ԵՐԵՒԱՆ.- Հայկական Ցեղասպանութեան թանգարանէն ստացուած հաղորդագրութիւն մը կը յայտնէ.
«Հայկական կոտորածները եւ հայերի դէմ իրագործուած Ցեղասպանութիւնը մշտապէս եղել են հայկական ու արտասահմանեան մամուլի ուշադրութեան կենտրոնում: Այս առումով, մամուլի անդրադարձներն ու հրապարակումները կարեւոր սկզբնաղբիւր են հանդիսանում Հայոց Ցեղասպանութեան հետ առնչուող հիմնահարցերի լուսաբանման համար եւ ունեն սկզբնաղբիւրային բացառիկ նշանակութիւն: Ուշագրաւ են յատկապէս անգլիական, ռուսական, ֆրանսիական, ամերիկեան եւ այլ երկրների մամուլի հրապարակումները, որոնք անդրադառնում են աբդուլհամիդեան կոտորածներին, Ադանայի արհաւիրքին եւ 1915-1922թթ. ցեղասպանութեանը:
Յատկապէս ուշագրաւ են այն հրապարակումները, որոնց կցուած են բացառիկ նշանակութեան լուսանկարներ: Նմանատիպ հրապարակումները, փաստօրէն, կարեւոր տեղեկութիւններ են հաղորդում ցեղասպանութեան, դրա ընթացքի եւ հետեւանքների մասին: Արտասահմանեան մամուլի հրապարակումները, որոնք Թուրքիայի կողմից հայերի դէմ իրագործուած բռնութիւնները դատապարտող բովանդակութիւն են պարունակում, հանդիսանում են անուղղակի վկայութիւններ՝ հայերի դէմ իրագործուած Ցեղասպանութեան իրողութեան մասին:
Հետաքրքիր խումբ են կազմում մամուլի այն հրապարակումները, որտեղ Հայոց Ցեղասպանութեան թեման ներկայացւում է առաջին էջերին: Այդպիսի հրապարակումներ մամուլում եղել են ինչպէս 19րդ դարի վերջին եւ 20րդ դարի սկզբին, այնպէս էլ՝ շարունակւում են հրապարակուել մեր օրերում:
Նմանատիպ միջազգային արձագանգները վկայում են Հայոց Ցեղասպանութեան արդիականութեան, ինչպէս նաեւ՝ միջազգային հանրութեան շրջանում եղած եւ առկայ իրազեկութեան մասին:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացուած օն-լայն ցուցադրութիւնը չի յաւակնում ներկայացնել նմանատիպ հրապարակումների ամբողջական եւ վերջնական ցուցադրութիւնը: Ներկայացուող համապարփակ ցուցադրութիւնը բաց է նոր նիւթերով համալրուելու համար:
Սոյն նիւթերը տեսնելու համար կրնաք այցելել http://www.genocide-museum.am/arm/online_exhibition կայքէջը: