ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
«Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եւ քուռակը մօր հետ գնում էր եւ ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին։ Եւ գարին անպակաս էր նրանից, որպէսզի ուտի եւ գիրանայ։ Եւ քուռակն ասաց մօրը. «Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք դժուարութեամբ եւ մեզ, որ չարչարւում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»։ Մայրն ասաց. «Լսիր, որդեակ եւ մի շաբաթ եւս համբերիր եւ ապա ես քեզ պատասխան կը տամ եւ քո աչքով կը տեսնես։
Եւ մի շաբաթ յետոյ էշը եւ քուռակը բեռով տուն էին գալիս. քուռակը մօրից առաջ էր գնում եւ լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետեւ խոզը մորթում էին։ Եւ խրտնեց քուռակը եւ հետ փախաւ դէպի մայրը, եւ մայրը ասաց. «Ի՞նչ եղաւ քեզ, որդեակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետեւ նրանից գարու հաշիւն են ուզում»։
Եւ դարձեալ եկան կալը՝ գարի կրելու։ Եւ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով սմբակը, մօրն ասաց. «Ո~վ մայր, տես, թէ ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիւ ուզեն, ինչպէս խոզից»։
Այս՝ «Գարու հաշիւ» առակի, կամ «Ո՛վ դատի, ո՛վ ուտի» առածի, նախապայմանը լափողի անխուսափելի պատասխան տալը չէ։ Քանզի աւելի լափողի անօրէնութիւնն է յաղթանակում եւ դառը դատողից են առնում հաշիւը։
Վարդան Այգեկցու առակները բերեցինք Ակսել Բակունցի դասական թարգմանութեամբ։ Յուսով, եմ «Պահանջւում է… Բուրիդանի աւանակ» յօդուածաշարում բերուած իշապատումը կը հասկացուի ճշտօրեն- որպէս մարդ անհատին ու հասարակութեանը յատուկ արատների այլաբանութիւն։ Ո՞վ է տալու «գարու վարձը» Հայաստան-Արցա՞խը, թէ նրա զաւակներին ու տարածքները լափած Ադրբեջանը։
«ՅԱՆՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՇԱՀԵՐԻ ԶՈՀԱԲԵՐԵԼ ՆԱԽԿԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»
1921ի Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագրի տարելիցի առթիւ 2004ի Մարտի 16ին ՀՀ կառավարութեան դահլիճում անցկացուած մտաւորականութեան համաժողովում ակադ. Հրաչիկ Սիմոնեանը իր զեկուցումը ամփոփեց հետեւեալ առաջարկով. «Հայաստանի Ազգային ժողովը միանգամայն իրաւազօր է 1. Չեղեալ յայտարարելու 1921ի Հոկտեմբերի 13ի Կարսի պայմանագիրը։ 2. ՌԴ Պետդումայից պահանջելու չեղեալ յայտարարել Մարտի 16ի պայմանագրի Հայաստանին վերաբերող յօդուածները՝ դրանից բխող միջազգային իրաւունքի նորմերի համապատասխանող արդարացի հետեւութիւններով»։
Անցել է 5 տարի, արձագանգը, բնականաբար, զրոյական է, քանզի ՀՀ Աժում ազգի մտաւոր ուժը ներկայացնող ընտրեալների փոխարէն, նստած են տիպեր, որոնց պատգամաւորի բարձր լիազօրութիւններ տալուց առաջ, հարկաւոր էր գոնէ տառաճանաչութեան մակարդակը պարզել տարրական թելադրութեան քն-նութիւնով։ Եթէ Աժի դահլիճում, բոլորի աչքի առաջ, պատգամաւորները կարող են անպատիժ հաշիւներ մաքրել փոխադարձ սպառնալիքներով ու հայհոյանքներով, ապա դրսում շարունակելով երկրում սովորական դարձած քրէական աշխարհին յատուկ գործելակերպը, կարող են մարդկանց վրայ զէնք հանել, նաեւ անպատիժ սպանել։ Ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ երկիր, ինչը՞ չեղեալ յայտարարելու պարտաւորութիւն, երբ հասարակութեան վերին յարկերը գրաւել են բացառապէս շահամոլութեամբ անբուժելի հիւանդ անձինք։ Տարածուած երեւոյթ է Բելառուսի նախագահ, իր արտառոցութեամբ նշանաւոր Ալեքսանդր Լուկաշենկոն զուր չէ ասել. «դուք այստեղ հիւանդութիւնից մի գանգատուէք։ Մեր կառավարութիւնում հիւանդները շատ են»։ Համաճարակը կաթուածահար է անում երկիրն ու պետութիւն կոչուածը, որը Օգոստոսի 25ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հ. Քըլըչը, դժբախտաբար, բնորոշեց այսպէս. «Ընդհանրապէս, Հայաստանի մէջ պետութիւն չկայ։ Երբ Հայաստանի մասին ենք խօսում, մենք մեզ խաբում ենք» )«Ասպարէզ», 2 օգոստոս, 2009(։
Որտեղից ուր հասանք…
1921ի Փետրուարի 12ին Լենինին Ստալինի ուղղած յայտնի գրութիւնը քօղազերծում է հայկական հարցում նրանց ոճրագործ քաղաքականութիւնը. «Ընկ. Լենին։ Ես երէկ միայն իմացայ, որ Չիչերինը իրօք ինչ-որ ժամանակ թուրքերին է ուղարկել մի յիմար )եւ պրովոկացիոն (գրգռիչ-Խմբ.) պահանջ՝ Վանը, Մուշը եւ Բիթլիսը )թուրքական պրովինցիաներ (նահանգներ-Խմբ.) թուրքերի հսկայական գերակշռութեամբ( մաքրելու մասին՝ յօգուտ Հայաստանի։ Այդ հայկական իմպերիալիստական (կայսերապաշտական-Խմբ.) պահանջը չի կարող մեր պահանջը լինել։ Անհրաժեշտ է Չիչերինին արգելել ազգայնականօրէն տրամադրուած հայերի թելադրանքով, թուրքերին նոտաներ (յուշագրեր-Խմբ.) ուղարկել»։ Իսկ Փետրուարի 22ին թուրք պատուիրակութեան հետ հանդիպմանը խորհրդային դահճապետը ասաց. «դուք հայերի հարցը հէնց ինքներդ լուծեցիք։ Թէ դեռ լուծելիք ինչ-որ բան մնացել է, դա նոյնպէս ինքներդ վճռէք, բայց վերջնական ժամկէտի մասին մեզ տեղեակ պահէք»։
1921ի Մարտի 16ին ՌՍՖՍՀ եւ Թուրքիայի կնքած «բարեկամութեան եւ եղբայրութեան մասին» պայմանագիրը վաւերացրեցին Համառուսաստանեան Կենտգործկոմը եւ Թուրքիայի Ազգային ժողովը։ Այդ գիշատչային «եղբայրութեանը» կուլ գնացին 1920ի թուրք-հայկական պատերազմում թուրքերի գրաւած Կարսի մարզը, նրանց չգրաւած Սուրմալուն, իսկ Նախիջեւանը Շարուրի հետ միաւորուած, որպէս ինքնավար տարածք, դրուեց Ադրբեջանի խնամակալութեան ներքոյ՝ երրորդ պետութեան չզիջելու պահանջով։ )1923ի Յունիսի 16ին արդէն, Ադրբեջանի կենտգործկոմի նիստի որոշումով բռնակցուելով, ինքնավար Նախիջեւանը վերածուեց Ինքնավար Հանրապետութեան՝ Ադրբեջանի կազմում, Մարտի 16ի Մոսկուայի պայմանագրի 3րդ կէտի եւ Հոկտեմբերի 13ի Կարսի պայմանագրի 5րդ յօդուածի կոպիտ խախտումով։ Յետագայում հայ բնակչութիւնը այնտեղից վտարուեց(։ Թուրքիային անցաւ Հայաստանի 19,915 քառ. կմ. Ադրբեջանին՝ 5500 քառ կմ. տարածքը։ Ազգութիւնների գործերի ժողկոմ Ստալինին ենթակայ «ժիզն նացիոնալնոստէյ» թերթը գրեց. «Հայաստանին ոչինչ չի մնում անել, քան հաշտուել ստեղծուած դրութեան հետ եւ յանուն համաշխարհային յեղափոխութեան շահերի զոհաբերել իր նախկին տարածքները»։ 1917ի Նոյեմբերի 2ի )15ի( «Ռուսաստանի ժողովուրդների իրաւունքների հռչակագրով» Խորհրդային Ռուսաստանը փաստօրէն հրաժարուել էր Ցարական Ռուսաստանի կայսրութեան ժառանգորդութիւնից, ուստի իրաւունք չունէր տնօրինելու գոյութիւնը դադարեցրած կայսրութեան նախկին տարածքների ճակատագիրը, առաւել եւս ստալինեան հրէշային կամայականութեամբ։
Պատերազմից յետոյ, Արեւմուտքում լայնացնելով ԽՍՀՄ սահմանները, նոյնը Հարաւում եւս կատարելու ծրագիր կար։ 1945 Յուլիսի 17-Օգոստոսի 2ի Պոտսդամի կոնֆերանսից մէկ օր առաջ ԽՍՀՄ արտգործմինիստր Վ. Մոլոտովը Մեծ Բրիտանիայի արտգործմինիստր Իդենին յայտնեց. «1921 թուականին թուրքերն օգտուեցին Խորհրդային պետութեան թուլութիւնից, նրանից խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը։ Հայերը Խորհրդային Միութիւնում վիրաւորուած են զգում։ Այդ պատճառների հետեւանքով խորհրդային կառավարութիւնը բարձրացրել է Խորհրդային Միութեանը պատկանող տարածքներն իրեն վերադարձնելու հարցը»։ Մոլոտովը անդրադարձաւ այդ հարցին Յուլիսի 22ին, 6րդ նիստում։ ԱՄՆը եւ Մեծ Բրիտանիան փակեցին այն, պաշտպանելով Թուրքիային )այս եւ նախորդ փաստերը՝ ըստ Հր. Սիմոնեանի զեկուցման, որն ամփոփւում է վերոնշեալ պայմանագրերի անօրինականութեան հիմնաւորումով(։
Թեեւ Ստալինը թուրքերին էր յորդորել վերջացնել հայերի հարցը, սակայն ինքն էլ իրագործեց, Ղարաբաղը եւս յանձնելով Ադրբեջանին։ 1921ի Յուլիսի 4ին Կովկասեան բիւրոյի պլենումը (լիագումար նիստը-Խմբ.) Օրջոնիկիձէի, Կիրովի, Միասնիկեանի, Ֆիգատների կողմ քուէարկութեամբ որոշեց Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայկական ՍՍՀ կազմի մէջ։ Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններում թողնելու օգտին էին քուէարկել Նարիմանովը, Մախարաձեն, Նազարէթեանը )այս դաւաճան հայի բոլշեւիկեան գործունէութիւնը մինչ այդ ծաւալուել է Վրաստանում, որտեղ հասցրել է բազմել Կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղարի աթոռին(։ Յաջորդ օրը՝ Յուլիսի 5ին, հայատեաց Ստալինի մասնակցութեամբ, նոյն կազմով բիւրոն վերանայեց հարցը եւ առանց քննարկելու ու քուէարկութեան դնելու )այսինքն՝ Յուլիսի 4ի որոշումը չբեկանուելով, չփոխարինուելով նոր որոշմամբ, մնաց թէկուզ առկախ, բայց ուժի մէջ(, Ղարաբաղը նուիրեց Ադրբեջանին, յանձնարարելով Ադրբեջանի կենտկոմին՝ որոշելու ինքնավար մարզի սահմանները եւ ներկայացնելու ՌԿԿ Կով. բիւրոյի հաստատմանը )հարցի պատմութիւնը տես՝ Բ. Ուլուբաբեան, Արցախեան գոյապայքարը, գիրք Ա, Ե., 1994, 300(։ Այսպէս կամայականօրէն 94.4 տոկոս հայ բնակչութեամբ, ողջ պատմութեան ընթացքում Հայաստանի վարչաքաղաքական կարեւոր կենտրոններից մէկը ոչ միայն անջատեցին, այլեւ վերաձեւուեցին սահմանները-1923ին Ղարաբաղից օտարուեցին Լաչինի, Քելբաջարի, Ղուբաթլիի, æաբրայիլի, Շահումեանի, Խանլարի, Գետաբեկի շրջանները եւ այլ տարածքներ, թողնելով 4400 քառ. կմ. մնացորդով, Հայաստանից ամբողջովին կտրուած ԼՂԻՄ կղզեակ )Արիս Ղազինեան, Ա. Ա., էջ 279(։ Յայտնի է, որ մինչեւ 1918ի Ապրիլի 28ը «Ադրբեջան» պետութիւն եւ «ադրբեջանցի» ազգ երբեւէ գոյութիւն չի ունեցել։
Մինչեւ 1920ի Ապրիլի 28ը գոյատեւած Ադրբեջանի Հանրապետութիւնը, Բաքուից մինչեւ Բաթում անօրինական տարածքային նկրտումների պատճառով մերժուելով ընդունուել Ազգերի Լիգա «…հեռացել է պատմութեան բեմից առանց լեգիտիմօրէն (օրինականօրէն-Խմբ.) հաստատուած կամ ճանաչուած սահմաններ ձեռք բերելու» )Ա. Մանասեան, Ա. Ա. էջ 73(։ 1991ի Օգոստոսի 30ի հռչակագրով 1918-1920ի ԱՀի իրաւայաջորդ ճանաչումով «տարածքային ամբողջականութեան» սկզբունքը ներկայ Ադրբեջանի համար անկիրառելի է։ Ինչ վերաբերում է Ադբեջանական ԽՍՀին, ինչպէս տեսանք, մասնաւորաբար Հայաստանից անջատուած բոլոր տարածքները ստացել է ապօրինաբար։
«Ղարաբաղեան պրոբլեմի իրաւական թղթապանակից ուղղակի բխում է, որ ոչ թէ հայկական, այլ հէնց ադրբեջանական կողմն է անօրինաբար պահում իրաւաբանօրէն իրեն չպատկանող տարածքները» )Ալեքսանդր Մանասեանը իր յօդուածում՝ էջ 70-79, վեց գլխաւոր օրինակներով բացայայտում է ադրբեջանական տարածքային նկրտումների կատարեալ անհիմնութիւնը(։ Ամենալայն պատմա-իրաւական քննարկումով իսկ Ադրբեջանը չի կարող հաստատել իր «տարածքային ամբողջականութիւնն» ընդգրկող որոշակի սահմանները, առաւել եւս ապացուցել իր իրաւունքը թուրք-բոլշեւիկների գործարքներով ու ստալինեան կամայականութեամբ Հայաստանից անօրինաբար բռնագրաւուած Արցախի, Նախիջեւանի, Գանձակի եւ այլ տարածքների վրայ։ «Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր սահմանն իբր որոշող… երեք փաստաթուղթ կայ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը )03.12.1920(, Մոսկուայի պայմանագիրը 16.03.1921( եւ Կարսի պայմանագիրը )13.10.1921(… Նշեալ պայմանագրերից եւ ոչ մէկը, գրում է Արա Պապեանը, չի կնքուել Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարութեան կողմից, որը 1920-1921 թթ. ընդամէնը ապստամբական շարժման գործադիր մարմին էր։ Միջազգային իրաւունքի եւ գործող սահմանադրութեան տեսանկիւնից այդ ժամանակ երկրի սուվերեն ու օրինական իշխանութիւնը սուլթան-խալիֆն էր։ Նա երկիրը լքել է միայն 1922 թ. Նոյեմբերին, ի դէպ առանց գահից հրաժարուելու, իսկ Թուրքիայի Հանրապետութիւնը հռչակուել է 1923 թ. Հոկտեմբերի 9ին։ Հետեւաբար, քեմալականների օրինական իշխանութեան մասին կարելի է խօսել միայն ամենաշուտը 1922-1923 թթ. յետոյ» )«Ասպարէզ», 5 Սեպտեմբերի, 2009(։
Թուրքական կողմը սահմանը որոշող հիմնական պայմանագիր համարում է Կարսինը, որը միւս կողմից ստորագրել են Հայկական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ, Ադրբեջանական ՍՍՀ ներկայացուցիչները ՌՍՖՍՀ մասնակցութեամբ )սա չի՞ յիշեցնում Ստալինի «մասնակցութիւնը» Կովբիւրոյի աշխատանքներին, այսինքն իրաւական իմաստով անհեթեթ, իրականում Հայաստանի համար աղէտալի հետեւանքներով գործողութիւն(։ Սովետական հանրապետութիւնները երբեւէ միջազգային իրաւունքի սուբյեկտ (գերիշխան երկիր-Խմբ.) չեն եղել, հետեւաբար իրաւասու չեն եղել կնքելու միջպետական պայմանագրեր, ընդգծում է Արա Պապեանը. «ԱՄՆ սենատը 1924 թ. Յունիսի 3ին ընդունել է #245 բանաձեւը, որում յստակօրէն նշել է, որ Հայկական պետութիւնը կործանուել է Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ գործունէութեան արդիւնքում… Եթէ 1921թ. չի եղել հայոց պետութիւն, ինչպէ՞ս էր այն կարող պայմանագիր կնքել»։ Կնքման պահից, այդ պայմանագրերը անվաւեր են եւ չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ )նոյն տեղում(։
Այսպիսով, Թուրքիային եւ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետութեան տարածքների յանձնման, նրա սահմանների վերաձեւման մասին Թուրքիայի, ՌՍՖՍՀ, կովկասեան հանրապետութիւնների, Կովբիւրոյի ներկայացուցիչների ստորագրած բոլոր փաստաթղթերը, որոշումները միջազգային իրաւունքի տեսակէտից անօրինական եւ անվաւեր են։ Ահա այս է, որ պէտք է ներկայացուի միջազգային կազմակերպութիւններին, դադարեցնելով ԼՂՀ շուրջ տարուող բանակցութիւնները, որոնք ի սկզբանէ ընթանում են խնդրի պատմա-իրաւական որոշիչ փաստերի անտեսումով, թուրք-ադրբեջանական անօրինական պահանջները բաւարարելու միտումներով, վերստին միջազգային իրաւունքի նորմերի ոտնահարումով։
ՀՀ իշխանութիւնները ի զօրո՞ւ են Թուրքիայի դեսպանին, համոզելու, որ Հայաստանի մէջ պետութիւն կայ, որ իրենց թիւ մէկ, անյետաձգելի խնդիրը թէ՛ ներքին, թէ՛ արտաքին քաղաքականութիւնում իրաւական, ամրակուռ հիմքերով պետութեան կերտումն է, երկրի եւ ժողովրդի շահերի անվերապահ պաշտպանութիւնը, անդունդ տանող մաֆիական, քրէա-օլիգարխիկ համակարգը վճռականօրէն ջախջախելը։ Ուրիշ ճանապարհ չկայ, ուրիշը Իլքին Մելիքովի նախագծածն է- եօթ շրջանների յանձնումով, ԼՂ ապա, Սիւնիքի գրաւումով, մնացորդ Հայաստանը թուրքական ծովում խեղդելով, հայ ժողովրդի վերջին տեղահանումով, վերջին ցեղասպանութեամբ, համաթուրքական բաղձանքի իրականացում։
Ըստ Ա. Լուկաշենկոյի մի այլ՝ դարակազմիկ ասոյթի՝ «Կերակրատաշտի մօտ, որի անունը իշխանութիւն է, բոլորը միանման են խռնչում. ե՛ւ կարմիրները, ե՛ւ սպիտակները»։ Եթէ շահամոլութեան-եսամոլութիւն-փառամոլութեան-տիրամոլութեան եւ այլ անարգ մոլութիւնների դաշինքով իրար կապուած վերնախաւայինները չեն ուզում տալ «գարու վարձը», վերջապէս, ահագին ուշացումով գլուխները ստիպուած են հանել կերակրատաշտից, նայել շուրջը, տեսնելով եթէ ոչ հայրենիքը, գոնէ իրենց դարանած մահացու վտանգները։ Հակառակ դէպքում, նրանց չեն փրկի ո՛չ ժողովրդից կողոպտած արտասահմանեան բանկերում պահած գումարները, ո՛չ արտասահմանում իրենց գնած անշարժ գոյքը, ոչ օտարերկրեայ «բարի» քեռիները։
Ներկայ յօդուածաշարում օգտագործուած են որոշ նիւթեր, մեր մտաւորականների անգնահատելի աշխատութիւններից, որոնք ամբողջապէս դուրս են մնացել ՀՀ Կառավարութեան տեսադաշտից։ Նոյն յանցաւոր անտարբերութիւնը մտաւորականութեան, ազգի ու հայրենիքի ապագայով խորապէս մտահոգուած, նրա ընտրեալների հանդէպ։ Հնարաւո՞ր է, որ փոքրիշատէ ծանօթ լինելով այդ աշխատութիւններին, վարէին պարտուողական այն քաղաքականութիւնն ու դիւանագիտութիւնը, որի վերջին «լաւագոյն» արդիւնքը Մադրիդեան «նորացուած» սկզբունքներն են։ Յուսանք, հնարաւոր չէ։ Արցախի խնդրի բանակցութիւնները սկզբից իսկ իշխանութիւն նուաճած պատահական մարդիկ շեղել, տարել են սխալ, աղէտալի ուղղութեամբ, եւ այդպէս էլ ընթանում են առ այսօր։ Մնում է, որ հայ-թուրք-ադրբեջանական յարաբերութիւններում ներգրաւուած կառավարութեան ներկայացուցիչները թօթափեն անգիտութիւնը, տարածք-ինքնորոշում անհեթեթ քննարկումները փոխադրեն Հայաստանին նպաստաւոր միջազգային իրաւունքի մակարդակի։ Անհաժեշտ է անյապաղ հրաւիրել գործիմաց մտաւորականների հզօր խումբը, հիմնել օպերատիւ ինստիտուտ՝ խնդիրների վերջնական մշակման, փաստաթղթերի ամփոփման, թարգմանութեան, հրատարակման, գործին առնչուող միջազգային կազմակերպութիւններին, հանրութեանը մատուցելու համար։ Բանակցութիւնների հիմքում դնելով միջազգային իրաւունքի սկզբունքների տառին ու ոգուն համապատասխան նիւթերի թղթապանակ եւ ապահովելով դրանց անշեղ իրագործումը հայկական կողմը ոչ թէ ստիպուած կը լինի շարունակաբար պաշտպանուել թուրք-ադրբեջանական բացարձակապէս անօրինական, լկտի նկրտումներից, հսկայական անտեղի ջանքեր գործադրել Արցախի Հանրապետութեան գոնէ ինչ-որ մասը պահելու համար, այլ պահանջել Հայաստանի «տարածքային ամբողջականութեան» վերականգնում, Նախիջեւանի, Գանձակի, Արցախի հանրապետութիւնից բռնազաւթուած Շահումեանի եւ միւս մասերի միացումով մայր հայրենիքին։
(Վերջ)