ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տարիներ առաջ, երբ տնտեսագիտութիւնը դեռ նոր էր զարգանում, ոլորտի առաջատար մասնագէտներն էին

ձեւակերպում նրա հիմնական օրէնքները: Երկար ժամանակ համաշխարհային տնտեսութիւնը կարծես ենթարկւում էր այդ կանոններին եւ շարժւում դրանց համաձայն: Սակայն շուտով պարզ դարձաւ, որ ոչ բոլոր տնտեսական զարգացումներն են շարժւում արդէն իսկ ստեղծուած կանոններով: Վերջին տարիների ճգնաժամը եւս մէկ ապացոյց է նրա, որ ժամանակակից համաշխարհային շուկան լիովին անկանխատեսելի ձեւով կարող է փոխել իր զարգացման ուղղութիւնը. տնտեսագէտների կարծիքով անյաջողութեան դատապարտուած նախաձեռնութիւնը կարող է դառնալ ամենաշահութաբերը, իսկ տասնամեակներ շարունակ անթերի գործող ծրագիրը յանկարծակի կարող է անկում ապրել: Այս փոփոխութիւնները տնտեսագէտներին բաժանել են տարբեր խմբերի, որոնք երբեմն նոյնիսկ հակադիր կարծիքների ջատագով են դառնում:
Նմանատիպ անհամաձայնութիւն գոյութիւն ունի այն հարցում, թէ նախահաշուային (պիւտճէի-Խմբ.) պակասուրդի կրճատումն ինչպէս է ազդում տնտեսական աճի վրայ: Կան այնպիսի տնտեսագէտներ, ովքեր մատնանշում են Մերձբալթեան երկրները որպէս ծախսերի կտրուկ կրճատման դրական օրինակ: Թուերի լեզուով ասած վերոյիշեալ երկրները, Յունաստանից եւ Պորտուգալիայից աւելի խիստ խնայողութեան միջոցներ կիրառելով, կարողացել են համախառն ներքին արդիւնքի զգալի աճ գրանցել. Էստոնիան՝ 8.4 տոկոս, Լիտուան՝ 6.1 տոկոս, իսկ Լատվիան՝ 5.3 տոկոս:
«Հակառակորդ բանակի» օգտին է խօսում Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի եւ Յունաստանի նոյն ցուցանիշի նուազման փաստը (Յունաստանում այս թիւը վերջին տարուայ համար կազմել է 6.9 տոկոս): Չնայած առաջին հայեացքից այս իրավիճակը լիովին անբացատրելի է թւում, ամէն առանձին դէպքի համար կարելի է հիմնաւորում գտնել:
Տնտեսագիտութեան տեսութեան մէջ գրեթէ աքսիոմատիկ (անվիճելի-Խմբ.) է հնչում այն պնդումը, որ լողացող փոխարժէքը կենսական նշանակութիւն ունի յաջողակ դրամավարկային քաղաքականութեան համար: Նոյն Մերձբալթեան երկրները կարծես հերքում են այս օրէնքը. նրանք բոլորը ֆիքսուած (ճշդուած-Խմբ.) փոխարժէք են ընդունել եւրոյի նկատմամբ, իսկ Էստոնիան նոյնիսկ վերջերս եւրոն յայտարարել է իր պաշտօնական արժոյթը: Այս ամէնին հակառակ տնտեսական աճ գրանցելը կարելի է բացատրել երեք պատճառներով:
Առաջինն այն է, որ 2009թ. Մերձբալթեան երկրներում իր ամբողջ ուժգնութեամբ մոլեգնում էր ճգնաժամը (համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) նուազել էր գրեթէ 20 տոկոսով, իսկ գործազրկութիւնը հասել 20 տոկոսի): Նոյն տարում Յունաստանում տնտեսական անկումը գրեթէ աննկատ էր: Դա ստիպեց Մերձբալթեան երկրներին ազատուել կասկածելի ներդրումներից, մինչդեռ այլ երկրներում դրանք դեռ թափ էին հաւաքում:
Բացի այդ, քննարկուող երկրները խնայողութեան շատ ճիշդ քաղաքականութիւն էին կիրառել այդ ընթացքում: Մերձբալթեան երկրները գերադասել էին ծախսերը կրճատել, իսկ Յունաստանը շեշտը դրել էր հարկերի բարձրացման վրայ, ինչը մեծապէս վնասել էր երկրի համար կենսական զբօսաշրջութեանը:
Մերձբալթեան երկրների եւ ներկայումս ճգնաժամում յայտնուած պետութիւնների տարբերութիւնը տեսանելի է նաեւ ժողովրդների վերաբերմունքի հարցում: Ընկալելով, որ այլեւս չեն կարողանալու ապրել ուրիշների հաշուին՝ յոյները «երես առած» երեխաների նման սկսեցին բողոքի ցոյցեր եւ գործադուլներ կազմակերպել: Այս խառնաշփոթը նոյնպէս հարուած հասցրեց երկրի զբօսաշրջութեանը եւ աւելի վատթարացրեց տնտեսութեան վիճակը: Նմանատիպ անկարգ վարք ցուցաբերեցին Պորտուգալիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: Նոյն իրավիճակում Մերձբալթեան երկրների քաղաքացիները իրենց հաշիւ էին տալիս, որ խիստ միջոցները հարկաւոր են տնտեսութեան կայունութիւնը վերականգնելու համար: Բնականաբար նրանք իրենց երկրների կառավարութիւնների որոշումների դէմ դուրս չեկան, այլ արեցին ամէն ինչ դրանց իրականացումը հնարաւոր դարձնելու համար, օրինակ՝ այդ շրջանում աւելացաւ այդ տարածաշրջանից արտահանուող ապրանքների ծաւալը:
Հէնց այս գործողութիւնների արդիւնքում է, որ մենք տեսնում ենք այսօր հաստատուն տնտեսական աճ: Մնում է յուսալ, որ ներկայումս տնտեսական լուրջ ճգնաժամում գտնուող երկրների բնակիչները կորդեգրեն իրենց հարեւանների այս վարքը եւ նման յաջողութիւնների կը հասցնեն իրենց երկրները:
Ինչ վերաբերում է Միացեալ Նահանգներին, ապա այստեղ դժուար է գովեստի խօսքեր հնչեցնել: Բաւական է ասել որ մի շարք երկրներ աւելի բարձր վարկանիշ ունեն քան մեր երկիրը: Օրինակ՝ Աւստրալիայի ՀՆԱն 1.2 տրիլիոն դոլար է, երկրի պարտքը՝ 276 միլիարդ, ինչը կազմում է ՀՆԱի 22 տոկոսը միայն: Միւս երկրները, որոնց վարկանիշը Միացեալ Նահանգներից բարձր է, հետեւեալն են.
Աւստրիա ՀՆԱ՝ 377 մլրդ. դոլար, պարտք՝ 263 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 70 տոկոս
Կանադա ՀՆԱ՝ 1.6 տրիլիոն դոլար, պարտք՝ 1.3 տրիլիոն դոլար կամ ՀՆԱի 84 տոկոս
Դանիա ՀՆԱ՝ 310 մլրդ. դոլար, պարտք՝ 138 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 44 տոկոս
Ֆինլանդիա ՀՆԱ՝ 239 մլրդ. դոլար, պարտք՝ 116 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 48 տոկոս
Ֆրանսիա ՀՆԱ՝ 2.6 տրիլիոն դոլար, պարտք՝ 2.2 տրիլիոն դոլար կամ ՀՆԱի 84 տոկոս
Գերմանիա ՀՆԱ՝ 3.3 տրիլիոն դոլար, պարտք՝ 2.7 տրիլիոն դոլար կամ ՀՆԱի 80 տոկոս
Հոնգ Կոնգ ՀՆԱ՝ 225 մլրդ. դոլար, պարտք՝ 11 մլրդ դոլար կամ ՀՆԱի 5 տոկոս
Լիւքսեմբուրգ ՀՆԱ՝ 55 մլրդ. դոլար, պարտք՝ 9 մլրդ դոլար կամ ՀՆԱի 17 տոկոս
Նիդեռլանդներ ՀՆԱ՝ 783 մլրդ. դոլար, պարտք՝ 499 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 64 տոկոս
Նորվեգիա ՀՆԱ՝ 414 մլրդ. դոլար, պարտք՝ 225 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 54 տոկոս
Սինգապուր ՀՆԱ՝ 223 մլրդ. դոլար, պարտք՝ 216 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 97 տոկոս
Շուէդիա ՀՆԱ՝ 456 մլրդ. դոլար, պարտք՝ 181 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 40 տոկոս
Շուեյցարիա ՀՆԱ՝ 524 մլրդ. դոլար, պարտք՝ 288 մլրդ. դոլար կամ ՀՆԱի 55 տոկոս
Միացեալ Թագաւորութիւն ՀՆԱ՝ 2.2 տրիլիոն դոլար, պարտք՝ 1.7 տրիլիոն դոլար կամ ՀՆԱի 77 տոկոս
Այս պատկերը չի ոգեւորում, սակայն լուրջ մտածմունքների տեղիք է տալիս: