ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այս շաբաթուայ ամենայիշարժան իրադարձութիւններից մէկը աշխարհի երեք գերհարուստներից մէկի՝ Ուորէն Բաֆեթի յայտարարութիւնն էր այն մասին, թէ վաղուց արդէն ժամանակն է, որ բարեկեցիկ կեանքով ապրող ունեւոր ամերիկացիները համապատասխան հարկեր վճարեն:
«Միլիարդատէրերի բարեկամ Կոնգրեսը բաւական երկար ժամանակ է, ինչ գուրգուրում է ինձ ու ընկերներիս», ասել է Բաֆեթը: «Ժամանակն է, որ կառավարութիւնը լրջօրէն վերաբերուի մեր կողմից ակնկալուած զոհողութիւնների հարցի քննարկմանը»:
Լրատուամիջոցների վկայութեամբ Բաֆեթի այս կոչը բնաւ էլ նորութիւն չէ. անցեալ տարի Նոյեմբերին մի հարցազրոյցի ժամանակ այս գերհարուստը բացայայտօրէն յայտարարել էր, թէ քանի որ ինքը եւ իր նմաններն աւելի յաջողակ են քան երբեւէ, ուրեմն պէտք է «զգալիօրէն աւելի շատ հարկեր վճարեն»:
Բաֆեթի այս վերջին յայտարարութիւնը շատ աւելի մեծ ալեկոծութիւն է առաջացրել մասնաւորապէս այն պատճառով, որ երկրի կառավարութեան օրակարգում ընդգրկուած է հարկային նոր քաղաքականութեան մշակման հարցը: Հանրապետականները կատաղի պայքար են մղում նախագահ Օբամայի՝ հարուստներին հարկելու որեւէ առաջարկի կամ ծրագրի դէմ՝ փոխարէնն առաջարկելով կրճատել ծախսերը: 2012 թուականի նախագահական ընտրութիւնների ընթացքում հարկային դաշտը բաւական մեծ կռուախնձոր է դառնալու, եւ իր՝ այս շաբաթուայ յայտարարութեամբ 80ամեայ Բաֆեթն ուղղակիօրէն իրեն դիրքաւորել է այդ կատաղի պայքարի թատերաբեմի ուղիղ մէջտեղում:
Մարդկային յատկանիշներով փայլող այս գերհարուստն աւելացրել է, թէ միլիարդատէր ընկերներից շատ շատերը դէմ չեն լինի, որ իրենց հարկերն աւելանան՝ յատկապէս այսպիսի մի ժամանակ, երբ այսքան շատ հայրենակիցներ ակներեւ տառապանքի մէջ են:
Մէկ այլ միլիարդատիրոջ՝ æորջ Սորոսի ներկայացուցիչը արձագանգել է, թէ հակառակուելով հնարաւոր նոր հարկերի գաղափարին՝ գերհարուստները երկարաժամկէտում առաջին հերթին վնասում են իրենք իրենց: Նա աւելացրել է, որ Սորոսը համաձայն է Բաֆեթի գաղափարի հետ եւ ողջունում է այն:
Յատկանշական են այս համեստ մարդու փոքր-ինչ զաւեշտով հնչած հետեւեալ խօսքերը. «Այս եւ այլ հարկային արտօնութիւնները, որոնք կառավարութիւնը մեզ է տրամադրում՝ կարծելով, թէ մենք պաշտպանութեան կարիք ունենք, այն տպաւորութիւնն են ստեղծում, թէ մենք վերացման վտանգի տակ գտնուող կենդանիներ ենք: Ղեկավար պաշտօններում ընկերներ ունենալը լաւ է»: Բաֆեթը նշել է նաեւ, որ նախորդ տարուայ իր եկամուտը կազմել է 6,938,744 դոլար, իսկ այդ գումարից գանձուած հարկերը կազմել են հարկուող եկամտի ընդամէնը 17.4 տոկոսը, մինչդեռ աւելի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների հարկային բեռը կազմում է 33-41 տոկոս, այսինքն՝ միջինը 36 տոկոս:
Հիանալ կարելի է Բաֆեթի մարդասիրութեան աստիճանով, քանի որ նա ցոյց է տալիս ուղղակիօրէն հակադարձ դիրքորոշումն այն համոզմանը, թէ հարուստներն իրենց քթից այն կողմ չեն տեսնում, եւ նրանց հետաքրքրութեան առարկան միայն սեփական դրամապանակը լցնելն է: Իրականում այն անձնաւորութիւնը, ով իր կեանքի նոյնիսկ ութերորդ տասնամեակում չի կորցրել ուղեղի ճկունութիւնը, քաջ գիտակցում է, որ շրջապատի թշուառութիւնն իրեն չի կարող աւելի բարեկեցիկ եւ բաւարարուած դարձնել: Ցաւօք, ոչ բոլորն են այսքան գիտակից: Բաւական է լսել երկրի կառավարական հարթակներից հնչող կատաղի յայտարարութիւնները, թէ հարկերի բարձրացումը կը սահմանափակի նոր գործերի հիմնադրումը:
Մեր երկրի նախորդ նախագահն ժամանակին աննախադէպ ձեւով նուազեցրեց հարկերը, այդ ինչպէ՞ս պատահեց, որ նոր գործատեղիներ չստեղծուեցին, այլ գնալով հալչում են եղածները: Խոշոր ձեռնարկատիրութիւնների եկամուտները անցեալ տարի եւ այս տարուայ առաջին կիսամեակում չտեսնուած բարձր են եղել, ինչո՞ւ է շարքային ամերիկացին այսօր յոյսը կորցրել է իրականութիւն դարձնելու իր երբեմնի երազանքը՝ փոքրիշատէ բարեկեցիկ կեանքով ապրելը: Եթէ երկիրը միանգամից երեք (գուցէ եւ չորս կամ հինգ) պատերազմ է վարում, որոնց վերջը չի երեւում, ինչպէ՞ս կարող են կառավարական հարթակից պնդել, թէ ծախսերը պէտք է կրճատել: Այդ ինչո՞ւ ոեւէ մէկը բարձր ատեաններից չի կանգնում եւ յայտարարում, թէ ժամանակն է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՆԻՄԱՍՏ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ, որոնք վիշապի պէս կլանում են երիտասարդ անմեղ ամերիկացիների կեանքը՝ յետեւում թողնելով անհայր մանուկներ, դժբախտ այրիներ եւ ողբացող ծնողներ: Մէկ զինուորի վրայ ծախսուող տարեկան աւելի քան մէկ միլիոն դոլարը երկրի ներսում աւելի նպատակայարմար չէ՞ արդեօք ծախսել: Բայց ոչ, եթէ որեւէ մէկը նման ծրագիր հրապարակի, նրան անմիջապէս դաւաճան կորակեն, թէ «տեսե՛ք, տեսե՛ք, այս մարդը հայրենիքի անվտանգութեան դէմ է խօսում», եւ դա կը լինի այդ մարդու քաղաքական նկրտումների յուղարկաւորութիւնը:
Միացեալ Նահանգների քաղաքական շրջանակները պէտք է ընդունեն նոր իրականութիւնը, ուր աշխատանքից զրկուած շարքային ամերիկացին չի կարող երկարաժամկէտ ձեւով ապահովել բանակի կենսունակութիւնը, ուրեմն հարկ է վերաորակաւորել իրավիճակը, դադարեցնել անիմաստ պատերազմները, վերականգնել ճանապարհային ենթակառուցուածքը (մի բան, որ դեռեւս մէկ կամ երկու տասնամեակ առաջ Միացեալ Նահանգներին դնում էր ամենաբարձր հորիզոնականի վրայ, երբ խօսք էր գնում այդ թեմայով): Շինարարութեան բնագաւառի աշխուժացումը չափազանց կարեւոր է, քանի որ այն դոմինոյի էֆեկտով բազմաթիւ աշխատատեղեր է ստեղծում: Սրա համար ժամանակ կը պահանջուի: Իսկ մինչ այդ նրանք, ովքեր չափազանց շատ դրամ են կուտակել, թող յիշեն, որ այս երկրին են պարտական իրենց դիրքով, քանի որ որեւէ Եւրոպական երկրում եթէ լինէին, իրենց վաստակածի առիւծի բաժինը պիտի «արծաթէ սկուտեղով» մատուցէին պետութեանը՝ հարկերի տեսքով: Բաֆեթի ողջամտութիւնը գովելի է եւ օրինակելի: Այս մարդը, գտնուելով իր կեանքի մայրամուտում, լաւ է գիտակցում, թէ ինչ է հնարաւոր տանել այս աշխարհից: