Փետրուար 13ին, ամբողջ Հայաստանը տօնում է Տեառնընդառաջը կամ ժողովրդական լեզուով ասած՝ Տրնդէզը: Ծիսակատարութեան ժամանակ իւրաքանչիւրի բակում վառւում է խարոյկ, որի շուրջ մարդիկ ձեռք ձեռքի տուած՝ պարում են հայկական աւանդական պարեր, խարոյկի մէջ նետելով տարատեսակ քաղցրաւենիքներ՝ քաղցրացնելու իրենց կեանքը: Ցանկացած տօն ունի իր խորհուրդը: Տրնդէզի խորհուրդը կրակն է, որն աւետում է գարնան գալուստը, որն իր հետ բերում է ջերմ եղանակ, առատ բերք եւ օրհնութիւն նորապսակներին: Քանզի սա գլխաւորապէս նորապսակների տօն է, շատ ու շատ զոյգեր ծրագրում են իրենց ամուսնութիւնը հէնց այդ օրը: Փետրուարին մենք կարողացանք հարսանեկան զգեստներ տրամադրել շատ հարսնացուների:
Փետրուար ամսին մենք այցելեցինք Արարատի մարզի Այգեպատ եւ Նարեկ գիւղերը: Գիւղապետերը, քաջատեղեակ լինելով բնակիչների կարիքների մասին՝ տարբեր ծրագրեր էին իրականացնում նրանց աջակցելու համար: Մեզ դիմաւորեցին խանդավառուած երեխաները: Մեր այցելութիւնը մեծ ոգեւորութիւն էր յառաջացրել տեղացիների մօտ: Մենք երկու գիւղերից էլ վերադարձանք գոհ եւ ուրախ:
Մենք նաեւ ականատես ենք լինում շատ ցաւալի դէպքերի: Կարծես օրէցօր աւելանում է երեխաների եւ մեծահասակների անդամալուծութեան թիւը: Յաճախակի են դարձել սայլակ ստանալու խնդրանքով մեր գրասենեակ կատարուող այցելութիւնները: Մի քանի ամիս սայլակ չունենալու պատճառով չէինք կարողանում օգնել դիմողներին, սակայն Յունուար ամսին զանոնք ստանալով՝ կարողացանք տրամադրել սայլակներ մարդկանց, ովքեր դրանց կարիքը խիստ զգում էին:
Յունուար ամսին ստացանք 10րդ առաքումը եւ այժմ «Լայթհաուս»-«Փարոս» հիմնադրամը ԱՄՆում պատրաստում է 11րդը, որը շուտով ճանապարհ կ՛ընկնի: Հիմնադրամի գործօն աշխատակիցները ԱՄՆում հաւաքում եւ փաթեթաւորում են անհրաժեշտ բոլոր իրերը: Փաթեթաւորման հարցում բաւականին մեծ է կամաւորական աշխատանք կատարողների դերը:
Կը ցանկանայինք խորհին շնորհակալութիւն յայտնել Համահայկական հիմնադրամին, առաքումները Հայաստան հասցնելու աշխատանքները ստանձնելուն համար:
Մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել «Փարոս» բարեգործական հիմնադրամի բոլոր հովանաւորներին եւ աջակիցներին, քանի որ այս ամէնը անհնարին է առանց նրանց աջակցութեան:
Տնտեսական ճգնաժամային այս բարդ ժամանակաշրջանը մեծ հետք է թողնում յատկապէս տնտեսապէս անապահով խաւերի վրայ: Օրական 20ից 30 ընտանիք է այցելում հայաստանեան մեր գրասենեակը, որպէսզի աջակցենք նրանց սննդամթերքով եւ հագուստով: Մարդիկ Հայաստանում տառապում են անգործութիւնից եւ սննդամթերքի գնաճից:
Խնդրում ենք այցելել մեր կայքը՝ www.parosfoudation.org, եւ կատարել նուիրատուութիւն:
(Թղթակցութիւնը
հիմնադրամէն)