ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ

Թերեւս սխալուած չենք լինի, եթէ ասենք, որ Հայոց Ցեղասպանութեան ականատես-վկայ վերապրողների յուշերի ու վկայութիւնների հաւաքագրումը Վերժինէ Սվազլեանի հաւատամքն է: Սկսած 1955 թուականից տասնամեակների ընթացքում տիկին Սվազլեանը Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր համայնքներում (Յունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Թուրքիա) զբաղուել է Հայոց Ցեղասպանութեան վերապրողների յուշերի ու վկայութիւնների հաւաքման՝ գրառման, ձայնագրման, տեսագրման եւ ուսումնասիրման աշխատանքով: Նա նոյնիսկ միջազգային գիտաժողովներին մասնակցելու կարճատեւ ժամանակը ծառայեցրել է այդ նպատակին:
ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի, ինչպէս նաեւ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի համատեղ հրատարակութեամբ լոյս է տեսել բանասիրական գիտութիւնների դոկտոր Վերժինէ Սվազլեանի «Հայոց ցեղասպանութիւն. Ականատես վերապրողների վկայութիւններ» 700 միաւոր պատմափաստագրական սկզբնաղբիւրային նիւթ պարունակող ստուարածաւալ աշխատութիւնը՝ հայերէն, անգլերէն եւ թուրքերէն: Պէտք է նշել, որ մինչ այդ, 2000 թ. արդէն իսկ լոյս էր տեսել հեղինակի նոյն խորագրով հայերէն ժողովածուն, որը պարունակում էր 600 միաւոր ականատես վերապրողների վկայութիւններ: Անցած տասնամեակը հեղինակը ծառայացրել է այդ յիշողութիւնները լրացնելով եւ աւելացնելով նոր գրառած եւս 100 միաւոր նիւթերով: Վ. Սվազլեանի երեք լեզուներով հրատարակուած այս վերջին ստուարածաւալ աշխատութիւնը, ժողովրդական վկայութիւնների տեղավայրային տարածուածութեամբ, իր ինքնատիպ բնոյթով, որակական ու քանակական յատկանիշներով հայ իրականութեան մէջ եզակի երեւոյթ է:
Անշուշտ հեղինակի համար բոլորովին էլ դիւրին չի եղել յայտնաբերել եւ, ամենակարեւորը, խօսեցնել այդ մարդկանց, որոնք փաստօրէն անցել են դժոխքի միջով ու ի հեճուկս ամէն ինչի ողջ են մնացել: Հայոց Ցեղասպանութեան վերապրողների համար տառապանքները պատմելը նշանակում էր վերյիշել բոլոր սարսափներն ու կրկին վերապրել այդ ամէնը, ենթարկուելով հոգեկան ապրումների ու սթրեսի (ճնշումի-Խմբ.): Սակայն Վ. Սվազլեանին, այնուամենայնիւ, յաջողուել է հիմնաւորել գործի կարեւորությունը եւ գտնել այնպիսի հնարքներ ու համոզիչ փաստարկներ, որպէսզի հայ ժողովրդի դէմ կատարուած այդ ծանր յանցագործութեան այլեւս անգտանելի դարձած անգին վկաները տեղի տան ու սկսեն պատմել եղելութիւնը: Վ. Սվազլեանի վկայութեամբ, վերապրողները նոյնպէս քաջ գիտակցում էին իրենց խօսքերի ու ցուցմունք-վկայութիւնների կարեւորութիւնը, ուստի եւ յուզմունքով համաձայնւում էին պատմել իրենց ու իրենց հարազատների գլխով անցած դաժանութիւններն ու տառապանքները: Հեղինակն ընդգծում է, որ վերապրողները բարոյական պատասխանատուութիւն եւ պարտքի բարձր գիտակցութիւն են զգացել իրենց պատմածի նկատմամբ. նրանցից շատերը իրենց յիշողութիւնները հաղորդելուց առաջ խաչակնքուել են կամ՝ երդուել, ճիշդ այնպէս, ինչպէս ամէն մի վկայ դատարանում երդւում է՝ ասել միայն ճշմարտութիւնը:
Աշխատութիւնն աչքի է ընկնում իր կուռ կառուցուածքով եւ գիտատեղեկատուական հարուստ տուեալներով:
Ներածութիւնում հեղինակը հիմնաւորում է աշխատանքի կարեւորութիւնը, ներկայացնում նպատակը եւ նիւթերի ընդգրկման վայրերը:
Հատորը բաժանուած է երկու բաժինների, որոնցից առաջինը՝ «Պատմաբանագիտական ուսումնասիրութիւն», հեղինակի գիտական ուսումնասիրութիւնն է, որով նա գիտական վերլուծութեան է ենթարկում հաւաքուած հսկայական փաստավաւերագրական նիւթը: Այս բաժինը բաղկացած է երկու ընդարձակ ենթաբաժիններից՝ «Ականատես-վկայ վերապրողների հաղորդած պատմական վկայութիւնների ժանրային եւ տիպաբանական առանձնայատկությունները» եւ «Հայոց Ցեղասպանութեան ընթացքը ըստ ականատես վերապրողների վկայութիւնների», որոնցում լուսաբանւում են ականատես-վերապրողների յուշերի ու վկայութիւնների ժանրային տեսակները եւ ընդգծւում դրանց առանձնայատկութիւնները: Չափազանց կարեւոր պէտք է համարել հեղինակի կողմից ականատես-վերապրողների յուշերի եւ վկայութիւնների համադրումը Հայոց Ցեղասպանութեան ընթացքի հետ, քանզի նման համադրությունը թոյլ է տալիս Մեծ Եղեռնի ընթացքը եւ առանձին դէպքերի իրողութիւնը հիմնաւորել նաեւ ժողովրդական բանաւոր վկայութիւններով:
Աշխատութեան երկրորդ՝ «Պատմական սկզբնաղբիւրներ» բաժինն իրենից ներկայացնում է ականատես-վերապրողների յուշերն ու վկայութիւնները (700 միաւոր), որոնք ըստ տեղավայրերի եւ տարիքային առանձնայատկութիւնների խմբաւորուած են «Պատմական յուշ-վկայութիւններ» (315 միաւոր), «Պատմական զրոյց-վկայութիւններ» (70 միաւոր) եւ «Պատմական երգ-վկայութիւններ» (315 միաւոր) ծաւալուն ենթաբաժիններում:
Ականատես-վկաների պատմած յուշ-վկայութիւններն ընդգրկում են տարբեր թեմաներ: Ընթերցողը կարող է պատկերացում կազմել հայկական բնաշխարհի գեղեցկութեան, հայերի նահապետական առօրեայ կենցաղի ու սովորոյթների, ինչպէս նաեւ՝ բնօրրանում նրանց կեանքի պայմանների մասին: Յուշ-վկայութիւնները տեղեկութիւններ են պարունակում նաեւ համիդեան կոտորածների, երիտթուրքերի կառավարութեան պարագլուխների (Թալէաթ, Էնվեր, æեմալ, Նազըմ, Բեհաեդդին Շաքիր եւ այլք) հայերի հանդէպ գործադրած դաժանութիւնների (հարկահաւաք, զօրահաւաք, զինահաւաք, ողջակէզ, ջարդ, կոտորած եւ այլն), դէպի Միջագետքի անապատների համակենտրոնացման վայրեր (Դէյր էլ Զօր, Ռաս ուլ Այն, Ռաքքա, Մեսքենէ, Սուրուճ եւ այլուր) հայերի բռնի տեղահանութիւնների, նրանց կրած անասելի տառապանքների (քայլք ուժասպառուելու աստիճան, ծարաւ, քաղց, համաճարակ, մահուան սարսափ եւ այլն), ինչպէս նաեւ արեւմտահայերի մղած ինքնապաշտպանական մարտերի (Վանի հերոսամարտ, Շատախի, Շապին-Գարահիսարի, Սասունի գոյամարտեր, իսկ աւելի ուշ՝ Այնթապի եւ Հաճընի հերոսամարտեր եւ այլն) մասին:
Պէտք է նշել, որ հեղինակը չի բաւարարուել միայն ականատես-վկաների յուշերն ու վկայութիւնները հաւաքագրելով ու համակարգելով, այլեւ վերլուծել եւ ուսումնասիրել է, դրանք համեմատելով յայտնի պատմական իրադարձութիւնների հետ, եւ եկել է այն եզրակացութեան, որ դրանք «դոյզն ինչ կասկածի տեղիք չեն տալիս» (էջ 16): Դեռ աւելին՝ յուշ-վկայութիւններում եւ զրոյց-վկայութիւններում յիշատակւում են նաեւ նախկինում անյայտ հերոս հայորդիներ, որոնք պայքարել են ընդդէմ բռնութեան, նահատակուել, նաեւ՝ դիմակայել ու վերապրել: Յուշ-վկայություններով եւ զրոյց-վկայութիւններով կարելի է ոչ միայն վերականգնել Հայոց Ցեղասպանութեան ժամանակագրական ողջ ընթացքը եւ վերահաստատել դրանց եղելութիւնը, այլեւ՝ բացայայտել նոր մանրամասներ ու փաստեր, կապուած այս կամ այն իրադարձութեան հետ:
Առանձնապէս ուշադրութեան է արժանի «Պատմական երգ-վկայութիւնների» ենթաբաժինը, որն իր հերթին, ելնելով թեմատիկ բազմազանութիւնից, հեղինակը խմբաւորել է հետեւեալ կերպ. ա. Զօրահաւաքի, զինահաւաքի եւ բանտարկեալի երգեր, բ. Տեղահանութեան եւ կոտորածի երգեր, գ. Որդեկորոյս մայրերի, որբի եւ որբանոցի երգեր, դ. Հայրենասիրական եւ հերոսամարտերի երգեր, է. Բռնազաւթուած Հայրենիքի եւ պահանջատիրութեան երգեր, զ. Պատմական երգերի նոտագրութիւններ: Յատկանշական է, որ վերապրողների հաղորդած նոյնիսկ հայերէն եւ յատկապէս թուրքալեզու երգերում մեղադրանք է հնչում դահիճներին դէմ եւ խօսւում է ոչ միայն տառապանքի ու ցաւի, այլեւ՝ հերոսական դիմադրութեան ու, որն ամենակարեւորն է, պահանջատիրութեան մասին:
Ուշադրութեան է արժանի այն հանգամանքը, որ աշխատութիւնն օժտուած է արժէքաւոր գիտական տեղեկատուութեամբ: Աշխատութիւնն ունի դժուար հասկանալի եւ օտարամոյծ բառերի բառարան, պատմական դէպքերի ու դէմքերի մասին մանրակրկիտ ծանօթագրութիւններ, ինչը զգալիօրէն կը հեշտացնի հետազօտողների գործը:
Փաստագրում բաժնում յատուկ աղիւսակով տրուած է ականատես վերապրողների եւ նրանց հաղորդած վկայութիւնների բնոյթը (ձեռագիր, ձայնագրութիւն, տեսագրութիւն), արխիւային ֆոնդի թիւը, բնագրի լեզուն, վերապրողի անուն-ազգանունը, ծննդեան վայրը (նիւթի հայրենիքը), նիւթի գրանցման վայրը եւ տարեթիւը: Աշխատութիւնը նմանատիպ գործերից շահեկանօրէն տարբերւում է նրանով, որ անձնանունների ու տեղանունների ցուցիչներից զատ, իբրեւ նորոյթ կիրառուել է նաեւ բնագրերի թեմատիկ վերլուծութիւնը, որը տեսանելի ու մատչելի ձեւով հնարաւորութիւն կ՛ընձեռի մասնագէտներին հանրագիտարանի նման խորանալ սկզբնաղբիւրներում առկայ բազմաբնոյթ թեմաներին (օրինակ՝ բնօրրանի նկարագրութիւն, կենցաղ, տեղահանութիւն, բռնագաղթ, ողջակէզ, կոտորած, առեւանգում, թլփատում, իսլամացում, երիտթուրքական դաժանութիւնների աներեւակայելի բազմապիսի ձեւեր, մեծ տէրութիւնների խարդաւանքներ եւ այլն):
Աշխատութեան վերջում ներկայացուած են Հայոց Ցեղասպանութեան ականատես-վերապրողների եւ նրանց յաջորդ սերունդների լուսանկարները (288 միաւոր), ըստ իրենց ծննդեան տարեթուերի եւ վայրերի:
Աշխատութիւնն ունի վեց լեզուներով ամփոփումներ (անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, թուրքերէն, ռուսերէն եւ հայերէն), ինչը օտարալեզու ընթերցողներին հնարաւորութիւն կը տայ ծանօթանալ ու պատկերացում կազմել աշխատանքի կարեւորագոյն հիմնադրոյթների մասին:
Այս մեծածաւալ աշխատութեան անգլերէնի թարգմանիչներն են՝ Տիգրան Ծուլիկեանը եւ Անահիտ Պողիկեան-Դարբինեանը, իսկ թուրքերէնինը՝ Տիգրան Տէր Ողորմիաջեանը եւ Պետրոս Չաւիկեանը:
Հայերէն եւ անգլերէն հատորների վերջում տեղադրուած է «Սվազլեան գերդաստանի հաւատամքը» վաւերագրական տեսաֆիլմը, որը նուիրուած է 20րդ դարի ընթացքում Սվազլեան գերդաստանի իրարյաջորդ երեք սերունդների ազգանպաստ եւ հայրենանպաստ գործունէութեանը՝ ընդգրկելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջան: Ֆիլմում օգտագործուած են արխիւային բացառիկ արժէք ներկայացնող տեսանիւթեր եւ Հայոց Ցեղասպանութեան ականատեսների կենդանի վկայութիւններ: Ֆիլմի կուռ եւ բովանդակալից սցենարի հեղինակն ու ռեժիսորն է ճանաչուած լրագրող, բազմամեայ վաստակի տէր Լաուրա Մինասեանը: Ֆիլմի երաժշտական ձեւաւորողը Կարէն Խառատեանն է: Կարդում է Հայաստանի Վաստակաւոր արտիստ Սարգիս Նաջարեանը:
Կարեւոր ենք համարում նշել այն հանգամանքը, որ ինքը՝ հեղինակը, հակուած չէ սեփական աշխատանքը գնահատելու իբրեւ լոկ փաստագրական աշխատութիւն, այլ ընդգծում է մասնաւորապէս աշխատանքի գործնական-կիրառական ուղղուածութիւնը: Գրքի գիտական ուսումնասիրութեան բաժնում, ներկայացնելով աշխատանքի նպատակը, Վ. Սվազլեանը գրում է. «Ինչպէս ամէն մի յանցագործութիւն բացայայտելիս որոշիչ են վկաների ցուցմունքները, նոյնպէս եւ այս պարագայում պէտք է յենուել նաեւ ականատես վերապրողների վկայութիւնների վրայ, որոնցից իւրաքանչիւրը իրաւաբանական տեսակէտից ապացուցողական նշանակութիւն ունի Հայ Դատի արդարացի լուծման եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում» (էջ 7): Այսպիսով հեղինակը միանգամայն իրաւացիօրէն Հայոց Ցեղասպանութեան ականատես վերապրողներին համարում է այդ յանցագործութեան վկաներ, որոնց հաղորդած ցուցմունք-վկայութիւնները տուեալ պարագայում չափազանց կարեւոր են: Եւ քանի որ ցեղասպանութիւնը միջազգային իրաւունքի տեսակէտից համարւում է մարդկությեան դէմ կատարուած յանցագործութիւն, ապա պէտք է համաձայնուենք հեղինակի այն կարծիքի հետ, որ տուեալ քաղաքական զանգուածային ոճիրի պարագայում իբրեւ վկայ հանդէս է գալիս հէնց ինքը՝ տուժող հայ ժողովուրդն, ի դէմս այն ականատես վերապրողների, որոնք իրենց ցուցմունք-վկայութիւններով յստակ մեղադրանք են առաջադրում յանցագործ պետութեանը՝ Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդը հանդիսացող Թուրքիայի հանրապետութեանը:
Ինքնին հասկանալի է, որ ցուցմունք-վկայութիւն տուողները բաւականին տարեց մարդիկ էին եւ նրանցից շատերն արդէն չկան, հետեւաբար անհնար է չգերագնահատել Վերժինէ Սվազլեանի կատարած անչափ կարեւոր ու շնորհակալ գործը: Հեղինակը փրկել ու յաջորդ սերունդներին փոխանցել, ինչպէս նաեւ տարբեր լեզուներով աշխարհին է ներկայացրել ականատես վերապրողների այս յոյժ կարեւոր ցուցմունք-վկայութիւնները, որով սոյն աշխատութիւնը, յիրաւի, կարելի է համարել Հայոց Ցեղասպանութեան միջազգային քրէական գործի այն հատորներից մէկը, որը մի օր կը ներկայացուի միջազգային դատարան եւ կարեւոր հիմք կը դառնայ Հայոց պահանջատիրական դատի արդարացի լուծման համար:
ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող: