Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեան շուրջ մէկուկէս տարիէ ի վեր բանտարկուած կը մնայ Պաքուի մէջ: Անոր՝ Պաքուի մէջ յայտնուելուն, առողջական վիճակին, պահման պայմաններուն եւ ընթացող դատավարութեան մասին ABC Media-ի լրագրող Գառնի Մութաֆեան զրուցեց անոր կնոջ` Յասմիկ Սարգսեանի հետ:
Պատասխանելով հարցումին, թէ՝ Դաւիթ Իշխանեանի՝ գերի իյնալու զանազան վարկածներ կան. կ՛ըսուի, որ ինք պահանջուած անձերու ցանկին մէջ չկար, բայց Արցախի երեք նախագահներուն հետ ձերբակալուեցաւ՝ Սարգսեան ըսաւ. «Մենք էլ միայն այդ վարկածների մասին գիտենք: Ինքը մեզ հաւատացնում էր, որ իր անունն Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում չկայ, ասում էր, որ անհոգ լինենք, չմտահոգուենք, դուրս գանք Արցախից, իսկ ինքն անպայման կը գայ: Այլ տեղեկութիւն չունենք, որովհետեւ երբ հասանք Երեւան, այլեւս չէինք կարողանում կապուել Դաւիթի հետ, կապ չկար: Մեր երեխաներն իրենց ընտանիքիների հետ Սեպտեմբերի 28ին են դուրս եկել Ստեփանակերտից, իսկ ես` Սեպտեմբերի 30, պայմանաւորուել էինք, որ ինքն էլ Հոկտեմբերի 3ին է դուրս գալու»:
Խօսելով Արցախէն Երեւան ուղեւորութեան մասին՝ Սարգսեան ըսաւ, որ ինչպէս բոլոր արցախցիները իրենք Արցախէն դուրս եկան, Դաւիթ Իշխանեանի ընտանիքը ըլլալը յատուկ դժուարութիւններ չէ պատճառած։
Լրագրողը հարցուց Դաւիթ Իշխանեանի առողջական հարցերուն, ինչպէս նաեւ ներկայիս անոր պահման պայմաններուն եւ դատավարութեան ընթացքին մասին:
Սարգսեան հաստատեց, որ ան առողջական հարցեր ունէր: «Ունէր ողնաշարի, լեղապարկի, մարսողական համակարգի խնդիրներ: Չեմ կարող ասել, թէ ինչ վիճակում է, Դաւիթը չի սիրում տրտնջալ, գիտի, որ շատ մտահոգ ենք իր համար: Երբ խօսում ենք, ասում է, որ լաւ է, ամէն ինչ նորմալ (բնական) է: Պահման պայմանների մասին էլ ասում է` ամէն ինչ լաւ է: Հիմա փաստաբանը փոխուել է, սակայն նախորդը մեզ հետ պարբերաբար կապւում էր, ինչ որ պէտք էր, հասցնում էր, իսկ նոր փաստաբանը չի կապւում մեզ հետ: Փաստաբանը փոխուել է նախքան դատավարութեան մեկնարկը: Նախորդ փաստաբանն առողջական խնդիրներ է ունեցել, նոյնիսկ երկար ժամանակ չէր կարողանում այցելել Դաւիթին, իսկ նոր փաստաբանի հետ դեռեւս չենք կապուել», ըսաւ Սարգսեան։
Սարգսեան մտահոգութիւն յայտնեց Ատրպէյճանի մէջ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի գրասենեակի փակման գծով: «Այդ լուրը շատ ցաւալի է, որովհետեւ Կարմիր Խաչը հսկայական գործ է արել` նամակներ, նկարներ, տեղեկութիւն` առողջութեան մասին, այս ամէնը այդ կազմակերպութեան միջոցով էինք անում: Իսկ թէ ով է զբաղուելու նրանցից յետոյ այդ ամէնով, դեռեւս չգիտենք: Սա մեզ համար չափազանց մտահոգիչ է», նշեց ան։
Անդրադառնալով Հայաստանի կառավարութենէն եղած ակնկալութիւններուն եւ իշխանութեան խօսքերուն՝ թէ այս ուղղութեամբ աշխատանք կը տանին՝ Սարգսեան ըսաւ. «Ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հաւատալ, որ աշխատում են, սակայն որեւէ արդիւնք չենք տեսնում: Ակնկալում ենք աւելի ակտիւ (աշխոյժ) աշխատանք»: