ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ս. Յովհաննու Կարապետի տօնն առանձնայատուկ նշանակութիւն ունի Հոլիվուդի Ս. Կարապետ Մայր եկեղեցու համար, որ անուանակոչուած է Յովհաննէս Մկրտչի անունով: Յունուարի 14ին, աւանդոյթի համաձայն, Ս. Կարապետ եկեղեցում մթնոլորտը տօնական էր` Եպիսկոպոսական պատարագ մատուցեց Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանը, ով նաեւ քարոզեց եւ մատաղօրհնէքի արարողութիւն կատարեց` համայնքի հետ միասին նշելով նաեւ եկեղեցու անուանակոչութեան սպասուած օրը:
Առաջնորդ սրբազանն իր խօսքում մասնաւորապէս անդրադարձաւ Յովհաննէս Մկրտչի` ապաշխարելու պատգամին, որ նորոգութիւն է պարգեւում մարդուն: «Յովհաննէս Կարապետը մարդկանց յիշեցրեց, քարոզեց ապաշխարել: Չկայ աշխարհում մէկը, որ կարիք չունի ապաշխարութեան: Ամէն մէկս կոչուած ենք ամէն օր ապաշխարութեան աչքերով նայել վեր եւ ասել «Տէր ների իմ մեղքերը, մեղաւոր եմ»` այն համոզումով եւ գիտակցութեամբ, որ ներում կը ստանանք Աստծուց մեր գործած մեղքերի համար: Եկեղեցու հայրերը ասում են, որ այնքան մեծ մեղք չէ մեղք գործելը, որքան մեղքի համար չզղջալը, չապաշխարելը, Աստծուց ներում չխնդրելը: Մեր քրիստոնէական կրօնն այնպիսի խորութիւն ունի, որ ամէն օր, ամէն ժամ նոր յիշեցում է մեզ, որ կարող ես մաքրուել, սրբուել, արդարանալ, մարդանալ, նորից քրիստոնեայ դառնալ», քարոզում նշեց Թորգոմ եպս. Տօնոյեանը` ընդգծելով Աստծոյ ներողամտութեան անսահմանելի չափի ու սիրոյ մասին մեղանչող իւրաքանչիւր մարդու նկատմամբ:

Ս. Յովհաննու Կարապետի տօնի առիթով, առաջնորդ սրբազանը շնորհաւորեց Մայր եկեղեցու մեծ ընտանիքին եւ Արամ Ա. կաթողիկոսի շնորհաւորանքները փոխանցեց եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանին, Հոգաբարձութեան անդամներին եւ արարողութեանը ներկայ Ազգային Կենտրոնական վարչութեան եւ Ազգային վարչութեան անդամներին, ազգային բարերարներին, հաւատացեալ ժողովրդին:
Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եւ մատաղի օրհնութիւն, որն այնուհետեւ բաժանուեց ներկայ հաւատացեալ ժողովրդին: Ս. խորանին սպասարկում էին եկեղեցու հոգեւոր հովիւը, սարկաւագներ եւ դպիրներ:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, «Կարապետեան» սրահում շարունակուեց անուանակոչութեան տօնին նուիրուած ամէնամեայ հանդիսութիւնը, որի շրջանակներում նաեւ մեծարուեց եկեղեցու նուիրեալ, ազգային գործիչ Պերճ Կիրակոսեանը:
Ձեռնարկը մեկնարկեց առաջնորդ սրբազանի օրհնութեամբ, ինչին յաջորդեց Մայր եկեղեցու Հոգաբարձութեան անդամ Սուրէն Հազարեանի խօսքը: Որպէս հանդիսավար, նա բարի գալուստ մաղթեց ներկաներին եւ իր խօսքում անդրադարձաւ Հոլիվուդի Ս. Կարապետ եկեղեցու դերին: «Ինչպէս Սուրբ Յովհաննէս Մկրտիչն այն սիւնն էր, որի վրայ Քրիստոսն իր յաղթական մուտքն ունեցաւ եւ իր եկեղեցին հիմնեց, այնպէս էլ` Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին վերջին կէս դարում դարձել է մեր համայնքի սիւներից, եղել է մեր քոյր միութիւնների կողքին եւ հանդիսանում է մեր Փոքրիկ Հայաստանի սիրտն ու հոգին, որ կապուած է նաեւ մեր հայրենիքի բաբախող սրտի հետ: Երբ մեր ժողովուրդը վերջին շրջանում էլ ցաւ ու տառապանք կրեց, Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին մեր հաւատացեալների լայն սրտերի շնորհիւ կարողացաւ բազմիցս օգտակար դառնալ մեր քոյրերին եւ եղբայրներին հայրենիքում եւ Սփիւռքում», նշեց Հազարեանը: Նա խօսեց նաեւ եկեղեցու պատմութեան մէջ ամենածաւալուն վերանորոգութեան մասին, որ իրականացաւ նախորդ տարի` եկեղեցու հոգեւոր հովիւի, հոգաբարձուների, եւ նուիրեալների համախմբուած ջանքերով:
Սուրէն Հազարեանը այնուհետեւ ներկայացրեց գեղարուեստական յայտագիրը, որ պատրաստել էին Ռոզ եւ Ալեք Փիլիպոս Ազգային վարժարանի վերին կարգի աշակերտները: Մինչ նրանց բեմ հրաւիրելը, վարժարանի շրջանաւարտ Հազարեանը խօսեց եկեղեցու եւ վարժարանի փոխլրացնող գործունէութեան մասին` ընդգծելով, որ եկեղեցին ու վարժարանը համայնքի հիմքն հանդիսացող սիւներն են: Նրա խօսքերը հաստատեցին նաեւ վարժարանի սաները: «Մենք հաւատացած ենք եկեղեցու ոգեղէն շնչին ու զօրութեանը: Մեր ազգային ինքնութեան կարեւոր կռուաններից մէկն է եղել Փոքրիկ Հայաստանի բաբախող սրտում տարիներ ի վեր անվերապահօրէն ծառայող Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին ու նրա հոգեւոր շունչը, որ վայելում է մեր սիրելի Ազգային վարժարանը: Մտաւոր եւ ազգային դաստիարակութեան մարզից ներս նաեւ մեծ ներդրում է ունեցել եկեղեցին, եւ նրա հոգեւոր հովիւ տէր Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը», նշեցին վարժարանի աշակերտները: Նրանք հանդէս եկան հայ սիրուած բանաստեղծների ստեղծագործութիւնների ասմունքով եւ հայրենասիրական երգերի կատարումներով` երաժշտական ղեկավար Լուսինէ Մելիքսէթեանի դաշնամուրի նուագակցութեամբ:
Ս. Կարապետ Մայր եկեղեցու անուանակոչութեան տօնը շրջանի հայկական ոգին պահպանող ու զօրացնող միութիւնների, անհատների եւ բարերարների մեծ ընտանիքին համախմբելու լաւագոյն առիթ է դարձել նաեւ: Հոլիվուդի Ս. Կարապետ Մայր եկեղեցու հոգեւոր հովիւ Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանն ողջունեց հանդիսութեան ներկաներին, որոնց թւում էին` Ազգային վարչութեան, Սուրբ Աթոռի Կենտրոնական վարչութեան անդամները, Մայր եկեղեցու օծման կնքահայրն ու եկեղեցու խորանի նուիրատուն, եկեղեցու հոգաբարձուների անդամներն ու ազգային երեսփոխանները, Տիկնանց միութիւնը, Ազգային վարժարանի, կիրակնօրեայ վարժարանի տնօրինութիւնն ու հոգաբարձուները, Հոլիվուդի շրջանում գործող կառոյցների` ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէութեան, ՀՕՄի Հոլիվուդի «Մայր» մասնաճիւղի, ՀՄԸՄի մասնաճիւղի, Տարօն-Տուրուբերանի հայրենակցական միութեան, ռումինահայերի «Րաֆֆի» մշակութային հայրենակցական միութեան ներկայացուցիչները, «Ասպարէզ» օրաթերթի խմբագիրը, եկեղեցու նուիրեալ բարերարները, զօրակցողներն ու բարեկամները: Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանն ընդգծեց համախմբման ուժն ու յոյս յայտնեց, որ կը շարունակուի համատեղ գործունէութիւնը` յանուն համայնքի զօրացման: Նա այնուհետեւ անցաւ ձեռնարկի սպասուած պահերից մէկին` ազգային նուիրեալներին մեծարելու գեղեցիկ աւանդոյթին:
«Օրուայ մեծարեալին ներկայացնելու համար յիշում եմ խոնարհութեան ու հեզութեան մասին Քրիստոսի խօսքերը: Այս բառերը բնութագրում են Պերճ Կիրակոսեանի ինքնութիւնը, էութիւնը, կեանքը, նրա հոգին ու սիրտը: Աւելի քան երկու տասնամեակ նա ծառայութեան մէջ է եկեղեցում` լռելեայն, հեզ ու խոնարհ սրտով: Շուրջ 23 տարի, ամէն Կիրակի նա այցելում է եկեղեցի` աջակցելու մեր հոգեւոր կենտրոնի զօրացմանն ու միաժամանակ` մեր բացառիկ բարերարներից է», նշեց տէր Վիգէնը` յաւելելով, որ մեծարեալի հետ պայմանաւորուածութեան համաձայն խոստացել է չմանրամասնել նրա կատարած աշխատանքներն ու բարեգործութիւնները: Գնահատելով Կիրակոսեանի անշահախնդիր նուիրուածութիւնն ու տասնամեակների անխոնջ ծառայութիւնն ի սպաս Ս. Կարապետ Մայր եկեղեցու պայծառութեան, եկեղեցու հոգեւոր հովիւն ու հոգաբարձուների անդամները երախտագիտութիւն յայտնեցին, եւ յուշատախտակ յանձնեցին Պերճ Կիրակոսեանին ու տիկնոջը` Անահիտին:
Կիրակոսեանի` համայնքի եւ հայրենիքի կեանքում տարբեր ուղղութիւններով ներդրումներին անդրադարձաւ նաեւ առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանը` մեծարեալին յանձնելով Հայրապետական Օրհնութեան Գիր, որ տրւում է միայն բացառիկ աւանդի համար: «Ընդառաջելով Սուրբ Կարապետ Մայր եկեղեցու հոգեւոր հովիւի եւ հոգաբարձուների դիմումին, Սուրբ Կարապետի տօնի առիթով Առաջնորդական Օրհնութեան գիրով գնահատում ենք այսօր Մայր եկեղեցու նուիրեալ անդամին, որ աւելի քան երկու տասնամեակ ծառայում է Հոլիվուդի ծխական համայնքում` նպաստելով շրջանի եւ եկեղեցու բարգաւաճմանը: Իբրեւ եկեղեցու հոգաբարձու, եւ Տարօն-Տուրուբերանի հայրենակցական միութեան անդամ, դուք կաք եւ կը մնաք հոգատար եւ բարեգործ տիպար հայ քրիստոնեայ մարդ, որ Աստծոյ սէրն ու հայ ազգի եւ հայրենեաց նկատմամբ նուիրուածութիւնը վերածել է գործի եւ անշահախնդրօրէն տալիս է ե՛ւ հայ եկեղեցուն, ե՛ւ հայ համայնքին, ե՛ւ ծառայում է իր շրջանի ազգային կառոյցներին ու միութիւններին` աջ ձեռքի տուածը ձախը չտեսնի աստուածաշնչեան թելադրանքին համաձայն` լուռ, անշշուկ, քրիստոնէավայել բարեխղճութեամբ», սրբազան առաջնորդի խօսքը փոխանցեց Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը: Պերճ Կիրակոսեանն էլ իր խօսքում նշեց, որ երջանիկ է ծառայելու եկեղեցուն եւ մեծ ուրախութիւն է զգում արժանանալու նման պատուի եկեղեցու կողմից:
Օրուայ խորհուրդն ու Մայր եկեղեցու դերը իւրովի ամփոփեց առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանը: «Սուրբ Կարապետ եկեղեցին մեր ազգի կեանքում, Արեւմտեան թեմի կեանքում ամենակենտրոնական տեղն ու դերն ունեցող ոգեղէն եւ ազգային, հոգեւոր ու աստուածային կառոյցներից մէկն է, որ մեր ընդհանրական կեանքում իր դերով, ծառայութեամբ ու նուիրումով, բազմազան ուղղութիւններով եզակի ծառայութիւն է մատուցում: Եկեղեցու կողքին գործում է Ազգային վարժարան, հայ կենտրոն եւ եկեղեցին է որպէս գմբէթ ինքնաբերաբար համախմբում այս բոլորը: Եկեղեցին երաշխիքն է մեր ազգային կառոյցների առաւել ծաղկման ու բարգաւաճման, եւ այս առումով շատ եմ գնահատում Ս. Կարապետ Մայր եկեղեցու գործունէութիւնը` հաւատալով, որ տակաւին շատ արշալոյսներ պէտք է պարգեւեն միասնաբար վարժարանի ե՛ւ մեր ազգային բոլոր կառոյցների հետ Հոլիվուդին եւ մեր ողջ համայնքին»: