ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Եր՞բ անցաւ տարին…

Տարուայ վերջին օրերին բոլորս հաւանաբար այս հարցն ենք տալիս եւ զարմանքով աւարտում տարին: Եւ իւրաքանչիւր անցնող տարի աւելի շատ ափսոսանք է տանում իր հետ, քան իրագործուած նուաճումներ:
Ինչպէս միշտ, այս անգամ էլ ափսոսանքով աւարտելով 2010 թուականը, անհանգիստ սպասումներով ազգովին թեւակոխում ենք մի նոր անյայտ տարի, 2011թ.:
Անշուշտ իւրաքանչիւրս ունենք մեր մտածումների ու անհանգստութիւնների ծիրը, բայց հայերիս համար առաջնահերթը դեռ մնում է մեր երկրի եւ մեր ժողովրդի անցնելիք ճանապարհը այս եկող տարում:
Աշխարհի եւ մեր երկրի տնտեսական ծանր ճգնաժամը, մեր քաղաքական անապահով վիճակը, մեծ պետութիւնների ճնշումին դիմադրել չկարողանալու մեր անկարողութիւնը, ինչպէս նաեւ պետական ուղեգիծ չունենալու մեր անսկզբունք մօտեցումը, մեզ ստիպում է նոր մտահոգութիւններով ծանրաբեռ դիմաւորելու գալիք տարին:
Ի՞նչ է լինելու մեր վիճակը այս գալիք տարում, դէպի ո՞ւր է տանում երկրին եւ ժողովրդին մեր ներկայ ղեկավարութիւնը, որքանո՞վ ենք կարողանալու ամբողջական պահել Արցախը եւ մշակուելո՞ւ է արդեօք ժողովրդի իրաւունքները պաշտպանող պետական ուղեգիծ:
Սովորաբար, իրենց պետութիւն հռչակած երկրներում, այս հարցերը ժողովրդի մտահոգութիւնից դուրս են, դրանցով երկիրը ղեկավարող համապատասխան մարմիններն են մտահոգւում: Բայց քանի որ մենք պետութիւն ենք առանց պետական գիտակցութիւն ունեցող կառավարութեամբ, ուստի այն աւելի շատ դարձել է իւրաքանչիւր մտածող հայի պարտականութիւն՝ յիշեցնելու մեր ղեկավարներին իրենց գրաւած պաշտօնների պարտականութեան եւ պատասխանատուութեան մասին: Եւ դրա համար ամենայարմար ժամանակը նոր տարեմուտն է:
Թւում է իւրաքանչիւր անցնող տարի մէկ աստիճան աւելի էր բարձրացնելու մեր երկրի ղեկավարութեան մակարդակը, անցնող իւրաքանչիւր տարի աւելի լսելի էր դարձնելու նրանց ժողովրդի պահանջը, որն արդէն շշուկից անցել է կոկորդ պատռող գոռոցի: Բայց ցաւօք սրտի մեր ղեկավարութիւնը պատնէշ է քաշել իր շահերի եւ երկրի ու ժողովրդի պահանջների դէմ եւ նոյնիսկ Ձենով Օհանի գոռոցը չեն լսելու նրանք:
Եւ այսպէս ամէն տարի նոյն հարցն է ծառանում մեր առջեւ՝ դեռ որքա՞ն է շարունակուելու բարձիթողի մատնուած հայութեան այս վիճակը:
Մեր երկրում ժողովուրդը դարձել է համակերպուող, ձայնազուրկ տարր, դրամտիրութեանն ու օտարամոլութեանը ծառայող մասսա (զանգուած-Խմբ.):

Ղեկավարութիւնը երկիրը դարձրել է իր սեփականութիւնը եւ ինչպէս խելքին փչում այնպէս էլ վարւում է, իսկ գաղտնիք չէ, որ իրենց խելքը ամբողջովին մթագնած է անկուշտ դրամատիրութեամբ:
Երկիրը դատարկւում է, լուրջ մասնագէտներն ու վաղուայ առաջատար սերունդը հեռանում է երկրից, աւազակութիւնն ու անբարոյականութիւնը օրէօր լայնացնում է իր տարածքները, չխնայելով անգամ պատանիներին ու երիտասարդներին, ծերերն ու հաշմանդամները ամբողջովին արհամարուած են, նրանք նոյնիսկ հասարակութեան մաս չեն կազմում, մտաւորականութիւնը կարծես ջնջուել է, չկայ, պապանձուել է, երկրի շահերը վերածուել են անձնական շահերի:
Իսկ ի՞նչ ենք անում մենք:
Սփիւռքի մտաւորականութեան սկզբունքային քննադատութիւնները արհամարւում են, լաւագոյն դէպքում դառնում են տուեալ անձին թշնամի որակաւորելու միջոց, նրա առջեւ փորձելով փակել իր երկրում գործելու հնարաւորութիւնները:
Երկրում ժողովուրդը ահ ու սարսափի մէջ է, քանի որ քննադատողներին հազար ու մի ահաբեկումների միջոցներով լռեցնում են:
Ե՞րբ է վերջանալու հայութեան գերութիւնը:
Իւրաքանչիւր տարի մենք միայն կենտրոնանում ենք մեր ներքին ախտերի մատնանշումների վրայ եւ երբեք չենք կարողանում հասնել աշխարհում թափ առնող ժամանակի առաջընթացին:
Քանի՞ սերունդ է այսպէս տառապելու վատ ղեկավարութեան ձեռքից: Քանի՞ սերունդ դեռ պիտի ապրի երազելով հասնել իր ազգային արդարութեանը:
Յիշողութեանս մէջ գամուած մնում է Գ. Զօհրապի եւ Վ. Թեքէեանի վերջին խօսակցութիւնից մի հատուած, որը դժբախտաբար իւրաքանչիւր հայ կրկնել ու կրկնում է առ այսօր.
Զօհրապի այն պատասխանին, որ «Մէկ կեանքին համար այսքան տանջալից իմա՞ստ», Թեքէեանը պատասխանում է. «Քեզի ո՞վ ըսաւ հայ ծնիս»:
Ինչո՞ւ այս տողերը ալեւս չեն դառնում անվերադարձ անցեալ, որպէս միայն թուրքի սրի տիրապետութեան տակ ճզմուող հայի այրուած սրտից դուրս թռած ճիչ, այլ շարունակւում է գործածութեան մէջ մնալ իր ամբողջ դառնութեամբ առ այսօր:
Նայեցէք ձեր շուրջ, բոլոր ազգերը հպարտօրէն են կրում իրենց պատկանելիութիւնը, իսկ մենք հպարտանում ենք մեր հայութեամբ միայն այն ժամանակ, երբ օտարն է գովաբանում մեզ, երբ օտար թերթերում յայտնւում է մի հայի անուն:
Միթէ՞ ազգային պատկանելիութիւնն էլ մեզ համար օտարի շոյանքին արժանանալու ձգտում է միայն:

Անցնող ամբողջ տարին մենք վատնեցինք մեր կառավարութեան տհաս գործունէութեան արդիւնքի հետքերի ամոքմամբ, որն էր ամօթաբեր թուրք-հայկական համաձայնագրի իբրեւ թէ «ի օգուտ մեզ» շեփորահարումը, որը ի պատիւ մեր դեռ գոյութիւն ունեցող ազգային կազմակերպութիւնների ճնշման, դադարեցուեց: Բայց համաձայնագրի կողմնակիցների այդ նուաստացուցիչ յորջորջումների քայքայիչ ներգործութիւնը դեռ երկար ժամանակ մնալու է մեր հոգեբանութեան մէջ, յատկապէս երկմտանքի մատնելու մեր ժողովրդի հոծ մասսային: Սակայն ոչ մէկս դեռ վստահ չենք, որ դաւն աւարտուել է, գիտենք, որ իւրաքանչիւր պահ այն կարող է կրկին յայտնուել մեր ղեկավարութեան սեղանին, քանի որ այդ համաձայնագիրը ոչ թէ կտրականապէս մերժուեց, այլ պարզապէս սառեցուեց: Այսինքն մեր ղեկավարութիւնը ինքնուրոյնութեան ուժը չունեցաւ ազգի պատգամով շարժուելու:
Մեր ղեկավարութեան այդ աւերիչ գործի՝ նախ ընդհանրապէս համաձայնագիր ստորագրելու խելայեղ պատրաստակամութեան, եւ յետոյ այն չկարողանալու իսպառ ջնջել, դրա հետեւանքներից ամենամեծը դեռ մենք կրում ենք Արցախի հարցում:
Արցախեան բանակցութիւնների այս թէժացած մթնոլորտում, երբ բանակցութիւն վարողը ոչ թէ այդ հողի տէրը Արցախն է, այլ Հայաստանը, կրկին մեր կառավարութիւնը չի կարողանում օգտագործել այդ հնարաւորութիւնը՝ մի կողմ նետելով իր թուլամորթութիւնը, մէկընդմիշտ մեր այդ հողատարածքը ընդունելու որպէս իր անբաժանելի մասնիկը, ոչ թէ Կոսովոյի օրինակի իրաւունքի շնորհմանն սպասելով, այլ ստալինեան անօրէն, մեր սահմանները մորթոտած քայլը ի լուր աշխարհի չեղեալ համարելով, իր երկրի սահմանները վերահաստատելով:
Անշուշտ ողջունելի էր Նախագահ Ս. Սարգսեանի Ղազախստանեան յայտարարութիւնը, որ Ադրբեջանի յարձակման դէպքում Հայաստանը կը ճանաչի Արցախի անկախութիւնը: Վստահաբար թշնամի կողմը հասկացաւ այդ յայտարարութեան իմաստը: Բայց ժամանակն է, որ Հայաստանը իր պահանջների գործունեայ հետապնդողը դառնայ: Միայն յայտարարութիւններով չէ, որ լուծւում են հարցերը: Մեզ դեռ առիթ է տրուած գոնէ մեր պետութեան կարծիքը հաշուի առնելու: Բայց քաղաքականութեան մէջ այդ առիթները յաւիտենական, կամ նոյնիսկ երկարակեաց չեն: Վաղը կարող է մեծ տէրութիւնները ձանձրոյթ նկատեն այլեւս արցախեան այս քաշքշուկը եւ հարցը լուծեն ինչպէս միշտ՝ ի վնաս մեզ, յատկապէս իմանալով մեր կաշառուող կառավարութեան հայկական թուլակամութիւնը: Նրանք գիտեն, որ պատերազմից խուսափելու համար կը բաւարարուենք ինչ որ նետեն մեր առջեւ, այսինքն ոչինչ եւ կը սպասենք, որ յետոյ կրկին մեծ տէրութիւնները միջամտեն ու ետ տան մեզ պատկանող տարածքները:
Նոյն դանդաղկոտութեամբ մենք իզուր կորցնում ենք տարիները մեր պահանջատիրութեան գործում: Ոչ մէկս համարձակութիւն չունենք բարձրաձայն յայտարարելու, պահանջելու, որ մեր կառավարութիւնը իր այս տարուայ ծրագրում մտցնի մեր պահանջատիրութեան բացայայտ դիմումը Թուրքիային: Մենք սողեսող աղերսում ենք ամերիկեան կառավարութեանը ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը: Հարց է ծագում, թէ Ամերիկան ինչո՞ւ պիտի հիմնական դերակատար դառնայ Ցեղասպանութեան ընդուման գործում, որը բոլորովին իրեն չի վերաբերւում եւ նոյնչափով էլ չի հետաքրքրում: Միթէ՞ որեւէ մէկին գաղտնիք է, որ Ամերիկան հետաքրքրւում է միայն իր շահերով: Եւ յետոյ, ի՞նչ ենք շահելու, եթէ նոյնիսկ Ամերիկան ընդունի այն: Ի՞նչ է այս անգամ էլ կրկին 95 տարի աղերսելու ենք, որ նա նաեւ մեր կողմից պահանջատէր դառնա՞յ. . .
Մեր պետութիւնը՝ ինքը, պաշտօնական ոչ մէկ յայտ ունի ներկայացրած Թուրքիոյ պետութեան մեր պահանջատիրութեան մասին: Միշտ յոյսերս օտարի վրայ դրած սպասում ենք, տարիների փոշով ծածկելով մեր հրատապ հարցերը:
Ժամանակը ոչ թէ եկել, այլ անցել ու սպառնում է մեզ, զգուշացնում է մեզ մեր թմբիրին զոհ դառնալու աղէտը:
Ի՞նչ ասել է, սպասել, որ մեծ մի երկիր, որ հազարաւոր թելերով կապուած է Թուրքիային, անտեսի իր շահերը եւ ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը: Յետո՞յ.
Բաւական չէ՞, ԴօնքիՇոտեան երազանքներով ապրենք:
Ես պատկանում եմ այն սերունդին, որը յոգնած է անվերջ ուրիշներից աղերսելու իր իրաւունքները, ուրիշների քմահաճոյքից կախման մէջ ապրելու, դողալու իր այսօրուայ եւ վաղուայ ազգային ապահովութեան վրայ:
Ես չեմ ուզում այս անտանելի ծանր բեռը կտակել իմ զաւակներին ու թոռներին:
Մենք այսօր պետութիւն ունենք եւ պարտաւոր ենք ազգովին այդ պետութեանը պարտադրելու միայն մեր ազգային շահերին ծառայել:
Շնորհիւ Արա Պապեանի տարիների յամառ հետապնդումների, անվերջ թմբկահարման, վերջապէս Սեւրի դաշնագիրը սկսուեց քիչ թէ շատ ճանաչում գտնել մեր ժողովրդի կողմից եւ վերջերս այդ դաշնագրի 90ամեակին նուիրուած գիտաժողով անցկացուեց Երեւանի Պետական Համալսարանում, որին իր ուղերձն էր յղել նաեւ Նախագահ Ս. Սարգսեանը: Հրաշալի է, պատմական իրողութիւն է, կարելի է նշել, շնորհաւորել, նոյնիսկ այդ օրը յիշատակել, որպէս Հայրենատիրութեան օր, ինչպէս առաջարկուել էր: Սակայն հարց է առաջանում, այդ դաշնագրի նշուած կէտերից, ո՞ր մէկին ենք տիրացել, կամ ո՞ր մէկ կէտն է իրագործուել, որ այն ուզում ենք հռչակել Հայրենատիրութեան օր: Բառը ինքը՝ Հայրենա-տիրութիւնը, արդէն յայտնում է իր իմաստը՝ հայրենի հողին տիրել: Այդ դաշնագրում նշուած մեր վիլայեթներից ո՞ր մէկին ենք տիրացել՝ Վանին, Բիթլիսին, Էրզրումին, թէ՞ Տրապիզոնին, որ այն դարձնելու ենք հայրենատիրութեան օր:
Դեռ առ այսօր մեր պետութիւնը այդ օրինական փաստաթուղթը որի անժամկէտ ներգործութիւնը միջազգայնօրէն իրաւական ուժ ունի, չի դարձրել իր քաղաքական գործունէութեան հիմքը: Միայն Վ. Վիլսընին մեծարելը, նրա աշխատանքը գնահատելը չի նշանակում գործադրել նրա իրապէս հսկայական աշխատանքը մեզ համար փրկարար այդ դաշնագրում:
90 տարի է անցել այդ փաստաթղթի ստորագրումից եւ մենք դեռ ամուր պահում ենք այն իբրեւ մասունք: Դա բաւարար չէ կարծես, դեռ տօն էլ նշանակելու ենք այդ մասունքը իրականից վերացական դարձնելու համար:
Ով-ով գոնէ հայերս հարուստ ենք պարտութեան մէջ յաղթանակ տեսնող տօներով: Ի՞նչ իմաստ ունի մեր անկարողութիւնը հաստատող մէկ այլ տօն աւելացնելու եղածներին: Աւելի օգտակար չէ՞ր լինի եթէ այդ տօնը յայտարարուէր ու իրագործուէր այդ փաստաթղթի եղելութիւնը իրականութիւն դարձնելուց, նշուած տարածքներին տիրանալուց յետոյ: Աւելի ճիշտ չէ՞ր լինի դրա փոխարէն մեր կառավարութիւնից պահանջել՝ միջազգային օրէնսդրութեան ուշադրութեան յանձնել այդ փաստաթուղթը: Դա այսօրուայ մեր ունեցած ամենաիրատես, շօշափելի եւ զօրութիւն ունեցող, մեր իրաւունքը յայտարարող ու պաշտպանող միակ փաստաթուղթն է: Ու՞մ ենք սպասում, ինչո՞ւ է այն անտեսւում մեր կառավարութեան կողմից:
Սովորաբար տօները յաղթանակներով են իմաստաւորւում: Արդեօ՞ք մենք յաղթող ենք, իրագործե՞լ ենք այդ փաստաթղթի պարունակութեան թէկուզ մի չնչին կէտը, որ տօնենք: Փաստաթուղթ ունենալը եւ այդ փաստաթուղթը չօգտագործելը միթէ՞ իրաւունքը իրագործել է նշանակում: Մենք իսկապէս սկսում ենք միրաժներով ապրել:
Այո, մենք սկսել ենք տարիների անօգուտ վատնումով ապրել եւ տարէցտարի աւելի ետ մնալ պետութիւն կառուցելու առաջընթացից:
Մեր անկախութիւնից մինչեւ օրս մենք երեք ղեկավար ենք ունեցել եւ ոչ մէկը մեր ազգային առաջընթացին չի օգնել: Միայն երկրի մայրաքաղաքը օտարամուտ եկամուտներով գեղեցկացնելը, նորաձեւութեան ազդագրերով, սրճարանների անվերջանալի շարանով, նորակառոյց շէնքերով, գեղեցիկ հիւրանոցներով, զբօսաշրջիկութեան կենտրոն դարձնելը լաւ ղեկավար լինել չէ: Իսկ երկրի միւս քաղաքներն ու գիւղերը, շրջանները՞…
Մէկ միլիոնից աւել հայ է հեռացել երկրից անցեալ տարի: Ինչո՞վ է արդարացնում այս փաստը մեր կառավարութիւնը: Ի՞նչ է ծրագրում իր ժողովրդին իր հողում պահելու համար: Հետաքրքրու՞մ, յուզում է իրեն այս ահազանգող վիճակը:
Վերջերս պատմում էին թէ ինչպէս Սիսիանի շրջանի դատախազութեան քմահաճոյքով, կամ աւելի ճիշդ նրա ինքնակամ որոշմամբ ու հրամանով 10 զինուած, դիմակաւորուած մարդիկ ներխուժել են նոյն շրջանի բնակիչներից մէկի տուն, խուզարկել տունը առանց հրամանի եւ տան տիրոջն էլ ձերբակալել ու տարել:
Մտածում ես, եթէ օրինաւոր ձերբակալութիւն է, ինչո՞ւ պիտի դիմակաւորուած, զինուած անյայտ մարդիկ թափանցեն տուն, տակն ու վրայ անեն տունը, ահաբեկեն տանը գտնուողներին եւ առանց բացատրութեան մարդուն կալանքի տակ դնեն: Ուրեմն դեռ ստալինեան շրջանը եւ լեւոնական շրջանը չի աւարտուել, դեռ մարդկանց էութեան միջից չի վերացել իրար յօշոտելու մոլուցքը:
Բայց ամենայուսահատականն այն է, որ այս բոլորի համար օրինապահ մարմին չկայ զբաղուող: Եթէ դատախազութիւնը ինքն է կազմակերպում այս ամէնը, ու՞մ դիմի մարդը, ումի՞ց պահանջի արդարութիւն, կամ ինչպէ՞ս, ո՞ւմ ապացուցի իր անմեղութիւնը:
Եւ այս դէպքը միայն Սիսիանում չէ, այն ամէնուրեք է: Իշխանութիւն ունեցող իւրաքանչիւր անձ իր ձեռքի տակ ունի իրեն սպասարկող խմբաւորում: Ահա այս տեսակի արմատական անօրինութիւնը ստիպում է ժողովրդին լքելու իր հողը եւ հեռանալու երկրից:
Ինչպէ՞ս մաքրել երկիրը, ինչպէ՞ս դուրս նետել անօրէն դարձած օրինականութիւնը, որն արդէն սպառնալիք է դարձել խաղաղ բնակչութեան համար:
Ժողովրդի երկրից հեռացումը ահաւոր վտանգի առաջ է կանգնեցնելու մեզ: Մենք մի քանի տասնեակ կամ հարիւրաւոր միլիոններով ժողովուրդ չունենք, որ անտեսենք երկրի այս հայաթափումը, ինչպէս մեր նախկին եւ այսօրուայ կառավարութիւնն է անում: Մեր հողի վրայ ժողովուրդ ունենալու պարտադրանքն ունենք նախ եւ առաջ որպէս ամբողջական պետութիւն: Ինչպէ՞ս ենք տնտեսապէս աճելու, ամրանալու, երբ ժողովուրդ չունենք: Եւ յետոյ մեր հոգեբանութիւնն է այլեւս ամբողջապէս փոխւում: Գնալով մեր մէջ արմատանում է գնչուի հոգեբանութիւնը: Թշուառ թափառականութիւնը մենք գերադասում ենք երկիր կերտելու ծանր պարտականութիւնից: Գնալով սփիւռքը տարածւում է հարստացնելով իր մարդկային աշխատուժով այլ երկրներին, էլ աւելի աղքատացնելով մեր երկիրը: Թուլանում է հայութեան կամքը, մի նոր որակի սերունդ է աճում, անարմատ ու թափառականի մտածելակերպով ու հոգեբանութեամբ:
Տեսնո՞ւմ էք, որքան անելիքներ կան այս գալիք տարում մեր բոլորի եւ յատկապէս մեր կառավարութեան առջեւ ծառացած:
Որպէս արուեստագէտ ես պիտի նախընտրէի գալիք տարուայ խորհուրդը լեցնել արուեստին եւ գրականութեանը, մեր մշակոյթին նուիրուած հարցերով. չէ՞ որ այդ բնագաւառներում էլ հազարաւոր հարցեր ունենք լուծելիք, բայց առանց հիմնական երկրի ի՞նչ օգուտ այլ բնագաւառները:
Գալիք տարում մենք ունենք ամեակաների հսկայ մի շարան՝ մեր ազգին եւ մարդկութեան պատիւ բերող ծանրակշիռ անունների: Պիտի կարողանա՞նք դրանք նշանաւորել մեր երկրի բարգաւաճման հետ համընթաց, չէ՞ որ նրանք մեր ազգի արժանաւոր զաւակներն են:
Այս գալիք տարում լրանալու է մեր հայրենիքի անկախացման 20 տարին: Դա այնքան էլ քիչ ժամանակ չէ երկրի վերականգնման համար, յատակապէս մեր նման ստեղծարար ժողովուրդ ունեցող եւ մասնաւորապէս մեզ նման անսակարկ օգնութիւն ներդնող Սփիւռք ունեցող երկրի համար: Բայց քանի որ մէր այս 2րդ անկախութեան առաջին ղեկավարութիւնը շահագործեց ու բարոյազրկեց ժողովրդին, կործանեց նրա մաքուր հաւատն ու անկեղծ նուիրուածութիւնը՝ դարերով երազած ու վերջապէս կրկին ետ ստացած իր անկախութեան հադէպ, երբ իր ստորացուցիչ արարքների համար նա առ այսօր, պատասխանատուութեան չկանչուեց, եւ չի կանչւում, բնականաբար նրա դրած այդ տխեղծ հիմքերի վրայ բարձրացաւ մեր երկրի անկախութեան կառոյցը: Շատ բնական է, որ պիտի կարծրանար, մշտական տեղ գրաւէին, օրէնք դառնային այդ այլանդակ բարքերը, որի արդիւնքը դարձաւ անօրինականութեան հեղձուցիչ մթնոլորտով լեցուն այսօրուայ մեր երկիրը:
Այս գալիք տարում յուսանք, որ արթնանայ մեր ժողովուրդը, պատռի իր վախի վարագոյրը եւ պահանջի օրինականը՝ իրեն հասանելիք մարդավարի ապրելու եւ իր երկրում յարգուելու իրաւունքը:
Լրանում է նաեւ Արցախի անկախութեան հռչակման 20րդ տարին: Յուսանք, որ մեր բազում արիւնաքամ եղած Արցախի ժողովուրդը այս գալիք տարում միանայ իր մայր հողին, որ ոչ մէկ թիզ հող զիջի անօրէն թշնամուն:
Իմ թուարկած բոլոր անելիքները այս եկող տարում, անշուշտ ցանկութիւններ են, գուցէ առաջին հայեացքից բացասական ու յոռետես հնչող, շատերի համար սուր թուացող, բայց մի շտապէք եզրակացնել, մտածէք, խորհէք, յիշէք, որ գովերգելը շատ աւելի հեշտ ու ապահով է, յատկապէս այն շարադրող անձի համար, քան սուր քննադատութիւնը: Բայց ո՞րն է աւելի օգտակարը… տարին թող ցոյց տայ…
Դեկտեմբեր 6, 2010թ.
Սան Ֆրանսիսքօ