ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Ասպարէզ».- Հայաստանի կառավարութիւնը լեզուի օրէնքի մէջ փոփոխութիւն առաջարկած է մտցնել, ըստ որու հնարաւոր պիտի դառնայ հայոց հանրապետութեան տարածքին օտարալեզու դպրոցներ ստեղծել: Այս առաջարկը յուզում յառաջացուցած է հայ մտաւորական շրջանակներու մէջ: Ընդվզման արտայայտութիւններէն այսօր կը ներկայացնենք Արա Պապեանի այս գրութիւնը: (Տեսնել նաեւ էջ 5ի լրատուութիւնը):
Գնացէք Եռաբլուր: Այնտեղ մեր միջի լաւագոյններն են թաղուած: Գուցէ նրանցից շատերը մեզանից քիչ գիտէին, գուցէ նրանց ռուսերէնը կաղում էր, անգլերէն էլ չգիտէին: Սակայն հայ էին: Հայ էին, որովհետեւ հայերէն էին մտածում: Լեզուն առաջին հերթին մտածողութիւն է, յետոյ միայն խօսք: Եռաբլուրի տապանաքարերից վերցրէք պատահական հարիւր անուն եւ ապա ստուգէք, թէ քանիսը հայկական կրթութիւն ունէին, քանիսը՝ օտար: Թուերը չեն խաբում:
Ամաչում եմ, որ նման տարրական բաներ պիտի գրեմ: Կարդացէք Լիւդուիգ Վիտգենշտէյնի (Ludwig Wittgenstein) լեզուի փիլիսոփայութեանը նուիրուած աշխատութիւնները, եւ ամէն ինչ պարզ կը լինի: Միթէ՞ առանց Վիտգենշտէյնի էլ հասկանալի չէ, որ հայերէն հաց եւ ռուսերէն «խլեպ» բառերը նոյն նշանակութիւնն ունեն, սակայն էապէս տարբեր ընդգրկումներ: Միթէ՞ պարզ չէ, որ Պուշկինի հեքիաթներով մեծացած հայ մանուկը եւ Թումանեանի հեքիաթներով մեծացած մարդը տարբեր հայեր են: Կեղծ են այն պնդումները, որ իբր միայն օտար լեզուով է կարելի բարձրորակ կրթութիւն ստանալ: Սովորողը սովորում է, չսովորողը պատճառ է ման գալիս իր անկրթութիւնը հիմնաւորելու համար: Եթէ գիտելիքը վտարուած է, օրինակ, խորհրդարանից, աշակերտն ինչո՞ւ պիտի ընդհանրապէս սովորի: Ճիշդ ասած, զարմանում եմ, որ դեռ այսքան էլ սովորում են: Ապահովէք գիտելիքի արդար մրցակցութիւն աշխատանքի շուկայում, եւ ամէն հայ առնուազն երեք օտար լեզու կ՛իմանայ:
Պէտք չէ կրթական համակարգի թերութիւնները եւ նրա ղեկավարի ապիկարութիւնը կոծկել Հայկական աշխարհում (սոյն արտայայտութեան հեղինակային իրաւունքը վարչապետինն է) հայերէնին տնուորի կարգավիճակ տալով: Ի հարկէ օտար եւ խուճուճ բառերով միշտ էլ աւելի դիւրին է սեփական տգիտութիւնը շղարշել: Ես հայկական կրթութիւն ունեմ, սակայն աշխատանքս սկսել եմ մի օտար լեզուից մէկ այլ օտար լեզու թարգմանութիւններ անելով: Դա իմ կեանքի այդ հատուածի պահանջն էր:
Հայաստանն առաջին հերթին հայերէնն է: Առաց հայերէնի չկայ Հայաստան: Պէտք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապէս պէտք է բոլոր դպրոցներում բարելաւել օտար լեզուների դասաւանդումը: Հասկանում եմ, որ դա անելն աւելի դժուար է, քան հայերէնը մատաղացու դարձնելը:
«Մոտուս Վիվենտի» վերլուծական կեդրոնի տնօրէն Արա Պապեան իր այս գրութեան տակ, իր ստորագրութեան կողքին գրած է՝ «Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի»:
Նախ պէտք է յայտնեմ իմ խորին շնորհակալութիւնս Պրն. Արա Պապեանին՝ իր մի քանի կարեւոր հարցերի լուսաբանման շուրջ սկսեալ Ուիլսոնեան Վճռից մինչեւ տխրահռչակ «արձանագրութիւն»ների քայլ առ քայլ անկումի ճշգրիտ գուշակման ուղղութեամբ։ Պարզ է որ ոչ թէ միայն Wittgenstein–ն է այսպիսի իրականութիւնների մասին գրել այլ ամբողջ մարդկութեան փիլիսոփայութիւնը՝ ներառեալ 5–րդ դարու Հայաստանի գիտնականները։ Ի վերջոյ մենք ունենք «Թարգմանչաց» սուրբ տօն, որը՝ դեռեւս լաւ չենք գնահատում։ Աւելի քան 15 դար մեր օրից առաջ, կար մի խոհեմ գիտնական, եւ նրա գիտութիւնը իր ժամանակից աւելի քան 2000 տարի առաջ էր։ Նրա անունն էր Մեսրոպ Մաշտոց, եւ նա արդէն գիտէր ամէն ինչ որ այսօրուայ Եւրոպայի լեզուաբանները նոր են սկսում յայտնաբերել։ Եկէք մենք մեզ չխաբենք, այլալեզու կրթութիւն նախընտրելը արդէն հայհոյանք է Սուրբ Մաշտոցի եւ համաշխարհային մարդկութեան հասցէին։
Ընթերցողներին հրաւիրում եմ այս հարցի շուրջ քննարկումներին հետեւեալ տեսանիւթերի յղման կապերով, եւ շատ շնորհակալ կ՚լինեմ եթէ Ասպարէզի moderator–ը այս գրառումս ամբողջութեամբ ներկայացնի ընթերցողին –
http://blog.ararat-center.org/?p=394
http://blog.ararat-center.org/?p=395
Շնորհակալութիւն
Հարօ