ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Ի Ր Ա Ր Հ Ա Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

Հեռուներից է սկիզբ առնում կեանքը, այս հրաշքը, մեր ցանկութիւնների անպարագիծը, որ հասնում… Ու չի հասնում հորիզոնին… Չի հասնում…
Ծննդոցի մի ամբողջ պատմութիւն…
Առաջին ճիչը չի լուծում բոլոր խնդիրները, այլ սկզբնաւորում է ապրելու հարցը… Ճոճի՜ր օրօրոցը մանկութեան կախուած լոյսի ու ստուերի ոստայնից. թռչկոտի՜ր պատանութեան մեղուի հետ, ծաղկից ծաղիկ թեւածող թիթեռին բռնիր դողդողացող մատներով. վաստակի՛ր գերելու ուժը, հասի՜ր երիտասարդութեան վայելքին, շնչիր սիրո՜յ բուրմունքը, կծիր սիրածիդ կարմիր խնձորը, խմիր շուրթերի քաղցրութիւնը, վարակուիր մարդեղութեամբ, դարձիր աշխարհիկ, որ ունի իր յոյսերը, ունի իր կասկածները, սպասելիքները, ձգտումները, ձախողութիւննե՜րը, գտածների բաւարարութիւնը, կորցրածների ցաւը… Ցա՜ւը: Իւրաքանչիւրս իր ցաւերը բուժելու տառապանքին է դատապարտուած…
Բաւարարութիւն վայելելու առաքինութիւն շահիր, ճար անելու հմտութիւն վաստակիր, անցաւելիութեան հասնելու հասունութիւն. փշրիր մենակութեան սափորը, փշրապատիր տարածութիւններ, որ կամրջուեն հեռաւորութիւնները եւ հասիր փնտրածիդ…
Հասիր ինձ… Ի վերջոյ աշխարհ կը բուժուի անհատ առ անհատ… Անհատ առ անհատ ենք հասնում իրար։
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ը
Ամենազօր ժամանակը միշտ սուրում է դէպ առաջ… իսկ տարածքը չունի սկիզբ, չունի ընթացք ու աւարտ: Դա անսկիզբ ու անաւարտ գոյութիւն է, կամ էլ չէ. բովանդակութեան մի հուն է, առանց էի մի իմաստ, որ մտքով ենք լոկ հասկանում, ու տեսնում ենք արդիւնքով, որպէս մարմնական հնացում, աճում, մաշում տարրափոխ… Բովանդակութիւն է ինչոր ըմբռնումով լոկ մտքի, առանց որի չի գիտակցւում, չի զգացւում անհոգի, ինչպէս՝ քարը… Քարի համար ի՞նչ ժամանակ, ի՞նչ մաշում. քարը մաշուող չի գիտակցում որ մաշւում է… չի մաշւում… Փշրւում է, փոշիանում…
Մինչ չափում ենք ժամանակը լոյս ու մութով օրերի, բայց չենք տեսնում բուն ծաւալը, բուն իմաստը, որպէս՝ է, գոյ թուելի: Այդու ենք թոյլ ու անկարող ժամանակի պայքարում, ու կը մնանք թոյլ, անկարող մինչեւ գտնենք ամենազօր ժամանակի, բովանդակի իմաստը, դիմանալու ու տոկալու նպաստը, անէանալու սաստը:
Այդուհանդերձ, ամենազօր ժամանակը ամենազօ՜ր չէ՛ բնաւ. ամենազօր եթէ լինէր՝ մի կանգս կտար, երբեմն էլ դէս-դէն կ՛երթար, կամ ետ կերթար քանի քայլ… Քմայք է, չէ՞, զօրեղները քմայքոտ են. միթէ չե՞ն։ Ժամանակն էլ թէ զօրեղ է, թող իր քմայքը ցոյց տայ, մետաղէ՞ է, թէ՞ թիթեղէ, տաք ու պաղին ենթակայ:
Ծ Ո Վ Ը
Ծովը դարերի դարիւն ունի իր մութ խորքերում, անսահմանագիծ ու անպարագիծ իր անհուն ալքում, որ տրոփում է ալեաց խտղանքով ու լափունցում է վետի քմայքով… Որ թիթեռների պար է շարունակ ու շողերի տակ խայտում է խանդով… Որ արջառների հարու է վայրագ ու ծուատում է գիրկը ափերի… Որ վեր է քաշում կոհակի սոյրով ու վաղնջական ելք է երեւի… Որ հարցականի պարոյկ է կուտապ ու տիեզերքի գաղտնիքն ահաւոր… Որ գալարւում է յորձանքի շաչով կեանքի ու մահուան հերթական թափոր… Որ կատաղութեան մոլուցք է անյագ, կտղունցք է վայրագ, անսուրբ պատարագ…
Ծով է անյատակ, կանաչաւուն ու մերթ էլ կապուտակ…
Ալիքն ելնում է ալիքի ուսը ու բորբոքում է ուզածս, յոյս, վառ արեւի տակ համերգն է կեանքի, որ նոյն ծովն է ու չի էլ ցամաքի…
Գարուն օրերի ոսկէ մի հեքիաթ ունէի թափուած նրա ափերում. հասունութեանս այս ջերմ ամառում խենթ յուզումների վէտով յորձանքուեց, երբ հայեացքիս դէմ գիրկը տարածուեց…
Ծով է կապուտակ, եթերի կուտապ, որ գալարւում է սրտիս անօթում, յորձանք է տալիս մարմնիս ալքերում, մտքիս մարգերում, հոգուս ծալքերում… Պատմում է ասքը ցանկութիւններիս, որ տող ու բառից աւելի խորունկ՝ հասնում է մինչեւ ափը շուրթերիս ու համբոյր դառնում կեանքիս, աշխարհքիս,
ծովքիս երեւի…
Կեանքի, աշխարհքի ծուփն է աղուտ, կենսապարգեւ է, շունչ է նրբահեւ, ծով է արդարեւ, որ քաղցր է ջրով, աղով է քաղցր, նուիրումների ընդարձակ ակունք ու տարածւում է ափունքից ափունք…
Երբեք չեմ կորել նրա ծփանքում հայեացքն է եղել երբ իմ աչքերում, ու կրծքիս վրայ դարիւը ալիք ծաւալուել է հանց տենչալի գալիք…
Մ Ա Ք Ր Ո Ւ Ա Ծ Է Ջ
Կան անցեալներ, որ չեն վերադառնում նոյնիսկ յուշերում: Դու էլ երեւի դրանցից մէկն ես։ Սեւ բծի նման։ Ես գոհ եմ սրտանց, որ սեւ բծի պէս էլ չես երեւում իմ յիշողութեան սպիտակ էջում…
Հ Ա Ս Ո Ւ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն
Հիմա, որ հասկանում եմ ցաւը, ըմբռնո՛ւմ եմ նուիրականութիւնն ու սրբութիւնը, եւ չեմ յուսահատւում. քանզի զգացումներիս աստղերը, որ աչքերիս լոյսով են պսպղում երկնքում լուսաւորում են ճամբան, որով ընթանում եմ սիրահարուած, զգացումներով արբած, յուսալիութեամբ ամրացած։
Որպիսի՜ ափունքներում եմ տեղաւորուելու… Չէ՞ որ սէրը անստուեր է ու չի մթագնում սրտերը թափթփուած եզերքից եզերք, հորիզոնից հորիզոն…
Ես յիշում եմ այն թխադէմ տղային, որ ծառների ճնճղուկներին էր որսում ճղլանիով. որսում էր, այլ չէր դատապարտում կամ սպանում։ Կեանքն ու մահը խաղ չէին, այլ պարգեւ էին, որ կամարում էին եզերքները եւ հորիզոնները ասուպների ճախրանքով, աչքերիս լոյսով պսպղացող աստղերի բոյլերով։ Գիշերները երազում, ես գրկում եմ թխադէմ պարմանութեանս, որ մուշ-մուշ քնի իմ տաք գրկում, հանգստանայ. ես նրա յոգնութիւններից եմ այսպէս ամրացել, իմաստնացել, հասունացենլ՝ զգալով ցաւը, ըմբռնելով նուիրականութիւնն ու սրբութիւնը։
Կեանքը հասունութեամբ է քաղցրանում, հասնում արժանաւորութեան, որպէս ջանքի ու տքնութեան զարգուն բերք ու բարիք, արգասիք, շահուած օրերի բերրիութիւն: