ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Միտքը ուժ է» կարգախօսն էր կրում, Հայաստանի Գիտութեան եւ Տեխնոլոգիաների (արհեստագիտութեանց) հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամէնամեայ Advance Armenia գալան, որ Լոս Անջելեսում կայացաւ Մայիսի 11ին: Հիմնադրամի 2023ի դրամահաւաք ձեռնարկի ընթացքում հանգանակուած շուրջ մէկ միլիոն դոլարը կը յատկացուի յատկապէս երկու` «Ըդվենս» հետազօտական դրամաշնորհային (Advance Research Grants Program) եւ «Արհեստական բանականութեան սերունդ» (Generation AI) ծրագրերին:
Advance դրամաշնորհային ծրագիրը համաշխարհային ճանաչում ունեցող եւ հայաստանեան գիտնականներին միաւորող հարթակ է, որտեղ ձեւաւորւում են խմբեր, համատեղ աշխատելու միջազգային մրցունակ հետազօտական նախագծերի վրայ: Ծրագրի երկարաժամկէտ աջակցութիւնն ապահովում է FAST հիմնադրամը: «Արհեստական բանականութեան սերունդ» ծրագիրն էլ, որ մեկնարկելու է 2023ի Սեպտեմբերից, Հայաստանի մի շարք աւագ դպրոցներում աշակերտներին հնարաւորութիւն կը տայ ուսումնասիրել արհեստական բանականութիւնը: Նախագծի նպատակներից է պատրաստել գիտական համայնքը համալրելու պատրաստ նոր սերունդ:
«Լենդմարք» սրահում անցկացուած գալայի բացումն օրհնութեամբ կատարեց Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը, խօսելով նաեւ Հայաստանում գիտութեան զարգացման գործում հիմնադրամի անփոխարինելի դերի մասին:
FAST-ը 2016ին ստեղծուել է Հայաստանում, նորարարութեան եւ գիտական առաջընթացի համար նպաստաւոր միջավայր ստեղծելու առաքելութեամբ: Այդ նպատակին հասնելու համար կազմակերպութիւնը ձեռնարկել է բազմաբնոյթ նախագծէր: FASTի հիմնադիրներն ընդգծեցին, որ Հայաստանում գիտութեան զարգացման հարցում կենսական է Սփիւռքի մասնակցութիւնը, եւ հիմնադրամի` աշխարհի տարբեր հայ համայնքներում անցկացուող ձեռնարկները միտուած են ներգրաւուելու աշխարհասփիւռ հայերին՝ համահայկական նշանակութիւն ունեցող իրենց ծրագրերում:


FAST-ի համահիմնադիր, գործարար Ռուբէն Վարդանեանն Արցախից իր տեսաուղերձում դիմելով Լոս Անջելեսում հաւաքուած հայրենակիցներին, պատմեց, որ հիմնադրամը ստեղծուել է համարձակ տեսլականով` 2041ին Հայաստանը դարձնելու աշխարհի առաջատար նորարարական երկրներից: «Հիմնադրամը ներուժ ունի բեկումնային հարթակ դառնալու աշխարհասփիւռ հայ գիտնականների համար, որ առիթ կը տայ նրանց զգալու, որ կարող են յաջող գործունէութիւն ծաւալել Հայաստանում` միջազգային բարձր չափանիշներին համապատասխան պայմաններում:Մենք հաւատացած ենք, որ FAST-ի եւ մեր այլ կազմակերպութիւնների միջոցով, որ հիմնել ենք ընկերների հետ միասին, կարող ենք Հայաստանի միջավայրը դարձնել մրցունակ, յաջողակ եւ փոփոխութիւններ առաջացնել թէ՛ Հայաստանում, եւ թէ աշխարհում, ինչպէս հայերս դա արել ենք դարէր շարունակ», նշեց Վարդանեանը:
FAST-ի համահիմնադիր, գիւտարար եւ գործարար Նուպար Աֆէյեանն էլ, ներկայացրեց այն անհրաժեշտ բաղադրիչները, որոնք կ՛օգնեն հասնելու նպատակին: «Պէտք է ունենալ երեւակայութիւն, հաւատ մտքերի նկատմամբ եւ քաջութիւն, որ փոխակերպենք մեր գաղափարներն՝ իրողութեան, գործողութեան եւ համագործակցենք Սփիւռքում, հայրենիքում, մեր հայրենակիցների եւ ոչ հայազգի մասնագէտների հետ` հզօր ու զարգացող երկիր կառուցելու մեր տեսլականն իրականութիւնը դարձնելու համար»:
Ձեռնարկին ելոյթներով հանդէս եկան FAST-ի Խորհրդականների խորհրդի նախագահ, դոկտոր Մերի Փափազեանը, ով ընդգծեց հիմնադրամի կարեւոր առաքելութիւններից մէկը` ներդրումը Հայաստանում միջավայրի զարգացման ու կայացման գործում:


FAST-ի ռազմավարական ծրագրաւորման հարցերով փոխնախագահ Սիւզաննա Շամախեանն էլ ներկայացրեց ընթացիկ ծրագրերը, որոնց յաջողութիւնը հնարաւոր է դարձել հաւաքական ջանքերով, մեծապէս` նախորդ տարուայ դրամահաւաքի շնորհիւ: «Advance հետազօտական դրամաշնորհային ծրագրի արդիւնքում մեկնարկել է տարբեր ոլորտների տասը նախագիծ, որի շրջանակներում, աշխարհի տարբեր երկրներից տասը եւ Հայաստանից` շուրջ 50 գիտնական այս պահին աշխատում են նախագծերի շուրջ: Ծրագրի մասնակիցները հիւրընկալւում են FAST-ի գործընկեր կառոյցներում, եւ նպատակը նաեւ այն է, որ հիմնարկային փոփոխութիւն լինի, այսինքն, օրինակ` գիտական ծրագրերը ԵՊՀում, Հայաստանի Ամերիկեան համալսարանում, Ակադեմիայի հիմնարկներում են իրականացւում: Ծրագրի միտքը նաեւ նրանում է, որ աշխատանքի արդիւնք հանդիսացող յօդուածները տպագրուեն միջազգային հեղինակաւոր ամսագրերում եւ օգնեն մեր տեղական հիմնարկների վարկանիշը բարձրացնելուն», տեղեկացրեց Շամախեանը: Ամփոփելով նախագծի առաւելութիւնները, նա ընդգծեց, որ հայ գիտնականներին առիթ է տրւում Հայաստանում գիտութեամբ զբաղուել եւ բարեկեցիկ կեանք ունենալ` չմտածելով երկրից գնալու մասին:

Շամախեանի այս խօսքերն իր սեփական պատմութեամբ հաստատեց Advance ծրագրի շահառու Հայկ Գասպարեանը, ով ներգրաւուած է համակարգչային գիտութեան նախագծում:
Գալայի կազմակերպիչ յանձնախմբի համախանագահ Լենա Յովհաննիսեանը յորդորեց ներդրումներ կատարել Հայաստանի գիտութեան ու արհեստագիտութեանց ոլորտում, նշելով. «Գիտակցելով մեր ազգի առջեւ ծառացած մարտահրաւէրները, կարծում եմ, այսօր պէտք է հնարաւորինս ներգրաւուած լինել հայրենիքում տարբեր ուղղութիւններով, եւ մասնաւորապէս գիտութեան ու տեխնոլոգիաների ոլորտում, որ մեր ազգի ապագան է»:

Հիմնադրամի տօնական միջոցառման գլխաւոր բանախօսն էր` կենսաբան, նեարդաբան, բժշկագիտութեան ոլորտում Նոբէլեան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափութեանը: Նա նշեց, որ հաւատում է FAST հիմնադրամի առաքելութեանն ու մեծ հաճոյքով է համաձայնել մասնակցել ձեռնարկին` այդպիսով նաեւ աջակցութիւնը յայտնելով կազմակերպութեանը: «Անցեալ տարի ես այցելել էի Հայաստան եւ շատ տպաւորուած էի գիտութեան նկատմամբ երիտասարդ մասնագէտների ոգեւորութիւնից: Ուրախ էի լսել, որ Հայաստանի կառավարութիւնը մեծացնում է գիտական հետազօտութիւններին տրուող ֆինանսաւորումը, որ չափազանց կարեւոր է: Ես էլ փորձում եմ աջակցել ոլորտի զարգացմանը Սփիւռքից` տարբեր յանձնախմբերի եւ հնարաւոր բոլոր միջոցներով, այդ թւում` Հայաստանի Գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամին աջակցելով, որը շատ կարեւոր ներդրում ունի այդ հարցում», նշեց Փաթափութեանը: Նա պատմեց դէպի Նոբէլեան մրցանակ իր ոչ հարթ ուղու մասին, որ սկսուել է Լիբանանում Յովակիմեան-Մանուկեան վարժարանից, շարունակուել Միացեալ Նահանգներում, որտեղ բազմաթիւ մարտահրաւէրներ է յաղթահարել: «Մանկավարժներին եւ ծնողներին իմ ուղերձն է` երեխաների համար ապահովել լաւագոյն կրթութիւն, նաեւ հնարաւորութիւն ընձեռել նրանց հետազօտելու, ձախողելու եւ վերջ ի վերջոյ գտնելու իրենց իրական կոչումը: Հայաստանի լաւագոյն բնական հարստութիւնը մարդիկ են, եւ ես հաւատում եմ, որ կրթութիւնն ընդհանրապէս, եւ գիտութիւնն ու տեխնոլոգիաները յատկապէս, ինչպէս նաեւ` նորարարութիւններին աջակցող միջավայրը, ժամանակակից տնտեսական աճի առանցքում են: Համոզուած եմ, որ Հայաստանի տարբեր անկիւններում կան բազմաթիւ տաղանդաւոր երեխաներ, եւ կրթութիւնը հնարաւորութիւն կը տայ բացայայտելու մեր յաջորդ Նոբէլեան մրցանակակիրներին: Այս առումով չեմ կարող մտածել աւելի լաւ կազմակերպութեան մասին, քան FAST-ն է»: Նոբէլեան մրցանակի դափնեկիրը յորդորեց ներկաներին աջակցելու հիմնադրամին` միասնաբար հասնելու լաւագոյն արդիւնքների:
Ամփոփելով ձեռնարկը, FAST-ի հիմնադիր գործադիր տնօրէն Արմէն Օրուջեանը երախտագիտութիւն յայտնեց միջոցառման բարերարներին, աջակիցներին, հիւրերին, ովքեր իրենց մասնակցութեամբ, նուիրումով եւ եռանդով` միջոցառումը դարձրեցին միասնութեան, եւ աւելի պայծառ ապագայի համատեղ յանձնառութեան անմոռանալի տօն: «Շատ ոգեւորուած էինք, որ նախորդ տարի մեր համայնքը համախմբուեց, եւ 2022ի Մարտին Լոս Անջելեսում անցկացուած մեր առաջին գալա-դրամահաւաքի արդիւնքում հաւաքուեց մէկ միլիոն չորս հարիւր հազար դոլար, որ մեզ հնարաւորութիւն տուեց մեկնարկելու ծրագրերը: Ձեռնարկը նաեւ լաւագոյն առիթ էր կապեր ձեւաւորելու, ցանց ստեղծելու, որոնց թւում են բարերարներ, մասնագէտներ, իրենց ոլորտներում կայացած անհատներ, ովքեր նաեւ սիրով կիսուեցին իրենց փորձառութեամբ», տեղեկացրեց Օրուջեանը` ընդգծելով, որ ֆինանսական աջակցութեանը զուգահեռ, կարիք ունեն նաեւ մտաւոր ուժի ներգրաւման: Օրուջեանը նշեց, որ այս տարուայ ձեռնարկին էլ ներկայ էին բացառիկ անհատներ, որոնց մասնակցութիւնն ու աջակցութիւնը նոր հնարաւորութիւնների առիթներ է ստեղծում: