ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Մայիսի 2ին համացանցում յայտնի դարձաւ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը ստեղծել է իր անձնական կայքը: Ինչպէս գրում է վարչապետը, «նման որոշման համար հիմք հանդիսացաւ նոր վիրտուալ տարածքներ իւրացնելու ցանկութիւնը»:
Տիգրան Սարգսեանը վիրտուալ տարածքներում ամենաակտիւ պետական գործիչն է, նա անցեալ տարի բլոգ էր բացել livejournal բլոգային տիրոյթում, որտեղ պարբերաբար գրառումներ էր անում: Բլոգի գրառումների մասը տեղափոխուել է նոր կայք:
Վարչապետը էջ ունի նաեւ Ֆէյսբուքում, որն այս պահին հաւանում է 2962 ֆէյսբուքեան օգտատէր:
Ֆէյսբուք սոցիալական ցանցն այսօր աւելի ու աւելի է տարածւում եւ շատ պետական գործիչներ հասկացել են, որ այն կարելի է ըստ նպատակի գործածել: Ֆէյսբուքում այսօր գրանցուած շատ քաղաքական գործիչներ կան, սակայն առաւել ակտիւ (աշխոյժ-Խմբ.) են Տիգրան Սարգսեանի, ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի եւ Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի էջերը:
Տեղեկատուական տեխնոլոգիաների փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը պետական այրերի՝ Ֆէյսբուքում յայտնուելու միտումը «Անկախին» մեկնաբանեց նրանով, որ նրանք սկսել են հասկանալ եւ օգտագործել Ֆէյսբուքը որպէս գրագէտ PR (քարոզչական-Խմբ.) միջոց:
«Դա շատ աւելի կենդանի միջոց է անմիջական շփման եւ տեղեկութիւն տարածելու համար, քան պաշտօնական ռելիզները (հաղորդագրութիւնները-ԽՄԲ.)», ասում է նա:
Մարտիրոսեանն ասում է, որ այսօր հայ հասարակութեան համար Ֆէյսբուքը գործիքից դարձել է գործօն. «Դա լուրջ ազդեցութիւն ունեցող եւ խնդիրներին հրապարակային հնչեղութիւն հաղորդող հարթակ է, եւ բնական է, որ պետական գործիչներից նրանք, ովքեր հասկանում են դա, պէտք է յայտնուէին այնտեղ»:
Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանն ընդամէնը մէկ ամիս առաջ է յայտնուել Ֆէյսբուքում, սակայն նրա էջն այս պահին 8748 երկրպագու ունի եւ լցուած է տարաբնոյթ բողոքներով: Կարէն Կարապետեանն այնքան է կարեւորել Ֆէյսբուքի դերը, որ ապրիլեան մի խորհրդակցութեան ժամանակ քաղաքապետարանի վարչութեան բոլոր պետերին ու ղեկավարներին առաջարկել է պարտադիր գրանցուել Ֆէյսբուքում:
Ապրիլի սկզբներին Ֆէյսբուքը հիւրընկալեց նաեւ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին, որն այս պահին ամենահամեստն է. նրա էջը հաւանում է 546 օգտատէր:
Բոլոր էջերն էլ լցուած են բողոքներով, նիւթերի լինքերով, առաջարկութիւններով: Բնական է, որ պետական գործիչները իրենք չեն վարում այդ էջերը եւ, ըստ ամենայնի, չեն տեսնում իրենց էջերի անցուդարձը: Մարտիրոսեանը դա հաւանական չի համարում: «Բայց մեծ է հաւանակութիւնը, որ, ինքն, այնուամենայնիւ, տեղեկացուած կը լինի, թէ ինչ են գրում մարդիկ իր էջում,- կարծում է նա,- որովհետեւ, եթէ նա գրանցուել է, ուրեմն հետաքրքրուած կը լինի»:
Պետական գործիչների ֆէյսբուքեան «արկածներից» ամենահետաքրքիրն այն է, որ Յովիկ Աբրահամեանը Ֆէյսբուքի իր էջում պատասխանեց վարչապետ Սարգսեանին: «Դա ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում քիչ պատահող դէպք է», մեկնաբանում է Մարտիրոսեանը:
Տիգրան Սարգսեանը Ապրիլի 21ի կառավարութեան նիստում յայտարարեց. «Կառավարութիւնը չի փորձում համայնքների լիազօրութիւնները կենտրոնացնել իր ձեռքում, ընդհակառակը՝ էապէս ընդլայնում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) լիազօրութիւնները»:
Այս յայտարարութեանը նախորդել էր Ապրիլի 13ին ՀՀ Ազգային ժողովում Յովիկ Աբրահամեանի արտայայտած այն միտքը, որ կառավարութեան քաղաքականութիւնը փոխուել է, եւ ՏԻՄ լիազօրութիւնները սկսել են կենտրոնացուել դէպի կառավարութիւն: Եւ ահա, ԱԺ նախագահը որոշեց Ֆէյսբուքի միջոցով պատասխանել վարչապետին: «Ազգային ժողովում հնչեցրած իմ տեսակէտը ոչ թէ քննադատութիւն էր, այլ եզրայանգում, որը հիմնուած էր ՏԻՄերում աշխատելու եւ կառավարութիւնում այդ ոլորտը համակարգելու տարիների իմ փորձի վրայ: Ինչ վերաբերում է կառավարութեան նիստում վարչապետի յայտարարութեանը, կրկնեմ իմ այն տեսակէտը, որ միշտ կողմնակից եմ եղել լիազօրութիւնների ապակենտրոնացմանը դէպի ՏԻՄեր», գրել է Յ. Աբրահամեանը:
Անցեալ տարի Ֆէյսբուքում «յայտնի» էր նաեւ նախագահ Սարգսեանի էջը: Այժմ այն չկայ: Մարտիրոսեանն ասում է, որ այդ էջը կեղծ էր: Իսկ ինչպէ՞ս տարբերել կեղծ էջը պաշտօնականից: Եթէ, օրինակ, Թուիթերում, որը Հայաստանում փաստօրէն մեռած ցանց է, յատուկ նշանով դա տարբերակւում է, ապա Ֆէյսբուքում դրա համար մեխանիզմ չկայ:
«Դրա համար, օրինակ, Պենտագոնում կամ Սպիտակ տան պաշտօնական կայքում նշւում է Ֆէյսբուքի էջը՝ դրանով յստակեցնելով, որ դա է իսկական էջը, մեկնաբանում է Մարտիրոսեանը, մեզ մօտ դա դեռեւս մի փոքր տնավարի է արւում, սակայն, ամենայն հաւանականութեամբ, մեզ մօտ եւս շուտով դրա վրայ կը սկսեն ուշադրութիւն դարձնել»:
Տիգրան Սարգսեանի անձնական կայքում, որը եռալեզու է, արդէն դրուած է Ֆէյսբուքեան էջի յղումը՝ դրանով յստակեցնելով իսկական էջի մասին տեղեկութիւնը: