Տարիներ առաջ մի յօդուած կարդացի գիտական ամսագրերից մէկում, որտեղ խօսւում էր կենդանիների բնածին եւ ձեռքբերովի յիշողութեան մասին: Գիտնականներն այսպիսի փորձ էին արել առնէտների հետ. ձկան մսի կտորը դրել էին մի մետաղալարի ծայրին, որի միջով հոսանք էր անցնում: Սոված առնէտը մօտենում է միսն ուտելու, բայց հոսանքը խփում է: Նորից ու նորից է փորձում, հոսանքը դարձեալ խփում է: Եօթերորդ-ութերորդ փորձից յետոյ այլեւս չի մօտենում: Միսը մետաղալարի ծայրից հանում եւ գցում են նրա առջեւ: Առնէտը չնայած քաղցած է, բայց մսին չի մօտենում: Եւ ընդհանրապէս, ամէն անգամ ձկան հոտ առնելիս, փախչում, ապահով անկիւն է փնտռում: Փորձը կրկնում են մէկ ամիս յետոյ. միեւնոյն սարսափն է «վտանգաւոր» հոտի հանդէպ:
Ասելն ամօթ է, բայց անգամ երեխան գիտի, որ մարդ արարածն իր գիտակցութեամբ եւ մտաւոր կարողութիւններով անհամեմատ աւելի բարձր է առնէտից:
Տեսականօրէն այդպէս է, բայց գործնականում…
Խօսքն ամբողջ մարդկութեան մասին չէ: Ես նկատի ունեմ վեց միլիառի մի փոքրիկ մասը, հայ ժողովուրդը, իսկ աւելի ճիշդ այդ ժողովրդի որոշ ներկայացուցիչներին, որոնց տարօրինակ պահուածքը վկայում է, որ իրենց մտաւոր կարողութիւններով զիջում են փորձակենդանի դարձած առնէտին:
Եթէ ձկան մսից վճռականօրէն խուսափող այդ առնէտը երկու ոտքի վրայ քայլէր, իրեն հայ համարէր, հայերէն խօսէր, մօտ տասը դար սելճուք-օղուզ-թուրքի հարեւանութեամբ ապրէր, կրէր այն ամէնը, ինչ միւս՝ մարդկային ուղեղ ունեցող հայերը կրեցին թուրքից, ապա այսօր, տասը դար յետոյ, իր առնէտի ուղեղով, դանակը կոկորդին դնելուց յետոյ անգամ կը հրաժարուէր Թուրքիա գնալ, եւ, ընդհանրապէս, իրեն հեռու կը պահէր այդ երկրին առնչուող ամէն ինչից:
Սակայն մարդկային ուղեղ ունեցող եւ առնէտից անհամեմատ աւելի բարձրակարգ համարուող որոշ հայեր ուրիշ կերպ են մտածում: Փաստերն, աւա՜ղ, քիչ չեն… Ոմանք մետաղալարի ծայրին հագցուած միսը վաղուց են կլլել, ելեքտրական հոսանքը նրանց համար հաճելի գրգիռ է՝ նեարդերը շոյող, եւ հիմա նոր հանգրուան է սկսւում, հիմա զբաղուած են ձկան միսը փառաբանելով:
Հայկական օդանաւերում յայտնուել է պատկերազարդ մի հանդէս. «Flight magazine»: Նման հանդէսներ կարդում էինք օտար ընկերութիւնների չուերթներից օգտուելիս: Այժմ Հայաստանն էլ ունի: Հանդէսի երրորդ համարում, ուղեւորներին կամ զբօսաշրջիկներին հրապուրող յօդուածների եւ լուսանկարների կողքին ներկայացուած է մի ցուցակ. «Ունիկալ գիշերային ակումբների լաւագոյն հնգեակ»:
Այդ հնգեակի մէջ տեղ է գտել նաեւ թուրքական «Հալիկառնաս» գիշերային ակումբը: Հեղինակը լորձնաշուրթ գովասանքներ է շռայլում յունական հին եւ փառահեղ քաղաքի անունը կրող այդ հաստատութեանը, խոստանալով «անսանձ խրախճանքի գիշերներ»:
Նման հանդէսները որոշակի նպատակ են հետապնդում. 1.- Դիւթական գոյների մէջ ներկայացնել այն երկրները, ուր չուերթներ է իրականացնում տուեալ օդանաւային ընկերութիւնը եւ 2.- Նպաստաւոր լոյսի տակ ներկայացնել սեփական երկիրը:
Հանդէսը, սկզբունքով, Թուրքիային պիտի անդրադառնար, քանի որ «Արմաւիա»ն թռիչքներ է իրականացնում նաեւ այդ ուղղութեամբ: Բայց ինչպէ՞ս: Թուրքական «խրախճանքները» գովազդելու փոխարէն, հանդէսը կարող էր յօդուածաշար տպագրել, ասենք, հայկական Պոլսի, Իզմիրի եւ այլ քաղաքների մասին… Գուցէ առանց յիշատակելու 1915 թուականը, բայց Երեւանից Պոլիս մեկնող հայ եւ օտարազգի ուղեւորներին յիշեցնելու եւ յայտնելու, թէ հայերն ինչ աւանդ ունեն այդ երկրում… Կարող էին նաեւ մի հետաքրքիր յօդուած պատրաստել թուրք ամենամեծ ճարտարապետ, ծագումով հայ, Սինանի մասին… Կարող էին յունական, հռոմէական, բիւզանդական եւ քրիստոնեայ այլ ազգերի մշակութային հետքերը ներկայացնել… Կարող էին, վերջապէս, վերանորոգուած Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու մասին պատմել, սակայն ո՛չ թուրքական վայելքները փառաբանել…
Գուցէ ասեն, թէ եղածը մի բան չէ, ընդամէնը ամսագրային մէկ էջ: Սակայն այդ մէկ էջը ոչ միայն վկայում է, որ հանդէսի խմբագրութիւնը շատ յստակ չի պատկերացնում իր առաքելութիւնը (միւս նիւթերի որակի, լեզուական մակարդակի մասին չենք խօսում), այլեւ, որ օդային ճամբորդութիւնը միշտ եղել է, իսկ այսօր առաւելագոյն չափով մնում է քաղաքականութեան ուղղակի շարունակութիւնը: Այս տարրական ճշմարտութիւնը մենք չպիտի յիշեցնէինք (գուցէեւ սովորեցնենք) այդ գործի հետ ուղղակի առնչութիւններ ունեցող հանդէսի խմբագրութեանը, քանզի յատկապէս նրանք, բոլորովին վերջերս, առաւել քան կոպտութամբ տեսան ու զգացին թուրքական վայելքների միւս՝ իսկական երեսը, երբ անհեթեթ պատճառներով հայկական օդանաւերին արգելուեց Թուրքիայի տարածքով թռչել Պէյրութ: