ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
Չնայած Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններ վերսկսելու հնարաւորութեան մասին Ադրբեջանի ղեկավարութեան յաճախադէպ յայտարարութիւններին, նոր պատերազմի հեռանկարի մասին իրականում խօսելը դեռ չափազանց վաղաժամ է: Այսօր չկան օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) նախադրեալներ, որոնք ցոյց տային, թէ շուտով պատերազմ է սկսուելու:
Ադրբեջանն իր պետականութիւնը կառուցում է նաւթի վրայ, եւ նաւթի ժամանակակից գները բաւական դրական են անդրադառնում հիմնական տնտեսական ցուցանիշների վրայ: Այդ առումով Ադրբեջանի ղեկավարութիւնը հազիւ թէ իրավիճակի արմատական փոփոխութեան գնայ, առաւել եւս՝ խիստ անորոշ հեռանկարներով:
Ի՞նչ կարող է իրականում կորցնել Ադրբեջանը Ղարաբաղի համար պատերազմ վերսկսելու դէպքում:
Նախ՝ նաւթի ոլորտում իր ներդրումային գրաւչութիւնը, այլ կերպ ասած՝ պետական շինարարութեան միակ կայուն հիմքը:
1994 թ. Սեպտեմբերին Բաքուի «Գիւլիստան» պալատում պայմանագիր կնքուեց, որն ստացաւ «Դարի պայմանագիր» անունը: «Դարի պայմանագրում» ներկայացուած են 13 ընկերութիւններ, ի թիւս որոնց՝ «Բրիթիշ փեթրոլիումը», «Մակդերմօտը», «Լուկօյլը», «Թրքիշ փեթրոլիումը» եւ այլ ընկերութիւններ աշխարհի 8 երկրներից (ինչպիսիք են Թուրքիան, ԱՄՆը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ այլն):
Դեռ 1992 թ. աշնանը որպէս «Բրիթիշ փեթրոլիումի» ներկայացուցիչ Բաքու այցելեց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, սակայն «Դարի պայմանագիրը» այդ ժամանակ չէր կարող ստորագրուել հէնց պատերազմի պատճառով:
Բնական է, որ ոչ մի ներդրումային ընկերութիւն այդ ժամանակ չէր կարող խոշոր գումարներ ներդնել Ադրբեջանում: Միայն 1994 թ. Մայիսին ռազմական գործողութիւնների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումը թոյլ տուեց նոյն տարուայ Սեպտեմբերին ստորագրել «Դարի պայմանագիրը»:
Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաեւի խօսքով՝ «ներկայ պահին Ադրբեջանի նաւթի եւ գազի ոլորտներում օտարերկրեայ ներդրումների ծաւալը գերազանցել է 38 միլիարդը»:
Ակնյայտ է, որ նոր պատերազմը զրոյի կը հասցնի Ադրբեջանի ներդրումային գրաւչութիւնը, կը կործանի երկրի ողջ տնտեսական եւ նոյնիսկ քաղաքական կառոյցը, ինչին երբեք չի գնայ Իլհամ Ալիեւը:
Բացի այն, որ նոր պատերազմը կը նուազեցնի երկրի ներդրումային գրաւչութիւնը, այն կարող է նաեւ աւերել գրեթէ ողջ խողովակաշարային տրանսպորտը, որը իրաւացիօրէն համարւում է Ադրբեջանի պետական օրգանիզմի գլխաւոր արիւնատար անօթը:
Բանն այն է, որ Ադրբեջանի ածխաջրածնի գրեթէ ողջ փոխադրումն իրականացւում է չորս խողովակաշարերով, որոնցից երեքն անցնում են ռազմաճակատի գծից հաշուած կիլոմետրերի վրայ, ընդ որում ինչպէս ԼՂՀի, այնպէս էլ ՀՀի հիւսիսային սահմաններով:
Դա 2006 թ. Յուլիսին բացուած Բաքու-Թբիլիսի-æեյհան նաւթամուղն է, 1999 թ.-ից գործող Բաքու-Սուպսա նաւթամուղը, ինչպէս նաեւ 2007 թ. պաշտօնապէս բացուած Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (Հարաւկովկասեան խողովակաշար):
Մեծ գաղտնիք չի լինի ասել, որ հայկական թնդանօթներն այսօր ուղղուած են հէնց այդ հաղորդակցութիւնների վրայ, եւ պատերազմ սկսելու դէպքում նրանց առաջին գործը կը լինի Ադրբեջանի համար կենսականօրէն կարեւոր այդ ենթակառուցուածքի աւերումը:
Այսպիսով, այս հանրապետութիւնը կարող է ոչ միայն կորցնել իր ներդրումային գրաւչութիւնը, այլեւ զրկուել արտաքին աշխարհ ածխաջրածնային հումք փոխադրելու հիմնական ուղիներից:
Նոր պատերազմի հետեւանքով Ադրբեջանը կարող է զրկուել նաեւ Կուր գետի հունի ռազմավարական կարեւոր հատուածի վերահսկողութիւնից, որով անցնում է Բաքու-Թբիլիսի (եւ այսպէս՝ Թուրքիայի ուղղութեամբ) երկաթգծի հատուածը: Այս երկաթգիծն անցնում է խողովակաշարերին զուգահեռ եւ նոյնպէս գտնւում է շփման գծից հաշուած կիլոմետրերի վրայ:
Այս հատուածը հնարաւոր է վերահսկողութեան տակ վերցնել մէկ ռազմերթի շնորհիւ, որից յետոյ տարածաշրջանում ուժերի յարաբերակցութիւնը սկզբունքօրէն կը փոխուի: Ահա արդէն քսան տարի շրջափակման մէջ գտնուող Հայաստանը, որը պահպանւում է առաջին հերթին Ադրբեջանի կողմից, լրիւ կարող է համոզել միջազգային հանրութեանը նման քայլի հիմնաւորուածութիւնը:
Բաքու-Թբիլիսի երկաթուղու հատուածի վրայ հայկական վերահսկողութիւնն ըստ էութեան կը կտրի ներքին Ադրբեջանը ոչ միայն Վրաստանից, այլեւ Թուրքիայից: Արտաքին աշխարհ դուրս գալու միակ երկաթուղային ուղղութիւնը կը մնայ «հիւսիսայինը»՝ դէպի Ռուսաստան:
Ադրբեջանի նախագահը հիանալի գիտակցում է այս բոլոր սպառնալիքների մասշտաբայնութիւնը (տարողունակ ըլլալը-Խմբ.) եւ, որ պակաս կարեւոր չէ՝ դրանց իրողութիւնը: Նա չի դիմի նման ակնյայտ ռիսկերի (վտանգաւոր քայլերու-Խմբ.) յանուն մի տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի վրայ իր վերահսկողութեան հաստատման ոչ ակնյայտ հեռանկարի, որը ոչ միայն ոչ մի կերպ կապուած չէ բուն Ադրբեջանի հետ, այլեւ ոչ մի կերպ չի ազդում նրա զարգացման տեմպերի վրայ:
Ուժերի միակ դասաւորութիւնը, որը կարող է տեսականօրէն նպաստել նոր պատերազմի վերսկսմանը, Բաքւում Ալիեւի կլանի դիրքերի կտրուկ թուլացումն է, որը յղի է անխուսափելի հաշուեյարդարով, կամ՝ նաւթի գների աղէտալի անկումը (մէկ բարելի դիմաց 15 դոլարից պակաս): Ո՛չ մէկը եւ ո՛չ էլ միւսը առայժմ չի նկատւում:
ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
«Արմէնիանաու»ի թղթակից