ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

«Միջազգային իրաւունքի սկզբունքներից մէկը ուժի կամ նրա կիրառման սպառնալիքի չկիրառումն է: Բայց տուեալ դէպքում ուժն արդէն կիրառուել է, ըստ որում՝ ոչ մեր կողմից»: Այս յայտարարութիւնը տառացիօրէն օրերս արուել է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համատեքստում: Համաձայնէք. եթէ չճանաչենք տուեալ արտայայտութեան հեղինակին, ապա կարելի է ենթադրել, թէ այդ խօսքերը պատկանում են հայ քաղաքական գործիչներից որեւէ մէկին: Հնարաւոր է՝ մեր ընթերցողներն էլ իրենց խորաթափանցութեամբ մօտաւորապէս այդ նոյնը մտածեցին: Աւաղ, ստիպուած ենք հիասթափեցնել նրանց. այդպիսի յայտարարութիւն է արել ոչ այլ ոք, քան… Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը (նախ)անցած Երկուշաբթի օրը «Մոսկովսկիէ նովոստի» թերթին տուած իր հարցազրոյցում:
Կարծում ենք՝ այն բանից յետոյ, երբ յիշատակուած արտայայտութեան հեղինակի ով լինելը բացայայտուած է, արդէն ամէն ինչ իր սովորական տեղն է ընկնում: Քանզի այդչափ ստայօդ, իրականութիւնից անչափ հեռու յայտարարութիւն միայն Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչը կարող էր անել՝ մի երկրի, որի պետական քարոզչութիւնը բացայայտ ստով է զինուել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ապօրինի նկրտումները պաշտպանելու համար: Հաշուարկը պարզ ու հասարակ է, եւ այն արուած է անտեղեակ լսարանի հաշուառումով: Դժուար է ասել, թէ տուեալ դէպքում որչափ են անտեղեակ «Մոսկովսկիէ նովոստի»ի ընթերցողները, բայց Մամեդեարովի ցինիկութիւնն ու փարիսեցիութիւնն էլ հէնց նրանում է, որ նա քարոզչական շմոլքի (թունաւոր մոլուցքի-Խմբ.) մէջ քամահրում է նաեւ հակամարտութեան գծով հեղինակաւոր փորձագէտների կարծիքը, որոնց ճշդիւ յայտնի են հակամարտութեան պատճառահետեւանքային կապերը: Եւ որոնք կարող էին ադրբեջանական նախարարին յիշեցնել, թէ ում կողմից է առաջին անգամ ուժ կիրառուել եւ ինչ նպատակով: Եւ այն մասին, որ հակամարտութեան ռազմական փուլն սկսուել է ոչ թէ Ղարաբաղի շրջակայքի տարածքների գրաւումից, ինչպէս դա հիմա ադրբեջանական կողմն է փորձում ներկայացնել տարբեր ամբիոններից, այլ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից (յարձակումով-Խմբ.), որն իր առջեւ նպատակ էր դրել ոչնչացնել նորահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Իսկ եթէ աւելի ճշգրիտ լինենք, ապա Ադրբեջանի կողմից ուժը հայ բնակչութեան նկատմամբ կիրառուել է դեռեւս Խորհրդային Միութեան տրոհումից առաջ, ինչն արտայայտուել է Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում, ապա եւ ամէնուրեք տեղի ունեցած հանրայայտ արիւնալի իրադարձութիւններում:

Չի խանգարի ադրբեջանական ԱԳՆ ղեկավարին յիշեցնել նաեւ, որ 1992 թուականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է «Ազատութեանն աջակցութեան ակտի» 907րդ ուղղումը, որը Միացեալ Նահանգների կառավարութեանն արգելում է օգնութիւն ցոյց տալ Ադրբեջանին: Եւ այն ընդունուել է Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, իսկ այնուհետեւ էլ պատերազմի սանձազերծմանն ի պատասխան եւ, ի դէպ, մինչ օրս էլ այն բեկանուած չէ: Սա՝ մամեդեարովեան այն արտայայտութեան վերաբերեալ, թէ «ուժն արդէն կիրառուել է, ըստ որում՝ ոչ մեր կողմից»:
Շարունակելով ապատեղեկացնել «Մոսկովսկիէ նովոստի»ի ընթերցողներին, Մամեդեարովը հրամցրել է մի դրոյթ, որին ամենամոլի պացիֆիստները (խաղաղապաշտները-Խմբ.) կը նախանձէին. «Ադրբեջանը ձգտում է իր ամբողջ արտաքին քաղաքակնութիւնը կառուցել բարիդրացիութեան ոգով: Մենք հսկայական բաւականութեամբ համանման քաղաքականութիւն կը կառուցէինք նաեւ Հայաստանի հետ, հէնց որ վերացնենք Ղարաբաղի վերաբերեալ բացասական հետեւանքները»: Ճիշտ է, ըստ այդմ Մամեդեարովը հաւատարիմ է մնացել սպառնալիքների ու շանտաժի ադրբեջանական քաղաքականութեանը եւ «բարիդրացիութեանը» Ադրբեջանի պատրաստակամութիւնը վերապահել պայմանով. «Բաքուն կը դադարի հակամարտութիւնն ուժով լուծել սպառնալուց՝ հէնց որ վերացուեն ուժի օգտագործման հետեւանքները»: Ահա այսպիսի տարօրինակ պացիֆիզմ՝ գայլի երախով: Իսկ ուր մնաց, այդ դէպքում, ուժի կիրառման սպառնալիքի անթոյլատրելիութեան մասին պնդումը:
Թէ «բացասական հետեւանքների» տակ ինչ է հասկանում ադրբեջանական նախարարը՝ պարզաբանելու, կարծում ենք, կարիք չկայ: Սակայն կարիք կայ խօսել այն մասին, թէ նա ինչպէս է պատկերացնում դրանց վերացումը: Դատելով ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հարցազրոյցի, պաշտօնական Բաքուն, կարծես, որոշել է Մոսկուայի սատարումն ստանալ: Այսպիսի հետեւութեան են յանգեցնում Մամեդեարովի խօսքերն այն մասին, թէ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ անյաջող խաղաղ բանակցութիւնների յետնապատկերի վրայ հիմա շատ բան ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական ջանքերից է կախուած»: Ադրբեջանի այդպիսի վերակողմնորոշումը դէպի Մոսկուա, ըստ երեւոյթին, մասամբ կապուած է այն բանի հետ, որ վերջին ժամանակներս Բաքուն բաւականին ցաւոտ մատնազարկեր է ստանում Արեւմուտքի, եւ ամէնից առաջ, ԱՄՆի կողմից, որը ճնշում է գործադրում Բաքուի ռեժիմի վրայ՝ նրան մեղադրելով ժողովրդավարական իրաւունքների եւ ազատութիւնների խախտման, կոռումպացուածութեան (փտածութեան-Խմբ.)եւ սոցիալական անարդարութեան մէջ: Ռուսաստանի նախագահի հասցէին կեղծաւոր արտայայտութիւնների մի բաժին հրամցնելով, ում շնորհիւ, Մամեդեարովի խօսքերով, ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում «շարժում» կայ (Մամեդեարովի եզրոյթն է.- խմբ.), նա նկատել է, թէ «կը ցանկանայինք, որ ճեղքումն աւելի արագ ստացուէր, քան մենք ենք սպասում»: Ցանկանալն, իհարկէ, վնասակար չէ, սակայն այդուհանդերձ տրամաբանական հարց է ծագում. ինչպէ՞ս հասնել ոչ միայն արագ, այլ պարզապէս ճեղքման, եթէ իր իսկ՝ Ադրբեջանի դիրքորոշումը զուրկ է դրա համար անհրաժեշտ կառուցողականութիւնից: Թէ՞ Բաքուն, որ ընտելացել է ուրիշներին խաբելուն, ինքն իրեն էլ է խաբում: Իհարկէ, ոչ: Աւելի շուտ, Ռուսաստանի հետ յարաբերութիւններում գործի է դրուելու քաղաքական – տնտեսական միջոցների ամբողջ զինանոցը, որոնք Ադրբեջանի կողմից արդէն բազմիցս են օգտագործուել, որպէսզի «շագանակները կրակից ուրիշի ձեռքերով հանի»: Ճիշդ է, առայժմ դա Բաքուին չի յաջողուել:
«Ազատ Արցախ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պախտօնաթերթն է: Լէոնիտ Մարտիրոսեանը թերթի խմբագիրն է: