ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտորնական կոմիտէի Հանրային կապի յանձնախմբի կազմակերպութեամբ, Շաբաթ, Յունիս 13ին, Հայ օգնութեան միութեան կենտորնատեղիի ժողովասրահում տեղի ունեցաւ միօրեայ սեմինար՝ «ՀՅԴ քարոզչական աշխատանքներում բարձրակարգ արհեսագիտական (High Tech) միջոցների նպատակասլաց եւ արդիւանաւէտ օգտագործման» նիւթին շուրջ:
Առաւօտեան ժամը 10ից մինչեւ երեկոյեան ժամը 4 տեւած սոյն սեմինարին մասնակցում էին շրջանի կոմիտէութիւնների հանրային կապի հարցերով ընկերները, «Ասպարէզ» օրաթերթի խմբագիրը, «Հորիզոն» հեռուստակայանի տնօրէնը, ինչպէս նաեւ ուղեկից կազմակերպութիւնների, այդ թւում՝ ՀՕՄի, ՀՄԸՄի եւ «Համազգային»ի ներկայացուցիչները:
Սեմինարի բացումը կատարեց Հանրային կապի յանձնախմբի ատենապետ Պետիկ Թաշճեանը՝ նշելով, որ սեմինարի հիմնական նպատակն է մասնակիցներին ներկայացնել եւ ծանօթացնել տեղեկատուական, հաղորդակցական եւ հեռահաղորդակցական այն նորագոյն հնարաւորութիւնները, որոնք այսօր օգտագործւում են տեղեկութիւնների հոսքը եւ քարոզչական աշխատանքները ամենակարճ ժամանակահատուածում եւ արդիւնաւէտօրէն հասարկութեանը փոխանցելու համար:
Այնուհետեւ նա հրաւիրեց Կենտորնական կոմիտէի մօտ հանրային կապի հարցերով պատասխանատու Յարութ Մանուկեանին՝ իր խօսքն ասելու սեմինարի մասնակիցներին: Ընդգծելով, որ սեմինարը իր բնոյթով ու իմաստով կարելի է եզակի համարել շրջանի կոմիտէութիւնների աշխատանքների մէջ, Յարութ Մանուկեանը յոյս յայտնեց, որ ստացած ծանօթութիւններն ու տեղեկութիւնները կ՛օգնեն մասնակիցներին, որպէսզի նրանց ջանքերով հասարակական աւելի լայն զանգուածներ հնարաւորութիւն ունենան տեղեկանալու գաղութումս կատարուող քաղաքական ու հասարակական աշխատանքների մասին:
Սեմինարի առաջին զեկուցաբերը Հարմիկ Բաղդասարեանն էր, որը խօսեց High Tech-ի հնարաւորութիւններով ՀՅԴ Բիւրոյի արխիւները վերակազմակերպելու եւ արդիականացնելու աշխատանքների մասին: Անդրադառնալով High Tech-ի միջոցների օգտագործումը միօրինականացնելու անհրաժեշտութեանը՝ նա մասնաւորապէս շեշտեց համակարգչային Unicode հայկական տառատեսակները ամէնուր օգտագործելու հարցը, որով հնարաւորութիւն կ՛ընձեռուի ձերբազատուել բազմատեսական ու բազմազան հայկական տառատեսակներից ու ստեղնաշարերից:
Երկրորդ զեկուցաբերը Լեւոն Պարոնեանն էր, որը խօսեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի քարոզչական աշխատանքների համար օգտագործուող համացանցային հնարաւորութիւնների մասին, հաստատելով այն արդիւնաւէտութիւնը, որ ձեռք է բերուել այդ հնարաւորութիւնների լաւագոյնս կիրառելու շնորհիւ:
Կարեւորելով այսօրուան աշխարհում High Tech-ի հնարաւորութիւնների նպատակասլաց օգտագործումը, Լեւոն Պարոնեանը օրինակ բերեց նախագահ Օբամայի ընտրական քարոզարշաւներում բազմազան միջոցների, որոնց թւում՝ բջիջային հեռախօսներով Text Massaging-ի ծաւալուն գործածութիւնը, որը նշանակալից դեր ունեցաւ Օբամայի ընտրարշաւը յաջող կերպով առաջ տանելու, եւ արդիւնքում՝ նրա յաղթանակը ապահովելու գործում:
Երրորդ զեկուցաբերը «Ասպարէզ» օրաթերթի անգլերէն բաժնի երիտասարդ աշխատակիցներից Ալէն Եքիքեանն էր, որը հանգամանօրէն խօսեց «Ասպարէզ»ի նոր կայքէջի մասին՝ նշելով, որ կայքէջի ընձեռած հաղորդակցական հնարաւորութիւնների շնորհիւ, աշխարհի զանազան վայրերից ստացւում են արձագանգներ, ինչը ցոյց է տալիս, որ թերթի կայքէջը լայն տարածում է գտել աշխարհով մէկ եւ յարաճունօրէն մեծացել է ընթերցողների թիւը։ «High Tech-ի ընձեռած հնարաւորութիւնների շնորհիւ, այսօրուան դրութեամբ «Ասպարէզ»ը, իսկ վերջերս նաեւ «Հորիզոն» հեռուստակայանը կարելի է ընթերցել ու դիտել բջիջային հեռախօսների փոքրիկ ցուցապաստառներով», ընդգծեց Ալէն Եքիքիեանը, որը իր կարեւոր ներդրումն է ունեցել թերթի նոր կայքէջի զարգացման ու ստեղծման գործում:
Չորրորդ զեկուցաբերը Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական վարչութեան ատենապետ Վաչէ Թովմասեանն էր, որը խօսեց բարձրակարգ արհեստագիտական այն միջոցների մասին, զորս օգտագործում է ՀԵԴն՝ իր քարոզչական աշխատանքները առաջ տանելու համար: Նա նաեւ մանրամասնութիւններ յայտնեց ՀԵԴի ջանքերով ստեղծուած կայքէջերի եւ այդ կայքէջերը այցելող ամերիկահայ երիտասարդների յարաճուն թուի մասին:
«Այդ կայքէջերի մի մասը գործածւում է կազմակերպութեան ներսում, իսկ միւս մասը ծառայում է իբրեւ քարոզչական միջոց՝ հասարակութեան եւ մասնաւորաբար երիտասարդութեան հետ կապ ստեղծելու նպատակով», նշեց Վաչէ Թովմասեան:
Վերջին զեկուցաբերը High Tech-ի հարցերով փորձագէտ Պերճ æամջեանն էր, որը խօսեց համակարգչային տեղեկութիւնների եւ արձանագրուած տուեալների պաշտպանութեան եւ անվտանգութեան ապահովման կարեւորութեան մասին: Նա ներկայացրեց նաեւ թուայնագրման կարգով արխիւային կարեւոր նիւթեր, գրքեր եւ այլ փաստաթղթեր՝ համակարգչային համակարգում տեղակայելու եւ փոխանցելու հնարաւորութիւնների մասին: Խօսելով հայկական Unicode տառատեսակների կարեւորութեան մասին՝ Պերճ æանջեանը շեշտեց, որ ներկայումս հայկական հաստատութիւնները սկսել են մեծապէս օգտագործել այդ տառատեսակները, հայերէն միօրինակ եւ միատեսակ ստեղնաշար ապահովելու նպատակով:
Նշենք, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ելոյթից յետոյ մասնակիցներին առիթ տրուեց հարցումներ ուղղելու իրենց հետաքրքրող նիւթերի եւ հարցերի շուրջ։ Իսկ բոլոր զեկոյցները ներկայացուեցին համակարգչային ցուցապատկերներով (Power Point)։
Սխալ կը բացատրէ այս յօդուածը։ Unicodeո՛վ ալ կան բազմազան տառատեսակներ եւ ստեղնաշառեր։ Միակ տարբերութիւնն է թէ Unicodeը միջազգային standard encoding է գրութիւնները։ Յարգանքներով։