Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 31րդ Ընդհանուր ժողովի բացման այս հանդիսաւոր նիստին խօսքս առաջին հերթին ուղղելու եմ մեր ընկերներին՝ ժողովին մասնակից կամ ոչ:
Ամպագորգոռ, կեղծ ոգեւորիչ խօսք չեմ ասելու: Փորձելու եմ իրատեսութեան մղող խօսք ասել: Բայց եւ ի սկզբանէ նշեմ՝ իմ հասկացած իրատեսութիւնը ոչ մի առնչութիւն չունի չոր գործնապաշտութեան, մեր արատաւոր ներկային, համակերպուելու հետ:
Անցած երեք տարիները հայ ժողովրդի, մասնաւորաբար հայաստանցիների համար եղել են ծանր, դժուար եւ տագնապալի տարիներ: Նոյնը եղել է մեր կազմակերպութեան համար՝ ծանր, դժուար եւ տագնապալի՝ համապատասխան հետեւանքներով: Հետեւանքներ, որոնք դրսեւորւում են ամէն անգամ, երբ զարնւում ենք փորձաքարի, ունենում ենք ձախողումներ: Մեզ մօտ, ինչպէս հիւանդութեան նշաններ, ինքնացուցադրւում են թերհաւատութիւն, տատանում, վարանումներ, կասկածանք: Արդարեւ մեր կազմակերպութիւնը եւս կենդանի օրգանիզմ է եւ, ինչպէս միւս օրգանիզմները, հակում ունի հիւանդութիւնների: Եթէ ժամանակին չբուժենք հիւանդութիւնը, այն դառնալու է քրոնիկական եւ աւարտուելու է անդամահատութեամբ կամ մահով:
Մեր մթնոլորտը յագեցած է յաճախ իրարամերժ, հակասական տեսակէտներով, հարցումներով, մեղադրանքներով, բամբասանքներով, որոնք ազդում են մեր ներկազմակերպական իրավիճակի վրայ: Թէպէտ այս օրերին, յատկապէս այս օրերին, անընդհատ ինձ բռնում եմ մի մտքի վրայ. չե՞նք յոգնել միշտ վերջում, միայն վերջում անդրադառնալ, որ մենք դարձեալ ճիշդ էինք: Բայց Ընդհանուր ժողովն է առիթը, որ մեզ խստօրէն քննենք, պարզենք մեր արածն ու չարածը, վերահաստատենք մեր կեցուածքները, որ պարզերես լինենք եւ ինքներս մեր, եւ ժողովրդի առաջ:
Նախորդ Ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ 2008ի Մայիսի վերջաւորութեան: Անցած երեք տարիները մեզ համար յատկանշուեցին հետեւեալ կարեւոր երեւոյթներով.
– Ներքաղաքական կեանքում շարունակուեց նախագահական ընտրութիւններով սկիզբ առած առճակատման մթնոլորտը՝ արտաքին միջամտութիւնների դուռ բացելով:
– 2008ի Յունիսին, ՀՀ Նախագահի նախաձեռնութեամբ, սկիզբ առան հայ-թուրքական յարաբերութիւնները, ինչն ալեկոծեց մեր ազգային կեանքը:
– 2008ի Օգոստոսին բռնկուեց Ռուսաստան-Վրաստան պատերազմը, ինչն զգալի դարձրեց Հայաստանի անվտանգութեան խոցելիութեան աստիճանը, մեծացաւ պատերազմի սպառնալիքը:
– Սկիզբ առաւ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որն իր կարեւոր անդրադարձն ունեցաւ մեր երկրում: Դրան գումարուեց կառավարութեան ձախող տնտեսական քաղաքականութիւնն ու ղեկավարումը: Արդիւնքում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մէջ է երկիրը:
– Վերջնականօրէն ապացուցուեց՝ գործող իշխանութիւնները կոռուպցիային, տնտեսական անարդարութիւններին, արտօնեալ խաւի սանձարձակութիւններին վերջ դնելու ոչ անհրաժեշտ կամքն ունեն եւ ոչ էլ ի վիճակի են այդ անել: Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխութիւն:
Անցած եռամեայ ազգային-քաղաքական իրականութիւնը մենք այսպէս ենք գնահատում: Սակայն դա չի նշանակում, թէ բոլորն էլ այդ նոյն իրողութիւնը նոյնկերպ են գնահատում: Ոմանց դիտակէտն այլ է: Այսպէս. շարունակուեց առճակատումը եւ յաջողեց արտաքին միջամտութիւն ապահովել: Ստեղծուել էր շանս կարգաւորելու յարաբերութիւնները Թուրքիայի հետ, սակայն հայդատականների եւ անվճռական իշխանութիւնների պատճառով կորցրինք այդ հնարաւորութիւնը: Առկայ էր, ինչու ոչ, նաեւ առկայ է պատերազմի վտանգ, ուստի անհրաժեշտ է օր առաջ գնալ զիջումների: Միջազգային տնտեսական ճգնաժամը, վարուող տնտեսական քաղաքականութիւնը մի կողմ, բաւական է այսօրուայ իշխանաւորների տեղ գան նորերը, սխալուեցի’ գան հները, եւ ամէն ինչ լաւ կը լինի: Այսօրուայ մեր բոլոր հարցերի բուն պատճառը այն է, որ մոնղոլ-թաթարներն են իշխանութեան ղեկին, աւելի ճիշդ իշխանութեան գագաթին, փոխենք այն նախկինով, եւ ամէն ինչ ճիշդ է լինելու: Այսպէս մտածողներ նոյնպէս կան:
Այո, թէ ինչպէս ես գնահատում իրականութիւնը, ինչ արժեչափերով, ըստ այդմ էլ անում ես հետեւութիւններ: Եթէ ազգային-պետական ինքնիշխանութիւնը սրբութիւն է քեզ համար, եթէ արտաքին միջամտութիւնները անընդունելի են, եթէ պատերազմը սպառնում է քեզ եւ խնդրոյ առարկան ազգային շահն ու իրաւունքներն են, մտածում ես դիմագրաւելու մասին, ոչ թէ զիջումներով՝ ինքնասպանութեան: Եթէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները տեսնում ես ազգային արժանապատուութեան, անվտանգութեան եւ սերունդների իրաւունքների տեսանկիւնից, ապա այս արձանագրութիւններով կարգաւորմանը ընդդիմանալուց բացի այլ ելք չունես: Եթէ այսօրուայ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը համարում ես իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանք, ուրեմն պէտք է փոխել քաղաքական ուղղութիւնը եւ ոչ թէ միայն իշխող անձանց քո թիմակիցներով: Եթէ հարցը համակարգային է, պէտք է ունենաս համապատասխան ծրագիր եւ ապահովես ժողովրդային գիտակից թիկունք, ապա թէ ոչ կը մտածես անձերի փոփոխութեան մասին ու կտրուես ամբոխավարութեան:
Մենք մեր արժեչափերը ունենք, մեր աշխարհայեացքը, ուրիշները՝ իրենցը եւ այդ դիրքերից քննադատում, մեղադրում, ամբաստանում են, փորձում են կասկածներ սերմանել, սուտ լուրեր տարածել, վիրաւորել, վարկաբեկել: Մի խօսքով, ոչ մի բանի առջեւ չեն կանգնում: Սա պայքար է, եւ մենք պէտք է կառչած մնանք մեր արժեչափերին, հաւատանք ինքներս մեզ եւ շարունակենք ապրել իբրեւ դաշնակցական՝ միասնական, կարգապահ, հաւատքով:
Հայաստանի Անկախ Հանրապետութիւնում մենք ներկայ ենք եղել առաջին իսկ պահերից: Եղել ենք թէ ընդդիմութիւն, թէ իշխանութիւն, բայց երբեք մեր տեսակէտները, կեցուածքները, դիրքորոշումները, մեր խօսքը չի տարբերուել: Փորձել ենք անընդհատ նորանալ, ժամանակի հետ քայլ պահել, բայց չփոխել մեր էութիւնը: Երեւոյթները մեր կողմից տարբեր գնահատականի չեն արժանացել, ըստ այնմ, թէ որ ճամբարում ենք եղել: Միւս բոլոր կուսակցութիւններից մեզ զանազանող առաջին իւրայատկութիւնն այս է:
Ազգային հարցերում մենք միշտ ունեցել ենք հայեցակարգային մօտեցում, սակայն միաժամանակ հաւատացել ենք, որ ազգային հարցերին զուգահեռ մեծ կարեւորութիւն ունեն սոցիալական հարցերը: Մենք հաւատացած ենք. ազգային հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներազգային համերաշխութեան եւ միասնութեան հիմքը սոցիալական արդարութիւնն ու ազատութիւններն են, ազատ անհատն ու քաղաքացիական հասարակութիւնն է:
Ահա թէ որտեղով է անցնում Հայաստանի քաղաքական դաշտի ամենահիմնական ջրբաժանը. Մի կողմում նրանք են, ում համար արդարութիւն հասկացութիւնը հարուստ վերնախաւի շահերի պաշտպանութեան հարցն է, այն բոլոր ուժերը, որոնք ծայրայեղ աջ են կամ հաւատում են ծայրայեղ լիբերալիզմին (ազատականութեան-Խմբ.) եւ վերջապէս՝ նրանք, որ անգիտակցաբար, կուրօրէն հետեւում են այդ ուղղութեանը: Այս ուղղութեան կրողն են նախկին ու ներկայ բոլոր իշխանութիւնները, ուր էլ գտնուեն՝ ծայրայեղ ընդդիմութեան դաշտում, թէ իշխանութեան ճամբարում (դրա գրքունակ ներկայացուցիչն է այսօրուայ վարչապետն ու կառավարութիւնը), իսկ միւսը մենք ենք՝ ազգային հարցերի լուծման համար անհրաժեշտ է ներազգային համերաշխութիւն, միասնականութիւն, ինչը հնարաւոր է արդարութեան հաստատումով, սոցիալական արդարութեան հաստատումով:
Ասացինք՝ մեր խօսքը տարբեր ժամանակներում ու հանգամանքներում նոյնն է եղել. Դեռ կոալիցիայի մէջ՝ մենք օրէնք ենք անցկացրել. նուազագոյն աշխատավարձը պէտք է համապատասխանի կենսապահովման նուազագոյն զամբիւղին: Օրէնքն ընդունուել է, բայց մինչեւ այսօր այն չի գործադրւում:
Մենք հաւատում ենք ժողովրդի հանդէպ պետութեան հոգատարութեան սկզբունքին, իրենք այլ կերպ են մտածում: Մենք պնդում ենք, որ աշխատող մարդն առնուազն պէտք է կարողանայ հոգալ իր նուազագոյն կարիքները եւ պետութիւնը պարտաւոր է երաշխաւորել այդ: Մենք պնդում ենք, որ պետութիւնն ի վիճակի է այդ նուազագոյնը ապահովել, իսկ իրենք պետութեան հոգատար դերակատարութիւնը նուազեցնում ու նուազեցնում են: Վստահ եմ՝ իշխանութեան ղեկին կանգնած մարդկանցից եւ ոչ մէկը պարտաւորուած չի եղել նուազագոյն աշխատավարձով ապրել, այլապէս կ՛անդրադառնային, որ անհնար է:
Ասում ենք՝ ծանր է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը: Սակայն հարց է՝ կառավարութիւնը պատկերացնու՞մ է՝ ծանր ասելով ինչի՞ մասին է խօսքը, թէ միայն թուեր-թուեր է պատկերացնում, հանդիպու՞մ են մարդկանց, որոնց համար անմատչելի է բժշկական ծառայութիւնը եւ խեղւում են, մեռնում են բոլորիս անտարբեր ու անպատասխանատու ներկայութեամբ: Բայց չէ՞ որ հնարաւոր է բուժծառայութիւնը ապահովագրել: Ինչո՞ւ վերացաւ դեռ մօտ անցեալում կիրառուող գիւղացու, մանր սեփականութիւն ունեցող գիւղացու սուբսիդաւորումը, ինչո՞ւ ապահովագրուած չպէտք է լինի գիւղատնտեսութիւնը բնութեան հարուածների դէմ յանդիման: Աշխարհում որտե՞ղ է գիւղատնտեսութիւնը զարգանում առանց պետական լուրջ հովանաւորութեան:
Սոցիալական բազում հարցեր, որոնք ունեն իրենց լուծումները. սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւաւորումից մինչեւ գործազրկութեան, աղքատութեան վերացում: Մինչդեռ աղքատութիւնը մեծանում է ու խորանում, արտագաղթի վտանգաւոր նոր փուլ է սկսուել:
Չէ որ ապացուցուել է՝ շուկայական յարաբերութիւնները ինքնին բոլոր հարցերը չեն լուծում, անհրաժեշտ է պետութեան կազմակերպիչ-կարգաւորիչ դերակատարութիւն: Դերակատարութիւն, որ մի կողմից բարիքների ստեղծման գործում՝ ազատութիւն, իսկ միւս կողմից նոյն բարիքների բաշխման գործում արդարութիւն կ՛ապահովի: Մենք սահմանդրութեամբ իսկ ամրագրուած սոցիալական պետութիւն ենք, եւ պետութեան դերը այդ ազատութիւնն ու արդարութիւնը երաշխաւորելն է:
Պետութեան հիմնական գործը իր ժողովրդի հանդէպ հոգատարութիւնն է: Միայն կարելի է զարմանալ մեր իշխանաւորների վրայ՝ ինչպէ՞ս են մտածում. այս պայմաններում ապրող ժողովուրդը կը ցանկանա՞յ, ցանկանալու դէպքում՝ կը կարողանա՞յ թիկունք կանգնել իրենց արտաքին վտանգները դիմագրաւելիս, զարմանալի է՝ ինչպէ՞ս են ակնկալում դարձեալ վերընտրուել, եթէ խօսքն, իհարկէ, վերաբերում է ազատ ու արդար ընտրութիւններին:
Մեր կուսակցութեան կենսունակութիւնը, հայկական իրականութեան մէջ տեղն ու դերը ճիշդ եւ անաչառ գնահատելու համար պէտք է մեկնել 5 չափորոշիչներից, որոնք ընդհանրապէս որեւէ քաղաքական ուժի գնահատման հարցում ճշդորոշիչ դեր ունեն:
1. Անկախութիւն եւ ինքնուրոյնութիւն.
Անկախ եւ ինքնուրո՞յն է Դաշնակցութիւնը: Հարցի պարզեցուած առումով՝ կասկած ոչ մէկի մօտ չկայ, վստահ եմ, սակայն այստեղ խօսքը միայն այլ ուժի պատկանելու, այլ ուժի ծառայելու մասին չէ, այլ՝ թէ որքան ենք կրել, նոյնիսկ ակամայ, տարերայնօրէն, այլոց ազդեցութիւնը, տրուել այլոց խաղերին, ազդուել այլոց կողմից ձեւաւորուած քարոզչական, զգացական, արդիականութեան անուամբ մատուցուած մթնոլորտին եւ շեղուել մեր ուղուց, մեր էութիւնից:
Այսօրը արդէն փաստ է՝ մենք անցած տարիներին, թէ իշխանութեան մէջ, երբ մասնակից էինք կոալիցիային, թէ ընդդիմութեան օրերին պահել ենք մեր դէմքը, արժանապատուութիւնն ու անկախութիւնը:
Մենք իշխանական աթոռների պատանդը չդարձանք, մենք իշխանութեան առաւելութիւնների գերին չդարձանք, ժամանակին ասացինք՝ մեզ համար կարմիր գծեր կան, երբ խախտէք այդ սահմանները, մենք թողնելու ենք կոալիցիան: Եւ երբ սահմանը հատուեց, մի վայրկեան իսկ չտատանուեցինք, այլոց ձեռքին գործիք դառնալու հաճոյքը ոչ մէկին չպատճառեցինք: Արդար լինենք ու նաեւ ասենք, որ անցած օրերի համատեղ աշխատանքի ու գործակցութեան համար էլ ապերախտ ու անընկերական չեղանք: Դա էլ մեր տեսակն է, մեր ժողովրդից ժառանգած տեսակը:
Կոալիցիայից դուրս գալուց յետոյ, անկեղծ ասած, մեր անկախութիւնը պահպանելը, ազդեցութիւնների գերի չդառնալը աւելի դժուար մարտահրաւէր է եղել մեզ համար: Այս դաշտում կատարեալ բռնապետութիւն էր, տիրական էր՝ ով մեզ հետ չէ, մեր դէմ է նշանախօսքը, դեռ աւելին՝ ով մեզ հետ չէ, կեղծ է, տականք է, եւ այլն եւ այլն: Բայց մենք պահեցինք մեր դէմքը, այս մի փորձութեանն էլ դիմացանք:
2. Ծրագիր, քաղաքականութիւն եւ գործադրման ունակութիւն.
Արդէն ասացինք՝ մենք ոչ միայն ունեցել ենք զանազանուող ուղղութիւն, այլեւ գործունէութեան արդէն իսկ յայտարարուած պլատֆորմ: Մենք նաեւ ունենք եւ շարունակաբար հրատարակում ենք առանձին սոցիալական հարցերի լուծման գործնական ծրագրեր: Մենք ունենք պետականութեան մէջ աշխատելու փորձ, ճանաչողութիւն եւ համապատասխան կադրեր, լուրջ մարդկային ներուժ:
3. Իր կարողականութեան չափով եւ աւելիով լինել ազդեցիկ.
Մենք վերջին խորհրդարանական ընտրութիւններին կարողացանք ժողովրդի վստահութեան 13% -ը ունենալ, սակայն մեր գործունէութեան արդիւնաւէտութիւնը եւ ազդեցութեան չափը շատ աւելի մեծ է եղել:
4. Շարունակականութեան ապահովում եւ անվտանգութիւն.
Հայաստանում գործող գրեթէ բոլոր քաղաքական կազմակերպութիւնները ձեւաւորուած են մէկ կամ մէկ-երկու անձերի շուրջ: Անձի կամ անձերի գոյութեամբ է պայմանաւորուած այդ կազմակերպութիւնների կեանքը: Մենք այդպիսի կազմակերպութիւն չենք: Ինչքան են փորձել, բայց մենք միակ կուսակցութիւն ենք, որ երբեւէ չենք պառատկուել. մեր կազմակերպութեան շաղախը մեր գաղափարախօսութիւնն ու նպատակներն են:
5. Ժողովրդականութիւն.
Մեր ուժի միակ աղբիւրը մեր ժողովուրդն է, պիտի կարողանանք մեր շուրջ կազմակերպել ժողովրդին: Այստեղ չենք կարող ասել, թէ յաջողել ենք, բայց մենք գնում են ճիշտ ճանապարհով , կայուն եւ գիտակից համակրանք ձեւաւորելով մեր շուրջ: Ցաւօք, մեր քաղաքական համակարգը կայացած չէ, ոչ մի ուժ լուրջ հասարակական յենարան չունի: Սա միայն քաղաքական մշակոյթի հարց չէ, այլ նաեւ հոգեւոր ու սոցիալական մշակոյթի: Սա երկրի քաղաքացի ձեւաւորելու գերխնդիր է: Այսպէս կոչուած քաղաքական ուժերը, փորձում են կամ պետական լծակներին կառչելով կամ ժամանակաւոր հասարակական ալիք բարձրացնելով ու ընդդէմի քուէն իրենց շուրջ կենտրոնացնելով հասնել արդիւնքի, ընտրութեան յաջորդ օրը նոյն հասարակութեան ու նոյն համակարգը իրենց դէմ ունենալով:
Իշխանութեան լծակներով կամ իշխանութեան դէմ ձայներով քուէ հաւաքելը քիչ բան է նշանակում: Մենք բազմաթիւ օրինակներ ունենք, երբ այս կամ այն ուժը լուրջ ձայներ է հաւաքել, բայց չորս տարի յետոյ մօտեցել զրոյին: Շատ քուէ, շուտ եւ շատ քուէ ունենալու ցանկութիւնը կարող է կազմակերպութիւններին մղել դէպի ամբոխավարութիւն, արկածախնդրութիւն, դէպի անսկզբունքայնութիւն: Սա ապագայ չունի: Պահենք ու պահպանենք մեր դէմքը, տեսակը եւ աշխատանքով, տքնաջան, ամենօրեայ աշխատանքով շահենք ժողովրդին ծառայելու, առաջնորդելու իրաւունքը: Նաեւ մեր փորձառութեամբ, մեր կուսակցութեան ներքին ժողովրդավարութեամբ մենք պէտք է օրինակելի դառնանք ու նպաստենք Հայաստանի քաղաքական համակարգի կայացմանը: Մենք պարտաւոր ենք ամենաժամանակակից մտածողութեան կրողը լինել, առաջնորդուել 21րդ դարի արժեչափերով: Մենք պէտք է կարողանանք պարզ, մատչելի, հասկանալի դառնալ մեր հասարակութեանն ու յատկապէս երիտասարդութեանը:
Մեր նպատակն է՝ ազատ ու արդար ընտրութիւնների միջոցով հասնել իշխանափոխութեան, աւելի ճիշդ՝ մեր առանցքի շուրջ որակապէս նոր իշխանութիւնների ձեւաւորման: Սակայն մինչ այդ կեանքը չպէտք է կանգ առնի կամ մեր առօրեան լցուի փոխադարձ հայհոյանքներով ու պիտակաւորումով, առաւօտից իրիկուն՝ կռիւ-կռիւ խաղալով: Մինչ նոր ընտրութիւններ մենք աշխատելու ենք. օրէնսդրական նախաձեռնութիւններով, խորհրդարանական գործունէութեամբ, ցուցական ու քարոզչական աշխատանքով, մշակելու ու պարտադրելու ենք մեր լուծումները առանձին սոցիալական հարցերի առումով: Արտաքին հնարաւոր վտանգները դիմագրաւելու նպատակով՝ չենք զլանալու անխտիր, բոլոր քաղաքական ուժերի հետ գործակցելու եւ ընդհանուր կեցուածքներ դրսեւորելու հարցում:
Չեմ կարող չանդրադառնալ նաեւ մեր երկրում անցկացուող ընտրութիւնների բնոյթին: Հէնց միայն այն փաստը, որ բացայայտ կերպով, առանձին թեկնածուների եւ քաղաքական ուժերի կողմից, ընտրակաշառք է բաժանւում, եւ ոչ ոք նուազագոյն ճիգ գործ չի դնում օրէնքը խախտողի դէմն առնելու, ամէն ինչ ասում է: Ցանկութիւն չունենալով դոյզն իսկ մեղմացնել իշխանութիւնների պատասխանատուութեան բաժինը, չեմ կարող չանդրադառնալ մեր՝ ժողովրդի, քաղաքացիներիս պատասխանատուութեանը:
Ժողովրդի քաղաքականացումը, քաղաքականօրէն կազմակերպուելը ուղղակի առնչութիւն ունի ժողովրդավարութեան կայացման աստիճանի հետ. բոլոր զարգացած ժողովրդավարութեան երկրներում հասարակութիւններն անցել են այս անխուսափելի փուլերով:
Մեր երկրում վիճակը կը փոխուի, կեանքը կը բարելաւի, եթէ ժողովուրդը ազատօրէն, ընտրութիւնների միջոցով ձեւաւորի իշխանութիւն, եթէ իւրաքանչիւր քաղաքացի պատասխանատուութիւն ցուցաբերի այս հարցում: Բաւական է իւրաքանչիւր մարդ համոզումով քուէարկի, գիտակցաբար քուէարկի: Թող բոլորին դէմ քուէարկի, թող քուէարկի ում ուզում է, բայց քուէարկի պատասխանատուութեամբ, քուէարկի համոզումով, միայն թէ իր քուէն, իր եւ մեր երեխաների ապագան չվաճառի ինչ-որ գումարի դիմաց: Բոլոր-բոլոր մտաւորակաների, հասարակական գործիչների, քաղաքական ուժերի պարտքն ու պարտականութիւնն է աշխատել ժողովրդային լայն շերտերի հետ՝ բոլորին մղելով տէր կանգնել իրենց ընտրական իրաւունքին, իրենց պատասխանատուութեանը տէր կանգնեն, չքուէարկեն փողի դիմաց, վախի ազդեցութեամբ չքուէարկեն, թաղային հեղինակութեան կամ գիւղապետի կոչով իրենց կամքին ու ցանկութեանը հակառակ չքուէարկեն:
Մենք պարտաւոր ենք բարոյական նորմի վերածել համոզումով քուէարկելու հարցը: Ընտրակաշառքով քուէարկելը անբարոյականութիւն է:
Իշխանութիւնների ընտրակեղծիքների հնարաւորութիւնը սահմանափակ է: Բաւական է մենք քուէարկենք համոզումով:
Վերջապէս բոլոր նրանք, ովքեր պատասխանատուութիւն են զգում ժողովրդի ու երկրի այսօրուայ եւ վաղուայ համար թող մէկ օր իրենց կեանքից, ընտրութեան օրը նուիրեն դրանց արդար կայացման գործին: Մեր միջից լաւագոյները, ովքեր կարող են պաշտպանել օրէնքը, ովքեր համարձակութիւն ունեն կուրծք դէմ տալու կեղծարարներին, թող ոտքի ելնեն, թող կամաւոր դառնան, որ կարողանանաք կանխել իշխանութիւնների վերարտադրութիւնը: Մենք շուտով նախաձեռնելու ենք կամաւորների արձանագրում: Անկախ քաղաքական հայեացքներից, բարոյական պատասխանատուութիւն ընդհանրութիւնից ելնելով՝ մենք կոչ ենք անում համագործակցութեան: Թոյլ չտանք կեղծել ընտրութիւնները:
Ինչո՞ւ ենք մեր յոյսը դրել ընտրութիւնների վրայ: Վստահ եմ՝ հէնց հիմա բոլոր նրանք, ովքեր թէ իրենց կենսագրութեամբ, թէ իրենց մտածողութեամբ շատ հեռու են յեղափոխութիւնից, մեզ կը սկսեն դասեր տալ՝ դուք յեղափոխական կուսակցութիւն էք, իսկ հիմա խօսում էք ընտրութիւնների մասին: Այո, մենք յեղափոխական կուսակցութիւն ենք: Երբ օրինական պայքարի կարելիութիւնները բացառուեն, երբ անօրինական պայքարի դուրս գան մեր դէմ, երբ ազգային շահը եւ անվտանգութիւնը պահանջի, մենք դարձեալ յեղափոխականներ ենք: Բայց յեղափոխական լինելուց առաջ մենք ազգային կուսակցութիւն ենք եւ չենք կարող նկատի չունենալ երկրի ու ժողովրդի պայմաններն ու շահը: Երբ յեղափոխութեան իրական պատճառներ չկան, երբ ինքը կեանքը չի պարտադրում այն, յեղափոխական գործունէութիւնը միայն արկածախնդրութիւն է եւ ըստ ամենայնի մերժելի:
Մենք դէմ ենք նաեւ երկիրը ցնցումների ենթարկելուն: Անվտանգութիւնն ու արտաքին մարտահրաւէրները պահանջում են քաղաքական կայունութիւն եւ ազգային առաւելագոյն համերաշխութիւն: Միւս կողմից՝ ոչ ոք դեռ չի սպառել պայքարի սահմանադրական կարելիութիւնները: Ահա եւս մէկ ապացոյց, որ մեր ընթացքը ճիշդ է՝ նրանք, ովքեր անցած երեք-չորս տարիների ընթացքում պատեհ ու անպատեհ առիթը բաց չթողեցին մեզ քննադատելու, անմեղ զոհերի եւ երկրի վարկաբեկման մեղքի իրենց բաժինը շալակած եկել ու կանգնել են այնտեղ, որտեղ մենք էինք կանգնած: Նոյնիսկ Դաշնակցութիւնն արգելած, մեր կազմակերպութիւնը Հայաստանում ու Սփիւռքում հալածած իշխանութեան հետ մենք վերջնականօրէն չենք խզել կապերը, անգամ գործակցութեան եզրեր ենք պահել, երբ խնդրոյ առարկան արտաքին մարտահրաւէրները, երկրի ու ժողովրդի շահն է եղել: Երէկ էլ, այսօր էլ, վաղն էլ, ինչ կարգավիճակում էլ լինենք, մենք աշխատել ու աշխատելու ենք այս տրամադրութեամբ: Որովհետեւ անհնար ու անհեթեթ է գործել սեփական անկախ պետականութեան մէջ ու քանդել պետականութիւնը, անտեսել անվտանգութեան հրամայականները: Մենք թատրոնի, բանակցողների, երկիշխանութեան ձեւ թափելու պահանջ չունենք:
Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում, ինչո՞ւ ընդիմութիւնը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձեւաւորւում: Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսեանին փոխարինենք Լեւոն Տէր Պետրոսեանո՞վ: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականութեան, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարիները՞: Որ ընդամէնը անձը անձով փոխարինուի՞:
Ուզում են պարտադրել՝ Սերժ Սարգսեան կամ Լեւոն Տէր Պետրոսեան: Ո՞րն է նրանց տարբերութիւնը, իսկ եթէ կայ տարբերութիւն, որ կայ՝ ո՞ւմ օգտին է այն: Եւ վերջապէս ինչո՞ւ ենք հարկադրուած ընտրութիւն կատարել այս համեմատութեան մէջ:
Այնուամենայնիւ՝ այստեղ տեղին եմ համարում յայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթէ յստակ է նպատակը, օրակարգը, գործելաոճը եւ ղեկավարման բնոյթը:
Ազգային հարցերի առումով մենք յստակ հեռաւորութեան վրայ ենք գործող իշխանութիւններից եւ աւելի մեծ հեռաւորութեան՝ ծայրայեղ ընդդիմութիւնից:
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների մասին անցած երեք տարիների ընթացքում շատ է խօսուել: Չեմ կենտրոնանալու, բայց նշեմ միայն մէկ կէտ. արձանագրութիւնների ստորագրման պահից սկսեալ նախագահը, ով ինքն էր նախաձեռնել եւ համաձայնութիւն տուել արձանագրութիւններին, ունեցել է ելոյթներ՝ նախագահական ուղերձը, Դեր Զօրում ելոյթը, Սահմանադրական Դատարանի որոշումը, Սեւրի Դաշնագրի ստորագրման տարեդարձի առիթով ելոյթը եւ այլն, որոնք մեր կողմից պէտք է դրական գնահատուէին, սակայն երկու բան խանգարել է մեզ. նախ դեռեւս մեր, Հայաստանի ստորագրութիւնը շարունակում է մնալ այդ արձանագրութիւնների տակ: Ինչի՞ ենք սպասում: Ստացւում է՝ Թուրքիան սպասում է Ղարաբաղի հարցում իրենց ի նպաստ ինչ-որ լուծումի, որ հաստատի ստորագրած արձանագրութիւնները, իսկ մենք էլ սպասում ենք, որ դրանից յետոյ հաստատենք: Ի՞նչ է ստացւում: Մենք պահանջում ենք յետ քաշել ստորագրութիւնը այդ վտանգաւոր արձանագրութիւններից: Միշտ պէտք է հաշուարկել, որ այս արձանագրութիւններին դէմ է հայ ժողովուրդը, դէմ է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրական դատարանը: Յետոյ, որեւէ այլ պահի կարելի է նախաձեռնել նոր, ոչ ստորացուցիչ յարաբերութիւններ Թուրքիայի հետ:
Խանգարող երկրորդ հանգամանքը անհրաժեշտ վստահութեան նուազող չափաբաժինն է: Մեր համատեղ աշխատանքի փորձը դրան է յանգեցրել:
Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշումը յստակ է, փոփոխութիւն չի կրել: Խաղաղ կարգաւորման գործընթացն անցնող երեք տարիներին նոր փուլ չի մտել՝ Ադրբեջանի ոչ կառուցողական կեցուածքի պատճառով: Միաժամանակ, ի դէմս ԵԱՀԿի Մինսկի խմբի համանախագահող երկրների, միջազգային հանրութեան մօտ առաւել ամրապնդուել է այն տեսակէտը, որ Արցախը չի կարող վերադարձուել ադրբեջանական ենթակայութեան: Կարգաւորման ուրուագծուող հնարաւորութիւնը, սակայն, հայկական կողմից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք մեր եւ մեր ժողովրդի մեծամասնութեան համար անընդունելի են: Անհրաժեշտ է ազգովի պատրաստ լինել դիմագրաւելու այդ ոչ անհաւանական պահը:
Ջաւախքի հարցում Վրաստանի իշխանութիւնները անցնող տարիներին ցուցաբերել են առաւել նուրբ ու բարդ մօտեցում: Մի կողմից՝ երկրամասը օժտել եւ շարունակում են օժտել հաղորդակցութեան եւ էներգետիկ ժամանակակից ենթակառոյցներով, ինչը տնտեսական զարգացման նախադրեալներ է ստեղծում, միւս կողմից՝ յստակ նպատակադրումով երկրամասը մնում է Վրաստանի տնտեսապէս ամենայետամնաց շրջանը: Առաւել՝ Վրաստանի իշխանութիւնները շարունակում են աննախընթաց ճնշում գործադրել հասարակութեան ակտիւ շրջանակների վրայ եւ վախի մթնոլորտ են ստեղծել ժողովրդի մօտ: Բացայայտօրէն խոչընդոտւում է Ջաւախքի ժողովրդի հայկական ինքնութեան պայհպանումը, շարունակւում է քաղաքական խտրականութիւնը հայ ազգաբնակչութեան նկատմամբ, ժողովրդագրական վիճակը ի վնաս հայութեան փոխելու քաղաքականութիւնը: Մենք մնում ենք Ջաւախքհայութեան ինքնավարութեան պահանջի կողքին: Բոլոր նրանք, ում համար կարեւոր են Հայաստան-Վրաստան փոխյարաբերութիւնները, պէտք է գիտակցեն՝ Ջաւախքը վառօդով լեցուն տակառ է, ուշ թէ շուտ պայթելու է, եթէ ժամանակին չցուցաբերուի խոհեմութիւն եւ Ջաւախքին չտրուի այն, ինչ սահմանում է միջազգային օրէնքն ու փորձը:
Այս տարի պետական մակարդակով ձեւաւորուեց Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի համահայկական յանձնախումբ: Համահայկական պետական յանձնախմբի ձեւաւորումը կարեւոր առիթ է միասնական որոշումով Հայկական Ցեղասպանութեան Միջազգային Ճանաչման հանգրուանից անցնելու պահանջատիրութեան՝ մեր ազգային բռնագրաւած իրաւունքների ճանաչման յաջորդ բնական հանգրուան: Անհրաժեշտ է առաջին հերթին հատուցման հարցում ձեւաւորել միասնական պատկերացում:
Սփիւռքը շարունակում է փն-տռտուքը՝ նոր, նորացուած իմաստ, էութիւն գտնելու նպատակով: Առկայ է Սփիւռքի նորովի կազմակերպման խնդիր: Սփիւռքը Հայաստանի շարունակութիւն է, այն իր նոր իմաստն ու էութիւնը պէտք է գտնի Հայաստանի պետականութեան շուրջ ու համահայկական խնդիրներում: Սա է այն պորտալարը, որ Սփիւռքի առանձին մասերը կը կապի միմիանց ու բոլորին կը կապի հայութեանը:
Արտաքին շատ ուժեր ճգնում են պառակտել հայութիւնը: Հայաստանը՝ Սփիւռքի, Սփիւռքը Հայաստանի դէմ լարելու ջանք կայ: Միշտ չէ, որ այս առումով հայկական այլազան շրջանակների հակազդեցութիւնը առողջ է. Պատահում է յաճախ, որ հայկական ուժերը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որդեգրում են այդպիսի պառկտումի ճամբայ բացող գործելակերպ: Օրինակ՝ մեր օրերում բազմապատկուել է արեւմտահայութեան շահերի պաշտպան կառոյցների թիւը: Մենք մէկ ազգ ենք, ունենք մէկ պայքար եւ պէտք է գործենք մի ճակատով:
Սիրելի ներկաներ,
Այս տարի Հայաստանի նորանկախ Հանրապետութեան 20ամեակն է: Փաստն արդէն ամէն ինչ ասում է: Հայկական պետականութեան ինը դարեայ անկումից յետոյ, մենք այսօր տօնում ենք մեր անկախ պետականութեան, յաղթանակած պետականութեան 20ամեակը: Մենք այս իրականութիւնն է, որ պէտք է նկատի ունենանք. միւս բոլոր դժուարութիւններն անցողիկ են ու ժամանակաւոր, հիմնականը պետականութեան գոյութիւնն է: Թերութիւնների, արատների, խոչընդոտների դէմ պէտք է պայքարենք դրականօրէն տրամադրուած: Մենք անցած ինը դարերում երբեք այսքան ամուր կանգնած չենք եղել, երբեք հայ մարդը լաւատեսութեամբ դէպի ապագայ նայելու այսքան հիմքեր չի ունեցել: Մենք ունենք անկախ պետականութիւն եւ ժողովուրդ՝ իբրեւ հիմնական կռուան ամբողջական Հայաստանի եւ մեր ժողովրդի նպատակների իրականացման: Փայփայենք, սրբենք, ուժ տանք, որ այդ ապագան տեսանելի դառնայ, որ այդ ապագան չխամրի ձախող կառավարութիւնների եւ ապազգային մտածողութեան պատճառով:
Դաշնակցութիւնը հզօր Հայաստանի, իր երկիրը սիրող, բարեկեցիկ, ազատ ապրող հայ մարդու կուսակցութիւն է: Դաշնակցութիւնը ապագայի կուսակցութիւն է: