Creative Armenia-ն ուրախ է պաշտօնապէս մեկնարկել Artbox Accelerator ծրագիրը եւ յայտերի ընդունումը։ Ծրագիրը իրականացւում է Հայաստանում Եւրոպական Միութեան նիւթական աջակցութեամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցութեամբ` «Կատապուլտ» ստեղծարար ծրագրի շրջանակներում։
Artbox Accelerator-ը 8-շաբաթեայ առցանց ծրագիր է ստեղծուած Հայաստանում բոլոր ստեղծարար ոլորտներում գործող գործառնութեանց համար, որը նրանց աննախադէպ հնարաւորութիւնն է ընձեռում զարգացնելու եւ խթանելու իրենց գործառնութիւնը, ընդլայնելու իրենց լսարանը եւ դառնալու աւելի շահութաբեր։
Աշխատելով առաջատար խորհրդատուների եւ հայաստանեան ու միջազգային հաստատութիւնների առաջնորդների հետ, մասնակցող կազմակերպութիւնները կը մշակեն զարգանալու եւ հզօրանալու ռազմավարութիւն՝ ընդլայնելով իրենց ծառայութիւնները, լսարանը, շուկան եւ այլն։ Ծրագրի աւարտին մասնակիցները կը ներկայացնեն իրենց նախագծերը, եւ դրանցից լաւագոյնները կ՛ընտրուեն ստանալու մինչեւ 30,000 եւրոյի չափով դրամաշնորհ՝ իրենց ծրագիրը կեանքի կոչելու համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկէտն է 2023ի Յուլիսի 30ը։ Ծրագրին ծանօթանալ եւ յայտերը ներկայացնել կարող էք կայքէջում։
«Մենք արդէն իրականացրել ենք Artbox-ի երեք ճիւղերը ստեղծագործողների եւ արուեստագէտների համար՝ Incubator, Entrepreneur եւ Hub ծրագրերը։ Այժմ մեծ ոգեւորութեամբ մեկնարկում ենք Artbox-ի չորրորդ եւ վերջին բաղադրիչը, որը միանալով մնացածին ստեղծում է Artbox-ի ամբողջական հզօր պատկերը առ այն, թէ ինչպէս է ծրագիրը ազդում Հայաստանի ստեղծարար համակարգի վրայ։ Artbox Accelerator-ի միջոցով մենք խթանելու ենք արդէն իսկ գոյութիւն ունեցող ստեղծարար գործառնութիւնները եւ նրանց տրամադրելու ենք բոլոր անհրաժեշտ գործիքները՝ իրենց սահմանները ընդլայնելու համար», ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրէն Անուշ Տէր Խաչատրեանը։
Ծրագիրը բաց է բոլոր այն ստեղծարար գործառնութիւնների համար, որոնք իրենց գործունէութիւնը ծաւալում են Հայաստանի Հանրապետութեան սահմաններում եւ ցանկանում են առաւելագոյնի հասցնել իրենց եկամուտները, լսարանը, եւ պիտակի ճանաչելիութիւնը։ Մենք փնտռում ենք այնպիսի ստեղծարար կազմակերպութիւններ, որոնք առաջ են մղում ստեղծագործականութեան սահմանները եւ պատրաստ են ուսումնասիրել առեւտրային հնարաւորութիւններն ու աւելացնել իրենց շահոյթները։
«Artbox Accelerator-ը Artbox-ի շարքի բնական յաջորդ քայլն է՝ ձեռնարկատիրական շրջանակը աւարտելու համար: Որքան առաջ ենք շարժւում Artbox-ի ճամբորդութեանը, այնքան աւելի շատ ենք հասկանում Katapult-ում, որ ստեղծագործական գործառնութեան տեսակները շատ տարբեր են, եւ նոյնքան տարբեր են դրանց զարգացման փուլերը: Կարեւոր է, որ մենք առաջարկենք ձեռնարկատիրական ծրագրերի այս ամբողջ շարքը՝ ստեղծարար հատուածի բազմազան կարիքները բաւարարելու համար», ասաց Աննա Կ. Գարգարեանը, «Կատապուլտ» ստեղծարար ծրագրի ղեկավարը։
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։
(Հաղորդագրութիւնը՝ Creative Armenia-էն)