Իսկ դուք գիտէի՞ք, որ սուրճը ոչ միայն համեղ եւ կազդուրիչ ըմպելիք է, այլ նաեւ հիանալի միջոց` մաշկի խնամքի համար: Սուրճի աղացած հատիկներից կարող էք պատրաստել դէմքի եւ մարմնի դիմակներ եւ «սկրաբ»ներ (քսուկներ), որոնք մաշկը դարձնում են առողջ ու փայլուն: Առանձնացրել ենք մի քանի պարզ դէմքի դիմակներ, տանը պատրաստելու համար:
ՄԱՔՐՈՂ ԴԻՄԱԿ
Այս դիմակի պատրաստման համար հարկաւոր է հաւասար քանակով խառնել բուսական իւղը եւ սուրճի մրուրը, աւելացնել մի պտղունց դարչին ու աղ: Ստացուած զանգուածը մերսող շարժումներով քսել դէմքին եւ 10 րոպէ յետոյ լուանալ: Այս դիմակը հիանալի մաքրում է ծակոտիկները, կանխարգելում բշտիկների առաջացումը:
ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿ
Մէկ ճաշի գդալ սուրճի մրուրը խառնել նոյնքան թթուասերի հետ, աւելացնել 5 միլիլիտր բուսական իւղ: Դէմքի վրայ քսուկը պահել 10 րոպէ եւ լուանալ սառը ջրով: Այս դիմակը հիանալի սնում է դէմքը եւ օգնում մեռած բջիջների շերտազատմանը: Յարմար է չոր եւ բնականոն մաշկի համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆՈՂ ԴԻՄԱԿ
3 ճաշի գդալ հալած մեղը խառնել 1 թէյի գդալ աղացած սուրճի հետ: Հարթ մակերեսով քսել դէմքին: 25 րոպէից յետոյ լուանալ տաք ջրով: Արդիւնքը համեմատելի է թանկարժէք հակատարիքային միջոցների տուած արդիւնքին:
ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ
1 ճաշի գդալ սուրճը խառնել հաւասար քանակութեամբ կանաչ խնձորի խիւսի հետ: Ստացուած զանգուածին աւելացնել կեղեւած խաղողը: Դէմքին խիւսը պահել 15 րոպէ: Մաշկի վիտամինային (կենասնիւթային) լիցքաւորումը ապահովուած է:
ԻՒՂՈՏ ԵՒ ԽՆԴՐԱՅԱՐՈՅՑ ՄԱՇԿԻ ԴԻՄԱԿ
1 թէյի գդալ սուրճը խառնել 1 թէյի գդալ սպիտակ կամ կապոյտ կաւի հետ: Ստացուած զանգուածին խառնել գոլ եռացրած ջուր, վերածել մածուցիկ խտութեան: Քսել դէմքին եւ 20 րոպէ յետոյ լուանալ: Այս դիմակը հիանալի միջոց է դէմքի իւղոտ փայլը եւ բորբոքուածութիւնը կանխելու համար:
Եւ վերջում՝ իւղոտ մաշկին համապատասխանում է աղացած սուրճը, չոր եւ զգայուն մաշկի համար օգտագործէք սուրճի մրուրը: Այդպէս դուք առաւելագոյն արդիւնք կը ստանաք: