ՊՐԻՒՔՍԷԼ, «Նիուզ.Էյ.Էմ.».- Եւրոպայի միութեան (ԵՄ) արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն ներկայացուցիչ Հաւիէ Սոլանա «Կազեթա.ռու.»ի թղթակիցին յայտնած է, որ Եւրոմիութիւնը արդէն տարբեր ուղիներով ներգրաւուած է «արեւելեան հարեւաններու» միջեւ առկայ ձգձգուող հակամարտութիւններու լուծման ուղիներու որոնման գործին մէջ, եւ կարեւոր դեր կը խաղայ վրացական հարցով միջազգային ժընեւեան խորհրդակցութիւններու գծով:
«Մենք գործօն մասնակցութիւն կը բերենք Մերձդնեստրի մէջ «5+2» ձեւաչափով ընթացող բանակցութիւններուն, եւ ամբողջութեամբ կ՛աջակցինք ԵԱՀԿ Մինսկի խումբին՝ ԼՂ հարցի գծով», յայտնած է Սոլանա ու աւելցուցած, որ «Հարաւային Կովկասի եւ Մոլտովայի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչները յաճախ կ՛այցելեն տարածաշրջան, օգնելով հակամարտող կողմերուն համագործակցութեան միջոցով լուծում գտնելու մեր միջազգային գործընկերներու եւ բոլոր շահագրգիռ կողմերուն հետ»:
Սոլանա նաեւ ընդգծած է. «Մենք վստահ ենք, որ բոլոր հակամարտութիւններու լուծման ուղղուած ջանքերը պէտք է տեղաւորուին արդէն գոյութիւն ունեցող բանակցային ձեւաչափերու մէջ: Առաւել եւս, որ «արեւելեան գործընկերութիւն» բազմազգ ձեւաչափը լաւ հնարաւորութիւն կու տայ, որպէսզի քննարկուին այդ հարցերը»:
ԱՇԽԱՐՀՆ ՈՒ՞Ր ԷՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ…,
ԿԱՄ 1994-Թ. ԲԻՇՔԵԿՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՐԲԱԳՐՄԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ
************************************************************************************************************************
Այսօրվա Ղարաբաղյան թնջուկի հիմքը դրվեց 1994թ Բիշքեկյան զինադադարով: Ադրբեջանական կողմն ավելի էր ձգտում այդ փաստաթղթի օր առաջ ստորագրմանը, քանզի այդ ժամանակ էր, որ մեր ազատամարտիկները շրջան- շրջանի հետևից ազատագրելով տարածքները առաջ էին գնում ու անգամ այդ օրերին շրջանառության մեջ դրվեց ուրախալի լուրեր մեր հաղթական առաջխաղացման, որ մեր ազատամարտիկները շուտով կհասնեն Բաքու:
Խորամանկ Հեյդար Ալիևը տեսավ, որ հայը կատաղել է ու դեմն առնել հնարավոր չէ, իսկ իր զինվորի մոտ բարոյահոգեբանական անկում կա, բանակում պարտվողական հոգեբանությունն է գերիշխողը, շտապեց հետագա առաջխաղացումը կանխելու համար խորամանկել, լեզու գտնել Լևոն Տեր Պետրոսյանի հետ ու 1994թ. Բիշքեկում կնքել զինադադարի պայմանագիր իրեն հարմար տարբերակով, մի պայմանագիր, որը խայտառակություն կարելի է անվանել Հայկական կողմի. առանձնապես Լևոն Տեր Պետրոսյանի համար:
Լինելով հաղթող կողմ մենք պետք է այդ զինադադարում մեր կամքը թելադրեինք ու շահեկան դուրս գայինք, ինչը հատուկ է պատերազմում հաղթող կողմին, բայց քանի որ Լևոն Տեր Պետրոսյանի դիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները զրոյական էին, ( չեմ վարանում այս գնահատականիս համար, քանզի դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ ՍՍՌՄ պատմությունից պետք սերտած լիներ, թե
ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին կնքվեց կապիտուլիասիայի ակտ և Ռուսաստանի ենթակայության տակ անցան Գերմանիայի կեսը, և բոլոր այն պետությունները, որոնց ազատագրել էր Ռուսաստանը.Լեհաստան, Հարավսլավիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա…) ունեցանք խայտառակ մի փաստաթուղթ, որը Ղարաբաղի հետագա ճագատագիրը դրեց անելանեի վիճակի մեջ մինչ այսօր:
թեկուզ անգամ այդ զինադադարից անմիջապես հետո հռչակվեր Ղարաբաղի վերամիավորումը մայր հայրենիքին, այդ պահին միջազգային կառույցների կողմից նորմալ կընդունվեր, բայց չարվեց:
1994թվականի զինադադարին թույլ տրվեց այնպիսի ճակատագրական սխալ, որ
այդ սխալը հետագայում հնարավոր չեղավ շտկել անգամ հենց իրեն’ Լևոն Տեր Պետրոսյանին, այնուհետև Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ Սերժ Սարգսյանին : Լևոն Տեր Պետրոսյանը այդ հաղթանակներին ինչպես հարկն է տեր չկանգնեց, մեր հաղթանակները հողին հավասարեցրեց, ջուրը գցեց: Ղարաբաղյան ազատագրագան, հայրենատիրական պատերազմի հաղթանակները մե՜ծ հարցականների տակ դրեց, փոխարեն հաղթող կողմն իր կամքը թելադրեր ու իր հաղթանակներն արժևորեր, կնքվեր հստակ մի փաստաթուղթ, որը կվերամիավորեր Ղարաբաղը մայր հայրենիքին, բայց ընտրեց բանակցային ճանապարհը. այսինքն’ ցանեմ չկանաչի…,
մի գործընթաց, որն աշխարհի պրակտիկայում դժվար իրականանալի է ու հաջողության հասնելու շանսերն էլ զրոյական :
Հիմարություն, միթե՞ “գիտելիքների շտեմարան”” Լևոն Տեր Պետրոսյանը չգիտե՞ր, որ պետություն հռչակելու համար գոնե 1միլ -կամ, գոնե մինիմալ թվաքանակ’ 0,5 միլ մարդ պետք է ունենար Ղարաբաղը , իսկ մի բուռ հայություն ունեցող Ղարաբաղին հռչակել “Ղարաբաղի հանրապետություն”. ծիծաղելի է չէ՞…
դա նման է, երբ մի հսկա տարածքի վրա հատ ու կենտ ծառեր ու թփեր լինեն, և այն անտառ անվանել, կամ նման մի բան…
Այնքան եմ գրել այդ մասին, որ հոգնել եմ. գրել եմ զինադադարի պահից ի վեր ու դատապարտել, բայց հիմա ինչքան էլ քննադատենք ու դատափետենք Լևոնի սնանկ
դիվանագիտությունը, ունենք այն ինչ ունենք.
ինչպես ասում են գիժը մի քար գցեց փոսը’ հազար գիտուն չի կարողանում հանել.
սա այդ դեպքն է:
Հարց է ծագում.
Արդյո՞ք մեր կաղող արտաքին դիվանագիտական գիտելիքների պակասը չէ՞,
որ շուրջ 15 տարի’ 1994թվականից ի վեր անպտուղ բանակցությունների արդյունքում այսօր հայտնվել ենք փակուղում.
որո՞նք են այդ քայլերն ու ուղիները , որ մեզ կցուցանեն այս լաբիրինթոս հիշեցնող գորդիան հանգույցից դուրս գալու ճանապարհները և այդ փնտրտուքներն ու՞ր են տանում մեզ.
ՎՍՏԱՀ ԵՄ.
Դժվար, բայց ճիշտ դիվանագիտական հնարքների ու հնարամտության արդյունքում շահեկան վիճակում կհայտնվենք: 2008-ի օգոստոսին Օսիայի վրա Վրաստանի հարձակումից հետո Ռուսաստանը տեր կանգնեց ոչ միայն Օսետիային, այլ նաև Աբխազիային, կատարվածը որակելով ցեղասպանություն, որին հաջորդեց ճիշտ ու վճռական քայլ. ճանաչեց ոչ միայն Օսիայի անկախությունը, այլ նաև Աբխազիայի. մի գնդակով երկու նապաստակ խփեց . ճանաչելով այս երկու ինքնահռչակ պետությունների անկախությունը, առավ իր հովանու տակ: Այսօր թեև աշխարհը կտրականապես դեմ է ու բարձրաձայնում է, որ չի ճանաչելու նրանց անկախությունը, բայց թիկունքում ունենալով Ռուսաստանին, այս երկու ինքնահռչակ պետությունները թքած ունեն աշխարհը կճանաչի, թե՞ չէ. Օսիան ու Աբխազիան պաշտպան ունեն. մեծ ու հզոր Ռուսաստան: Ինչքան էլ Ամերիկան Վրաստանին ասի, թե ինքը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց մենք հո գիտենք չէ՞, որ Թուրքիան Հայկական ծովից – ծով արևմտյան մեր տարածքներին ցեղասպանության արդյունքում խարդախորեն տիրացավ, հիմա այդ նույն աշխարհի տերը’ Ամերիկան իրեն անզոր է ձևացնում ճշմարտությունը բարձրաձայնելու, հստակորեն ճիշտը թուրքի երեսին ասելու, կամ Կիպրոսի կեսը Թուրքիան հռչակեց “Կիպրոսի Թուրքական Հանրապետություն”‘ Ամերիկան լուռ է,
Իսրայելի կողմից Պաղեստին պետության բռնազավթումն ու վայրագությունները, Ամերիկայի կողմից Իրաքում տարիներ ձգվող պատերազմը, վերջապես Սերբիայից Կոսովոյի բռնի անկախացումը աշխարհի տերերի կողմից…
Աշխարհը լեցուն է անթի՜վ, անհամա՜ր անարդարություններով,
իսկ մենք արդարություն ենք փնտրում, որտեղ չկա, որտեղ ջունգլիական օրենքներն են գործում, որտեղ ուժեղը միշտ էլ ճիշտ է ու հաղթող. վա՜յ նրան, ով թույլ է ու անկարող…
2008-ին, երբ Ռուսաստանը ճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունը,
ամբողջ Ռուսաստանյան լրատվամիջոցները լծվեցին դատապարտելու Վրաստանի հարձակումն Օսիայի վրա, թերթերն ու հեռուստաալիքները հեղեղվեցին լրագրողների պատրաստած ռեպորտաժներով ու հոդվածներով, որտեղ հաստատվում էր Վրաստանի ագրեսիան, ցուցադելով սահմռկեցուցիչ կադրեր Օսետիայից, կատարվածը միաձայն որակելով ցեղաuպանություն Վրաստանի կողմից օս ու աբխազ ժողովրդի նկատմամբ և այդ օրերին Լավրովը բազմիցս բացատրություններ էր տալիս լրատվամիջոցներին, որ Աբխազիան ու Օսիան Վրաստանին բռնակցված են եղել Ստալինի ռեժիմի օրոք:
Լավրովի մտքերը պետք է մերոնք շարունակեին ու Ռուսաստանին հիշեցնեին, պահանջեին, որ ոչ միայն Օսետիան ու Աբխազիան է բռնակցված եղել Ստալինի ռեժիմի օրոք, այլ եկել է ճիշտ պահը, որ Ռուսաստանը շիրմայի տակից դուրս հանի գլուխն ու իր ռազմավարական ընկերոջ` Հայաստանի հետ գոնե մեկ անգամ ազնիվ լինի. Ղարաբաղի և Նախիջևանի բռնակցման մասին նույնպես բարձրաձայնի, քանի որ Ստալինի բռնակցված տարածքային զոհերի թվում ամենամեծ զոհաբաժինը Հայաստանին է բաժին ընկել. մենք կորցրել ենք ոչ միայն Ղրաբաղն ու Նախիջևանը, այլ Ռուսաստանը Թուրքիային նվիրեց ծովից-ծով մեր Արևմտյան Հայաստանը, հիմա էլ Ռուսաստանը բերանը սրբել հեռու է քաշվել ու հեռու – հեռվից դիտում է, թե ինչպես է հայը պայքարում, որ իր կորցրած տարածքները հետ բերի: Քանի մենք չենք տրորել սպիտակ արջի թաթը, դեռ երկար ու դժվարին պայքարի ուղի պիտի անցնենք կորցրածը հետ բերելու:
Ռազմավարական դաշնակից ասելով, ես հասկանում եմ ազնիվ հիմունքների վրա հիմնված գործընկերությունը:
Ռուսաստանը իր մի թիզ հողը կնվիրի՞ որևէ պետության, բա ի՞նչ բարոյական իրավունքով մեզ կողոպտեց, այո կողոպտեց: Օսետիայի և Աբխազիայի անկախության համար ամբողջ աշխարհի հետ ընդհարման, պատերազմելու պատրաստ Ռուսաստանը ինչու՞ այդ օրերին պահը չօգտագործեց, գոնե մի թույլ բերան Ստալինյան բռնակցման զոհերի թվում հիշատակեր Ղարաբաղի ու Նախիջևանի անունները. այդ ժամանակ արժանի կլիներ նա մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամը կոչվելու:
Այսօր, ինչքանով Թուրքիան է պատասխանատու օսմանյան կայսրությունում մեր տարածքների թալանի համար (Ես 1,5միլ մեր զոհերին չեմ մոռանում. այս պահին
վերլուծությանս թեման տարածքային խնդիրներն են), Ռուսաստանն էլ լինելով Սովետական միության իրավահաջորդը, պատասխանատու է մեր Արևմտյան տարածքները Թուրքիային նվիրելու, ինչպես նաև Ղարաբաղի ու Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին:
Մեր կառավարությունը,
լրատվամիջոցները այդ օրերին առիթը չպետք է բաց թողնեին, լրատվամիջոցները պետք է մեկ մարդու նման արձագանքեին, բարձրաձայնեին ինչպես Ռուսաստանյան ԶԼՄ-ները, ու մեր ազգային ժողովը պետք է Ղարաբաղի ճանաչման որոշում կայացներ անմիջապես. ինչպես ասում են երկաթը տաք-տաք են ծեծում, պահը չկորցնելով: Ցավոք ազգային ժողովն այդքան էլ ազգային չէ, իսկ մեր ԶԼՄ-ները ակտիվ դերակատարություն ունեն երկրի ներքին կյանքը քաոսային վիճակում պահելու գործում, նրանք լծված են Ազատության հրապարակում ԿՈՆԳՐԵՍԻ աշխատանքները լուսաբանելով. նրանց համար ազգային խնդիրները խորթ թեմա է , տեսադաշտից շա՜տ հեռու է, շա՜տ…
Եթե մենք այդ օրերին ոտքի կանգնեինք, ինչպես 88-ի զարթոնքի ժամանակ ու հռչակեինք Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին, Ադրբեջանն ոչինչ չէր կարող անել հարմարվելուց զատ, իսկ եթե հարձակվեր էլ այն երկար չէր տևելու, ճնշվելու էր…
Հետևելով Լավրովի օրինակին, նույն բացատրությունը մեր արտգործնախարարը կարող էր տալ Ղարաբաղի բռնակցման համար, բայց չարեցին… Թուրքը նման առիթը ձեռից բաց չէր թողնի. իսկ մենք աշխարհին միշտ փորձում ենք համեստ, քաղաքակիրթ երևալ, որ չկարծեն, թե բանակցել չենք կարող:
Ղարաբաղյան պատերազմը երևի այդքան երկար չձգվեր, , եթե այդ տարիներին բացվեին ռուսական արխիվներն ու աշխարհին ներկայացվեր Ղարաբաղի բռնակցման փաստերն ապացույցներով: Այնքան շատ էր հետաքրքրություններս ու անհանգստությունս այս առիթով, որ մի օր պարազաբանումների ակնկալիքով նամակով դիմեցի
սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանին.
*
Հարգարժան Լյուդմիլա Հարությունյան
*
Անկախությունից ի վեր ես փնտրում եմ իմ հարցերի պատասխանները.
Եթե մենք այսօր համարում ենք Թուրքական կառավարությանը Օսմանյան կայսրությունում նրանց նախնիների կատարած ոճրագործության պատասխանատուն, ինչու՞ նույնը չենք պահանջում մեր դաշնակից Ռուսաստանից, քանի որ նա ոչ պակաս պատասխանատու է Ադրբեջանին մեր տարածքների բռանկցման ու մեր պատմական հայրենիքի` Թուրքիային նվիրատվության համար: Միթե՞ ռուսական արխիվներում չեն պահպանվում համապատասխան փաստաթղթեր, թե՞ մեր դիվանագիտությունն է կաղում վեր հանելու հույժ կարեւոր մի իրողություն, որ լույս կսփռի շատ մութ ու կնճռոտ հարցերի վրա:
*
ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ
*
Շնորհակալ եմ հարցի համար, որովհետեւ կարծում եմ` սա Հայաստանի վաղվա արդիական խնդիրներից մեկն է:1989 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը սովետմիության պատգամավորների առաջին կոնգրեսի ատյանից կարդաց մի դիմում, որում պահանջվում էր մոսկովյան պայմանագիրը չեղյալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտության մեջ, այլ նաեւ` քաղաքականության. մարդն իր հեղինակությունը դրեց` այդ հզորագույն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկվայից խոսվեց, բայց Երեւանից չխոսվեց այն պատճառով, որովհետեւ անկախությունից հետո Հայաստանի լիդերական կազմը մի խնդիր էր ուզում լուծել` լավացնել հարաբերությունը Թուրքիայի հետ եւ միգուցե Հայաստանը դուրս բերել շրջափակումից:Չեմ ուզում խորանալ` ճիշտ էր դա, թե սխալ, բայց Վ. Համբարձումյանի այդ քայլը Հայաստանում իշխանության կողմից ընկալվել չէր կարող: Սակայն ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է բարձրանա, եւ այո, Ղարաբաղի հարցի լուծումից հետո մենք հնարավորություն կունենանք խոսելու եւ այդ հարցերի մասին: Ցավոք սրտի` հայոց պատմությունը դեռ մարսված չէ, եւ մենք բազում պատմական խնդիրներ ունենք լուծելու, որոնք երջանիկ պետությունները լուծել են պատմական ճշգրիտ պահին: Մեր ազգը ճշգրիտ պահին չի կարողացել լուծել եւ թողել է հաջորդ սերունդներին:
*
Հարգանքներով’ Լյուդմիլա Հարությունյան
**
Կարծում եմ այս պահին էլի լուծում կա. Սերժ Սարգսյանը պետք է պահանջի արտգործանախարար Նալբանդյանի հրաժարականը, ի նշան անհամաձայնության բանակցությունների ձախողման, ու որպես նոր տակտիկական քայլ, բանակցային նոր ձևաչափով, նախ հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ առանց
Ղարաբաղի նախագահի, կամ արտգործնախարարի մասնակցության, հրաժարվի
նախքինում եղած բոլոր անպտուղ բանակցություններից, նամանավանդ Մադրիդյան
սկզբունքներից ու նոր էջից սկսվի Հայաստան-Ղարաբաղ -Ադրբեջան բանակցություններն ու հանդես գան ոչ թե պարտվողի դիրքերից, այլ հաղթողի ու պահանջատիրոջ::
Եթե մեր պահանջներին համաձայն չէ Ադրբեջանը, ուրեմն Հայաստանը պետք է հայտարարի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին, գրավյալ տարածքներով հանդերձ, կամ էլ ճանաչի Ղարաբաղին որպես առանձին պետություն, ինչպես Թուրքիան Կիպրոսը գրավելուց հետո բոլորովին վերջերս’ 2 տարի առաջ հռչակեց
“Կիպրոսի Թուրքական հանրապետություն”:
Ինչքան խեղճի, թույլի, աղքատի դիրքերից հանդես գանք, այնքան ճնշումներն ուժեղ են լինելու: Ի՞նչ նպատակ են հետապնդում Մինսկի համանախագահների շտապողականությունները, որ շու՞տ ավարտին հասցնեն Ղարաբաղի հարցը և տարածքներ զիջելու պահանջներ են դնում Հայաստանի դեմ: Ժամանակ խնայելու համար չթվեմ այն պահանջները, որոնք շարադրված են Մադրիդյան սկզբունքներում ու համարյա բոլորն էլ իրականում բխում է Ադրբեջանի շահերից. նամանավանդ տարածքների վերադարձը: Արդյո՞ք նման հարցականներով լեցուն կարգավիճակի ձեռք բերումը երկա՞ր կձգի խաղաղությունը, կամ երկա՞ր կվայելի Ղարաբաղը այդ հարաբերական խաղաղությունը , երբ դրված է ադրբեջանցի փախստականների վերաբնակեցումը բուն Ղարաբաղում, այն դեպքում, երբ 15 տարի առաջ իրենց տվյալներով նրանց թիվը 1միլ. է եղել, բա հիմա՞. երևի 2 մի՞լ.
Մեծամասնություն կազմող ադրբեջանցին նորից բամփելու է հայի գլխին, դրա համար
չէ՞ր Արցախյան զարթոնքը, պատերազմը…
Եթե չենք հասնելու կարգավիճակի մեզ ձեռնտու տարբերակին, ուրեմն պետք է սառեցնել բանակցությունները, կտրուկ փոխել բանակցային ռազմավարությունը:
Աշխարհը թող սպասի, իսկ այդ ժամանակահատվածը հայը պետք է օգտագործի
զինվելու, Ղարաբաղը հզորացնելու և մարդու թվաքանակն ավելացնելու համար…
Միջազգային հանրությունն ի՞նչ իրավունքով է ճնշումներ գործադրում Հայաստանի վրա, երբ մեր ազգը հենց այդ միջազգային հանրության դաժան զոհն է. բազմիցս եմ ասել ու կասեմ.
ՈՒ՞ր էր աշխարհը, երբ թուրքը շուրջ 30 տարի ծրագրված բնաջնջման
քաղաքականություն էր տանում ազգիս նկատմամբ. աչքները գոցած, ականջները փակակած հետևում էին, թե ինչպես է գազան թուրքը հոշոտում ազգիս:
Նույն աշխարհն այսօր, նույն հաջողությամբ փորձում է կոծկել Հայոց եղեռնը, սիրաշահելով Թուրքիային ու դառնալով նրա հանցակիցը …
*
ՈՒ՞ր էր այս աշխարհ կոչվածն Ղարաբաղյան պատերազմին. այս քաղաքակիրթ դարում շուրջ 4 տարի տևած
անհավասար, արյունահեղ պատերազմին, ու՞ր էր աշխարհը, երբ ցեղասպանություն ապրած մի բուռ ազգիս վրա էր հարձակվել թուրք ազերին իր թիկունքում ունենալով սովետական բանակի զինվորին, թուրք ու աղվան մոջահեդներին, չեչեն ու արաբ, անգամ ուկրանիացի սնայպերիստների աջակցությունը, այդ նույն աշխարը ինչու՞ չփորձեց կանխել արյունահեղությունը, իսկ այսօր իրենք իրենց խաղի կանոններն են թելադրում ու տարածքի վերադարձի մասի՞ն են բարբառում ու բարբաջում , երբ մի բուռ ազգիս դեմ ողջ մուսուլմանական աշխարհն էր կռվում, իսկ միջազգային կառույցները լոկ դիտողի դերում էին: Հետաքրքիր է այդ հաշտարարներն ու՞ր էին կորել այդ պատերազմական տարիներին, թե՞ նրանք էլ սպասում էին, թե ե՞րբ է թուրքը ազգիս բնաջնջելու:
Հավերժ փառք ու պատիվ ու խոնհարում մեր հերոս ազատամարտիկներին, բոլոր նվիրյալներին, թեկուզ հազարավոր զոհերի գնով, անհավասար, պարտադրված ազատագրական պատերազմում կարողացան հաղթել ու մեր Արցախ աշխարհը ազատագրել:
Հիմա ի՞նչ բարոյական իրավունքով են պարտադրանքներ ներկայացնում մեզ.
Այդ երկդիմի միջնորդները’ հատկապես երկու լարի վրա խաղացող Մեթյու Բրայզան, ինչու՞ հայ փախստականների մասին գիտակցաբար լռում է , բայց ադրբեջանցի փախստականի մասին չի մոռանում. ինչու՞ պիտի ադրբեջանցի փախստականը վերաբնակեցվի Ղարաբաղում, իսկ հայ փախստականը չվերաբնակեցվի Բաքվում, Սումգաիթում, կիրովաբադում… ինչու՞ պիտի ադրբեջանցի փախստականը վերադառնա Ղարաբաղ. ինչու՞, ինչու՞ և
այս ինչուները կարոտ են պատասխանի, որը մեր իրավունքների անտեսման մասին են խոսում. նորից Ղարաբաղցուն ադրբեջանցու լծի տակ պահելու հեռահար մտադրությունները չե՞ն արդյոք այդ բանակցությունների հիմքում ընկած: Հայ դիվանագիտական պարտությունների հիմքը դրվեց ԼԵՎՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ , շարունակվեց ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՈՎ ու ձգվեց մինչ օրս ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՈՎ: Ղարաբաղի ճակատագիրը 15 տարի շարունակ հայտնվեց
փակուղում. տարիների անպտուղ բանակցությունների արդյունքում այսօր ունենք խայտառակ մի փաստաթուղթ. “Մադրիդյան սկզբունքները”, որը փակված էր գաղտնիության սնդուկի մեջ, վրան էլ յոթ կողպեք, որ իրենց խայտառակությունը ոչ ոք չիմանա: Դա էլ դիվանագիտական նոր հնարք էր, Օսկանյանի դիվանագիտական աճպարարության մասին խոսող. իրականում, եթե ունենայինք պրոֆեսիոնալ դիվանագետ, էս օրին չէին լինի:
Շարունակեմ.
Այդ նույն աշխարհը սկսած Եվռոպառլամենտից, վերջացրած ՅՈՒՆԵՍԿՈ
կոչված կառույցով թքած ունեին, որ Ադրբեջանցի զինվորները բահով ու քլունգով, բուլդուզերներով ու տրակտորներով ջարդում ու երկրի երեսից ջնջում էին հազարավոր նոր Ջուղայի հազարամյա խաչքարերի հետքերն անգամ, այդ կառույցները լսում ու լռում էին, տեսնում ու
աչքները գոցում էին. Ձայն բարբառոյ յանապատե… այս դրածո կառույցները ուժեղին են պաշտպան, իսկ դեմոկրատիա, ժողովրդավարություն շինծու կարգախոսները մտրակի դեր են խաղում փոքր ու աղքատ ազգերին ճնշելու ու իրենց կամքը թելադրելու համար:
Աշխարհի հզորների երկդիմի քաղաքականության անթիվ, անհամար փաստեր կարելի է թվարկել, բայց կենտրոնանամ իմ բուն մտքին.
Քանի որ անկախությունից ի վեր Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, հայը պետք է խորամանկորեն այդ առիթն ի շահս յուր օգտագործի, քանի որ ունենք ստորագրված փաստաթղթեր պատերազմի մեջ հայտնված կողմերի փոխադարձ ռազմական աջակցության մասին:
ՈՒրեմն Հայաստանը պետք է հռչակի Ղարաբաղի անկախության ճանաչումը, կամ ավելի ճիշտ վերամիավորումը մայր հայրենիքին. այս դեպքում, եթե Ադրբեջանը հոխորտա Ղարաբաղը պատերազմով հետ վերցնելու, արդեն գործ կունենա նաև Ռուսաստանի հետ: Ռուսաստանը կկանգնի փաստի առաջ ու չի կարող տեր չկանգնել պատերազմի մեջ հայտնված Հայաստանին: Խորամակ դիվանագիտության արդյունքում մենք կունենանք մեծ ու հզոր Հայաստան:
Ադրբեջանցին մեզանից տարածք է ուզում, երբ մենք Ադրբեջանից էլի տարածքներ ունենք ստանալու. Գետաշեն, Մարտունի, Շահումյան, Նախիջևան…
Ինչու՞ Ադրբեջանցին ուզում է, իսկ մենք մեր տարածքները ջուրն ենք գցում.
լռում ու լռում ենք, լռում ու լռում ենք ամոթխած հարսի պես:
Մենք պետք է ձեռբազատվենք պարտվողի բարդույթից, վարենք կոշտ ու ճկուն քաղաքականություն, կուլ չգնանք համանախագահների ճնշումներին , ստիպողականությանն ու պարտադրանքներին, որը խոսում է Ադրբեջանի օգտին.
արդյունքում կկորցնենք այն, ինչն արյունով ենք ձեռք բերել, իսկ աշխարհի պրակտիկայում դեռ անտիկ դարերից է գալիս, որ արյունով վերցրած հողը
հետ չեն վերադարձնում:
Հիմա անհրաժեշտություն է վարել շախմատային ճշգրտությամբ քաղաքականություն. զոհաբերել մի զինվորի. արտգործնախարար Նալբանդյանին ի նշան նոր, կարծր տակտիկայով առաջնորդվելու. հիմնովին փոխելով բանակցությունների հետագա ռազմավարությունը :Պետք է արտգործնախարարի պորտֆելը վստահել նոր, պրոֆեսիոնալ դիվանագետի, որը ճիշտ ուղու վրա կդնի Ղարաբաղի բանակցային գործընթացը և Թուրքիայի հետ հարաբերվելու համար նրա հետին մտքերը կարդալ կկարողան, մենք շատ ունենք հարուստ դիվանագիտական գիտելիքներ ունեցող քաղաքագետներ, բայց ցավոք նրանց անհասանելի է արտգործնախարարի պորտֆելը:
Իսկ Է. Նալբանդյանը պահանջատեր նախարար դառնալու համար երկա՜ր ճանապարհ ունի անցնելու. ու դիվանագիտական կարողություն ձեռք բերելու, անհերքելի փաստ է, որ հայրենասեր ու հմուտ դիվանագետը իր պորտֆելից կհրաժարվեր, բայց եղեռնի տարելիցի նախօրեին’ ապրիլի 22-ի կեսգիշերին “ճանապարհային քարտեզի” տակ ստորագրություն չէր դնի…
*
Հիմա մեր կառավարության առաջ դրված է անցյալի դիվանագիտական սխալների սրբագրման հրամայականը. ճիշտ է շատ ուշացած, բայց և այնպես խիստ անհրաժեշտ: Այսօրվա Ղարաբաղյան թնջուկի սկիզբը դրվեց Բիշքեկյան զինադադարից ու եթե հիմա վարենք հավասարակշռված, ճկուն դիվանագիտություն, կկարողանանք սրբագրել ոչ միայն 15 տարվա վաղեմություն ունեցող Բիշքեկյան խայտառակ զինադադարի ճակատագական սխալները, որն այսօր բանակցային գործընթացում սպառել է իրեն ու արդյունքում սեղանին թողել մեզ պարտադրվող, ոչ հայանպաստ մի փաստաթուղթ’ Մադրիդյան սկզբունքները, այլ կկարողանանք ուղղել 2008-ի Ֆուտբոլային դիվանագիտության սխալ քայլերն ու մաքուր էջից
հարթել մեր տարածքային վեճերը, դրան հասնելու համար հարկավոր է փոխել ռազմավարությունը.
1. Հայաստանը պետք է հրաժարվի հետագա անպտուղ բանակցային գործըթացից,
2 . Առանց Ղարաբաղյան կողմի, հրաժարվել հետագա բանակցություններից.
3. Արտաքին գործոց նախարարի պորտֆելը վստահել հմուտ, պրոֆեսիոնալ
դիվանագիտական գիտելիքներ ունեցող դիվանագետի.
4 . Համագործակցել բոլոր հայ պրոֆեսիոնալ դիվանագետների հետ,
հաշվի նստել նրանց կարծիքի հետ:
5. Հրաժարվել միանձնյա որոշումներից ու քայլերից, ժողովուրդի կամքին
հակառակ.
6. Թե´ Թուրքիայի, թե´ Ադրբեջանի հետ վարել ճկուն ու կոշտ դիվանագիտություն,
առանց ծնկելու ու քծնանքի.
7. Չկենտրոնանալ սահմանի բացման վրա, քանի դեռ մեր տարածքների
ճակատագրերը անորոշության մեջ են, համ էլ իրականում այն մեր հողերն են:
8. Թույլ չտալ սխալ քայլեր, որ Թուրքիան կարողանա մոլորության մեջ գցել
աշխարհին, ինչպես վայելեցինք Ֆուտբոլային դիվանագիտության դառը
պտուղները.
9. Թուրքի հետ հարաբերվելիս երբեք խնդրողի ու թույլի դիրքերից հանդես չգալ.
10 . ՈՒժեղացնել լոբբիստական աշխատանքները աշխարհի այն պետությունների
խորհրդարանների հետ , որոնք դեռ չեն ճանաչել հայոց Մեծ եղեռնը և
առանձնապես Ամերիկայի կոնգրեսում .
11. Եվրոպառլամենտում մեր երկիրը ներկայացնեն, ոչ թե Զ. Փոստանջյանները,
այլ հայրենասեր պատգամավորներ, ովքեր սեփական հարցերը լուծելու համար
ադրբեջանցու ու թուրքի հետ դաշն չեն կնքի, որ պատժամիջոց կիրառվի
Հայաստանի նկատմամբ, որ հողին հավասարեցվի Հայաստանի վարքը…
12. Հանձնարարել նորանշանակ արտաքին գործոց նախարարին բացել Ռուսական
արխիվներն ու լույս սփռել Ստալինյան ռեժիմի հետևանքով Ղարաբաղի ու
Նախիջևանի բռնակցմանը .
13. Հանձնարարել արտաքին գործերի նախարարին հրավիրել գիտաժողով,
մասնակցությամբ պատմաբանների ու դիվանագետների, քննության առնել
Սևրի դաշնագրի ու Վուլդո Վիլսոնի ” Իրավարար վճիռների” հայանպաստ
կետերը ու մեր Արևմտյան Հայաստանի տարածքների հարցը վերջնական
լուծում ստանալու համար հայցով դիմել միջազգային դատարան
մեր իրավունքներն ու տիտղովը հաստատելու այն տարածքների վրա, որ
ամրագրված են ինչպես Սևրի դաշնագրում, այնպես էլ Վիլսոնյան քարտեզում:
14. Կրթական համակարգում խիստ հետևել. թե´Հայաստանում, թե´
սփյուռքում, չխեղաթյուրվի Հայոց պատմությունը, խթանել հայրենասիրական թեմայով գրականության ուսուցանումը սկսած մանկապարտեզից, դպրոցներում ու ԲՈՒՀ-երում
15. Հզորացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, դպրոցներում. ուսուցանել
մեր հոգևոր հավատքը և ողջ Հայաստանում պետականորեն պայքարել
աղանդավորության դեմ, կուլ չգնալ մեր պետության հիմքերը խարող
Եվրոպայի թելադրանքներին ու պարտադրանքներին, որը գլոբալիզացիա
տարածող Եվրոպայի միակ զենքն է իր բռի մեջ պահել աղքատ ու թույլ
պետություններին, որ խոնհար ծառայեն իրենց խաղի կանոններին :
* * *
Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան այսօր ողջ հայ ժողովուրդը մե՜ծ ակնկալիքներ ունի ձեզանից մեր ազգային խնդիրների. Ղարաբաղի կարգավիճակի, Թուրքիայի հետ Ցեղասպանության ճանաչման արդարացի, հայանպաստ հանգուցալուծման դժվարին գործընթացում: Վստահ եմ, որ Ձեր նախագահման տարիները բեկումնային են լինելու . ներդնլով ձեր բոլոր ջանքերը, խոհեմությունն ու հայրենասիրությունը, պատվով ու հաղթական դուրս կգաք մեր ազգային խնդիրների. լինի թե´ Ղարաբաղի, թե´ Մեծ Եղեռնի Հայանպաստ որոշումներում : Ձեզ կհաջողվի գտնել տարիներ ի վեր փնտրվող բանալին, որ կբացի մեր ազգի բախտի գոցված դռները:
Որպես հայ մտավորական ու “Հայ-դատի” նվիրյալ, մաղթում եմ ձեզ համարձակություն, ամուր կամք ու կորով, կանաչ ճանապարհ . . .
Ի գործ պարոն նախագահ, թող Աստված զորավիգ լինի Ձեզ …
ԱՀԱ ՄԵՐ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ, ՈՐ ԿԲԱՑԻ ԳՈՐԴԻԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ ԵՎ ԿՍՐԲԱԳՐԻ 1994-Թ. ԲԻՇՔԵԿՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս)