ՍԱՅԱԴ ԲԱԲՈՒՄԵԱՆ
ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ՝ ԻԲՐԵՒ ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՄԻՋՈՑ
Մարդկութեան իւրաքանչիւր փնտռտուքը, երեւոյթների էութիւնը հասկանալու կամ իրերն ու երեւոյթները ըմբռնելու համար, բխում է այն բանից, որ նա իր մէջ ունի փնտռելու եւ հասկանալու բնազդ, որից կենդանական աշխարհը զուրկ է: Կենդանական աշխարհում փնտռտուքն սկսւում է այն վայրկեանից, երբ նա քաղցածանում է:
Պարագան այլ է մարդկութեան մօտ. այդ զգացումն նրան առաջնորդում է դէպի գիտութեան աշխարհ: Սկսած նախամարդու թերեւս առաջին գիւտերից մէկի՝ անիւի գիւտից, մինչեւ այսօրուայ գիւտերի անհուն ու լայնածաւալ աշխարհը, արդիւնքն է մարդու այդ զգացողութեան: Չնայած այն բանին, որ այսօր մարդկութիւնը գիտական ասպարէզում հսկայական թռիչքներ է գործել, սակայն այսօր անգամ, դարձեալ նա իրեն թոյլ է զգում բնութեան տարերքի դիմաց, որով եւ ապաւինում է սին հաւատալիքների, հմայական հին ու նոր զրոյցների, բախտագուշակների ու գրբացների օգնութեան: Երբ նախամարդը սկսել է հաւատալ բնութեան մէջ «գոյութիւն» ունեցող չար ու բարի ոգիներին, ապա նա փնտռել է ուղիներ՝ չար ոգիների դէմ մարտնչելու, եւ բարի ոգիներին խնդրամատոյց լինելու: Հ. Ա. Կնեազեանի ռուսերէն լեզուից թարգմանուած աշխատութեան մէջ կարդում ենք. «Սնահաւատութիւնների միւս աղբիւրը բիոլոգիական բնոյթի ահեղ կամ անբացատրելի երեւոյթներն էին: Ծաղկի, խոլերիայի, ժանտախտի էպիդեմիաները եւ այլ համաճարակային հիւանդութիւնները, որոնք հին ժամանակներում ոչնչացնում էին ամբողջ երկրների բնակչութեանը, պատկերացւում էին որպէս զայրացած Աստծու պատիժ, սատանայի նենգութիւններ կամ կախարդների ու վհուկների հմայական արարմունքներ: Հոգեկան հիւանդութիւնները, որոնք երբեմն կրում էին «հոգեկան համաճարակի» բնոյթ, բացատրւում էին որպէս չար ոգու կողմից բռնուած լինել, որպէս կատաղածութիւն, կախարդութեամբ պատճառուած հիւանդութիւն, «աչքով տալ» եւ կամ մոգական գործողութիւնների հետեւանք: Մօտաւոր հաշուումներով, միջին դարերում խարոյկների վրայ եւ տանջանքներից զոհուել է ինը միլիոն մարդ, որոնք մեղադրուել են սատանայի հետ ունեցած յարաբերութիւններում…»:
Բնութեան մէջ իբր թէ գոյութիւն ունեցող ոգիների դէմ պայքարի դրօշակակիրներն էին նախ քուրմերը, ապա քահանաներն ու գրբացները. հնում դրանք կատարւում էին բանաւոր, յաճախ երգերի տեքստով: Այդ երգերը դրսեւորւում էին նաեւ անիմաստ ձայնարկութիւններով հմայական արարողութիւնների ընթացքին, որոնց բոլոր ձեւերն եւս տարածուած են եղել հին Հայաստանում. այս է հաստատում մեր մատենագիրների յիշատակութիւնները մատենագրերում, որտեղ նշուած է եկեղեցու մղած պայքարի մասին՝ ընդդէմ դիւթութիւնների, հմայքների եւ կապքի աղօթքների:
ՀՄԱՅՔԻ ԱՂՕԹՔՆԵՐ
Սրանք խիստ տարածուած են եղել, թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում: Թւում է թէ այսօր բոլորովին անհետացած են այդ աղօթքների գրաւոր ձեւերի՝ հմայիլների կամ հմայեկների, կիրառումը: Հմայքի գրաւոր ձեւերի, հին օրինակների մէջ չկան քրիստոնէական աղօթքներ, սակայն դրանց գրութիւններում, հետագայում, աւելացել են նաեւ կրօնական մէջբերումներ, որոնք գրութիւնը դարձրել են ազատ եւ չափածոյ ինչ որ մի բնագիր: Գրաւոր տեսակի այս աղօթքները գրւում էին երկայն մագաղաթի կամ թղթի վրայ, ապա այն փաթաթում գունաւոր կամ սպիտակ կտորի մէջ, կարում եւ տեղադրում հիւանդի բարձի կամ անկողնու ընդերքում: Կար նաեւ հմայիլը հագուստին փակցնելու սովորութիւնը:
Ա. Առաքելեանը իր «Հայ ժողովրդի մտաւոր մշակութային զարգացման պատմութիւն» աշխատութեան մէջ գրել է. «Հմայական աղօթքները լինեն գրաւոր թէ բանաւոր, ունեն ընդհանրապէս երդմնեցուցական բնաւորութիւն, ուղղուած են իբրեւ խնդիրք բարի ոգիներին, բայց յօրինուած են սովորաբար չար ոգիների դէմ, որոնք իբր վնասում են մարդկանց եւ հիւանդութիւններ բերում: Իբրեւ այդպիսիներ, առանձնապէս երեւան են գալիս գիշերուայ չարունքը, չարքերը, նորածիններին ու ծննդկաններին վնասող ալերը (ալքերը), չար աչքը եւ այլն, նոյնպէս եւ կենդանակերպ ոգիները եւ հէնց իրական վնասատու կենդանիները՝ գայլ, օձ, կարիճ. սրանց հետ միասին՝ անգամ գորտն ու մրջիւնը: Այս վերջին չորսը «ահրիմանական» չար կենդանիներ են համարուել հին պարսկական կրօնով, եւ իբր հիւանդութիններ են բերել: Նոյնը եղել է եւ հայերի մէջ. դրանք իբրեւ չար ոգիներ առաջ են բերել գորտնուկ, մրջնուկ, օձիկ կոչուած հիւանդութիւնները: Սրանց դէմ էլ ուղղուած են եղել հմայական աղօթքներ: Կարծում էին, թէ «գելկապի», «կարճի» եւ այլ «աղօթքներն ասելուց յետոյ», գայլը, կարիճը եւ այլն տեղներում կապուած կը մնան անշարժ:
Բերենք մի քանի այդպիսիները, ամէնից առաջ՝ «գորտնուկի աղօթքը», որը իսկապէս մի հին աղօթք է: «Աղօթքը» դիմելով «նորին», այսինքն՝ նորած լուսնին, որ հին ժամանակ պաշտուել է հայերի մէջ իբրեւ բարի ոգի, խնդրում է նրան ազատել ենթակային այդ հիւանդութիւնից:
«Նո՛ր, նո՛ր, թազայ թագաւոր,
Ես ալեւոր, դու թագաւոր,
Էն աշխարհքից ի՞նչ խաբար ես բերել:
Նո՛ր, նո՛ր, տես զիս,
Գորտնուկն էկէ կու տայ զիս,
Կեր գորտնուկին, չուտայ զիս»:
Բերենք եւ մի ծննդկանի աղօթք.
«Էլանք դարով, շրջանք ձորով,
Մեր տէրն էկաւ հազար բարով:
Ըսինք՝ «Տէր, ո՞ւր կ՛երթաս»:
– Կերթամ դուռը հիւանդին,
Էլլեմ էրդիկ տղոցկնին,
Ժնջիլ քաշեմ բոլոր պատին,
Չվախենայ սիրտն ի փորին:
(Սկզբնական «աղօթքները», հարկաւ, այսպէս երկար չեն եղել, այլ միայն կարճ ու կրկնուած խօսքեր են եղել, ինչպէս հետեւեալն է.
Չար աչքը չար փշին,
Չար աչքը չար փշին,
Չար աչքը չար փշին:
Կամ հետեւեալը մի հմայեկից
Չարակն ի չար փուշին,
Չար փուշն ի բարկ կրակն.
Բարկ կրակն ի քարն,
Չարն ի յանյատակ ծովն…
Կամ հետեւեալը՝
Ալալոց, գալալոց…
Գիլի աչքերը զիզիկ անես,
Ատամները մումիկ անես,
Էս հանդէն կալես-կապես,
Էն հանդէն արձակ թողես»:
Ինչպէս աշխարհի բոլոր ժողովրդների, այնպէս էլ հայ ժողովրդի մէջ լայն տարածում ունէր կրօնին ապաւինելու՝ ծանր հիւանդութիւնների բուժման միջոցառումները, որոնք յաճախ ապարդիւն էին անցնում. թւում է, որ մարդիկ պիտի անդրադառնային դրան, բայց բանը նրանումն էր, որ մարդն իր ոգու խորքերում ունի այնպիսի բնազդ, որը նրան առաջնորդում է դէպի այդ հաւատալիքները: Այդ բանին օգնում է նաեւ այն, որ նման միջոցառումների ժամանակ, երբ դիպուածով հիւանդը առողջանում էր, լուրն անմիջապէս տարածւում էր ամէն տեղ եւ ինքնին զօրացնում նման հաւատալիքների հիմունքները: Շատ անգամ էլ այդ «բուժամիջոցները» հիւանդի տխուր վախճանին էր յանգում: Ամենայն հայոց բանաստեղծի՝ Յ. Թումանեանի, «Նեսոյի Քարաբաղնիսը» պատմուածքը լաւագոյն օրինակներից մէկն է: Ծանր հիւանդի հարազատները երբեմն ապաւինում էին նաեւ վանքերին՝ դրանց բուժման «մենաշնորհումներից» օգտուելու համար: Հնամենի վանքերի ու պատմական անցեալ ունեցող եկեղեցիների պատերի տակ, նոյնիսկ ձմրան եղանակին, բաց երկնքի տակ, անկախ նրանից, որ ցուրտն ու սառնամանիքը վնասակար էր հիւանդին թէ ոչ, նրան պառկեցնում էին այն ակնկալիքով որ պիտի ապաքինուի ենթական: Բազմաթիւ են բուժման նմանօրինակ ձեւերը: Բուժման այս տեսակը եւս գոյութիւն ունէր. հիւանդին առանձնացնում էին սենեակում, թանձր վարագոյրներով ամբողջապէս փակում էին որեւէ լոյսի ներթափանցման անցքերը, հրաւիրում էին այն ժամանակի եղած նուագիչներին, վարձատրում նրանց եւ խնդրում փակ եւ մութ սենեակում, առանց ընդհատման 24 ժամ նուագել, նուագել, մինչեւ հիւանդը լաւանայ…