

ԳԱՅԻԱՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ
«Մենք յաջորդ սերունդներին փոխանցում ենք ոչ թէ արիւն, այլ գաղափարներ, եւ գաղափարների մէջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Այդ կապակցութեամբ իւրաքանչիւր սերունդ պարտաւոր է յաջորդին սովորեցնել հայոց լեզուն»։
Այս պատգամն ստացել ենք մեծանուն գրող Վիլիամ Սարոյեանից, ով շատ լաւ գիտակցել է մայրենի լեզուի եւ հայոց մշակոյթի կարեւորութիւնը հայրենի սահմաններից դուրս։
Այսօր, երբ օտար ափերում մշտապէս աւելանում է հայերի թիւը, ՀԱՅ մնալու եւ մայրենին սերտելու անհրաժեշտութիւնը դառնում է էլ աւելի պարտաւորեցնող եւ կարեւոր հիմնահարց: Խնդիր, որի լուծման շուրջ տարուող շարունակական աշխատանքներն իր ուշադրութեան եւ մշտական հոգածութեան կենտրոնում է պահում Արեւմտեան թեմը՝ գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի:
Թեմապատկան «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցն արդէն 25 տարի շարունակ իր շուրջն է համախմբում այսօր արդէն 300ից աւելի հայ մանուկների:
Օգոստոսի 17ը տօնական էր Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարում, որովհետեւ Սփիւռքի ամենահեղինակաւոր դպրոցներից մէկն իր դռներն էր բացել հայ մանուկների ու պատանիների առջեւ՝ աւետելով 2024-25 ուսումնական տարուայ սկիզբը: Յուզուած, բայց միեւնոյն ժամանակ առաւել ոգեւորուած էին յատկապէս առաջին դասարանցիները, ովքեր նոր էին ոտք դնում շաբաթօրեայ դպրոց՝ սովորելու եւ դաստիարակուելու հայրենասիրական ու ազգային մշտամնայ արժէքներով ու հոգեւոր գիտակցութեամբ։
Ներկաներին բարի գալուստ մաղթեց եկեղեցու հովիւ, Խաժակ քահանայ Շահբազեանը, որից յետոյ խօսքը փոխանցեց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Երեմիա վարդապետ Աբգարեանին:
Հայր սուրբը շնորհաւորեց բոլորին 2024-25 ուսումնական տարուայ առթիւ։ Նա կարեւորեց նոր տարեշրջանի սկիզբը, որը խորհրդանշական կերպով համընկել էր Մարիամ Աստուածածնի վերափոխման տօնի հետ: Ներկաներին յորդորեց սրբօրէն պահել ու պահպանել այն նուիրական ժառանգութիւնը, որն անշեղօրէն փոխանցուել է դարերով եւ յիշեցրեց նաեւ, որ յետայսու մենք ենք պարտական այն յաջորդաբար փոխանցելու մեր յաջորդներին։
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Գիտակրթական յանձնաժողովի ատենապետ, դոկտոր Էլլի Անդրէասեանը, ով բեղուն ուսումնական տարի մաղթեց եւ շնորհաւորեց բոլորիս` «Դպրոցների եւ քոլեջների հաւատարմագրման արեւմտեան միութեան» (WASC) կողմից արտօնագիր ստանալու առիթով, որը նախադէպը չունեցող իրադարձութիւն էր Սփիւռքի միօրեայ դպրոցների պատմութեան մէջ։
Ապա հաստատութեան տնօրէն, Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը՝ շնորհաւորելով բոլորին, տեղեկացրեց վարժարանում տեղի ունեցող դրական փոփոխութիւնների մասին՝ յաւելելով, որ յետայսու դպրոցը եօթամեայ է: Նպատակը շարունակական ուսումնառութեամբ երեխաների գիտելիքների աւելի խորը ամրապնդումն է, որի միջոցով կը կարողանան ճանաչել հայրենիքը, ընտանեկան, ազգային ու քաղաքացիական պատկանելութիւնը, ինչպէս նաեւ էլ աւելի սերտել Հայաստանի պատմութեան, աշխարհագրութեան, մշակոյթի մասին, որն էլ կը նպաստի հայեցի դաստիարակութեան զարգացմանը։ Ինչպէս միշտ, տնօրէնը յորդորեց խօսել մաքրամաքուր հայերէնով, սիրել ուսումը եւ սրբութեամբ պահել հայի անունը:
Դպրոցական օրը տօնական էր նաեւ նրանով, որ աշակերտներին շնորհաւորելու էին եկել հաստատութեան երկարամեայ բարեկամները՝ յանձին Բրբենքում եւ Հոլիվուդում գործող «Ալեգրետօ» երաժշտական դպրոցի տնօրէն Յասմիկ Քոթելեանի, որն իր բազմաթիւ նուէրներով մշտապէս խանդավառում է սաներին։
Նոր ուսումնական տարուայ մեկնարկն արդէն տրուած է: Աշակերտներն ուսուցիչների ուղեկցութեամբ անցան դասարաններ՝ զինուելու նոր գիտելիքներով եւ մաշտոցեան գիրը յաւէրժ պահելու խոստումով:
Թո՛ղ 2024-25 ուսումնական տարին լինի յոյսերի ու նպատակների իրագործման եւ գիտելիքի ձեռքբերման արգասաբեր տարի: