ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այն ինչ գրուած է այս ակնարկում կարծես ակնյայտ իրականութիւն է. տարբերութիւնն այն է, որ այս իրականութիւնը շատերիս ուշադրութիւնից դուրս է մնում կամ էլ չենք ուզում գնահատել իրավիճակը, քանի որ գնահատականը տհաճութիւն է պատճառում: Բայց որքանո՞վ է այս «ջայլամի» վարքը նպաստում ապագայի՝ մեր եւ գալիք սերնդի կենսակերպի ձեւաւորման հարցում…
Դրամատիրական հասարակարգի հիմնադրոյթներից մէկն է փողի արագ եւ արդիւնաւէտ շարժունակութիւնը: Տնտեսութեան այսպէս կոչուած «գերտաքացման» տարիներին շատերը որոշեցին իրենց տրամադրութեան տակ գտնուող «աւելացած» դրամը ներդնել այս կամ այն նախաձեռնութեան մէջ՝ գնելով «բիզնես»ներ կամ անշարժ գոյք: Սրա հետեւանքով շատերը կորցրեցին իրենց ներդրումները:
Կորուստը հիմնականում ազդեց միջին դասակարգի վրայ, քանի որ չափազանց ունեւորները հիմնականում կարողացան «մարսել» իրենց հսկայական կորցրածը, իսկ միջին դասակարգի համար այն բախտորոշ դարձաւ:
Այսօր Միացեալ Նահանգներում շատ են խօսում ճգնաժամը յաղթահարելու կապակցութեամբ քայլեր նախաձեռնելու փորձերի մասին, բայց տարօրինակ է այն հանգամանքը, որ աշխատատեղեր ստեղծելու գաղափարը գրեթէ մնացել է ստուերում: Այնինչ, այս միջոցով երկրի ամենակարող ուժերը ոչ միայն կը սատարեն անհատներին կամ ընտանիքներին, այլ նաեւ իրական խթան կը հանդիսանան տնտեսութեան համար, քանի որ ամերիկեան տնտեսութեան հիմնական շարժիչ ուժերից մէկը բնակչութեան սպառման գործօնն է: Թւում է, թէ պարզ է. ղեկավարութիւնը ստեղծում է պայմաններ՝ նոր աշխատատեղեր հիմնելու առիթով, մարդիկ աշխատում են, գրպանում փող է կուտակւում, նրանք ծախսում են այն, եւ տնտեսութեան անիւը պտտւում է, «ինչպէս անցեալ անգամ…»:
Եկէք աւելի խորը զննենք, թէ ինչո՞ւ սա դեռ տեղի չի ունենում: Շատ հնարաւոր է, որ բացարձակ պատասխան չգտնենք մեր այս վերլուծութեան ընթացքում, սակայն վստահեցնում եմ, որ ձեր ժամանակն ի զուր չէք վատնի կարդալով ակնարկը, եւ որոշակի լոյս կը սփռուի արդէն իսկ պարզ թուացող խնդրի վրայ:
Փաստերը դաժան են. պաշտօնական տուեալների համաձայն, ամերիկացիների աւելի քան 9 տոկոսը գործազուրկ է. սա կազմում է մօտաւորապէս 14 միլիոն մարդ: Այս թիւը ընդամէնը մի քանի միլիոնով է փոքր Յունաստանի եւ Իրլանդիայի բնակչութեան թուից՝ միասին վերցուած: Սրանից բացի 8,5 միլիոն մարդ զբաղուած է կէսօրեայ աշխատանքով, բայց կը նախընտրէր լիօրեայ աշխատանք ունենալ: Այս ամէնի հետ մէկտեղ աւելի քան 2 միլիոն մարդ յոյսը կորցրել է աշխատանք գտնելու կապակցութեամբ եւ այլեւս չի էլ փնտռում: Աշխատանք փնտռել ցանկացողները միջին հաշուով աւելի քան 39 շաբաթ է ինչ գործ են փնտռում: Այսպիսի ցուցանիշ երկրի վերջին ժամանակաշրջանի պատմութեան մէջ չի գրանցուել, այն պահից երբ պաշտօնական տուեալները սկսեցին գրանցուել 1948 թուականին:
Պաշտօնական Վաշինգտոնում այսօր շատ աւելի յաճախ խօսում են նախահաշուի սղաճը կրճատելու, քան աշխատատեղեր ստեղծելու մասին: Վիճակագրական տուեալների համաձայն, երկրի մամուլը վերջին 2 տարիների ընթացքում աւելի քան 3 անգամ աւելի յօդուածներ է տպագրել սղաճի մասին, քան գործազրկութեան թեմայով: Որոշ առաջադէմ մտածողների կարծիքով, նման յանցագործ անտարբերութիւնը սովորական մահկանացուների նկատմամբ սահմռկեցուցիչ է: Միացեալ Նահանգների աշխատանքի բնագաւառի նախկին քարտուղար Ռոբերտ Ռայխը վերջերս զգուշացրել է, թէ նոր աշխատատեղեր շուտափոյթ չստեղծելու պարագայում, ամերիկեան գնորդները պարզապէս դրամ չեն ունենայ մասնաւոր հատուածի ստեղծած ապրանքները գնելու համար:
Որո՞նք են սրա հնարաւոր հետեւանքները:
Ըստ որոշ մասնագէտների, դրամատիրութիւնը չափազանց ճկուն համակարգ է եւ ձեւը կը գտնի «տակից դուրս գալու»: Բայց որքանո՞վ է այդ ձեւը ինձ ու ձեզ համար շահաւէտ, եկէք տեսնենք: Ամերիկեան մասնաւոր ձեռնարկութիւններն իրենց արտադրանքի հիմնական թիրախ են դարձնում կա՛մ ունեւորներին, կամ էլ օտարերկրեայ գնորդներին: Միջին դասակարգը՝ ամերիկեան տնտեսութեան երբեմնի շարժիչ ուժը, «կախուած է մնում փշալարերից», այսինքն՝ «ամորձատւում» է: Ձեռնարկութիւններն իրենց եկամուտն ապահովում են, բայց ոչ ամերիկացիներին ապրանք վաճառելու հաշուին: Սա մի նոր, դեռեւս չտեսնուած ընթացք է, երբ միջին դասակարգի գնողունակութիւնը գնալով հալւում է, իսկ ջրի երեսին մնացած արտադրողների ուշադրութեան կենտրոնում (ցաւօք եւ բնականաբար) միայն հարուստներն են ու արտերկրացիները, ովքեր ի վիճակի են դրամ ծախսել:
Որոշ տուեալների համաձայն, ամերիկեան ամենայաջողակ ձեռնարկութիւնների ուշադրութեան կենտրոնում զարգացող երկրների միջին դասակարգն է, ոչ թէ ամերիկեանը, եւ առաջիկայ 5 տարիների ընթացքում այս ձեռնարկութիւնների եկամտի 70 տոկոսը «դրսի» գնորդների հաշուին է նախատեսւում: Այստեղ համարձակւում եմ մի շատ կոպիտ օրինակ բերել, շատերի համար գուցէ անընդունելի: Պատկերացրէք մի վիճակ, որտեղ ընտանիքի հայրը հարեւանի կնոջն է փորձում սիրաշահել՝ իր հարբուխով հիւանդ կնոջը դեղ տալու փոխարէն: Նրա կարծիքով, աւելի «յարմար» է հարեւանի կնոջը համոզել իր հետ պարահանդէսի գնալ, քանի որ նա չի փռշտում եւ աւելի գեղեցիկ տեսք ունի: Պատկերացնում էք, թէ ինչ վիճակի մէջ է հարբուխով հիւանդ տիկինը, երբ իր ամուսինը բացայայտօրէն յայտարարում է, թէ հարեւանի կինն աւելի նախընտրելի է առաջիկայ պարահանդէսի համար: Յակոբ Պարոնեանի երգիծանքից հատուած չէ վերոյիշեալը, այլ մօտաւորապէս այն, ինչ տեղի է ունենում մեր իրականութեան մէջ՝ փոխաբերական իմաստով:
Այսօր ձեռնարկութիւններն իրենց արտադրանքը փորձում են ստեղծել նրանց համար, ովքեր ի վիճակի են այն գնելու, այսինքն՝ գերհարուստների համար: Այսպէս կոչուած «զանգուածային սպառող» հասկացութիւնն իր մայրամուտն է ապրում: Միացեալ Նահանգների բնակչութեան 10 տոկոսը կատարում է տնտեսական ապրանքների սպառման 50 տոկոսի գնումները:
Այստեղ հարկ է անդրադառնալ պատմութեան դասերին: Որոշ լրատուամիջոցներ յիշատակում են, թէ քսաներորդ դարի ամերիկեան դրամատիրութեան «մոդելը» հիմնուած է այսպէս կոչուած Հենրի Ֆորդի մոդելի վրայ, որտեղ աշխատողներն առատօրէն վարձատրւում էին, ինչի արդիւնքում ստեղծուեց միջին դասակարգ, որն ի վիճակի էր առանց վախենալու դրամ ծախսել եւ խթանել տնտեսութիւնը: Ասում են, թէ Հենրի Ֆորդն իր ձեռնարկութիւնում աշխատող մասնագէտներին ու բանուորներին կրկնակի էր վարձատրում նոյն բնագաւառի այլ աշխատողների հետ համեմատած:
Ամերիկեան միջին դասակարգի բարգաւաճման արդիւնքում է, որ այս երկիրը ստացել է ծաղկուն հասարակութեան համբաւը: Բայց պատկերը զգալի շրջադարձ է ստանում, երբ երկրի բնակչութեան բարգաւաճումն ընդհանուր առմամբ հակադարձ համեմատական է դառնում երկրի առաջաւոր ձեռնարկութիւնների ծաղկմանը: Ես աւելի կը խորանամ իմ կանխատեսումների մէջ: Երբ ամերիկեան շարքային գնորդն այլեւս որեւէ հետաքրքրութիւն չի ներկայացնի ամերիկեան արտադրողի համար, ինչո՞ւ պիտի այս ձեռնարկութիւնը մնայ այս երկրում: Ի՞նչն է կապում նրա ձեռքերը, օրինակ՝ Հարաւային Ամերիկայում հիմնելու իր հիմնական արտադրութիւնն ու կենտրոնը՝ գուցէ ձեւի համար մի փոքրիկ գրասենեակ պահելով ամերիկեան մի փոքրիկ քաղաքում: Սա նշանակում է եկամտաբեր ձեռնարկութիւնների անխուսափելի փախուստ աւելի «ապահով» շրջաններ: Իհարկէ, այս ամէնը մէկ օրուայ, մէկ տարուայ ընթացքում չի լինի, բայց մէկ անգամ եւս ցանկանում եմ յիշել նախորդ ակնարկներից մէկում կատարուած մատնանշումը, թէ ինչպէս աշխարհի գերհզօր իրաւաբանական գրասենեակներից ոմանք անցեալ տասնամեակի կէսերին իրենց կենտրոնները Լոնդոնից տեղափոխեցին Հոնգ Կոնգ: Պատահականութի՞ւն. բնաւ երբեք, քանի որ յաջողակ իրաւաբաններն առաջինն են քննարկում դրամի հնարաւոր հոսքը եւ կանխատեսում են դրա կենտրոնացման հնարաւոր վայրը:
Ներկայիս դրամատիրութիւնը սովորում է գոյատեւել նոր, նախկինում անյայտ պայմաններում, իր բարգաւաճումն ապահովել առանց ամերիկեան աշխատուժի եւ առանց ամերիկացի շարքային սպառողի գնողունակութեան: Իսկ թէ ինչպէս դա կազդի ամերիկեան ժողովրդավարութեան ապագայի վրայ (երբ միջին դասակարգը տնօրինում է ընտրաձայների մեծամասնութիւնը, իսկ դրամատէրերն իրենց ձեռքում են կենտրոնացրել տնտեսական ներուժը) միայն բարձրեալին է յայտնի: