Յունուարի 3ը տօնական էր Ararat Home տարեցների խնամքի կենտրոնի համար։ Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս տեղի բնակիչները անհամբեր սպասում էին առաջնորդ Յովնան արք․ Տէրտէրեանի այցին, որուն այս տարի ուղեկցում էին Երեմիա վրդ․ Աբգարեանը եւ տասնեակ մը հոգեւոր հայրեր։ Յարգելի հիւրերին դիմաւորեց եւ ուղեկցեց կենտրոնի վարչական մարմինը՝ գլխաւորութեամբ ընդհանուր տնօրէն Դերիկ Ղուկասեանի։ Պատարագիչն էր Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարի հոգեւոր հովիւ Խաժակ քհնյ․ Շահբազեանը։ Կենտրոնի տարեց բնակիչները հնարաւորութիւն ունեցան մասնակցելու տօնական պատարագին եւ ստանալու կենարար հաղորդութիւն։
Յաւարտ պատարագի՝ ինչպէս եկեղեցում, այնպէս էլ կենտրոնի սրահում կատարուեց Ջրօրհնեաց կարգ։ Իր խօսքում՝ սրբազանը շնորհաւորեց կենտրոնի բնակիչներին՝ Ամանորի եւ գալիք Սուրբ Ծնունդի առիթներով, ներկաներին մաղթելով ՝ մանուկ Յիսուսի ծնունդով առողջութիւն եւ հոգու ու մարմնի նորոգութիւն։


Յունուարի 4ին, առաջնորդը՝ ուղեկցութեամբ Երեմիա վրդ․ Աբգարեանի եւ Արժանապատիւ Խաժակ քհնյ․ Շահբազեանի, ամէնամեայ իր սովորութեան համաձայն, այցելեց St. Joseph Providence հիւանդանոց, Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ շնորհաւորելու հիւանդանոցի բուժանձնակազմին եւ բուժուող շահառուներին։ Յընթացս այցելութեան՝ սրբազանը կատարեց Ջրօրհնեաց կարգ, եւ օրհնուած մեռոնաջուրը բաժանուեց ներկաներին։ Սրբազանը շնորհաւորեց բոլոր ներկաներին աշխարհի Փրկչի հրաշափառ Ծնունդի առիթով՝ մաղթելով, որ նորածին Յիսուսը գայ եւ նորոգի կեանքը բոլոր ներկաների, նրանց բոլորին մաքրի ամէն տեսակ հիւանդութիւններից եւ առողջութիւն շնորհի։
Նոյն օրը, Adventsit Health Glendale կենտրոնում հիւրընկալուեց առաջնորդը։ Սրբազանին ուղեկցում էին Երեմիա վրդ․ Աբգարեանը եւ Մանուկ Ա․ քհնյ․ Մարգարեանը։ Այցի շրջանակում հանդիպումներ տեղի ունեցան ինչպէս կենտրոնի բուժաշխատողների, այնպէս էլ բուժուող շահառուների հետ։ Ապա կենտրոնի սրահում կատարուեց Ջրօրհնեաց կարգ։ Սրբազանը ջերմօրէն շնորհաւորեց կենտրոնի աշխատակիցներին եւ շահառուներին Ամանորի եւ յատկապէս գալիք Սուրբ Ծնունդի առիթով, մաղթելով՝ Տիրոջ պահպանութիւնը ողջ տարուայ ընթացքում։
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ