ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ
«Ասպարէզ».- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեան ելոյթ ունեցաւ երէկ, Երեւանի մէջ տեղի ունեցած հանրահաւաքի ընթացքին: Ստորեւ՝ ելոյթին բնագիրը՝ ամբողջութեամբ:
Հոկտեմբերի 9ի մեր հանրահաւաքը նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանում, որն ունի իր առանձնայատկութիւնները: Այդ նոր իրավիճակը նոր խնդիրներ է դնում ե՛ւ կազմակեպիչներիս, ե՛ւ իշխանութիւնների առաջ: Կազմակերպիչներիս խնդիրն այն է, որ պարտաւոր ենք շարունակել, խորացնել այս պայքարը եւ հասցնել համաժողովրդական ծաւալների, այն պէտք է համահայկական բնոյթ ստանայ՝ համահայկական հակազդեցութիւն ապահովելու համար, սա մեր թիւ մէկ խնդիրն է: Իշխանութիւններն էլ պարտաւոր են հաշուի նստել ձեւաւորուած յստակ հասարակական պահանջի հետ, որը մենք արձանագրեցինք Հոկտեմբերի 9ին այդ աննախադէպ հզօր երթով, ցոյցով եւ հանրահաւաքով: Նրանք պարտաւոր են, հաշուի նստելով դրա հետ, վերադառնալ ելման կէտ եւ վերսկսել բանակցութիւններն առանց նախապայմանների կարգաւորման սկզբունքով, որին դաւաճանել են:
Մեր ժողովուրդն արդէն շատ լաւ հասկանում է, որ բարձրացուած մտահոգութիւնները լուրջ են եւ առնչւում են մեր կենսական շահերին: Այս ընկալումն է, որ ստիպեց հասկանալ՝ խնդիրը կապ չունի սոսկ յարաբերութիւններ հաստատել-չհաստատելու, սահման բացելու-չբացելու հետ: Խնդիրն այն է, թէ ի՞նչ գնով ենք դա ուզում անել: Բանավէճը սրանում է: Մենք բազմիցս ասել ենք, որ այդ գինը չենք ուզում վճարել, մենք թուրքերին տալու բան չունենք, դուք իրաւունք չունէք մերը տալ թուրքերին: Օր օրի աւելի յստակ է դառնում, որ կան նախապայմաններ, կայ պարտադրանք, եւ այս խնդիրը փոխկապակցուելու է Ղարաբաղի հարցի հետ: Ցիւրիխեան այդ մեծ խայտառակութիւնը յստակ ցոյց տուեց նախապայմանների առկայութիւնը: Մեզ ուզում են համոզել, թէ իբր մեծ յաջողութիւն ենք ունեցել, որ թուրքերին չի յաջողուել յայտարարութիւն անել, բայց մեր յաղթանակն այն կը լինէր, եթէ կարողանային յաջողեցնել, որ թուրքերը հրաժարուեն արձանագրութեան մէջ եղած նախապայմաններից: Թուրքերը փաստեցին, որ իրենք պահում են նախապայմանները եւ հէնց դրանցով են մտել գործընթացի մէջ:
Եթէ դա այդպէս չէր, ինչո՞ւ ամբողջ աշխարհով չկարողացան թուրքերին պարտադրել հանել այդ երկու ձեւակերպումները, որոնցից մէկն առնչւում էր Ցեղասպանութեանը, իսկ միւսը՝ Ղարաբաղի հարցին: Ակնյայտ է, որ կան նախապայմաններ, եւ մեզ ստիպեցին, որ մենք ստորագրենք այդ իրավիճակում: Բոլորը ուրախ էին, բոլորը ժպտում էին, բացի մեզանից, քանի որ բոլորը շահում էին այդ գործընթացից, բոլորը, բացի մեզանից: Մենք ենք կորցնողը, եւ դա գրուած էր Էդուարդ Նալբանդեանի դէմքին:
Այսօր ցաւն այն է, որ լռում է Ղարաբաղը, այս ուղտը մի օր չոքելու է նրանց առաջ: Ղարաբաղը պէտք է ակտիւանայ, չի կարելի սպասել:
Իշխանութիւններն օր օրի աւելի են զգում այս գործընթացի հետեւանքները, այս դառը, թունաւոր բաժակը ստիպում են մեզ կում-կում խմել: Ներկա գործընթացը հիմք է ստեղծել ազգային պառակտման համար, որը խորանալով՝ վերածուելու է ժողովուրդ-իշխանութիւն մեծ վիհի: Իշխանութիւններն ունեն երկու ճանապարհ. կամ պէտք է սթափուեն, կանգ առնեն եւ դուրս գան այս գործընթացից, այդ ժամանակ մենք բոլորս նրան թիկունք կը կանգնենք. ժողովրդից աջակցութիւն ստանալու միակ ճանապարհն այդ է:
Իշխանութեան միւս ճանապարհն այն է, որ եթէ շարունակեցին խորանալ գործընթացում, կամայ թէ ակամայ, յայտնուելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում, իսկ այդպիսի իշխանութիւններ մենք հանդուրժել չենք կարող, նրանք պէտք է հեռանան, որպէսզի գայ մի ուժ, որը կարող է դիմադրել՝ թիկունքում ունենալով իր ժողովրդին:
Իշխանութիւնները պէտք է հասկանան, որ ուժը ժողովրդի մէջ է, այլ ոչ թէ դրսում, եւ եթէ այդ ուժը չես օգտագործում՝ ձախողուած ես եւ՜ դրսում, եւ՜ ներսում: Սրանից էլ բխում է մեր քայլերի տրամաբանութիւնը, նպատակն է՝ տապալել Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների կարգովորումն այս գնով, եւ մենք դրան կը հասնենք:
Մենք գնում ենք սահմանադրական, օրինական ճանապարհով, ժողովրդին արկածախնդրութեան չենք տանելու, մեր ամէն մի քայլը լինելու է պատասխանատու եւ հաշուարկուած: Օգտագործելու ենք բոլոր հնարաւոր միջոցները: Վաւերացման գործընթացում առաջին փուլն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է եւ պէտք է այս արձանագրութիւնները ճանաչի ոչ սահմանադրական: Հայ ժողովուրդը Սահմանադրութիւնն ընդունել է՝ իրականացնելու համար իր համազգային նպատակները, որոնք ամրագրուած են Անկախութեան հռչակագրով, որն էլ շատ յստակ սահմանել է Արեւմտեան Հայաստանի եւ Ցեղասպանութեան խնդրին սատարելու պարտաւորութիւնը:
Իսկ եթէ Սահմադրական դատարանն էլ դա չարեց, մտաւ ԱԺ, այդ ժամանակ մենք պէտք է թակենք իւ- րաքանչիւր պատգամաւորի դուռը եւ բացատրենք, որ սա պարզ քուէարկութիւն չէ, այլ իր որդիների, իր հայրենիքի, իր ճակատագրի քուէարկութիւնն է, նա պէտք է հազար անգամ դատի ու կշռադատի, հասկանայ, որ պատասխան է տալու այդ քուէարկութեան համար: Ես վստահ եմ, որ մենք շատ հայրենասէր պատգամաւորներ ունենք, ովքեր ընկալում են այս ամէնը, բայց կաղապարուած են, կաշկանդուած են, պէտք է սթափուեն, հակառակ դէպքում կանիծուէն ողջ ժողովրդի կողմից:
Բայց եթէ անգամ Աժն էլ վաւերացնի, այդ ժամանակ մենք այդ արձանագրութիւնները չեղեալ կը յայտարարենք նոր նախագահի, նոր իշխանութիւնների, նոր Ազգային Ժողովի միջոցով: Իշխանութեան եկածների առաջին գործը պէտք է լինի այս գործընթացը չեղեալ յայտարարելը:
Մեր պայքարը ընդդէմի պայքար չէ, այլ յանունի, յանուն մեր շահերի, մեր սերունդների իրաւունքների: Մենք ասում ենք «Մի՛ զիջիր», եւ դա պահանջ է:
Թուրքերն այսօր իրենց հարցերը լուծել են՛ երկու նախապայմաններն ամրագրելով, եւ զբաղուած են Ադրբեջանի հարցերը լուծելով, Ադրբեջանի համար են պայմաններ ստեղծում՝ Ղարաբաղի հարցը յօգուտ իրենց լուծելու:
«Երկրորդական բաների մէջ ազատութիւն, կարեւոր բաների մէջ՝ միասնութիւն, եւ ամէն ինչի մէջ՝ սէր»: Եթէ մենք միասին լինենք, սէրն ու համերաշխութիւնը մեզ միաւորի՝ սարեր շուռ կը տանք: Մենք միշտ էլ այդպէս ենք յաղթել: