
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ*
Քաղաքական աշխարհը, հասարակութիւնը քննադատում եւ դատապարտում է ցանկացած ահաբեկչական արարք՝ լինի դա խօսքով, թէ գործողութիւնով։
Սովորաբար, ահաբեկչութեան մասին մենք լսում եւ տեսնում ենք մի ազգի կամ խմբաւորման կողմից միւս ազգի, կամ խմբաւորման նկատմամբ, ինչպէս նաեւ անհատների նկատմամբ արարքի մը պարագայում։ Բայց երբեւէ չես համակերպւում այն մտքի հետ, որ պետութեան ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, կարող է սեփական ժողովրդին ահաբեկել։ Եւ հետաքրքիրն ու զարմանալին այն է, որ իրաւապահ մարմինները, ընդդիմադիր կուսակցութիւնները, հասարակութիւնը դա լուրջ չի ընկալում։ Ահաբեկելով ժողովրդին՝ նա փաստօրէն կատարում է թշնամի ժողովրդի նախագահի պահանջները։
Երբ պէտք է սահմանազատուէին ու սահմանագծուէին Տաւուշի շրջանի սահմանները, երբ յանձնուեցին 4 գիւղերը, վարչապետը, ահաբեկելով ժողովրդին, յայտարարեց, թէ, եթէ մենք դա չանենք, ապա 1-2 շաբաթից պատերազմ կը սկսուի։ Արդիւնքում, սահմանազատման, սահմանագծման աւարտից յետոյ Ալիեւը յայտարարեց, թէ առանց կրակոցի չորս գիւղ վերցրեց։ Իսկ սահմանազատումն էլ կատարեցին ոչ թէ ջրբաժանով, ինչպէս ընդունուած է, այլ սարի լանջով, որ թշնամին աւելի նպաստաւոր դիրքեր ունենայ մեր նկատմամբ։
Թերուս լրագրող վարչապետ Նիկոլ Փաշինեանը ինչ-որ նիւթով, ուրուագծուած Հայաստանի Հանրապետութեան քարտէզով, համոզում էր, թէ սա է իրական Հայաստանի քարտէզը՝ անտեսելով եւ չհրապարակելով 1926 Հայաստանի քարտէզը, որտեղ այդ գիւղերը Հայաստանի տարածքում էին եւ Հայաստանի տարածքը կազմում էր 30,948 քառ․ կլմ․։ Իսկ ոչ բարով վարչապետի պնդմամբ, Հայաստանի տարածքը կազմում է 29,743 քառ․ կլմ․։ Արդիւնքում, մենք կորցրել ենք 1205 քառ․ կլմ․ տարածք, որը չի անհանգստացնում վարչապետին։ Աւելին, ներկայումս այդ նիկոլեան Հայաստանի տարածքի 200 քառ․ կլմ․ գտնւում է ադրբեջանցիների հսկողութեան տակ, որը դարձեալ անտեսւում է վարչապետի կողմից։
Այժմ էլ, խաղաղութեան պայմանագրի 17 կէտերը, համաձայնեցնելով (պարտադրաբար ընդունելով) թշնամու հետ (մենք դեռ չգիտենք, թէ այդ ինչ կէտեր են), վարչապետը թշնամու կողմից նոր պահանջներին է անդրադառնում եւ պահանջում, որ ընդունենք այդ երկու կէտերը, փոխենք մեր Անկախութեան հռչակագրին ու սահմանադրութիւնում յղում չանենք հռչակագրին, լուծարենք Մինսկի համանախագահների խումբը, այլապէս դա կը վտանգի անկախ Հայաստանի պետականութեանը։ Եթէ պետութեան ղեկավարը պատմութիւն չգիտի կամ չի ցանկանում գիտենալ, դա նրան պատասխանատուութիւնից չի ազատում։ Սրանով նա դարձեալ ահաբեկում է 12 մլն․ հայութեանը, որ եթէ չհամաձայնուենք, ապա կը կորցնենք մեր պետականութիւնը, մեր հայրենիքը։
Նա քանիցս նամակներ եւ գիրքեր է ստացել, կարծում եմ, յուշել են նաեւ, որ Հայաստանի տարածքը, ըստ Ազգերի Լիգայի 1920ի Դեկտեմբերի 10ի փաստաթղթին, կազմում է 70,551 քառ․ կլմ․ է, որը, ըստ փաստաթղթի, կարող է դառնալ 214,000 քառ․ կլմ․, որովհետեւ Ամերիկայի նախագահ Վուդրօ Վիլսոնը կայացնում է «Իրաւարար վճիռ»։ Եւ յետոյ, հէնց «Իրաւարար վճռով» Հայաստանի տարածքը կազմելու էր 160,551 քառ․ կլմ․։ Փաշինեանը, սրանք լաւ գիտենալով, երբեք չի բարձրաձայնել։ Նա 12 մլն․ հայութեանը փորձում է համոզել, որ պէտք է բաւարարուենք իրական Հայաստանով՝ մոռանալով մեր պատմութիւնը՝ մեր նախնիների, հայերի բնօրրանը, մեր պապերի տարածքները, մեր պատմամշակութային օջախները, մեր անմեղ զոհերի յիշատակը․․․
Իսկ արտգործնախարարի բերանով էլ ասում է, թէ Մինսկի համանախագահների խումբը պէտք է ցրել, որովհետեւ այնտեղ (Արցախի մէջ) հայ չի ապրում, հետեւաբար անիմաստ է այդ խումբը պահելը։ Եւ սա այն դէպքում, երբ տարբեր երկրներում պետական կարգով, խորհրդարանների մակարդակով բանաձեւեր են ընդունւում Արցախի ցեղասպանութեան առիթով՝ ընդգծելով, որ արցախցիների իրաւունքները խախտուել են, նրանք իրենց կեանքին վտանգ սպառնալու պատճառով են տեղահանուել եւ պէտք է վերադառնան իրենց հայրենիք։

Այստեղ հարկաւոր է յիշեցնել վարչապետին, որ 1994ի հրադադարից յետոյ, 20 տարի ադրբեջանցիները առիթը բաց չէին թողնում եւ ամենատարբեր հարթակներից ու ամբիոններից կոկորդ էին պատռում, թէ 1 մլն․ փախստականներ ունեն, զաւթուել են 7 շրջաններ, տարածքի 20 տոկոսը գտնւում է Հայաստանի վերահսկողութեան տակ։ Նրանք այնքան ասացին, մինչեւ իրենց նպատակին հասան՝ Հայաստանի վարչապետի օգնութեամբ։
Իսկ Հայաստանի իշխանութիւններն էլ այժմ անտեսում են արցախցիներին իրաւունքները, փոխանակ ստեղծէին ճամբարներ (դրա մասին էլ եմ բարձրաձայնել), որտեղ տեղաւորէին այդ փախստականներին եւ պահանջէին ՄԱԿից, Եւրամիութիւնից, միջազգային հանրութիւնից, որ միջոցներ ձեռք առնեն՝ վերադարձնելու արցախցիներին իրենց բնակավայրերը, որտեղ ապրել են եւ ապրում էին մի քանի հազարամեակ։
Ընդհակառակը, վարչապետն ասում է, թէ Ղարաբաղեան շարժումը վտանգում է Հայաստանի պետականութեանը։ Փոխանակ պատմական անհերքելի փաստերով ապացուցի, պաշտպանի մեր շահերը, կատարում է թուրք-ադրբեջանական պարտադրանքները։
Համոզուած եմ, որ վերը նշուած երկու կէտերն էլ իրացնելով, յաջորդը լինելու է թուրքերի պահանջը, որ ճանաչուի Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը, որպէսզի վերջ դրուի մեր պատմական յիշողութեանը։
Վարչապետն ասում է, թէ մոռացէք հայ-ադրբեջանական պատերազմի մասին։ Բայց ո՞վ է ցանկանում պատերազմել։ Մենք ցանկանում ենք գործի դնել մեր հզօր փաստաթղթերը, որպէսզի միջազգային հանրութիւնը, միջազգային ատեանները որոշեն, պատասխանեն դրանց ճշմարտացիութեան մասին, իրաւական հիմքի մասին։
Եթէ վարչապետն, անընդհատ մեզ ահաբեկելով, կատարում է թուրք-ադրբեջանական պահանջները, դրա համար քրէական յօդուած չկա՞յ։ Նա մեր՝ հայ ժողովրդի իրաւունքները ոտնահարում է, չի ճանաչում եւ չի ընդունում, որ մենք չենք կարող մեր յիշողութիւնը ջնջել։ «Ով յիշողութիւն չունի, նա ապագայ չունի»։ Այսինքն, նա մեզ մեր ապագայից էլ է զրկում։ Իսկ մենք հասկանում ենք, գիտենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը (լծակից զոյգը) ցանկանում է տիրանալ մեր տարածքներին եւ ջնջել հայերին՝ 110 տարուայ առաջ իրականացրած սպանդը հասցնել իր աւարտին։
Այս մասին պէտք ի յայտնել միջազգային հանրութեանը, եթէ նրանք չգիտեն կամ գիտենալով, մեզ հրում են դէպի այդ անորոշութիւնը։ Նրանք չեն պատկերացնում, թէ ինչ է մեզ պարտադրուած։ Նրանց համար խաղաղութիւն է հարկաւոր։ Մենք էլ ենք ցանկանում խաղաղութիւն, բայց արժանապատիւ, պատմական, իրաւական արդարութեան վերականգնումով։
*Լրագրողների միջազգային միութեան անդամ