Հայաստանցի չեն նրանք, որպէս
պապերն էին սէգ,
Հայ են, սակայն, բոլորը, յանց
պապերը նրանց սէգ:
Նոյն լեռն իրենց սրտերում,
աչքերում նոյն մուրազը,
Սրտերում ջինջ սիրոյ պէս հոսում է մայր Արազը…
…բուռ-բուռ ցրիւ ափէափ, խոր կարօտով պանդուխտի,
Բաժան-բաժան իրարից սահմաններով օտարի,
Արեւի տակ կանգնել են, տարերային համերգում,
Ու բոլորի հետ ախպեր՝ իրենց սրտերն են կիսում:
Իրենց սրտի խորքերում նրանք ունեն երկու սէր՝
Հայրենի սուրբ սէրը վառ, եւ մայրենի
անկեղծ սէր:
Հայրենի՛քն է հայրենին, Հայաստանն է, հայութիւն…
Միւս կէսը՝ մայրենին՝ ողջ աշխարհն է, մարդկութիւն,
Պարսկաստանն է դարաւոր, Մոհամմադի Արաբիան,
Ռուսաստանի տափերից՝ առ Հոմերի Հելլադան,
Ու դեռ Հինդ ու Լեհաստան, Ամերիկա, Իտալիա,
Շուեցարիա, Լիբանան, Արժանթին ու Ֆրանսիա…
Բազմաթիւ են, աշխարհն են, նուիրական մայրենիք,
Իսկ Հայաստանն աշխարհում՝ մի բուռ Մասիս, հայրենիք:
Աշխարհային համերգը սրտերի մէջ նրանց լայն
Հնչում է վեհ, ներդաշնակ, վսեմանքով փառաձայն,
Եւ երգում են նրանք էլ, ձայնակցելով համերգին,
Մինչ սրտերում յորձանուտ՝ հուր մի կարօտ անմեկին…
Ու թէեւ յաղթ թեւերով աշխարհ գրկել են բոլոր,
Հայրենիքի գիրկը տաք դեռ մնում է հեռաւոր…
Նրանց սէրը անսահման ու կարօտն է յորդ վիտում,
Հայրենիքի մուրազով՝ ճամբորդ են մայրենիքում:
Հայաստանցի չեն նրանք, որպէս պապերն էին սէգ,
Հայ են սակայն բոլորը, յանց պապերը նրանց սէգ:
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ