
Մարտի 18ին Ժընեւում՝ ՄԱԿի Մարդու իրաւունքների խորհրդում անց է կացուել «Մարդու իրաւունքները Ադրբեջանում. հայերի դատավարութիւնները եւ կալանաւորումը» խորագրով քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի ղեկավար, Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կենտրոնի հայաստանեան ճիւղի գործադիր ղեկավար Սիրանոյշ Սահակեանը, Մարդու իրաւունքների միջազգային դաշնակցութեան նախկին գլխաւոր քարտուղար Րաֆֆի Քալֆայեանը, ռազմավարական դատավարութեան հարցերով միջազգային իրաւապաշտպան Արփի Աւետիսեանը։ Միջոցառման մասնակիցները կոչ արեցին անյապաղ եւ անվերապահ ազատ արձակել հայ գերիներին:
Բաքւում պահուող հայ պատանդներին կարող են տեսակցել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչները․ ոչ մի այլ կազմակերպութիւն չունի նման թոյլտուութիւն: Եթէ Ադրբեջանում ԿԽՄԿն փակուի, հայ գերիները ամբողջովին կը թողնուեն Ադրբեջանի իշխանութիւնների հայեցողութեանը: Սիրանոյշ Սահակեանը խօսել է ԿԽՄԿի փակման հնարաւոր վտանգների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը գործում է ընդդէմ մի կազմակերպութեան, որի լիազօրութիւնը բացառապէս մարդասիրական է։ «Այս իշխանութիւնները գործում են հակահայ մթնոլորտում՝ ընդդէմ Հայաստանի։ Այս քայլը կը վտանգի հայ գերիներին՝ ֆիզիկական եւ հոգեբանական առումով, նրանց Ադրբեջանի իշխանութիւնները կ՛օգտագործեն որպէս քաղաքական գործիք։ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն նաեւ կապի միջոց է պատանդների եւ նրանց ընտանիքների համար», ասել է իրաւապաշտպանը։
Պատանդների մասին տեղեկատուութիւն ստանալու միւս հասանելի աղբիւրը գերիների ընտանիքներն են։ Արփի Աւետիսեանի խօսքով, օրինակ, Ռուբէն Վարդանեանի ընտանիքի անդամներից ստացած տեղեկութիւններով գիտենք, որ նրան պահում էին մեկուսացման մէջ, բժշկական զննում չէր իրականացւում եւ նրա առողջական վիճակը վատթարացել էր։ «Ադրբեջանական իշխանութիւնները պնդում են, թէ Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպանն է այցելել հայ գերիներին, բայց մենք գիտենք, որ դա չի կարող անկախ մարմին համարուել, որի տրամադրած տեղեկատուութեան վրայ կարելի է հիմնուել։ Եւրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատուութիւնը նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման յանձնաժողովի այցն է մերժուել, ինչը մտահոգութեան առարկայ է», ասել է Արփի Աւետիսեան։
Բաքւում պահուող 23 հայ պատանդներից 16ն այժմ կանգնած են դատարանի առջեւ: Դատավարութիւնների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիւ իրաւունքների խախտումները. «Ադրբեջանի իրաւական համակարգը յայտնի է՝ որպէս աշխարհում ամենացածր անկախութիւնն ունեցող եւ ամենազեղծարարը. իշխանութիւնը կենտրոնացած է գործադիր իշխանութեան ձեռքում, որն ապահովում է, որ արդարադատութեան համակարգն աւելի շատ ծառայի քաղաքական իշխանութեանը, քան արդարադատութիւն իրականացնի։ Դրա մասին բազմաթիւ զեկոյցներ կան: Ուստի կարելի չէ, որ Ադրբեջանի դատաւորները, որոնք գործում են հայերի նկատմամբ խտրականութեան մթնոլորտում, անաչառ որոշումներ կայացնեն», ասել է Սիրանոյշ Սահակեանը։
Անդրադառնալով շինծու դատավարութիւններին եւ դատուողներին՝ Րաֆֆի Քալֆայեանը ընդգծել է. «Այդ մարդիկ դիմադրութեան խորհրդանիշն են, նրանք ցանկանում էին յաւէրժացնել Արցախի Հանրապետութեան գոյութիւնը։ Նրանք չէին ենթարկուել ադրբեջանական վարչակազմին։ Սա է պատճառը, որ նրանք հիմա դատւում են, եւ նրանց դատավարութիւնը կը շարունակուի յաջորդող ամիսներին»։
«Մարդու իրաւունքները Ադրբեջանում. Էթնիկ (բնիկ) հայերի դատավարութիւնները եւ կալանաւորումը» խորագրով քննարկումը ՄԱԿի Մարդու իրաւունքների խորհրդում կազմակերպուել է Իրաւունքի եւ արդարադատութեան եւրոպական կենտրոնի եւ Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն (CSI) իրաւապաշտպան կազմակերպութեան կողմից։
(Թղթակցութիւնը՝ Միջազգային եւ համեմատական իրաւունքի կեդրոնէն)