

ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶԵԱՆ
Լեզուի միջազգային օրուան էր նուիրուած Փետրուարի 22ին, Ախալքալաքի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցած միջոցառում-բանավէճը:
Աւանդոյթ է դարձել ամէն տարի Կենտրոնում առանձնակի կարեւորութեամբ նշել մայրենիի օրը: Նպատակը մէկն է` աշխարհասփիւռ հայութեան միասնութեան ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին անհրաժեշտութիւն է դարձել հայկական ներուժն ուղղորդել հայոց լեզուի պահպանմանն ու զարգացմանը:
Միջոցառումը բացեց ԱԵԿի պատասխանատու Կարինէ Թադեւոսեանը, ով ողջունեց ներկաներին եւ շնորհաւորեց մայրենի լեզուի միջազգային օրուայ կապակցութեամբ: Ներկաներին շնորհաւորեց նաեւ տէր Նարեկ քահանայ Տիգրանեանը: Բանավէճի սկիզբն ազդարարուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ բանավէճը վարողները հնչեցրին մայրենիի պահպանման, արդի մարտահրաւէրների եւ սոցիալական (ընկերային) մեդիայում սխալ գործածման վերաբերեալ հարցեր:
Բանավէճին մասնակցում էին շուրջ 30 պատանիներ` ինչպէս Ախալքալաքի ու Նինոծմինդայի հայկական երիտասարդական կենտրոնների սաները, այնպէս էլ տարբեր հանրակրթական դպրոցների եւ Ջաւախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդութեան կիրակնօրեայ դպրոցի երեխաները:
Մայրենիին նուիրուած միջոցառում-բանավէճն ընթացաւ հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներով ու լեզուի պահպանման վերաբերեալ պատանիների առաջարկներով ու մտահոգութիւններով:
Ընդգծենք, որ 1999 թուականին ԵՈՒՆԵՍԿՕն Փետրուարի 21ը հռչակեց Մայրենի լեզուի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրաւունքների ճանաչման եւ գործածութեան աջակցութեան:
Աղբիւր՝ jnews.ge