ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին Կաթողիկոսը 2010 թուականը հռչակել էր Հայ կնոջ տարի՝ նկատի ունենալով հայ կնոջ վերապահուած առանցքային դերը մեր ժողովուրդի կեանքում: Յատկանշական է, որ 1917 թուականին Հայ Առաքելական եկեղեցին է, որ հայ կնոջը ընձեռել է ընտրելու իրաւունք:
Հայ կինը, յիրաւի, ուրոյն է իր էութեամբ, քանզի մեր ազգի պատմութեան ընթացքում հայ կնոջ դերը կենսական է եղել ազգպահպանման հարցում: Հայ կինն է, որ հաւատարիմ մնալով ի վերուստ սահմանուած՝ ՄԱՅՐ լինելու առաքելութեանը, միաժամանակ ուժ ու կորով է հաղորդել հայ տղամարդուն, պայքարել նրա հետ միասին, նաեւ՝ փայփայելով ու սերունդներին փոխանցելով ազգային ինքնութիւնը:
Հինգերորդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայութեամբ, նախաքրիստոնէական շրջանում հայ կնոջը վերաբերուել են որպէս «մայր աղբիւր», «կենսատու», «շունչ եւ կեանք»: Անահիտը, հեթանոսական շրջանի գլխաւոր՝ Մայր աստուածուհին էր, ինչը վկայում է, որ մայրութիւնը համարուել է սուրբ եւ գերագոյն արժէք: Գեղեցկութեան եւ իմաստութեան խորհրդանիշներն են եղել՝ Աստղիկ ու Նանէ աստուածուհիները:
Քրիստոնէութեան ընդունմամբ կնոջ դերը եւս մէկ անգամ ընդգծւում է. Հայ Առաքելական եկեղեցու սրբերի շարքում են Հռիփսիմէն ու Գայիանէն:
Հայ կանայք յայտնի են նաեւ որպէս խիզախ մարտիկներ, որ մեր ազգի պատմութեան տարբեր ժամանակաշրջաններում տղամարդկանց հետ միասին զէնք են վերցրել ու կռուել թշնամու դէմ: Պատմիչ Եղիշէն նկարագրելով Վարդանանց պատերազմը գրում է. «Կանայք մոռացել էին թոյլ սեռին իրենց պատկանելիութիւնը, եւ վերածուել էին քաջարի մարտիկների հոգեւոր այդ պատերազմում»: Հայ կանանց դերն անգնահատելի է նաեւ մեր պատմութեան համար վճռորոշ այլ մարտերում՝ Սարդարապատից մինչեւ Արցախեան հերոսամարտերը:
Հայ կանայք մեծ ներդրում ունեն նաեւ հասարակական-քաղաքական կեանքում: Հայ թագուհիները իմաստուն խորհրդատուներ են եղել իրենց ամուսինների համար, ինչպէս օրինակ, Տրդատ թագաւորի կինը՝ Աշխէնը:
Հայ կինը նաեւ ազգային մշակոյթի պահպանման ու զարգացման ջատագովներից է եղել. բազմաթիւ եկեղեցիներ կառուցուել են հայ կանանց աջակցութեամբ: Կատրամիդէ թագուհու հովանաւորութեամբ է կառուցուել Անիի Մայր եկեղեցին, որ յայտնի է նաեւ Սուրբ Աստուածածին անուամբ (1001թ.): Խոսրովանոյշ թագուհու շնորհիւ է հնարաւոր դարձել Սանահինի եւ Հաղպատի մայր եկեղեցիների կառուցումը (976-991թթ.):
Օսմանեան կայսրութեան տիրապետութեան ժամանակաշրջանում, պայմանաւորուած տիրող հասարակարգի բարքերով, կնոջ դերը հասարակական կեանքում նուազում է, սակայն հայ կինը դառնում է ինքնութեան ու մշակոյթի հիմնական պահպանողը:
19րդ դարի մշակութային վերածնունդը հայ կնոջ զարթօնքի ժամանակաշրջանն էր նաեւ: Գրող ու հրապարակախօս Սրբուհի Տիւսաբը հայ կնոջ ազատութեան, կրթութեան ու հաւասարութեան առաջամարտիկներից էր: Ժամանակաշրջանի մէկ այլ առանցքային գրող էր Զապէլ Ասատուրը՝ Սիպիլ մականուամբ: Յիշարժան է այն փաստը, որ Հայաստանի եւ աշխարհի առաջին կին դիւանագէտը՝ Դիանա Աբգարն էր, որ մէր երկրի առաջին դեսպանն էր հեռաւոր արեւելքում, Ճապոնիայում: Նրա շնորհիւ էր, որ Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ մեր հազարաւոր հայրենակիցները կարողացել են բարեյաջող կտրել ովկիանոսը: Աբգարը նաեւ առաջիններից էր, որ այդ տարածաշրջանում իրազեկել է Հայոց Ցեղասպանութեան մասին: Մեր ազգի ազատագրման մարտերում Սօսէ մայրիկն է խորհրդանշում հայ կնոջը, որ ամուսնու Սերոբ Աղբիւրի, որդիների ու եղբայրների հետ մասնակցել է բազմաթիւ մարտերի: Գրող Զապէլ Եսայեանի անունը եղել է երիտթուրքերի կազմած հայ մտաւորականների «մահուան ցուցակում», սակայն փրկուելով, Զապէլ Եսայեանը ոչ միայն շարունակել է ստեղծագործել, նաեւ՝ աշխարհին ներկայացրել Օսմանեան կայսրութեան ոճիրը:
20րդ դարը նոր հնարաւորութիւններ է ընձեռում կանանց, ինչի արդիւնքում հայ կինը դառնում է հասարակութեան լիարժէք ու ակտիւ անդամ: Հայ թատրոնի, երաժշտութեան եւ արուեստի այլ ոլորտներում հայ կանայք մեծ նուաճումներ են արձանագրում ազգային եւ միջազգային չափանիշերով: Գոհար Գասպարեան՝ «հայ սոխակ»ը, որ հանդէս է եկել համաշխարահային բեմերում, գրող, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկեանը, նկարչուհի Մարիամ Ասլամազեանը, դերասանուհի Սիրանոյշը, գիտնականներ, մարզուհիներ, անունների ցանկն անվերջանալի է:
Ստեղծագործելու, արարելու անզուգական տաղանդով օժտուած Հայ կնոջ վերելքը շարունակւում է այսօր Հայաստանում եւ հայրենիքից դուրս:
«Ասպարէզ»ը մշտապէս անդրադառնում է եւ ուշադրութեան կենտրոնում պահում ամերիկահայ կնոջն իր տարբեր դրսեւորումներով:
Այս համարում ներկայացնում ենք տարբեր երկրներում ծնուած, ու տարբեր սերունդներ ներկայացնող հայ երեք կանանց, ովքեր հաւատարիմ մնալով ազգային ինքնութեանը, միաժամանակ՝ այս երկրի լիարժէք ու արժանաւոր անդամներ են:
Դերասանուհի, պրոդիւսեր Մերի Ափիկ, ռեժիսոր, պրոդիւսեր՝ Ալինա Լա Մաննա, իրաւաբան՝ Ալինա Ազիզեան: