումները քաղաքական են: Շարժումը նաեւ ստի դէմ է: Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դէմ է, չարիքի մարմնաւորման դէմ է, այն չարիքի, որը վիշապի պէս նստած է զուլալ աղբիւրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով ողջ ժողովրդին: Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը, ազատագրութիւնը»:
Ըստ սրբազանին՝ շարժման քաղաքական լուծումներուն, ապա անոր պահանջը, իրենք արդէն դրած են:
«Լուծումները տարաբնոյթ են, բայց մէկն է թիրախը՝ ազատագրում չարիքից: Եւ դա քաղաքական լուծում է: Մեր պայքարն այդպէս է լինելու», շեշտեց Բագրատ սրբազանը:
Ան նաեւ նշեց, որ 3 Յուլիսին հանդիպում մը տեղի պիտի ունենայ քաղաքական դաշտի ուժերուն հետ, քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ պիտի կազմուի: «Հանդիպման կը կանչենք նրանց, որոնք ի սկզբանէ եղել են: Հաւանաբար այդ ուժերով քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կը կազմուի, ձեւաչափը կ՛որոշենք», յայտնեց Բագրատ սրբազանը՝ աւելցնելով, որ նախորդ օրերուն նախաձեռնող խումբի անդամ Սուրէն Պետրոսեանի հետ հանդիպում չէ ունեցած: «Սուրէնի հետ չեմ հանդիպել, որովհետեւ Ոսկեպար է գնացել այս ընթացքում։ Շարժումը շարունակւում է, եւ ովքեր ցանկութիւն ունեն դրա անդամ ու մաս լինել, միշտ կարող են ներկայ լինել»։ Ան չյստակացուց՝ եթէ Սուրէն Պետրոսեան կը շարունակէ շարժումին անդամ մնալ: