«Ի՛մ Փիլիսոփայութիւնն Է Եղել Անձնական Կեանքս Կառուցել Այնպէս, Որ Կարողանամ Օգտակար Լինել Ազգիս»
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Պէտք է կոյր հաւատք ունենալ՝ գաղափարի, աշխատանքի, այն ամէնի նկատմամբ, ինչի մասնակիցն ես գիտակցաբար դառնում ստանձնելով նաեւ պատասխանատուութիւն: Այս նշանաբանով ու հաւատով տակաւին պատանի Վահան Շամլեանը ներգրաւում է ազգային կեանքում: Բէյրութում, այնուհետեւ Միացեալ Նահանգներում, ազգային բարերարը, որպէս գործարար մեծ յաջողութիւնների հասնելով, երբեւէ չի անտեսում հայոց հարցն ու որպէս հայ՝ ազգապահպանման ու ազգի զօրացման գործում իր մասնակցութեան պատասխանատուութեան մասին:
Այս մտայնութեամբ է, որ նա հովանաւորում է ինքնութեան պահպանման հիմնասիւնի՝ ազգային կրթութեան դարբնոցի հաստատումը համայնքի սրտում: Վահան եւ Անոյշ Շամլեան Ազգային վարժարանում տասնամեակներ շարունակ, հայրենիքից հեռու կերտւում են հայրենասէր սերունդներ՝ դառնալով ազգային արժէքների պահպանման ու զօրացման երաշխաւորները: Շամլեանների բարեգործութիւնը համայնքում եւ հայրենիքում տարիների ընթացքում տարբեր դրսեւորումներ է ունեցել՝ մեծածաւալ ֆինանսական նուիրատուութիւնների հետ մէկտեղ նաեւ բարոյական նեցուկ ու անմիջական մասնակցութիւն միութիւնների աշխատանքներում: Վահան Շամլեանի կեցավայրն էլ Ֆրեզնոյում, ինքնին հայկական իւրատեսակ աշխարհ է՝ պատմութեան ու մշակոյթի մասին արուեստի միջոցով վկայութիւններով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա.ի համար Շամլեանների բակում կառուցուած առանձնատունն էլ հայ հոգեւոր կեանքի իւրայատուկ թանգարան է կարծես:
Ազգայինին նուիրումը ձեւաւորուել է վաղ հասակից: Վահան Շամլեանը յիշում է, որ վաղ պատանեկութիւնից աշխատելով՝ մշտապէս նաեւ բաժին է յատկացրել համայնքին: Առաջին նուիրատուութիւնն էլ եկեղեցուն՝ տասնմէկ տարեկանում էր, երբ մասնակցում է Բէյրութի Քարանթինա շրջանում հայոց փայտաշէն եկեղեցու խորանի բացման յատուկ «աճուրդին» եւ բազմաթիւ մասնակիցներից աւելի վճարելով՝ շահում է Սուրբ Զատիկի խորանի վարագոյրի բացման իրաւունքը: Միաժամանակ, բնոյթով համեստ, բացումը զիջում է ընկերոջը, ում առաջարկով մասնակցել էր:
Իմ փիլիսոփայութիւնն է եղել անձնական կեանքս կառուցել այնպէս, որ կարողանամ օգտակար լինել ազգիս:
Ազգային ջիղն ամուր էր ընտանիքի շնորհիւ, որ այնուհետեւ շարունակւում է ձեւաւորուել հայկական վարժարանում: «Երբ վեց տարեկան էի, մեր հարեւանի տղաները գայլիկ էին (փոքրիկ սկաուտ), եւ ինձ էլ ներգրաւեցին իրենց շարքերում, ինչից յետոյ նաեւ սկաուտ դարձայ, եւ այսպէս զօրացաւ իմ կապն ազգայինի հետ: Երբեք չի կարելի մոռանալ ազգային ինքնութիւնդ, այլապէս որեւէ ինքնութիւն չես ունենայ», համոզմունքն է յայտնում Վահան Շամլեանը:
«Կեանքում ամենալաւ բանն օգնելն է, յատկապէս ազգիդ», նշում է բարերարը, եւ պատմում, որ իր ցանկութիւնը կեանքի կոչելու միակ ուղին՝ որպէս անհատ կայացումն էր. «Իմ փիլիսոփայութիւնն է եղել՝ անձնական կեանքս շտկել, որպէսզի կարողանամ օգտակար լինել ազգիս ու մարդկութեանը»: Միջին Արեւելքից Միացեալ Նահանգներ տեղափոխուելով Վահան Շամլեանը նախաձեռնում է օգտագործուած հագուստներ գնելու եւ վերավաճառելու, այնուհետեւ նաեւ՝ արդիւնաբերական նպատակներով, գորգագործութան ոլորտում դրանք կիրառելու գործը: Նրա ջանասիրութեան ու հմտութիւնների արդիւնքում, Շամլեանի հիմնած ընկերութիւնը դառնում է օգտագործուած հագուստի վաճառքով զբաղուող աշխարհում ամենամեծն ու ճանաչուածը:
Հայ գործարարի յաջողութեան գրաւականը գործընկերների հետ յարաբերութիւններ հաստատելու նրա իւրատեսակ ձիրքն էր նաեւ: «Աշխատում էի բարեգործական ընկերութիւնների հետ, որոնց թւում՝ «Սալվէյշըն Արմի» եւ «Գուդուիլ» յայտնի կազմակերպութիւնները: Նրանց ներկայացուցիչների հետ ձեւաւորուել էին շատ ջերմ յարաբերութիւններ, եւ հիմնականում որովհետեւ ազնիւ էի աշխատանքում եւ նրանք ինձ վստահում ու սիրում էին: Մանուկ հասակում հայրս միշտ խրատում էր՝ երբեք չստել, ասում էր, որ երբ հարց են տալիս՝ իրաւունք ունեմ չպատասխանելու, բայց ոչ երբեք ճիշդը չասելու»: Արդիւնքում, Շամլեանի աշխատանքի արդիւնքը ոչ միայն գործում նրա յաջողութիւններն էին, նաեւ՝ երախտագիտութիւնն ու գնահատանքը գործընկերների, Ամերիկեան կառավարութեան, տարաբնոյթ կազմակերպութիւնների կողմից բազմաթիւ պատուոգրերով ու մեդալներով, այդ թւում՝ երկրում իր կատարած ներդրումների համար «Էլիզ Այլընդ», «Ադըրզ» պատուոյ շքանշանները:
«Եթէ շատ հարուստ լինեմ, բայց ազգս կարիքի մէջ լինի՝ ի՞նչ արժէք պիտի ունենայ իմ ունեցուածքը: Այդ դէպքում, նշանակում է, ուրանում եմ ազգային ինքնութիւնը, պէտք է ազգութիւնս փոխեմ», ասում է Շամլեանը։
Ազգայինին ծառայելու մտայնութեամբ առաջնորդուելով է, որ Վահան Շամլեանը կենսական ներդրում է ունենում ինքնութեան հիմնասիւն հանդիսացող հայկական վարժարանի կայացման հարցում:
«Լոս Անջելեսում, Կարօ Հատտատի գրասենեակում հաւաքուած էինք՝ այն ժամանակ թեմի առաջնորդ Եփրեմ արք. Թապաքեանի, Գլենդելի համայնքի ղեկավարներից Ստեփան Գապատայեանի ու Կարոյի հետ, եւ Գապատայեանն առաջարկեց ինձ հովանաւորել այն տարիներին վարձակալուած դպրոցի սենեակներից մէկը: Հատտատն էլ յորդորեց ստանձնել ողջ վարժարանի հովանաւորութիւնը: Ես էլ համաձայնուեցի՝ գնեցի ու նուիրեցի այսօր համայնքի կրթական համակարգի գլխաւոր կենտրոններից համարուող վարժարանի կառոյցը»: 1983 թուականին, Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. վեհափառ հայրապետի ներկայութեամբ, վարժարանն անուանւում է ազգային բարերարներ Վահան եւ Անոյշ Շամլեանների անունով:
Ամուսնու ազգայինին նուիրումն ու բարեսիրական առաքելութիւնը, համատեղ կեանքի աւելի քան վեց տասնամեակում մշտապէս կիսել եւ նրան նեցուկ է եղել Անոյշ Շամլեանը: Վահան Շամլեանը յիշում է 1955թ.ին կնոջ հետ առաջին հանդիպումը Բէյրութում, որ ճակատագրական դարձաւ եւ սկիզբ դրեց սիրով ու ջերմութեամբ լի ընտանիքի, որի գլխաւոր գրաւականն է եղել փոխվստահութիւնն ու համախոհներ լինելու հանգամանքը: «Առաջին անգամ Անոյշին տեսայ հիւանդանոցում, որտեղ աշխատում էր որպէս ծննդական, բժշկական արիւնոտուած համազգեստով: Այդ ժամանակ չէի մտածում ամուսնութեան մասին, քանզի շատ տարուած էի աշխատանքով, որտեղ բաւական յաջողութիւններ ունէի: Սակայն անսալով ինձ որդեգրած ծնողներիս յորդորին, գնացի հանդիպման Անոյշի հետ, ինչի հետեւեց ամուսնութեան առաջարկն ու 63 տարուայ համատեղ կեանքը»: Անոյշ Շամլեանն ներգրաւում է նաեւ Հայ Օգնութեան Միութեան աշխատաքներում՝ դառնալով գործուն անդամ ՀՕՄի Ֆրեզնոյի մասնաճիւղի ու Շրջանային վարչութեան:
Հայրենիքում տեղի ունեցող իրադարձութիւններից երբեմն վրդովւում ենք, քննադատում, բայց սէրն առ հայրենիք չի փոխւում: Գանգատելն էլ սիրոյ հետեւանք է, նշանակում է՝ անտարբեր չես:
Հայաստանի անկախացումը Վահան Շամլեանի երազանքն էր նաեւ, եւ նա մեծ ոգեւորութեամբ անդամագրւում է հայրենիքի զօրացման գործին: Հայաստան հիմնադրամին կատարած մեծագումար նուիրատուութիւնները, որոնցից առանձնացնում է յատկապէս Արցախ ճանապարհաշինութեանն ուղղուած ծրագրերը, Հայաստանի առաջին նախագահին ուղարկուած թանկարժէք զրահապատ մեքենան, որ բարերարը համարում է ոչ թէ անձին նուէր՝ այլ հայրենիքին: Շամլեանը յիշում է հայաստանեան յախուռն օրերից մէկը. «Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Էջմիածնում էի, երբ ուշ գիշերին վեհափառի մօտ եկաւ այն ժամանակ ՀՀ պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանն ու կաթողիկոսին խնդրեց իր հետ միասին գնալ օդակայան: Վեհափառի խնդրանքով ես էլ ընկերացայ իրենց: Օդանաւակայանում ռուսական հրանօթներ ու հրասայլեր էին գտնւում, որոնց համար շտապ կանխիկ մեծ գումար էր անհրաժեշտ վճարել՝ մեր զինանոցի մասը դարձնելու համար: Ես անմիջապէս մեկնեցի Եւրոպա՝ անհրաժեշտ գումարը բերելու»: Վահան Շամլեանը սեփական օդանաւով մեկնում է Եւրոպա, եւ ժամեր յետոյ վերադառնում՝ 700 հազար դոլար բերելով ու գնելով հայոց բանակին այնքան անհրաժեշտ զինամթերքը:
Վահան Շամլեանը պատմեց, որ երկար տարիներ է չի եղել Հայաստանում: Նա ափսոսանքով է յիշում է 1996թ.ի ընտրութիւնները, որոնք այն ժամանակուայ իշխանութիւններից հիասթափուելու պատճառ էին դարձել: Սակայն այդ հանգամանքը երբեւէ չի ազդել նրա հայրենասիրական զգացումների ու մղումների վրայ, եւ Շամլեանը շարունակել է հետեւել հայրենիքում տեղի ունեցող իրադարձութիւններին ու շարունակել աջակցութիւնը:
Թաւշեայ յեղափոխութիւնից առաջ կայացած մեր զրոյցում, ազգային գործիչը կարծես մարգարէացաւ. «Հայաստանում բարեփոխումներ երիտասարդներն է, որ պէտք է եւ կարող են անել, մեր նոր սերունդներն են, որ գահընկէց կարող են անել օլիգարխներին: Եւ այդ ամէնն անհրաժեշտ է իրականացնել խաղաղ ճանապարհով, ինչպէս ասում են՝ ճերմակ յեղափոխութեամբ», ապագայի մասին իր մտորումներում այսպէս արտայայտուեց: Վահան Շամlեանը համոզուած է, որ միայն միմեանց նկատմամբ սիրով, համերաշխութեամբ ու համախմբուած կարելի է հասնել դրական արդիւնքների: Նա նաեւ պատմեց, որ Արցախի նախկին պետնախարարին խոստացել է ընդունել Արցախ գնալու հրաւէրը՝ պայմանով. «Ես առաջարկեցի, որ նախակրթարաններում, որ երեխայի կայացման շատ կարեւոր շրջան է ներառում, շաբաթը երեքից չորս անգամ դասընթաց կազմակերպել‘ ներկայացնելու մեր 3000 ամեայ պատմութիւնն ու ազգային արժէքները: Ազդեցութիւնը, սեփական օրինակով կարող եմ ասել, հսկայական է: Մեր մանուկների հոգում ազգայինը սերմանելով միայն կարող ենք յուսալ, որ կը կերտենք մեր երազների հայրենիքը»:
Վահան Շամլեանը յիշեց, որ Թուրքիայի նկատմամբ վրէժխնդրութիւնից դրդուած Միացեալ Նահանգներում որոշել էր դառնալ ամերիկեան օդուժի օդաչու՝ օգտագործելու համար առիթը որեւէ ձեւով վնասելու Թուրքիային: Պատճառը՝ ընտանեկան պատմութիւններն էին Հայոց Ցեղասպանութեան ժամանակ դաժանաբար սպանուած հարազատների, ինչին ականատես էր եղել հայրը: Շամլեանը, սակայն տարիների ընթացքում եկել է հետեւութեան, որ մեր պահանջների կատարման, մեր իրաւունքները վերականգնելու եւ արդարութեան յաղթանակին հասնելու միակ միջոցը զօրեղ հայրենիք ու համախմբուած ազգ լինելու միջոցով կարող է դառնալու: «Հայաստանի կառավարութեան, իշխանութիւնների գործունէութիւններն են միայն կարող արդիւնքում ստեղծել վստահութեան այն մթնոլորտը, որ ներշնչանք է համայն հայութեան համար մասնակից դառնալու հայրենիքի զօրացմանը ու միասին վերագտնելու մեր ազգի լիարժէք անկախութիւնը:
Սփիւռքում պէտք է անդադար խօսենք մեր ազգային արժէքներից, քարոզենք մեր մշակոյթը:
Վահան Շամլեանը համոզուած է, որ Սփիւռքում, հիմնականում ազգային վարժարաններին է վերապահուած ազգային ինքնութիւնը զօրացնելու կարեւոր դերը: «Միաժամանակ, պէտք է ստեղծենք բազում առիթներ, որպէսզի մեր մանուկները, պատանիներն ու երիտասարդները ճանաչեն միմեանց, ընկերներ դառնան՝ ընդհանուր գաղափարների ու նպատակների շուրջ յետագայում միասին գործելու: Մեր վարժարանները, ակումբներն են այն վայրը, որ մեծացնում են հնարաւորութիւնը, որ հայորդիները յետագայում միասին ընտանիք կազմեն»: Շամլեանը համայնքին կոչ է անում հովանաւորել, ստեղծել հնարաւորինս շատ նման հայակենտրոն վայրեր ու միջավայր:
Վահան Շամլեանը բազում ձեւերով է նպաստել ինքնութեան պահպանման գործին, այդ թւում՝ աջակցելով հայ արուեստագէտների, գրողների, հովանաւորելով բազմաթիւ հրատարակութիւնների, գրքերի լոյս ընծայմանը: Նման բարեսիրական նախաձեռնութիւններից մէկն էլ առիթ է դառնում Շամլեանի եւ իր կուսակցութեան՝ ՀՅԴի միջեւ թիւրըմբռնման. «Պատանեկութեանս լաւ ընկերը յաճախ էր առաջարկում հովանաւորել գրքերի հրատարակում, եւ երբեմն ժամանակ չէի ունենում ծանօթանալու բովանդակութեանը: Նման գրքերից մէկն էլ, պարզուեց հակադաշնակցական բովանդակութիւն էր ունեցել, ինչի մասին տեղեկացայ բաւական ուշ, երբ արդէն տպագրուած էր: Արդարացի էր կուսակցական ընկերներիս վրդովմունքը, բայց արդար էի նաեւ ես: Նման դէպքերում միակ ճիշդ լուծումը միմեանց հետ զրուցելն ու պարզաբանելն է, ինչը տեղի ունեցաւ աւելի ուշ», պատմում է Վահան Շամլեանը՝ ուրախութեամբ նշելով, որ միջադէպն այլեւս անցեալում է:
Շամլեանների առանձնատունը եւս խօսուն վկայութիւնն էր բնակիչների արժէքային համակարգի ու ազգասիրութեան: Ծնողների լուսանկարների կողքին, Շամլեան ամուսինների ու նրանց դուստրերի ու թոռների լուսանկարներն են, ում Վահան Շամլեանը ներկայացնում է իւրատեսակ գորովանքով ու սիրով, իւրաքանչիւրին՝ յարգանքի ու սիրոյ անյատակ չափաբաժնով: Ընկերային անմնացորդ սիրոյ ու հոգեւոր արժէքների նկատմամբ յարգանքի իւրատեսակ խորհրդանիշն էլ իր բակում մէկ այլ առանձնատունն է, որ Վահան Շամլեանը կառուցել էր մտերիմ բարեկամի՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի համար: Այն իւրատեսակ թանգարան էր յիշեցնում, որտեղ պահւում էին Գարեգին Ա.ի պատկանող իրեր, հազուադէպ լուսանկարներ, գրականութիւն, նաեւ՝ կաթողիկոսի պաշտօնավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին վկայութիւններ: Վահան Շամլեանը բարձր է գնահատում մեր հոգեւոր ժառանգութիւնը՝ այն համարելով ինքնութեան պահպանման գլխաւոր սիւներից: Բարերարը, տարիների ընթացքում ստանձնել է բազմաթիւ հոգեւորականների բարձրագոյն կրթութեան ծախսերը, որոնց թւում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ ներկայի կաթողիկոս Արամ վեհափառի: Վահան Շամլեանի բարեգործական առաքելութիւնը գնահատուել է ե՛ւ Անթիլիասի, ե՛ւ Էջմիածնի կողմից. նա արժանացել է «Կիլիկիոյ իշխան» շքանշանին, Սուրբ Էջմիածնի՝ «Գրիգոր Լուսաւորիչ» մեդալին: 1996թ.ին եղել է Էջմիածնում կատարուած Մեռոնօրհնէքի կնքահարը:
Վահան Շամլեանի ազգասիրութիւնը յիրաւի օրինակելու արժանի է: Հայրենիքից հեռու Ֆրեզնոյում գտնուող նրա օջախում այնքան զօրեղ է հայկական ոգին՝ տարբեր ակիւններում տեղադրուած հայոց այբուբենով, Հայաստանն ու Արցախը ներկայացնող արուեստի գործերով: «Մենք պէտք է սիրենք միմեանց. սիրոյ ու փոխվստահութեան մթնոլոտում է միայն հնարաւոր կերտել մեր բաղձալի փառաւոր ապագան», համոզուած է մեծ հայրենասէրը, բարերարն ու ազգային գործիչը: